ԵՐԵՎԱՆ-ՄՈՍԿՎԱ – Անիմատոր Տատյանա Օլեգովնա Պոդգորսկայան (ծն. 1973) 1994-ին ավարտել է Մոսկվայի անիմացիոն կինեմատոգրաֆիայի ուսումնարանը: 1985–1988 թթ. սովորել է Սերովի անվան թիվ 1 արվեստի դպրոցում, 1988–1992 թթ.՝ Մոսկվայի թատերա-գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանում (թատերական բուտաֆորիա մասնագիտությամբ): 1991–1992 թթ. աշխատել է «Սովրեմեննիկ» թատրոնում որպես ռեկվիզիտ նկարիչ։ 1993–1994 թթ. ուսանել է Պոլիգրաֆիկ ինստիտուտում, 1992–1994 թթ.՝ Անիմացիոն կինեմատոգրաֆիայի ուսումնարանում (նկարիչ-մուլտիպլիկատորի մասնագիտությամբ): 1994–2006 թթ աշխատել է «Արգուս» կինոստուդիայում որպես մուլտիպլիկատոր։ 2006-ից համագործակցում է Մոսկվայի տարբեր ստուդիաների հետ՝ մասնակցելով բազմաթիվ ֆիլմերի ստեղծմանը։ «Իկարուս» ռուսական անիմացիոն մրցանակի դափնեկիր է (2016-ին, «Անիմատոր» անվանակարգում՝ «Անդրեյ Խիժինան եւ նրա վիշտը» ֆիլմում իր աշխատանքի համար):
–Սիրելի՛ Տատյանա, մենք պատկանում ենք մի սերնդի, որը մեծացել է խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմերի ուժեղ ազդեցությամբ եւ դեռ գտնվում է դրա բարերար ազդեցության տակ։ Ես միշտ դեմ եմ եղել խորհրդային կարգերին, բայց իմ սիրելի մուլտֆիլմերը մնում են «Սոյուզմուլտֆիլմի» լավագույն գործերը։ Պարադոքսալ չէ՞. ամենաբարի անիմացիոն ֆիլմերը ստեղծվել են «չարի կայրությունում»:
–«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան մի լիովին առանձին աշխարհ է։ Աշխարհը բարի կախարդների եւ խիզախ հերոսների, արկածների սիրահարների եւ բարի փերիների: Որտեղ բարությունը հաստատ հաղթելու է վերջում: Ռեժիսորներն ու արվեստագետները հիմնականում շատ հեռու են քաղաքականությունից, եւ ինքնին զարմանալի սրամիտ, բարի եւ խելացի մարդիկ են։ Իհարկե, սցենարները ենթարկվում էին շատ խիստ գրաքննության։ Բայց գրողները, ռեժիսորներն ու արվեստագետներն այնքան տաղանդավոր էին, որ բոլոր ատյաններն անցնելուց հետո անգամ ստեղծում էին անգերազանցելի գլուխգործոցներ։
–Ինչպե՞ս եք բնութագրում ժամանակակից ռուսական անիմացիոն կինոն, տակավին կենդանի՞ են խորհրդային անիմացիայի ավանդույթները, թե՞ փլուզումից հետո ամեն ինչ այլ կերպ է ընթանում:
–Խորհրդային անիմացիայի ավանդույթներն աստիճանաբար մոռացության են մատնվում։ Ի հայտ են գալիս նոր տեխնոլոգիաներ, միտումներ եւ ոճեր: Հին դպրոցը գործնականում այլեւս գոյություն չունի։ Մի կողմից, այս ամենը շատ տխուր է, մյուս կողմից՝ կյանքը շարունակվում է ու փոխվում, լրացվում ու բարելավվում։ Այնուամենայնիվ, ինչպես նախկինում, անիմատորները մնում են հրաշագործներ: Միակ բանը, որն իրոք ափսոս է, այն է, որ հիմա ամեն ինչ որոշվում է փողով, ոչ թե տաղանդով, աշխատանքի որակով եւ արվեստով։ Հաճախ մուլտֆիլմի համար գումար հատկացնողն է ուղղորդում ոճն ու բովանդակությունը՝ լինելով ոլորտին բացարձակապես ոչ իրազեկ։ Դա չափազանց ցավալի է: Մայրիկը միշտ երեսին ասում էր իր անհամաձայնության մասին եւ հրաժարվում էր նման նախագծերին մասնակցելուց։
