Հայաստանը նրա համար Հայրենիք է, որովհետեւ երբեք օտար երկրում ծնված-ապրածի կենսագրությունը չի խանգարել նրան սեփական սրտի զարկով զգալ Հայրենիքի սրտի զարկը։
Թեքեյան մշակութային միության անդամ, ՀԲԸՄ վարչության անդամ, Բուենոս Այրեսի «Սարդարապատ» պարբերականի գլխավոր խմբագիր, արգենտինահայ Սյուզաննա Տեր-Կարապետյան-Նահապետյանն այս օրերին Հայաստանում է՝ մասնակցելու Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 92-րդ վեհաժողովին։ Վերջին անգամ 3 տարի առաջ է եղել Հայաստանում, թեեւ 2020-ին որդու հետ Հայաստան գալու ինքնաթիռի տոմսերն արդեն ձեռքին էին. համավարակն ամեն ինչ տակնուվրա արեց, խափանեց։
«Ազգ»ի հարցազրույցը Սյուզաննա Տեր-Կարապետյան-Նահապետյանի հետ ոչ միայն նրա հայաստանյան այցի առիթով է, այլեւ այն հայանպաստ մեծածավալ գործունեության, որ տասնամյակներ շարունակ արվել ու արվում է արգենտինահայ ու առհասարակ Սփյուռքի տարբեր գաղթօջախների, Թեքեյան միության համար։
-Տիկին Սյուզաննա, լսել ենք, որ Արգենտինայում Թեքեյան մշակութային միության շենքը վերանորոգել եք, այն պատրաստ է նոր նախագծերի, մարդկանց նոր շրջանակներ ընդունելու համար։ Հայաստանում դժվար թե իմանան շենքի պատմությունը։ Կներկայացնե՞ք։
-Ազգային բարերար Ալեք Մանուկյանը մի օր եկել է Արգենտինա, հանդիպել Նահապետ Նահապետյանին ու հարցրել՝ տղաս, դուք՝ ռամկավարներով, որտե՞ղ եք հավաքվում։ Սրճարանո՞ւմ։
Նահապետ Նահապետյանը, որ սկեսրայրս է, այդ պահից սկսած՝ պատվախնդրությամբ է լցվել ու, չնայած որ ինքը տուն, սեփականություն չուներ, 50 տարի առաջ Արգենտինայում Թեքեյան մշակութային միության, «Սարդարապատ» ամսաթերթի, Ռամկավար ազատական կուսակցության համար առաջին հողակտորն է գնել։ Գնել եւ նվիրել է ՌԱԿ-ին, թեքեյանականներին։
Բուենոս Այրեսի կենտրոնում, Պալերմո թաղամաս, Արմենիա 13/29 հասցեում՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի եւ ՀԲԸՄ դիմաց գտնվող հողակտորի վրայի հին տունը դարձավ Թեքեյան մշակութային միության, «Սարդարապատ» ամսաթերթի եւ ՌԱԿ-ի հանգրվանը։ Այն 1991-ին վերակառուցվեց, իսկ բոլորովին վերջերս իմ նախաձեռնությամբ վերանորոգվել է, ժամանակակից տեսք ու շունչ ստացել։
-Փաստորեն, շենքը երկար տարիներ ծառայել է թեքեյանականներին ու «Սարդարապատին» եւ արդեն նորոգման կարիք ուներ։
