Օրերս Երեւանի պետական համալսարանում հյուրընկալվեց կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
Հանդիպման բացումն արվեց Տ. Մանսուրյանի կենսագրության ներկայացմամբ։ Ծաղկաքաղի տեսքով թվարկվեց կոմպոզիտորի ստեղծագործություններից ամենակարեւորները, որոնք հնչել են նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։
Խոսք տրվեց նաեւ ԵՊՀ-ի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին։
Ռեկտորի խոսքով, հարգանքն ու սերը դեպի մեծ կոմպոզիտորն անսահման են,քանի որ այն ժառանգությունը,որը նա է մեզ թողել եւ դեռ թողնում է` անգին են, եւ մենք պետք է գնահատենք դա։
– Մենք հպարտ ենք եւ շատ ուրախ` մայր բուհի պատերի ներսում հյուրընկալելու ձեզ, հարգարժան պարոն Մանսուրյան,- ասաց ԵՊՀ-ի ռեկտորը։
Տ. Մանսուրյանը հուշանվեր ստացավ ռեկտորից եւ շնորհակալական խոսքեր երեկոն իրենց համալսարանում անցկացնելու համար։
Էկրաններին ցուցադրվեցին Տիգրան Մանսուրյանի կյանքից, ստեղծագործությունների ստեղծման ընթացքից, հարցազրույցներից, համատեղ աշխատանքներից հատվածներ, որոնցով կարճ ֆիլմ էր պատրաստվել։
Տ. Մանսուրյանն իր խոսքում նշեց, որ երիտասարդների եւ տարբեր տարիքի մարդկանց ու խմբերի հետ նման հանդիպումներ շատ է ունեցել, սակայն մինչեւ այսօր չի կարողանում առօրյա շփման վերածել դրանք, ավելացնելով, որ նման հանդիպումները «տոն» են իր համար։
Ներկաները սիրված կոմպոզիտորին ականջալուր լսում էին եւ հիանում նրանով։
Պարոն Մանսուրյանը պատմեց, որ իր ծննդավայր Բեյրութում չի եղել երաժշտական դպրոց, հետեւաբար ինքը ինքնուրույն է սովորել նոտաները եւ սկսել նվագել։
– Մի բան է,որ ձեզ այս կամ այն գիտելիքներն են տալիս ուսուցիչները, մեկ այլ բան է,երբ դու դա ինքդ ես հայտնաբերում եւ սկսում ճանաչել դասականների թելադրածը,-ասաց Տիգրան Մանսուրյանը։
Ներկաները գերագույն հաճույքով լսեցին կոմպոզիտորի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը` Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը» ֆիլմի մեղեդին, որը վերաբերում էր պատերազմի ավարտին եւ խաղաղությանը։ Հավելեց, որ այն նվիրում է հայրենիքը պաշտպանող զինվորներին։
Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության հիման վրա Մանսուրյանի ստեղծած երգով էլ միջոցառման փակմանը ելույթ ունեցան մայր բուհի ուսանողները։
ՆԱՏԱԼԻ ՄԻՆԱՍՅԱՆ
ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժնի (2-րդ կուրսի) ուսանող