–Դուք ծնվել եք խորհրդային անիմացիոն կինոյի ականավոր վարպետներից մեկի՝ մուլտիպլիկատոր Մարինա Ոսկանյանցի ընտանիքում, որը մահացավ այս տարվա հոկտեմբերի սկզբին։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, երեք անգամ Ռուսաստանի լավագույն մուլտիպլիկատոր ճանաչված Մարինա Ոսկանյանցը մասնակցել է 100-ից ավելի ֆիլմերի եւ մասնավորապես հայտնի է դարձել իր ստեղծած անիմացիոն պարերով։ Ինչպիսի՞ն է մուլտիպլիկատոր մայր ունենալու փորձառությունը:
–Ինչպիսի՞ն է արվեստագետ մայր ունենալու փորձառությունը: Իսկ ինչպիսի՞ն է նկարիչ մայր և, վերջապես, հրաշագործ մայր ունենալու փորձառությունը: Սրանք երեք անհերքելի հատկություններ են, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր անիմատոր։ Այնուամենայնիվ, մուլտիպլիկատորը հոգով երեխա է մնում մինչեւ իր կյանքի վերջը։ Եվ մայրս ուներ այդ հատկանիշները։ Կարող եք հարցնել՝ ինչո՞ւ հրաշագործ։ Քանի որ մարդ հորինում, նկարում, խաղարկում է, իսկ հետո էկրանին տեսնում է զարմանալի մի արդյունք, որին անհնար է հասնել գեղարվեստական ֆիլմում: Անիմացիայի մեջ կարելի է նկարել ցանկացած բան: Օրինակ՝ մի քանի տեսարան մայրիկիցս. նուրբ ծաղիկները վերածվում են գեղեցիկ պարող աղջիկների («Նարգիսը»), Իվանը պարում է հրեղեն հավքերի հետ, այնուհետեւ հմտորեն բռնում նրանցից մեկին («Կուզիկ քուռկիկը») կամ թռչուն գնչուհու պարը «Սկզբում թռչուններն էին» մուլտֆիլմում եւ շատ ու շատ ուրիշներ: Ես հիշում եմ, թե ինչպես էր մայրս աշխատում Գրոմոզեկա կերպարի վրա «Երրորդ մոլորակի գաղտնիքը» մուլտֆիլմում: Սկզբում նա սարսափեց. «Նա վե՜ց ձեռք ունի։ Ի՞նչ անեմ դրանք: Աչքերը մատիտի պես դո՛ւրս են պրծնում։ Փորի վրա դո՛ւռ ունի։ Ինչպե՞ս աշխատել դրա հետ: Նա չի՛ կարող անշարժ լինել»։ Եվ մայրիկս հիանալի աշխատանք կատարեց, Գրոմոզեկան շատ արտահայտիչ եղավ: Օրինակ, Սելեզնեւի հետ զրույցի տեսարանում միտք հղացավ, որ Գրոմոզեկան կերակրի պրոֆեսորին աղցանով, հետո լիզի ափսեն ու վերցնի իրեն՝ բացելով փորի վրայի դուռը։
Այսպիսով, մայրս տանը օր ու գիշեր նկարում էր կադր առ կադր: Նրա սեղանի շուրջը ճմռթված պատճենահան թղթեր էին կուտակվում, որովհետեւ… երբ ինչ-որ բան չէր հաջողվում, ավելի հեշտ էր դեն նետել նկարը եւ նոր թուղթ վերցնել: Ավարտված տեսարանը նա ուղարկում էր սեւագիր փուլավորման եւ նկարահանման։ Տեսարանը էկրանին դիտելուց հետո ռեժիսորը հավանություն էր տալիս եւ ուղարկում արտադրության՝ հստակ նկարում, փուլավորում ցելյուլոիդի վրա եւ գունավորում: 10 րոպեանոց մուլտֆիլմի պատրաստման համար միջինը ինն ամիս էր պահանջվում։