-Այո։ Վերջին 8-10 տարում, չնայած որ շենքը վերանորոգված չէր, բայց շատերին էր գրավում։ Այն պատկերասրահի, մշակութային հաստատության դեր էր կատարում, որի դռները միշտ բաց էին հայ արվեստագետների համար։ Համավարակի ընթացքում, սակայն, ստիպված էինք չաշխատել։ Մեր դռները փակվեցին, ինչի պատճառով շենքը վնասվեց, տանիքից ջուր էր հոսում։ Արվեստագետ Մանուել Ղերիդյանը Թեքեյան մշակութային միության պատին 6-7 մետրանոց որմնանկար էր արել՝ Վարդանանց թեմայով։ Բարեբախտաբար, նկարը չէր տուժել։ Որոշեցինք շենքը վերանորոգել, սրահները նոր տեսքի բերել, ժամանակակից ոճով դիզայներական լուծում տալ եւ անպայման վերելակ ունենալ։ Հիմա ԹՄՄ-ի Բուենոս Այրեսի շենքը կատարյալ լուծումներով, հարմարավետ ու գրավիչ շինություն է։
-Շենքն արդեն վերջնական տեսքի՞ է բերվել, թե նորոգման աշխատանքները շարունակվում են։
-Ներսի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Եթե մեզ հայերն են դիմում՝ ցուցահանդեսի, ֆիլմ ներկայացնելու, առհասարակ՝ արվեստ կամ արհեստ ցույց տալու համար, սրահները տրամադրում ենք անվճար, իսկ ոչ հայերին՝ վճարովի։ Քանի որ շենքը հարմարավետ է, գեղեցիկ, նորաոճ, շատերն են ուզում այդ տարածքում տարբեր գործունեություն ծավալել։ Օտարազգիներից գանձած գումարով կարողանում ենք շենքը պահել, մեր ծախսերը հոգալ։
-Տիկին Սյուզաննա, տեսնում եմ՝ զրուցում եք ու միաժամանակ անընդհատ առցանց հետեւում «Սարդարապատ»-ին, հոդվածներ եք տեղադրում ու տարածում։ Լիարժեք անցել եք վիրտուալ հարթակի, հե՞շտ եղավ անցումը տպագիր մամուլից՝ առցանցի։
-«Սարդարապատը» 1975 թվականից ՌԱԿ պարբերականներից մեկն է հանդիսանում։ Սկզբում հրատարակվում էր պորտուգալերեն, հայերեն եւ իսպաներեն։ Տպագրվում էր, հետո փոստով այն ցրում էինք աշխարհի տարբեր անկյուններ։ Փոստի ծախսը տպագրությունից ավելի թանկ էր նստում։ 3000 օրինակով էր լույս տեսնում։ 2008-ից սկսեցինք pdf ֆայլերով «Սարդարապատի» համարներն ուղարկել հայկական տարբեր գաղթօջախներ։ Իսկ թերթի թղթային տարբերակն անվճար տարածել հայկական տարբեր կրթօջախներում, եկեղեցիներում, ամենուր։ Եկավ համավարակի ժամանակաշրջանը, որն անգամ մարդկանց սովորույթներն ու ավանդույթները փոխեց։ Շատերը վախից խուսափում էին անգամ թերթին դիպչել։ Բայց մինչ համավարակը, մենք արդեն նկատել էինք, որ շաբաթաթերթի ձեւաչափը հնացել է։ 2020 թվականի հունվարից սկսեցինք աշխատել առցանց տարբերակով՝ շուտով գործի դնելով նաեւ հեռախոսային հավելվածը։ Տարատեսակ լուրեր են տեղադրվում, տարածվում՝ տարբեր լեզուներով, որը հիմնականում ես եմ անում։ Նյութերը տարբեր լրատվականներից եմ վերցնում, նաեւ՝ «Ազգ»ից։ Կրտսեր որդիս շատ հետաքրքրված է հայկական անցուդարձով, աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ որ հայերին առնչվող իրադարձություն է լինում, նա ինձ է ուղարկում, ես թարգմանում եմ, տեղադրում, տարածում Տելեգրամյան ալիքներով, Ինստագրամով, Թվիթերով, Ֆեյսբուքով։
