ՀՀ-ում նախորդ շաբաթում տնտեսական միջավայրը, ինչպես եւ դրա նախորդն ու նախորդի նախորդը, անցավ աննախադեպ հաջողությունների շուրջ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններով: Էլ տնտեսական աճ, էլ արտահանումների ավելացում, աշխատատեղերի ու աշխատավարձերի բարձրացում, նոր ներդրումներ ու բանկային ավանդների բազմապատկում, մի խոսքով` կուզեք վագրային, կուզեք կատվային ցատկ որակեք, դրանցից դրական գնահատականը չի փոփոխվի: Մասամբ տարօրինակն այստեղ այն է, որ կառավարության ներկայացուցիչներից զատ ոգեւորության որոշակի նշաններ են տեսնում նաեւ տնտեսագետներ ու տնտեսական վերլուծաբաններ ներկայացող սահմանափակ թվով այրեր, որոնց հանրության որոշակի հատվածը գիտի որպես նախարարությունների ու պետական ուսումնական հաստատությունների դասախոսներ ու վարչական ապարատի անդամներ:
Իսկ ահա նրանց երբեմնի համակուրսեցիները, ովքեր ուսումը շարունակել են արտասահմանյան երկրների բուհական հաստատություններում ու հայրենիք վերադառնալով հիմնականում աշխատում են մասնավոր ընկերություններում ու համալսարաններում, այլ մոտեցում ունեն երկնիշ տնտեսական աճի կազմավորման հարցում: Տնտեսության հարցերի շուրջ ինչ-որ առումով մասնագիտական բարդ խոսույթով վերլուծություններից հաջողվում է բացահայտել, որ տոկոսային աճերը հիմնականում այլ գործոններով են պայմանավորված, որոնք կապ չունեն ո՛չ ներքին արտադրությունների ծավալման, ո՛չ դրամա-վարկային գործընթացների ինչ-որ աստիճանի ճկուն քաղաքականության ներդրման հետ: Մեզանում որոշակիից զգալի աճ է արձանագրվում վերաարտահանումների ոլորտում, որտեղ հայկական տնտեսվարական միտք որպես այդպիսին չի պահանջվում, այլ գործում է առ եւ տուր սկզբունքը, իր դրական ու բացասական դրսեւորումներով: Ինչ մնում է ավանդների պարբերական աճին, այն պայմանավորված է արդյունավետ ծրագրերի բացակայությամբ, որն էլ ավանդատուներին ստիպում է բավարարվել ավանդների տոկոսադրույքները բանկերի կառավարմանը վստահելով:
Այս ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը պարզ հայերենով տնտեսության է կոչվում, շարունակում է ինչ-ինչ հաջողություններից խոսել, արտահանումների աճով հպարտանալ: Իմա, այնպիսի տնտեսություն ունենք, որ մեր կարիքները լիուլի ապահովել ենք, ավելցուկով էլ այլոց ենք օգնում, նրանց պահանջները բավարարում: Չե՞ք հավատում, ասենք Գերմանիայում ապաստանած ձեր ծանոթ-հարազատներին հարցրեք, հնարավոր է ՀՀ Կոտայքի մարզում աճեցված ու Գերմանիա արտահանված ելակ են գնել: Հարց է ծագում, թե ինչու չեն գերմանացի հողագործները այդ ելակ կոչվածը մշակում, իրենց սպառողներին հասցնում: Դեռեւս խորհրդային տարիների հայտնի զրույց կար այն մասին, թե երբ է կայացած տնտեսություններ ունեցող երկրներում, ասենք, ելակ հայտնվում: Առավոտյան ժամը 7-ին, ասում էին նրանք, երբ մենք ամիսն էինք նշում: Այնպես որ, այսուհանդերձ հետաքրքրական է, թե ինչու ելակի առումով, տվյալ պարագայում Գերմանիան, կամ այս երկրի ինչ-որ հատված ինքնաբավ չէ: Նախ երկիրը մասամբ սակավահող է, 1 քառակուսի կիլոմետրի վրա 350 մարդ է բնակվում, երբ ՀՀ-ում թիվը հազիվ 100 մարդ է: Վարելահողերը, որտեղ կարելի է առավել արդյունավետ գյուղատնտեսական գործունեություն ծավալել, 1 գերմանաբնակի առումով մոտ 1400 քառակուսի մետր է, ՀՀ-ում` 1600 քմ: Այնպես որ գերմանական տնտեսվարական մտքին այլ բան չի մնում անել, քան ունեցած կարողունակության առավել նպատակային օգտագործումն է, որն է` մարդկանց առաջնային կարիքների առաջնահերթ ապահովումը ցորենի, կաթի ու մսի տեսքով: 1 բնակչի հաշվով ցորենի տարեկան արտադրությունը կազմում է 250 կգ, մսատեսակներինը` 130 կգ, երբ ՀՀ-ում ցուցանիշները հազիվ 30-ական կիլոգրամներ են:
Իրոք դժվար է նման արդյունքների պարագայում հաջողություններից խոսել, սակայն ՀՀ տնտեսության պատասխանատու պաշտոնյաներին դա հաջողվում է: Մի յուրօրինակ փաստ: Մինչեւ 5 մլն տոննա բրնձի քանակը համաշխարհային արտադրության հազիվ 0.6 տոկոսն է կազմում: Մոտ 600 մլն բնակչությամբ եվրոպական հանրությունը այդ քանակի բրինձ է սպառում, հիմնականում սեփական արտադրության, որի 1.5 մլն տոննան իտալական ծագում ունի, 1 մլն տոննան` իսպանական: Այ սա է տեսանելի տնտեսություն ասվածը, որը մեզանում փոխարինվում է հումքի արտադրություն չունենալու պարագայում պատրաստի ինչ-ինչ արտադրանքի արտահանումով: Եվ սա, Հայասանի հանրապետությունը սակավահող հռչակելու պարագայում, որն արդեն հիշատակված Գերմանիայի ու շատ ու շատ այլ պետությունների առումով, թող ներվի ասել, տեղին չէ, եթե չասենք` ազնիվ չէ:
Այս առումով հետեւյալ առաջարկն եմ ներկայացնում. ՀՀ-ի մասին որպես սակավահող երկիր խոսել միայն այն դեպքում, երբ 1 քառակուսի կմ-ի վրա կհաշվառվի նվազագույնը 300 մարդ: Բելգիայում այս ցուցանիշը 390 է, Իսրայելում 405, Սինգապուրում 8800: Թե ի՞նչ բնակչություն է կանխատեսվում, կարծում եմ հաշվառելը բարդ չէ: Ընդամենը հիշենք, որ 30.000 քկմ տարածք ունեցող Բելգիայում 12 մլն գերազանցող բնակչություն է ապրում:
Խոսվում է արտահանումների աճից, թե ինչ է արտահանվում, որը հարկ է որ հայաստանցի աշխատավորի աշխատանքի արդյունք լիներ, չի նշմարվում: Խոսվում է խաղող չմթերելու, սակայն ալկոհոլային խմիչքների արտադրությունը ավելացնելու մասին: Հանելուկ է մնում, թե ինչպես է էլեկտրաէներգիայի արտադրության նվազման պարագայում տնտեսության աճ արձանագրվում: ՀՀ-ում 1 կվտժամ էլհոսանքով ստեղծվում է 3 դոլարի համախառն ներքին արդյունք, երբ արդեն հիշատակված Գերմանիայում այն 8 դոլար է: Պարզապես հարց է ծագում, թե կա՞ արդյոք որեւէ վերլուծություն մեր 3 դոլարի հիմնավորման առումով, առաջիկա 1-2 տարիներին այն նվազման, թե՞ աճի հակում կդրսեւորի: Հարցն անտեղի չէ, քանզի ոչ պակաս կարեւոր, ասենք. հացահատիկի արտադրությունում երբեմնի 450 հազար տոնն ցուցանիշի դիմաց 2022-ին ունեցանք 97 հազար տոննա արտադրություն: Եվ սա այն պարագայում, երբ ՀՀ կառավարությունը ոչ հարուստ բյուջեից սուբսիդավորման, լիզինգի ու վարկային արտոնությունների սահմանման գրեթե անվերջանալի քայլեր է ձեռնարկում:
ՀՀ-ն իր ամբողջ կառուցվածքով արտակարգ վիճակում է գտնվում: Ավաղ, մեր մարդկանց ներկայացվող տնտեսական աճի թվերը ցանկալի ու տեսանելի երաշխիքներ չեն ներշնչում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի օրերս արած այն հայտարարությունը, թե երկրի տնտեսությունը արագ վերականգնվեց սեպտեմբերյան շոկից հետո, հարկ է որ մարդիկ զգան իրենց ամենօրյա առօրյայում:
Այ դա կլինի ոգեւորող:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