Մայրիկը պարզապես անիմատոր չէր: Նա նաեւ Մոսկվայի Գիտնականների տան գեղարվեստական մարմնամարզության հիմնադիր Լյուդմիլա Նիկոլաեւնա Ալեքսեեւայի շատ տաղանդավոր աշակերտուհին եւ հետեւորդն էր։ Եթե չլիներ Ալեքսեեւայի մարմնամարզությունը, որով մայրս ոգեւորությամբ զբաղվում էր 15 տարեկանից, վստահ եմ, չէին լինի այնպիսի գեղեցիկ եւ գեղարվեստական պարեր, որպիսիք մայրս նկարել է «Մարդուկ-Ջարդուկը», «Անագե տոկուն զինվորիկը», «Տիկնիկների պարեր», «Գեղեցկուհի Վասիլիսան» եւ այլ մուլտֆիլմերում։
Նաեւ, մուլտիպլիկատոր մայր ունենալը պարծանք էր դասընկերներիս առաջ։ Մի անգամ նա եկավ դպրոց, խոսեց իր մասնագիտության մասին եւ իմ դասարանին էքսկուրսիա տարավ «Սոյուզմուլտֆիլմ», որտեղ նրանց բաժանեցին գունավորված փուլանկարներ մուլտֆիլմերից, եւ բոլորն անսահման երջանիկ էին: Իսկ մեկ տարի առաջ իմացա, որ աղջիկներից մեկին այդպիսի նկար չէր հասել, եւ 40 տարի անց նա հիշում էր դա:
–Մարինա Կոնստանտինովնան ծանո՞թ էր հայկական մուլտիպլիկացիային եւ հիշու՞մ եք, թե ի՛նչ կարծիքի էր։
–Մայրիկը միշտ հիացել է Ռոբերտ Սահակյանցով. Բայց հայկական անիմացիան մենք երբեք հատուկ չենք քննարկել, ուստիեւ չեմ կարող ասել, թե ինչ կարծիքի էր նա։
–Որտեղի՞ց են ձեր մոր նախնիները:
–Մայրիկիս հայրը Կոնստանտին Նիկիտովիչ Ոսկանյանցն է. այս անունը նրան տվել են արդեն Ռուսաստանում, նրա ծննդյան անունը Կարապետ էր, իսկ նրա հայրը՝ իմ նախապապը, կոչվել է Մկրտիչ Ոսկանյանց։ Նա եղել է Նախիջեւանյան շրջանից (այն ժամանակ՝ Էրիվանյան գավառում), Ցղնա գյուղից, որն արդեն անցյալ դարասկզբին թյուրքերեն կոչվում էր Չանանաբ։ Մկրտչի կինը՝ Փառանձեմը, Ագուլիսից էր, մի հին միջնադարյան քաղաք Նախիջեւանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Օրդուբադի շրջանում։ 1919 թվականի դեկտեմբերին Ագուլիսի եւ շրջակա գյուղերի ողջ հայ բնակչությանը թուրքերը կոտորել են։ Հավանաբար այնտեղ մնացած մեր բարեկամների մեջ էլ եղել են զոհեր։ Այսօր դրանք ադրբեջանական Աշաղի (ներքին) Այլիս եւ Յուխարի (վերին) Այլիս գյուղերն են։
Ագուլիսում եղել է 11 կամ 12 հնագույն հայկական եկեղեցի։ Իմ նախապապն ու նախատատը պսակադրվել են Սուրբ Քրիստափոր եկեղեցում։ Ագուլիսի բոլոր եկեղեցիներն այս կամ այն չափով ավերված են եղել, սակայն կանգուն են մնացել 1970-1980-ականներին։ Արցախյան ազատագրական շարժումից հետո ադրբեջանցիները դրանք հողին են հավասարեցրել։
Իմ նախնիները, ամենայն հավանականությամբ, Մոսկվա են տեղափոխվել 19-րդ դարի վերջին։ Պապս՝ Կարապետը, ծնվել է 1894-ին, ու մենք չգիտենք՝ նա ծնվել է Հայաստանում, թե՞ արդեն Մոսկվայում։ Կոնստանտին Նիկիտովիչ Ոսկանյանցն աշխատել է Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում, կազմակերպել է գեղարվեստական ցուցահանդեսներ։ Նրա կինը՝ իմ տատիկ Լիդիա Ալեքսեեւնա Ոսկանյանցը (ծնյալ Գուչկովա, 1912–1974) աշխատել է որպես անգլերենից թարգմանիչ։ Նրանք ունեցել են երկվորյակ դուստրեր՝ Մարինա եւ Օքսանա։ Մորաքույր Օքսանան բարձրագույն կրթություն է ստացել եւ դարձել մանկաբույժ, մայրս՝ Մարինան, հիանալի ու յուրօրինակ մուլտիպլիկատոր։