-2020 թվականը համաշխարհային ճգնաժամի տարի էր։ Համավարակը խափանեց ամեն բան ու մարդկանց ստիպեց աշխատելու նոր ձեւաչափեր, նոր ելքեր գտնել։ Դուք ինչպե՞ս հաղթահարեցիք 2020-ը։
-Մինչ պատերազմը, «Սարդարապատը» ժամանակակից տեխնոլոգիաներով արդեն ադապտացվել, ինտեգրվել էր ընթերցողների շրջանակում։ «Սարդարապատի» թերթային տարբերակն այլեւս լույս չի տեսնում։ Համավարակի պատճառով Արգենտինայում հրատարակիչների մեծ մասը սնանկացավ, հնարավոր չէր թուղթ գտնել։ Հիմա էլ է Արգենտինայում թե՛ թուղթ ձեռք բերելը, թե՛ թղթի համար դոլարով վճարելը շատ դժվար է։
Լավ էր, որ 2020-ին մենք արդեն անցել էինք առցանց տարբերակի։ Հայաստանում պատերազմն սկսվեց, եթե «Սարդարապատը» շաբաթաթերթ լիներ, ինչպե՞ս էինք տալու արցախյան լուրերը, երբ իրադարձություններն ամեն րոպե փոխվում էին։ Առցանց տարբերակով դա լիովին հնարավոր էր, ու մեր աշխատանքը շատ արդյունավետ էր։ Սեպտեմբերի 7-ին արդեն սկսեցինք աշխատել նաեւ անդրոիդի համար հավելվածով, իսկ 20 օր հետո Արցախում սկսվեց պատերազմն, ու մենք հայաստանյան իրադարձությունները լուրի վերածելու, տեղադրելու, տարածելու հնրավարություն արդեն ունեինք։
Հայաստան, Սփյուռք, եկեղեցի, հայկական հաստատություններ, տեղական, միջազգային, սոցիալական լուրեր, տարեդարձներ։ Շատ կարեւոր է, որ այդ լուրերը լինեն թե՛ հայերեն, թե՛ անգլերեն։ Մեծ ուշադրություն ենք դարձնում աշխարհահռչակ հայերի մասին տեղեկություններին։ Մենք օգտագործում ենք նոր տեխնոլոգիաներն ու ներկայացնում համակողմանի լրատվություն։ Նախկինում ներկայացնում էինք միայն Հարավային Ամերիկան ու Հայաստանը, իսկ հիմա՝ ամբողջ աշխարհը։
-Խոսենք այն ներկայանալի, կարեւոր աշխատանքի մասին, որ վերջերս եք ավարտին հասցրել։ Ձեր կրտսեր որդին, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ ազգանվեր գործ է արել՝ հավաքելով, կազմելով Հայաստանի, հայ մտքի հավաքական, խտացված ամբողջություն այս գիրքը։ Ո՞րն էր այս նախաձեռնության շարժառիթը։
-Կրտսեր որդիս՝ Ալեքս Նահապետյանը, շատ է լինում տարբեր միջավայրերում, նոր մարդկանց հետ է ծանոթանում, նա հմուտ կազմակերպիչ է եւ զբաղվում է նաեւ տարբեր ծրագրերում ներդրումներ անելով։ Մի անգամ որդուս գործընկրներից մեկը, որ դարձյալ ներդրումներով է զբաղվում, ասաց, որ Անդորրայի, Կատալոնիայի մասին գրքեր է հրատարակել։ Ալեքսն էլ առաջարկեց այդպիսի մի ժողովածու հրատարակել Հայաստանի մասին։ Համաձայնության եկան։
Գրքի երկարությունը 70 սմ է, լայնությունը՝ 50, հաստությունը՝ 20։ Քրիստոսից առաջ 188 թվականից սկսած՝ հայ ժողովուրդն ինչ ճանապարհ է անցել, ինչ դժվարություններ է տեսել, ինչպիսի մշակույթ, ազգային հոգեւոր արժեքներ է ստեղծել, պատմական ինչ ճանապարհ է անցել, ինչպես է պայքարել, դեգերել, ինչպես է պահպանել ազգային ինքնությունը, քրիստոնեական հավատը, լեզուն, մշակույթը, այս ամենը 41 հիմնական փաստաթղթերով ներկայացված է «Հավերժական Հայաստան» ժողովածուում։ Գիրքը տպագրվել է 991 օրինակով։ Ուսումնասիրվել են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի ու այլ երկրների ավելի քան 20 արխիվները, մանրամասնորեն հետազոտվել են Հայաստանին ու հայ ժողովրդին առնչվող փաստաթղթեր, որոնց ընտրությունն ու մեկնաբանությունը վստահվել են հայոց պատմության երկու մասնագետի։ Նրանցից մեկը հին ու միջին դարերի մասնագետ, Սորբոնի համալսարանից Ջուսթո Թրաինան է, մյուսը՝ Ալդո Ֆերարին՝ հայ ժամանակակից պատմության մասնագետ՝ Վենետիկի համալսարանից։ Նրանց օգնել են եւս երկու դոկտոր-պատմաբան՝ Իտալիայից։ Նրանցից Պաոլո Լուկան 2019 թվականին եկել է Երեւան՝ մի քանի փաստաթղթերի հետ կապված որոշ հարցերով դիմել Մատենադարանին։
Ժողովածուի մի մասը ներկայացնում է հայ ժողովրդի քաղաքական զարգացման պատմությունը՝ սկսած Մեծ Հայքի անկախ թագավորության հիմնադրումից՝ Ք.ա. 188 թ., մինչեւ 1400 թվական՝ Լենկթեմուրի ներխուժումը՝ Կովկաս։ Փաստաթղթերի կեսը գրաբարով է, մյուս մասը՝ հին հունարեն, լատիներեն, միջնադարյան ֆրանսերեն։ 21 փաստաթուղթ, որ քարտեզներ են, գրքեր, գրված են գրաբար, ժամանակակից հայերեն, նաեւ՝ ռուսերեն, ֆրանսերեն, օսմաներեն։ Դրանք թվագրված են 16-րդ դարից մինչեւ մեր ժամանակներ։
Բոլոր 41 փաստաթղթերը՝ բնօրինակի չափսերով, տեսքով ու գործածված նյութի բացարձակ նմանությամբ են պատրաստվել ու հավաքվել գրքում։ Եթե բնօրինակը մետաքս է, ուրեմն պատրաստվել է ճիշտ նույն փաստաթուղթը՝ մետաքսից, մագաղաթ է՝ մագաղաթից։ Աղոթագրքի էջը քայքայվել-ծակվել է, ուրեմն կրկնօրինակը պատրաստվել է նույնությամբ։
Ինչպես ասացի, փաստաթղթերի մի մասը հայերեն է, մյուսը՝ օտար լեզուներով, սակայն բոլորն առնչվում են հայոց պատմությանը, անցյալին, մշակույթին, այլ ժողովուրդների հետ հարաբերություններին։ Առաջին «Ավետարան», Վենետիկում տպագրված առաջին բառարան, Հայոց պատմության աշխատություն, մի խոսքով՝ Ք.ա. 188 թվականից ի վեր՝ այն ամենն, ինչ գրվել է հայության մասին, գրքում կա։ 5 տարի է պահանջվել, մինչեւ այս ամենը հավաքվի, ամբողջացվի, պատրաստվեն բնօրինակների նմանությամբ փաստաթղթեր, բացի այդ, գրքում զետեղված են նաեւ փաստաթղթերի ծանոթագրությունները։
Որոշել ենք գիրքը հրատարակել 6 լեզվով՝ հայերեն, իսպաներեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն եւ ֆրանսերեն։
