«Սիրված ու հարգված» հռչակված մարդկանց երկրի բարձրագույն գործադիր մարմնի, որն է թե` կառավարության հերթական նիստն անսովոր անցավ. ոչ մի խոսք` ճանապարհների աննախադեպ վերակառուցումից, ոչինչ` աննախադեպ սուբսիդավորումից, նաեւ` տնտեսական աճի տոկոսներից: Օրվա ու օրակարգի հարցերն առավել հրատապ ու կարեւոր էին դիտարկվել, քանզի ամենայն բծախնդրությամբ ու մանրամասնությամբ արված ուսումնասիրություններն ու վերլուծություններն անվերապահ հաստատել էին, որ Երկիր մոլորակի վրա նուշ կոչվող բույսի զգալի պահանջարկ կա, որը հարկ է լրացնել հայկական բարեբեր հողերի վրա այն աճեցնելով: Թե ինչ բույս է այն, ինչո՞ւ մինչեւ հիմա գյուղոլորտն անուշադրության է մատնել այն, ոչ մի խոսք. ասենք նաեւ, ոչ մի հրապարակում չկա հայկական հանրագիտարանում, «Դեղաբույսեր» գրքում: Թերեւս ՀՀ գյուղոլորտի պատասխանատուները հիմնավորեն, որ երկրի պարենային անվտանգության հարցում իրենց անհաջողություններն այս բույսի արտադրության բացակայությամբ են պայմանավորված: Այն կարտադրեն, կարտահանեն, 1,5 միլիարդանոց չինական շուկան կգրավեն, նուշային Հայաստանով աշխարհին կներկայանան. թե չէ` բանանային, թեյային, սուրճային…
Օրեր անց հայաստանյան հանրությանը նոր տեղեկատվություն հրամցվեց. պետական ֆինանսական միջոցների ակտիվ ներգրավմամբ հարյուրավոր հեկտար տարածքներում ընկուզենիների այգիներ են հիմնվում, բազմապատկվելու իրական հնարավորություններով: Գործընթացների բացահայտումներ, աշխատատեղերի ստեղծումից մինչեւ արտահանման նպատակահարմարություն, ինչքան ուզեք: Միայն չկա մի պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ գյուղատնտեսական մշակաբույսերից ոչ պակաս կարեւորություն ունեցող, ասենք, թեյի ու շաքարեղեգի արտադրության պայմաններում լավագույնս չեն կայանում Շրի Լանկա ու Կուբա պետությունները: Երկուսի արտադրանքն էլ համաշխարհային շուկայում ու տնտեսությունում որոշակիից մինչեւ զգալի մասնաբաժին ունի, մշտապես գովազդվում է, սակայն արի ու տես, որ այլոց վայելքները սպասարկող հիշյալ երկրներում մարդիկ շարունակում են ապրել… ընդամենը հույսով, ինչ-որ լավատեսությամբ, որը տասնամյակներ շարունակ իրականություն չի դառնում:
Սույն տողերը գրելու հենց հաջորդ օրը Կուբային նվիրված մի հեռուստատեսային հաղորդում դիտեցի «Ռուսական բիզնես» ալիքով: Լրագրողուհին շփոթված էր, քանզի սուպերմարկետի ցուցափեղկերը դատարկ էին: Պարզվեց՝ երկրում կտրոնային խիստ սահմանափակ համակարգ է գործում, շինարարությունն աննշան է, ամսվա միջին աշխատավարձն անհավանական 20-30 դոլար է, ավտոպարկը գրեթե չի թարմացվում… Հետեւելով Շրի Լանկայից տրվող հեռուստահաղորդումներին, որոնցում պատմվում է ընդհարումների, գործադուլների մասին, կարելի է ոչ լավատեսական տրամադրությունների տրվել: Վերջին տարիներին 1 բնակչի հաշվով բյուջեից ծախսը հազիվ է մոտենում 1000 դոլարի, որը ՀՀ-ում մի փոքր ավելին է, կայացած երկրներում` 30-40-հազարական դոլար:
Հիասթափեցնելու նպատակով չէ, այսուհանդերձ նշեմ. բարեկեցիկ եվրոպական գյուղոլորտում թե՛ ընկույզ են աճեցնում, թե՛`ասենք, բրինձ: Վերջինիս արտադրությունը 4 մլն տոննայից ավելին է, այնքան, որքան սպառում է 500 մլն բնակչությունը, 1 բնակչի հաշվով տարին 8 կգ, նույնքան է ՀՀ-ի պարագայում: Մոտ 5 մլն տոննայի 1.5 մլն տոննան արտադրում է Իտալիան, 1 մլն տոննան` Իսպանիան: Իսկ թե ե՞րբ ՀՀ կառավարությունը կանդրադառնա երկրի բարեբեր հողերում սեփական արտադրության բրնձի մշակմանը, խնդիրը չի էլ դիտարկվում, ուր մնաց` քննարկվում. ՀՀ 25 հազար տոննա պահանջարկի համար հարկ է մշակության տակ դնել ընդամենը 5 հազար հեկտար գյուղնշանակության տարածք, վարելահողերի պարագայում` ունեցածի… 1 տոկոսը: Այնպես որ վստահ չեմ, որ նման գործունեություն ծավալելու առաջարկը չի մերժվի նաեւ սուբսիդավորման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների բացակայությամբ փաստարկված հիմնավորումներով: Այո, յուրօրինակ է կառավարվում ՀՀ գյուղոլորտը, եթե իհարկե այն, ինչ արվում է, կարելի է կառավարում անվանել: Չենք մոռացել, չէ, որ ընդամենը տարիներ առաջ ՌԴ տոմատի մածուկ էինք արտահանում, հիմա հսկայական քանակներով ներմուծում ենք: Ո՛ւր է թե միայն այն ներմուծեինք:
Իսկ հայաստանաբնակները, նորածնից մինչեւ զառամյալ, իրենց առաջնահերթ սննդակարգ նախաճաշի, ճաշի ու ընթրիքի սեփական հողերում աճեցրած բարիքները թող երազներում տեսնեն: Աշխարհում դրանք այնքան շատ են, որ չարժե սեփական արտադրությամբ գերարտադրություն ստեղծել, ճգնաժամերի պատճառ դառնալ: Փոխարենը կօգնենք դրանք գնելով, անհայտ ծագման սննդահումքերից հայկական լավաշ, հայաստանյան բաստուրմա կպատրաստենք, ալպյան որակվող կաթնափոշուց էլ պանրային մթերք անվանակոչված արտադրանք կթողարկենք: Հիմա երկրի կառավարիչներից ով չի ալարում, ավանդական ու ժամանակակից գյուղատնտեսությունից է խոսում: Ժամանակակիցն իրենց պատկերացմամբ այգեգործությունն է, երբ կայացած գյուղոլորտ ունեցող երկրներում նախապատվությունը տալիս են մարդ արարածին առաջնահերթ անհրաժեշտ հացահատիկին, մսին ու կաթին, ՀՀ-ում՝ գրեթե չմշակվող-չարտադրվողին: Թե ինչո՞ւ, խնդիրը բարդ է, ինչպես ասենք… խաղողագործության պարագայում, այնպես որ գերադասելի է խոսելով բավարարվելը, վայ-վայ-վայ վիճակից հեռու մնալը հեռացնելը:
Ագրարային անվանմամբ համալսարանում, որը մայրաքաղաքի կենտրոնում է տեղաբաշխված, այս տարի 760 ուսանողի ընդունելություն էր նախատեսված, ընդունվել են 44-ը: Վայ-մեզ չասեք, այլ գնահատական փնտրեք: Մինչ կորոշեք, ՀՀ քաղաքացուս կողմից առաջարկեմ. անզորի ու անօգնականի վիճակ:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