Թե մեր ինչին էր պետք ՄԱԿ Անվտանգության խորհրդի վերջին քննարկումը, որտեղ Ադրբեջանին ուղղված հորդոր, բանաձեւ, հայտարարություն չընդունվեց, մնում է մութ: Թե ինչու էր պետք սպասում առաջացնել ՄԱԿ-ի քննարկումից՝ դա էլ է անհասկանալի: Ավելի շուտ՝ մեր ենթադրությունն է իրականությանը մոտ՝ քննարկումը նախագծվել էր հայերիս հասկացնելու, որ ձեռք քաշենք Արցախն Ադրբեջանի կազմում չպատկերացնելուց: Այդպիսով՝ համարյա ողջ միջազգային հանրություն կոչվածը խրախուսեց Ադրբեջանին անել այն, ինչ անում է, իսկ վարչապետ Փաշինյանի ասածը կառավարության վերջին նիստին, թե հավաստի տեղեկություններ կան, որ Լաչինի միջանցքը բացելու միակողմանի ծրագրեր կան (դեպի Հայաստան) հենց հաստատումն է նրա, որ միջազգային հանրության երեսպաշտ հայացքի ներքո Արցախը հայաթափելու ծրագիր է իրականացվում, հավանաբար բոլորին պետք է Արցախը՝ որպես տարբեր տարածաշրջանային ծրագրերի իրացման մեկնարկային տարածք, իսկ դրան հայերը խանգարում են: Մնում է հասկանալ՝ Հայաստանի ղեկավարությունը դրան մասնակի՞ց է, թե՞ առանց նրա են դա մտածել ու չուրախանալ այնպիսի անկապ բաներից, թե ՝ սկանդալ է, Ալիեւը չի ընդունում Բելգիայի հայամետ արտգործնախարարին:
Տարօրինակ գործըթացներ են նաեւ Արցախի ղեկավարության շրջանում՝ գաղտնի հավաքներ, ինչ-որ աշխարհազորայինների վերջնագրեր, Արցախի ԱԺ նոր, դաշնակցական նախագահ, որը հավակնություն ունի ղեկավարել Արցախը, երբ Արայիկ Հարությունյանը հրաժարական տա: Վերջինս էլ մեկ ասում է՝ «Հրաժարական եմ տալիս», մեկ՝ «Չեմ տալիս» , նայած ինչ վերպետական ուժեր են հրում այդ պահին նրան, ու այսպես: Խոսվում է, որ Ակնայի (Աղդամի) ճանապարհը բացելու, Բարդայում ադրբեջանցիների հետ հանդիպելու, իրավիճակի վերաբերյալ քննարկումներ անելու թեմա կա, դրա կողմնակիցը Արցախի նախագահն ու Սամվել Բաբայանն են, իսկ ԱԺ նոր նախագահ Դավիթ Իշխանյանն ու նրա կողմնակիցներն ավելի արմատական են, ու այս իմաստով ներքին բախում կա: Երրորդ կողմ էլ կա՝ Ռուբեն Վարդանյանը, որը եւս ակնարկներով է խոսում, տարակուսում, որ Արայիկ Հարությունյանն ի վերջո հրաժարական չի տալիս՝ մյուս երկու կողմերի թերասացությունների ընդհանուր տոնը պահելով: Ի վերջո անհասկանալի է՝ ո՞վ ի՞նչ է ուզում անել, ո՞վ՝ ո՞ւմ է վերջնագիր ներկայացնում, ի՞նչ եւ ո՞վ կա այդ բոլորի տակ, եւ գլխավոր խնդրո՞ւմ է միայն հակասությունը, այն է՝ Ակնայի ճանապարհով Ադրբեջանից ելումուտ թույլատրել-չթույլատրե՞լը, թե՞ նաեւ սովամահության իրական վտանգի առկայությամբ՝ աշխարհաքաղաքական ենթատեքստերով բախումն է իրական, քանի որ տարածքում շահեր ունեցող մեծ պետություններից յուրաքանչյուրն, անշուշտ, իր մարդկանցով է լցոնել Արցախի ղեկին մոտ կանգնած մարդկանց շրջանակը: Ստացվում է՝ թքած արցախցիների էլ, Արցախի ապագա ճակատագրի վրա էլ, բախումը աշխարհաքաղաքական է, հա՞:
Եվ Հայաստանի, նրա ղեկավարության պահվածքն էլ ոչ մի արդարացում չունի եւ կմտնի հայոց պատմության դասագրքեր հետագայում որպես ամենաթույլ, արտաքին ազդեցություններից կախվածի մասին պատմություն, եթե, իհարկե, Արցախ մնա, անկախ Հայաստան մնա, որովհետեւ Արցախը հանձնելով Ադրբեջանին՝ վտանգ ենք ստեղծելու հենց Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, ապագայի, պետականության եւ անվտանգության տեսակետից:
