Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Սերգեյ Վարդանյան. պայծառ մարդու, գիտնականի հիշատակին

ԱԶԳ
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
35
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 30-ին կյանքին հրաժեշտ տվեց արձակագիր, հայագետ, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, համշենագետ, հրապարակախոս Սերգեյ Վարդանյանը:

Կյանքը եւ գործը՝ համառոտ

Ծնվել է 1952 թ. նոյեմբերի 9-ին Երեւանում: 1969 թ. ավարտել է Երեւանի Հ.  Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետեւ՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում:  1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991, 2003-2004 թվականերին եւ 2009 թվականից գիտաշխատող էր ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:

1978 թ. մամուլի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի, Աբխազիայի եւ Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի հայկական դպրոցների աշակերտները: Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) եւ «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երեւանում անգլերեն («The salvaged tales», 2007) եւ գերմաներեն («Gerettete Märchen», 2009):

Նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985 թ.) նոր նյութերով հարստացված, «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին, իսկ 1997 թ. արժանացել Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին:

1989 թ. Երեւանում տպագրվել է «Արեւածաղիկը» վերտառությամբ մանկական պատմվածքների գիրքը, որը հինգ տարի անց՝ 1994 թ., լույս է տեսել  Կ. Պոլսում՝  արեւմտահայերենով: Սերգեյ Վարդանյանի պատմվածքները ընդգրկվել են նաեւ «Մայրենիի» 4-րդ (2009 թվականից սկսած) եւ 5-րդ (2011 թվականից սկսած) դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության մասին նրա արժեքավոր  հոդվածները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով:

Հայաստանի ժուռնալիստների (1978 թվականից) եւ գրողների (1991 թվականից) միության անդամ էր: Քանիցս ընտրվել է ՀԳՄ վարչության անդամ: 

Նվիրյալ հայագետը 1980 թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության տարվա մրցանակի, 1992 թ.՝ Վատիկանում Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդից՝ պապի անվամբ Արծաթե հուշամեդալի, 2001 թ.՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդից՝ Հայաստան ուխտագնացությանը նվիրված հուշամեդալի, 2009 թ., որպես խմբագիր,   արժանացել է Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության եւ Հայաստանի ժուռնալիստների միության բարձրագույն մրցանակի, 2010 թ.՝ Ռուսաստանի հայերի միության հիմնադրման 10-ամյակին նվիրված մեդալի, 2012 թ.՝ Հայաստանի Ֆ. Նանսեն միջազգային հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» Ոսկե հուշամեդալի, 2012 թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալի, 2012 թ.՝ ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի, 2012 թ.՝ Երեւանի քաղաքապետի Ոսկե մեդալի, 2013 թ.՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի մրցանակի, 2015 թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի» համար մեդալի: 

Համշենի եւ համշենագիտության նվիրյալը

Մեծանուն ազգագրագետը դեռեւս 1970-ական թվականներից զբաղվել է ԽՍՀՄ-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով: Բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերի, Ուկրաինայի, Ղրիմի հայաբնակ վայրերով: Այդ ճամփորդությունների ժամանակ էլ, 1984 եւ 1987 թվականներին, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում եւ Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի: Նա Համշենի պատմության, համշենահայ բանահյուսության, բարբառի, նիստուկացի, սովորույթների ու մշակույթի եզակի ուսումնասիրողներից էր, որը նշված թեմաներով տասնամյակների ընթացքում հրատարակել է գիտական, հրապարակախոսական բազմաթիվ հոդվածներ, ակնարկներ ու հուշագրություններ, մենագրություններ ու այլեւայլ արժեքավոր գործեր: Սերգեյ Վարդանյանը քանիցս եղել է ժամանակակից Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի եւ Բորչկայի  գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր: Ուսումնասիրություններ է կատարել նաեւ Ռիզեի եւ Էրզրումի նահանգների կրոնափոխ, թուրքախոս համշենցիների գյուղերում: 

1992 թվականից եղել է Հայաստանի «Համշեն» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի տեղակալը, 1991-1992 թթ. եղել է «Լույս Համշենի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալը, 2004-2018 թթ. հասարակական հիմունքներով եղել է «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի «Ձայն համշենական» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը: Հավելենք, որ ամսաթերթի 1000 օրինակ տպաքանակն անվճար բաժանվում էր հայրենիքում եւ սփյուռքում, հատկապես՝ Սեւ ծովի առափնյա հայաշատ շրջաններում (Աբխազիա, ՌԴ Կրասնոդարի երկրամաս եւ այլն):