Այս պահին պատրաստ են «Հավերժական Հայաստանի» իսպաներեն եւ անգլերեն թարգմանությունները՝ նույն ժողովածուում։ «Հավերժական Հայաստանը» ինձ հետ տանելու եմ հոկտեմբերի 19-23-ը Ֆրանկֆուրտում կայանալիք գրքի միջազգային տոնավաճառին։
-Հաջող ընթացք «Հավերժական Հայաստանին»։ Տիկին Սյուզաննա, վերջին անգամ Հայաստանում 3 տարի առաջ եք եղել։ 3 տարի հետո ինչպիսի՞ն գտաք Հայաստանը։
-Գիտեի, որ դժվար է լիենլու, բայց մեջս քաջություն գտա ու եկա՝ նախապես մտածելով՝ ինչպիսին էլ տեսնեմ Հայաստանը, պետք է ամուր լինեմ ու դիմանամ։ Ես ուզում էի մոտիկից տեսնել հայ ժողովրդին ու Հայրենիքը, որովհետեւ որքան էլ հեռվից հետաքրքրվես Հայաստանով, սեփական աչքով տեսածդ բոլորովին այլ է, զգացածդ այլ է։
Սփյուռքը շատ մտահոգ է Հայաստանի ու հայ ժողովրդի համար, որովհետեւ Սփյուռքը ձեւավորվել է Հայրենիք կորցրած ու արտագաղթած հայերից։ Ինքնության հարցն է օդում կախված։ Դուք Հայաստանում եք ծնվել, ուրեմն դուք հայ եք։ Ես Արգենտինայում եմ ծնվել, բայց արգենտինացի չեմ, ինձ արգենտինացի չեմ զգում։ Ես հայ եմ, մկրտված եմ՝ որպես հայ, հայի դրոշմ ունեմ վրաս։ Եթե մենք՝ Սփյուռքում ապրողներս, Հայաստան չունենանք, ո՞վ ենք մենք այդ դեպքում։ Սփյուռքում հայ եկեղեցին ի՞նչ է, եթե Հայաստան չլինի։ Ինչի՞ համար ենք պահպանում հայոց լեզուն, եթե Հայաստան չլինի։ Որդիս ահռելի աշխատանք է արել, միլիոններ է ներդրել, 991 օրինակով «Հավերժական Հայաստան» տպագրելը ի՞նչ արժեք ունի, ինչի՞ համար է, եթե մենք Հայաստան չունենանք։
Այս անգամ շատ եմ քայլել Երեւանով։ Ես հայոց պատմության գիրք եմ ներկայացնելու գրքի համաշխարհային տոնավաճառին։ Գիտե՞ս քանի անգամ ենք ապրել այսպիսի դաժան ժամանակներ, ու այդ գրքում մեր ապրած ծանր ժամանակները կան։ Քանի՜ հազարամյակ ենք այս նույնը տեսել. մեր երկիրը միշտ կռվախնձոր է եղել ուրիշների համար։
-Տագնապներով եք եկել Հայաստան ու տագնապներով եք նաեւ հիմա՞։
-Հայաստանը, Երեւանը լեցուն է զբոսաշրջիկներով։ Սրճարանները, հյուրանոցները, ռեստորանները մարդաշատ են ու բազմազգ։ Բայց խորքում ուրիշ բան է կատարվում։ Այն, ինչ տեսնում ենք փողոցներում, խանութներում, սրճարաններում, միայն մակերեսն է, խաբուսիկ։ Ամենուր մարդաշատ է, աշխույժ է, լեփ-լեցուն է մարդկանցով, բայց… ձայն չկա, լռություն է։ Մարած երկիր տեսա։ Փողոցները լուռ են, այս աղմուկի մեջ ձայն չկա, խինդ ու ծիծաղ չկա։ Առաջ, երբ գալիս է Հայաստան, տեսնում էի աղջիկ-տղա նստած՝ ծիծաղում են, զրուցում, այս անգամ տարբեր է։
Բայց գիտեմ՝ սա էլ կապրենք, կհաղթահարենք՝ Հավերժական Հայաստա՛նը՝ վկա։
«Հավերժական Հայաստան» գրքի պատրաստմանն Ալեքս Նահապետյանին մեծապես օգնել է Միգել Հուգեդը։ Գրքի փաստաթղթերն ուսումնասիրողներից մեկն էլ պատմաբան Ինմակոլատա Էրամոն է։
ՆԱԻՐ ՅԱՆ