Հոգնեցինք այս բոլորը գրելով, Հայաստանի ղեկավարների եւ շատերիս պատերացումները Արցախի եւ Հայաստանի ապագայի առումով տրամագծորեն տարբեր են, ուղղակի շատերիս՝ մեծամասնության մտքերը գեներացնողները չեն երեւում դեռ. անցյալի իշխանություններից ոչ մեկի հանդեպ վստահություն չի կարող լինել, ներկան ընդհանրապես սպառել է վստահության բոլոր ռեսուրսները, իսկ դեֆակտո կյանքն ավելի է աղոտացնում երկաթե որոշումներ կայացնելու ունակ մարդկանց երեւակումը: Չկա մի Նժդեհ, որ ստանձնի արցախցուն ռեալ օգնություն հասցնելու դերակատարումը, խեղճուկրակ «խաղաղասիրականների» ֆոնին, չկա մի կատարյալ ելք, որով ավարտվի Արցախում տեղի ունեցող մղձավանջը: Տեսնես, իրոք, ո՞ւր են անհետացել նժդեհակերպ մեր տղամարդիկ: Տեսնես էլ ինչ վտանգներ կան Ադրբեջանին Հայաստանի փոխանցած նոր առաջարկների մեջ, որոնց մասին վերջին կառավարության նիստին հայտնի դարձավ:
Այս ֆոնին մայրաքաղաքային ավագանու ընտրությունը երեւանցիներիս մտածող հատվածի համար մի ուրիշ մղձավանջ է, երբ սոված, հյուծված, երկրին նվիրված արցախցու մասին ամենօրյա տեղեկության սպասումի վրա շրխկալու է կուշտ կերած, վաղուց բոլորիս իրենց պոպուլիզմով, աշխատել չկարողանալու եւ դիմափոխ լինելու հատկություններով հայտնի մարդկանց սնապարծ քարոզարշավը՝ քարոզարշավի ամեն նոր օրվա հետ այդ բոլորն ավելի նմանեցնելով ժանտախտի ժամանակ շամպայն ըմպելու ակտին:
Անձամբ ինձ մայրաքաղաքային ավագանու ընտրությունները հիշեցնում են անցյալ խորհրդարանական ընտրությունները, երբ խորհրդարարան անցած ներկա ընդդիմությունը մասնակցեց եւ լեգիտիմ դարձրեց այդ ընտրությունները՝ դրա դիմաց իր փայը ստանալով: Այսինքն մասնակցեց քաղաքական քարտեզի նախօրոք գծմանը՝ իբր ընտրություն խաղարկելով: Սա տասնամյակներով բյուրեղացված տեխնոլոգիա է՝ հին տեխնոլոգիաների կատարելագործված-մոդեռն ձեւերով, կարեւորը՝ պատրանք ստեղծելով, որ դա ընտրողն է անում իր քվեով:
Այս անգամ, ճիշտ է, նախորդ երկու նախագահների համակարգած ուժերը չեն մասնակցում մայրաքաղաքային ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն սատարում իրենց հովանու տակ գտնվող արբանյակ ուժերին եւ գործիչներին, այդպիսով նպաստելով, որ վարչական, ֆինանսական, մարդկային ահռելի ուժի տիրապետող իշխանական թեկնածուն եւ նրա գլխավորած ուժը նորից մեծամասնություն ստանա, այս անգամ Երեւանի ավագանիում:
Այդ դեպքում, կհարցնեք, ո՞նց վարվել այն երկու-երեք ուժերի հետ, որոնք խոսում են մայրաքաղաքային ընտրությունները ամբողջական իշխանափոխության վերածելուց: «Է, դո՛ւք էլ խոսեք», ասվում է հայտնի անեկդոտում: Իրո՞ք կարելի է լուրջ վերաբերել ամբողջական իշխանափոխությունից խոսողներին, ի՞նչ եք կարծում, զրո ամբողջ քանի՞ տոկոս շանս ունեն: Իշխանափոխության մասին նրանց արածն իմաստ կունենար՝ եթե ընդդիմությունն ունենար քաղաքապետի միասնական թեկնածու, կամ՝ եթե ընդհանրապես իրեն ընդդիմադիր համարող որեւէ ուժ չմասնակցեր ընտրություններին, թողնելով իշխող ուժին միայնակ մասնակցելու ընտրություններին:
Մինչդեռ մայրաքաղաքի ավագանու ընտրության արշավը լավագույն հայելին է, որն անդրադարձնում է հայաստանան իրողությունները՝ գաղտնի մտադրություններ, գաղտնի պայմանավորվածություններ, մեզ թույլ տալով լրացուցիչ անգամ արձանագրել, որ.