Կրոնափոխ համշենահայության մասին նրա հետազոտությունները տպագրվել են հայրենի եւ արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի 3-րդ հատորում: Ընդարձակ առաջաբանում Սերգեյ Վարդանյանն անդրադարձել է ինչպես «Ձայն համշենական» խորագրով մատենաշարի նախորդ երկու գրքերի ստեղծման հանգանանքներին ու նյութերին, այնպես էլ Համամաշեն-Համշենի համառոտ պատմությանը, համշենահայության ժողովրդագրական տեղաշարժերին եւ Սեւ ծովի հյուսիսային ափերին հաստատվելու գործընթացին, այդ նոր վայրերում հիմնադրված դպրոցներին, եկեղեցիներին, թերթերին, հոգեւոր-մշակութային կյանքի ծաղկմանն ու 20-րդ դարի 2-րդ կեսին վերջինիս անկմանը, եւ այլն:

«Ձայն համշենական» թերթի առաջին համարում (N 1, օգոստոս, 2004) «Որպես հարգանքի տուրք» խորագրի տակ Սերգեյ Վարդանյանը ներկայացնում է «Ձայն համշենական» գրքաշարի ստեղծման պատմությունն ու մինչ այդ հրատարակված թվով 4 հատորների բովանդակությունը: Ըստ այդմ՝ 1966 թվականին Սոչիի ծովափնյա Լոո գյուղում ստեղծված «Ձայն համշենական» գրական խմբակի պարբերական հանդիպումների ու գործունեության արդյունքում՝ 1,5 տասնամյակ անց՝ 1971 թ., ծնունդ առավ «Ձայն համշենական» խորագրով ժողովածուների առաջին գիրքը (Երեւանում), որի կազմողը, խմբագիրն ու առաջաբանի հեղինակը մեծանուն գրող, այդ շրջանում նշված գրական խմբակի հրավերով Կրասնոդարի եւ Աբխազիայի հայաշատ վայրեր այցելած Սերո Խանզադյանն էր: Երեւանում 1979 թ. լույս տեսած երկրորդ գիրքը կազմել է «Ձայն համշենական» գրական խմբակի անդամ, համշենահայ ճանաչված մտավորական եւ մանկավարժ Անդրանիկ Զեյթունցյանը: Երրորդ գիրքը (Երեւան, 1989), ինչպես նշեցինք, կազմել, խմբագրել, ծանոթագրել է Սերգեյ Վարդանյանը: «Ձայն համշենական» մատենաշարի 4-րդ գիրքը կազմել եւ խմբագրել են Ս. Գալստյանն ու Լ. Կարապետյանը (Երեւան, 1999), 5-րդը՝ Ս. Գալստյանն ու Ս. Վարդանյանը (Երեւան, 2006):

2009 թվականին համշենագիտությունը հարստացավ Սերգեյ Վարդանյանի «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը եւ երգարվեստը (նյութեր եւ ուսումնասիրություններ)» վերտառությամբ ուսումնասիրությամբ: Գրքում հեղինակն անդրադարձել է համշենահայության, մասնավորապես նրա բռնի մահմեդականացված հատվածի պատմությանը: Աշխատության մեջ բացառիկ արժեք են ներկայացնում թե՛  Աջարիայից 1944 թ. Ղազախստան եւ Ղրղզստան աքսորված, ինչպես նաեւ ժամանակակից Թուրքիայի Արդվինի նահանգի Խոփայի ու Բորչկայի գավառների կրոնափոխ համշենահայերի բարբառի, բանահյուսության եւ երգարվեստի նմուշները, թե՛ Խոփայի խոսվածքի ընդարձակ բառարանը (Խոփայի խոսվածք – գրական հայերեն, գրական հայերեն – Խոփայի խոսվածք տարբերակներով):

Գիտնականի հերթական՝ «Окровавленные семена» (2015 թ.) խորագրով գրքում ներկայացված են Մեծ Հայրենականի տարիներին ՌԴ Կրասնոդարի երկրամասի եւ Աբխազիայի հայության մղած պայքարի նվիրյալները, որոնցից 13-ն արժանացել են Խորհրդային Միության  հերոսի կոչման: Գրքի ողջ տպաքանակն անվճար բաժանվել է Կրասնոդարի երկրամասում եւ Աբխազիայում:

7 տարի անց՝ 2022 թ., նվիրյալ գիտնականը հրապարակի հանեց իր նոր կապիտալ աշխատանքը՝ «Բանահյուսական պատումի միջավայրը (Կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները»), (Երեւան, 2022) վերտառությամբ:

Եզակի ուսումնասիրությունը կրոնափոխ համշենահայերից եւ 19-20-րդ դարերում տարբեր վայրերի քրիստոնյա հայերից գրառված, սյուժետային ընդհանրություններ ունեցող 37 անտիպ ու տպագիր երգիծապատումները համեմատելու եւ մեկտեղելու առաջին փորձն է: Ներկայացվել են նաեւ բոլոր զվարճապատումների բնագրերն ու թարգմանությունները:  Աշխատության մեջ, բացի շրջագայությունների ժամանակ հավաքված նյութերի մեկտեղումից ու հետազոտությունից, ուսումնասիրվել են նաեւ ստվարածավալ արխիվային նյութեր, դասական ու ժամանակակից գրքեր եւ ժողովածուներ, հայերեն պարբերականներ, ռուսերեն, սլովակերեն, ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, ադրբեջաներեն, թուրքերեն գրքեր եւ պարբերականներ, հունարեն հոդված, երեք խտասկավառակ եւ այլն:

Իր` Համշենի գյուղեր, հարավային Ռուսաստան, Աբխազիա, Միջին Ասիա եւ այլուր կատարած ճամփորդությունների ժամանակ Սերգեյ Վարդանյանը ոչ միայն հավաքում, փրկում եւ գիտական ուսումնասիրության էր ենթարկում համշենահայերի հոգեւոր ժառանգությունը, այլ նաեւ դարձել էր նրանց իսկական բարեկամն ու հարազատը, խնդիրների բարձրաձայնողն ու հազարավոր ընտանիքների սպասված հյուրը:

Կասկած չունենք, որ առաջիկայում հանրությանը կներկայացվի Սերգեյ Վարդանյանի գիտական պատկառելի ժառանգությունը ներկայացնող ուսումնասիրությունը, միգուցե՝ ուսումնասիրությունները:

Մեծանուն գիտնականը ողջ կյանքում ծառայեց իր պաշտելի հայրենիքին՝ Հայաստանին, իր սիրելի հայ ժողովրդին: Հայաստան, որը նրա պատկերացումներում մեծ էր ու չէր ավարտվում Արաքսի ափին, հայ ժողովուրդ՝ որի անբաժան մասն էր նաեւ ձուլման զոհ դարձած, յաթաղանի տակ ապրելով՝ Համշենի ժայռերից կառչած, ազատատենչ հայի աղաղակն այդ ծերպերում անթեղած, հետագայում Սեւ ծովի հյուսիսային ափեր, Միջին Ասիա ու այլուր ցրված  համշենահայությունը: 

Սերգեյ Վարդանյանի լուսավոր հետագիծը միշտ փայլելու է հայ ազգագրության անդաստաններում, նրա թողած գիտական, բանահավաքչական պատկառելի ժառանգությունը անփոխարինելի շտեմարան է դառնալու ուսումնասիրողների համար:

Մեծանուն գիտնականի հիշատակին նվիրված այս ակնարկն ուզում եմ ավարտել մի պատմությամբ: Ուսանող ժամանակ մի օր, երբ «Ձայն համշենական» ամսաթերթի հերթական համարն էի վերցնում Սերգեյ Վարդանյանից, ակամայից հարցրի՝ ինչի՞ համար է այսքան չարչարվում Համշենի պատմության ու համշենագիտության համար: Նա մի քանի վայրկյան լռեց ու ասաց. «Վահե, լսիր ուշադիր. եթե 100 տարի անց էլ ծնվի մեկը, որը կարդա այս ամենը, հասկանա եղելությունը, լծվի գործի ու իրագործի մեր երազանքը, ես ինձ իմ նպատակին հասած կհամարեմ, հասկացա՞ր»: Ես ամոթից գլուխ կախեցի, հրաժեշտ տվեցի ու արագ հեռացա:

Այո, Սերգեյ Վարդանյանի գործը դարերի համար է… 

ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պ.գ.թ., «Երկիր»-ի խմբագիր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արայիկ Հարությունյանը Լևոն Տեր -Պետրոսյանին անվանել է կաթողիկոսի ընտրությունների կեղծման կնքահայր

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական