– Ամեն ինչ թանկացել է, ոսկու գին դարձել, տնաքանդություն ա կատարվում, այսպես չգիտենք ինչքան կկարողանանք ապրել։
Քաղաքացիները դժգոհում են. թանկացումները բոլորի վրա են ազդել, այս տարի ավելի լավ ապրելու հույս այժմ չունեն։ Աննախադեպ թանկացումներին զուգահեռ եկամուտները չեն ավելանում, նվազագույն աշխատավարձն այս տարի մնաց նույնը՝ 68 հազար դրամ, 2 հազար 100 դրամով ավելացավ 26 հազար 500 դրամ կազմող բազային կենսաթոշակնու նպաստը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականին նախորդ տարվա համեմատ՝ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5.8%-ով: Սա ավելի ցածր ցուցանիշ է, քան նախատեսված է եղել կառավարության ծրագրով եւ շատ ավելի ցածր` քան ակնակալում էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Կառավարության հնգամյա ծրագրով իշխանությունները 2021-ի եւ դրան հաջորդող չորս տարիների համար ակնկալում էին առնվազն 7% տնտեսական աճ:
Հայաստանում 2021 թվականի ամբողջ ընթացքում նախորդ տարվա համեմատ՝ ապրանքների ու ծառայությունների գները միջինում աճել են 7.2%-ով։ Եվ մասնավորապես սնունդը թանկացել է 11.2%-ով:
«Եթե բարձր գնաճին զուգահեռ աշխատավարձերը բարձրանային, կյանքը այսքան չէր բարդանա։Մինչդեռ իրականությունն այն է, որ միջին աշխատավարձի ու գնաճի տեմպերը նույն մակարդակում են»- ասում է 40-ամյա Աննա Ավանեսյանը։
Հայաստանում վերջին շրջանում նաեւ որոշ դեղերի գնաճ է նկատվում։ Ոլորտի ներկայացուցիչներն այդ հանգամանքը մի շարք գործոնների հետ են կապում։
Պաշտոնական մարմինները պնդում են, որ դեղերի հայկական շուկայում մենաշնորհ չկա, այն մրցունակ է եւ դեմպինգ էլ չկա։ Սակայն գները բոլորովին մրցունակ չեն, ավելին` վերջին շրջանում գնաճ է նկատվում հատկապես սրտային հիվանդների համար նախատեսված դեղերի մոտ։
«Բարեկեցության հետ կապված լուրջ տեղաշարժեր կամ փոփոխություններ չկան, հատկապես՝ պետական հատվածի աշխատողների մասով։ Բնակչության մեծամասնության վիճակը 2021 թվականին շարունակել է վատթարանալ։ Հասարակության միայն հարուստ խավն է, որ այս իրավիճակից շահել է, որովհետեւ նրանք են խոշոր բիզնեսի տերերը եւ բարձր գնաճից շահում են հենց նրանք»,- նշում է տնտեսագետ Մարգարյանը։
Ըստ վարչապետի՝ 2021-ի ընթացքում Հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020-ի համեմատ ավելի է 15,7 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ 2018-ի համեմատ՝ 38,7 մլրդ դրամով կամ 38 %-ով։
«Մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխություններն ըստ էության, մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետեւ, ցավոք սրտի, 2021-ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021-ի դեկտեմբերին 2020 թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմում է 7,7 %, իսկ սա ավելին է, քան նախատեսել էինք պետական բյուջով։
Գնաճը, ցավոք սրտի, գլոբալ պրոբլեմ է։ Փորձում ենք միջոցներ ձեռնարկել այն զսպելու համար եւ հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի, եւ եթե զուգահեռ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք»,- նշում է վարչապետը։
Այսպիսով, պետությունը կարող էր ժամանակին ու պլանավորված չափով կատարել կապիտալ ծախսերն ու խթանել տնտեսական աճը։ Սակայն այս հարցում էլ էական թերակատարում կա։ Կառավարությունը պետք է իր մասով ապահովեր տնտեսական աճի այդ բաղադրիչը։