–Չնայած ձեր մայրը վաղ է կորցրել հորը, ընտանիքում կամ նրա անձի մեջ կա՞ր որեւէ բան, որը կարելի է համարել հայկական:
– Կոնստանտին Ոսկանյանցը մահացել է 1936-ին, երբ աղջիկները երկու տարեկան էին։ Քույրերն ապրել են մոր եւ տատիկի հետ, սակայն նրանց դաստիարակությանը մասնակցել են նաեւ հայրական կողմի հարազատները՝ Փառանձեմ տատիկը եւ հորեղբայրները՝ Արամ, Իվան եւ Սերգեյ Ոսկանյանցները, վերջինիս կինը՝ Արուսյակ Խրիստոֆորովնա Կեւորկովան, որը հատկապես երես է տվել երկվորյակներին։ Մորաքույր Առուսյան նրանց ազգային տարազներով տիկնիկներ է նվիրել, հայկական հալվա հյուրասիրել ու տարբեր խաղեր խաղացել։ Մայրս իր հորից ժառանգել է արտահայտիչ հայկական դիմագծեր՝ քիթը (որը նրա կատակների առարկան էր) եւ մրի պես սեւ հոնքերը:
Մարինան ապշեցուցիչ գեղեցիկ հայ աղջիկ էր։
–Մարինա Կոնստանտինովնան երբեք չի եղել Հայաստանում։ Եթե դուք եւս չեք եղել, ապա իմացե՛ք, որ միշտ ցանկալի հյուր եք ձեր պապի հայրենիքում։
–Շնորհակալությո՛ւն, Արծվի՛ ջան։ Այո՛, մայրս, ցավոք, Հայաստանում երբեք չի եղել։ Ես եղել եմ եւ շատ եմ սիրում այդ ապշեցուցիչ գեղեցիկ երկիրն իր բնապատկերներով, լեռներով, ձորերով եւ լճերով, ինչպես նաեւ մշակույթով, խոհանոցով եւ, իհարկե, մարդկանցով: Շատ եմ սիրում անցյալ դարերի վանքերը։ Կցանկանայի դանդաղ ու առանց էքսկուրսիայի վերադառնալ Տաթեւի վանք ու Նորավանք եւ տեսնել ուրիշ վանքեր, որոնք այնքան էլ զբոսաշրջային չեն։ Խմել նռան գինի Սեւանա լճի ափին՝ վայելելով տեսարանը եւ բյուրեղյա մաքուր ջուրը։ Շրջել Երեւանի կենտրոնում, այցելել տարբեր սրճարաններ, փորձել տեղական խոհանոցն ու հայկական գինիները։ Երեք անգամ եղել եմ Փարաջանովի թանգարանում, դա մի զարմանալի միջավայր է։ Կուզեի մնալ եւ ապրել այդ թանգարանում։ Ինձ գերել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը։ Ժամանակակից արվեստի թանգարանը նույնպես շատ հետաքրքրական էր իր ցուցադրությամբ։ Չկարողացա այցելել Մատենադարան, այն պիտի որ շատ հետաքրքրական լինի։ Եվ նաեւ, կցանկանայի Երեւան այցելել Վարդավառի տոնին։ Շատ եմ ուզում Հայաստան այցելել բազմիցս եւ առանց շտապելու։ Եվ երազում եմ ունենալ մի տնակ Սեւանա լճի ափին։ Իսկ երազանքներն իրականանում են, ես գիտե՛մ:
–Ինչպես դրանք իրականացել են ձեր մայրիկի անիմացիոն ֆիլմերում։ Տատյա՛նա ջան, շնորհակալությո՛ւն զրույցի համար եւ տա Աստված՝ հանդիպենք Սեւանի ափին…
Արծվի Բախչինյան
Գլխավոր լուսանկարում՝ Մարինա Ոսկանյանցը (կենտրոնում) թոռան՝ Վարվառայի (ձախից) եւ դստեր՝ Տատյանայի հետ։ Նրանց ետեւում թոռան՝ Իվանի ձեռքերն են (2009)։