ա/ Հայաստանում քաղաքական գործընթացների ոչ մի սկզբունք շատ տեւական ժամանակ չի փոխվել՝ քաղաքական ուժերը ստեղծվում են որպես բիզնես- նախագծեր՝ իշխանությունը որպես շահույթի աղբյուր հետագայում կիսելու համար, այդ ուժերի ցուցակները կազմվում են ոչ թե ազգի արժանի ներկայացուցիչներից, այլ առաջվա նման ազգակցությամբ, շահերով, միմյանց ձեռք լվանալու արատավոր բարքերով, ներկլանային շահերով. ընդամենն ուսումնասիրեք մայրաքաղաքային ընտրությունների մասնակցության բոլոր ցուցակները:
բ/ Այդ ուժերն առաջվա պես համախմբվում են փողի, փողատերերի, եւ ոչ թե գաղափարների շուրջ, նրանք բոլորն այս կամ այն չափով կապված են Հայաստանում ավելի վաղ իշխանություն ունեցողների եւ այժմ իշխանություն ունեցողների հետ, ասել է, թե նոր ուժեր, չնայած երիտասարդ մարդկանց առկայությանն ընտրացուցակներում, չկան:
գ/ Ինչպես եւ նախորդ բոլոր ընտրություններում, այդ ուժերի մասնակցությունն ընտրություններին տարբեր նպատակներ է հետապնդում՝ մեկը ձայներ է փոշիացնելու, մեկն իշխանական թեկնածուի եւ նրա ուժի համար է կոմֆորրտ ապահովելու՝ սեւացնելով նրա հակառակորդներին, մեկը կարգախոսների կոշտությամբ հետագայում իր պատառ տնտեսական շահն է փախցնելու, մեկը ճանաչելի դառնալու խնդիր է լուծելու: Անգամ նրանք, որոնք խոսում են մայրաքաղաքի ավագանու ընտրությունը հետագա իշխանափոխության ստարտ դարձնելուց:
Նախկին քաղաքապետ կա, որ Երեւանի լծակների տիրապետման համն է մնացել բերանում, դերասանությունն իրեն քիչ է թվում, Ռոտենբերգ կամ Գուտենբերգ կա, որին Երեւանը վարելու -ցանելու խոպան է թվում, իշխող ուժի երկայացուցիչ կա, որի իբր սրտացավ ֆալշ-ստարտի կեղծ տոնը նորմալ մարդկանց համբերությունից հանում է , միայն Ֆիրդուսի թաղամասում կառուցապատողների լոտերի տերերի ցուցակն ուսումնասիրեք՝ կհասկանաք ֆալշ-ստարտի ողջ փայլը, եւ այլն. անկեղծ չեք, պարոնայք ու տիկնայք, ոչ միայն անկեղծ չեք, այլեւ երեւանցուն ուզում եք հայտնի կենդանու տեղը դնել, հուսալով, որ այդ կենդանին ոչինչ չի հիշում, գնալու եւ ընտրելու է ձեզ:
դ/Այդ ուժերը, ինչպես Հայաստանում միշտ էլ ցավոք եղել է, իրենց թիկունքում տիկնիկավարներ ունեն՝ տարածաշրջանային խաղացող մեծ պետությունները, տարածաշրջանային ազդեցության քարտեզը, որ մասամբ արտացոլված է խորհրդարանում, պրոյեկտված է նաեւ մայրաքաղաքի ավագանու ընտրությունների մասնակիցների կազմում, շատ համեղ պատառ են Երեւանն ու Հայաստանը, որ այդ պետություններն իրենց տրոյական ձիերին չներդնեին այստեղ ամենուր, այդ թվում՝ քաղաքական ուժերի տեսքով, ցավոք: Հետեւեք քարոզարշավին ու մեկին-մեկ կտեսնեք:
Ավարտելով նշեմ, որ երեւանցին բոլորիդ էլ ճանաչում է, բոլորիդ դառնահամն էլ առել է, անգամ եթե գույն,զգեստ, մակիյաժ ու տատու եք փոխել կամ մորուք սափրել՝ էլի ճանաչում է, հիասթափված է իշխողից էլ, բոլորիցդ էլ եւ գիտե, որ ինչպես շատուշատ անգամներ, հիմա էլ ուղղակի վարչական ռեսուրսն է աշխատելու, եթե , իհարկե, մինչեւ սեպտեմբերի տասնվեցը տեւելիք մայրաքաղաքային ընտրության ողջ այս քարոզարշավ-շոուն նրա համար չէ, որ իր պատեհությամբ կարեւոր որոշումներից, Հայաստանին ու Արցախին սպառնացող ճակատագրից շեղի հանրության ուշադրությունը:
Ես , իհարկե, հույսս չեմ կորցնում, որ հայերն այդքան պրիմիտիվ չեն լինի, ու անցյալում էլ, հիմա էլ սխեմաներ գծողներից առաջ ընկնողներ կլինեն:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