2022 թվականի հունիսի 29-ին Մադրիդում գումարված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ազդարարվեց այդ ռազմականացված կառույցի աշխարհընկալման մեջ նշանակալի փոփոխությունների հեռանկարի մասին: Ատլանտյան օվկիանոսի երկու ափերն իրար միացնող այս կառույցը, փոխելով իր ռազմավարությունը, հանդես եկավ Եվրոպայում եւ դրանից անդին սպասվող վերահաս «հեղաշրջման» մասին հայտարարությամբ:
Ուկրաինական ճգնաժամին նվիրված գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանը հռչակվեց որպես թշնամի երկիր, իսկ Չինաստանը՝ պոտենցիալ թշնամի, եւ դրանից բխող վտանգների չեզոքացմանն ուղղված ռազմավարության մշակումը՝ խիստ անհրաժեշտ: Այդ օրը Թուրքիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի միջեւ եռակողմ հայտարարագրի ստորագրման փաստը գնահատվեց որպես ՆԱՏՕ-ի պատմության կարեւոր էջերից մեկը:
Նույն օրը՝ հունիսի 29-ին, Աշխաբադում անցկացված Մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթաժողովը չի կարելի ՆԱՏՕ-ի նոր քաղաքականությանն ուղղված ՌԴ նախագահ Պուտինի համարժեք քայլ համարել, որքան էլ որ 2007 թվականին կազմակերպության անդամ պետությունների ստորագրած փաստաթղթում նշված է, որ կողմերը պայմանավորվել են «ոչ մի պարագայում թույլ չտալ օգտագործել իրենց տարածքը կողմերից յուրաքանչյուրի դեմ այլ պետությունների ագրեսիայի կամ ռազմական այլ գործողությունների համար»:
Աշխաբադյան գագաթաժողովի շրջանակներում ՌԴ եւ ԻԻՀ նախագահներ Պուտինն ու Ռայիսին ընդամենը վերահաստատել են 20-ամյա համագործակցության փաստաթղթի ստորագրման անհրաժեշտությունը, որը 2022 թ. հունվարի 19-ի մոսկովյան այցելության ժամանակ ԻԻՀ նախագահ Ռայիսին պետք է ստորագրեր Ռուսաստանի նախագահի հետ, սակայն անհայտ պատճառներով դրա ստորագրումը հետաձգվել է:
Եվ ահա, Պուտինի խոսնակն օրերս հայտարարեց Ռուսաստանի նախագահի Թեհրան այցելության ժամկետների եւ այցի ծրագրի մասին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ Իրան-Թուրքիա-Ռուսաստան նախագահների եռակողմ հանդիպում:
Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Թեհրան այցելության եւ եռակողմ հանդիպման ժամանակ չի քննարկվելու ուկրաինական թեման, եւ բանակցությունների առանցքը կազմելու է Սիրիային վերաբերող հարցը: Իսկ Իրանի մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Փուր-Էբրահիմիին հայտնի է, որ Պուտինի այցի ժամանակ, բնականաբար երկկողմ ձեւաչափով, քննարկումների գլխավոր թեման առնչվելու է տնտեսական համագործակցությանը: Փուր-Էբրահիմին համոզված է, որ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ստիպում են Մոսկվային տնտեսական հարցերում ավելի մոտենալ Թեհրանին:
Պուտինի այցը Թեհրան եւ Իրան-Ռուսաստան հարաբերությունների ակտիվացման այս հանգրվանը նաեւ համընկնում է ԱՄՆ նախագահ Բայդենի մերձավորարեւելյան այցելությանը, որի նշանակությունը, հաշվի առնելով ԱՄՆ-ի կողմից ձեւավորվելիք նոր հակաիրանական կոալիցիայի հեռանկարը, նույնպես չի կարելի անտեսել:
Պուտինի Թեհրան այցելության ժամկետների հրապարակումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը խստորեն քննադատել է Իրանին՝ ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության համար՝ նշելով, որ ԱՄՆ տիրապետած տեղեկատվության համաձայն՝ Իրանը պատրաստվում է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների համար Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարել, որի նախապատրաստական աշխատանքները, ըստ Սալիվանի, մեկնարկել են:
Հատկանշական է, որ ուկրաինական ճգնաժամի բռնկումից հետո Պուտինն ընդամենը մեկ անգամ, այն էլ Թուրքմենստանում անցկացված Մերձկասպյան երկրների վեցերորդ գագաթնաժողովին մասնակցելու եւ հընթացս՝ Տաջիկստան այցելելու նպատակով է Ռուսաստանից բացակայել:
Ռուսաստանի նախագահի օտարերկրյա այցելությունների հաջորդ նշանակետն Իրանն է, որը կարեւոր է թե՛ ուկրաինական ճգնաժամի պատճառով տնտեսական շրջափակման մեջ հայտնված Ռուսաստանի, եւ թե՛ տնտեսական պատժամիջոցների ծանր բեռը թոթափելու նպատակով, որպես ճարահատ քայլ, հայացքը դեպի Արեւելք ուղղած Իրանի համար:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