Հայրենի իշխանությունն առիթը բաց չի թողնում՝ Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի նկատմամբ նեղացկոտությունն ի ցույց դնելու համար: Որոշ դեպքերում կամ գուցե, մեծամասամբ, դժգոհությունը տեղին է, բայց, կարծում եմ, անտեղի է նաեւ պաշտոնյաների՝ երեխայի պես նեղանալու եւ անկյուն քաշվելու բնավորությունը: Դիվանագիտությունը ոչ թե նեղանալ, այլ սեփական երկրի շահն առաջ մղելն է:
Դրա համար է ներդրված նաեւ դեսպանների ու հյուպատոսների ինստիտուտը, բայց Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական այս փուլում տարբեր երկրներում մեր դեսպանների ձայն-ծպտունը հիմնականում դուրս չի գալիս: Ի՞նչ են անում նրանք, ո՞ւմ հետ են բանակցում, արտերկրում ի՞նչ հնդիպումներ են ունենում, ի՞նչ խողովակների միջոցով են փորձում Հայաստանի շահը ազդեցիկ դեմքերին հասցնել, եւ, առհասարակ, ինչ-որ բան անել փորձո՞ւմ են, թե՞ պարզապես վայելում են դիվանագետի տիտղոսն ու դրանից բխող արտոնությունները:
«Ազգ»-ի տեղեկություններով, Ռուսաստանում Հայաստանի դեսպանն, օրինակ, որին Փաշինյանի իշխանությունը վերադարձրեց զինվորական ուսադիրներն ու պատերազմից հետո պաշտպանության նախարար կարգեց, շփումներից խուսափում է: «Որեւէ հանդիպման գրեթե չի գնում, իր մոտ ընդունելություններ չի կազմակերպում: Ամբողջ օրը փակված է իր սենյակում: Թե ի՞նչ է անում ի շահ Հայաստանի Հանրապետության, որեւէ մեկին հայտնի չէ, – ասաց «Ազգ»-ի՝ արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրն ու հռետորական հարց ուղղեց,- Այսքան ժամանակ լսել կամ կարդացե՞լ եք, որ Վաղարշակ Հարությունյանը որեւէ մեկի հանդիպել է ու ինչ-որ բան ասել կամ քննարկել»:
Նույն հարցն օրեր առաջ վերահասցեագրեցինք Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին: Ի պատասխան՝ մեր երբեմնի գործընկերը նշեց, որ Հայաստանի բոլոր դիվանագիտական ներկայացուցիչները ներկայացնում են ՀՀ շահերն ու դիրքորոշումները հավատարմագրված երկրներում, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանում:
«ՌԴ-ում ՀՀ դեսպանի գործունեությունն ինչո՞ւ որեւէ տեղ չի երեւում»,- հակադարձեցինք: Ի զարմանս մեզ՝ ՔՊ-ականն այսկերպ արձագանքեց. «Իսկ ինչպե՞ս պետք է երեւա, անպայման Facebook-ում «ստատո՞ւս» պետք է գրի»:
Իհարկե, արդեն զարմանալի էլ չէ, որ խորհրդարանական պաշտոնյան տեղյակ չէ, թե ինչպես պետք է երեւա կամ դրսեւորվի դեսպանի աշխատանքի արդյունքը: Թերեւս մեր նախկին գործընկերոջը հորդորենք դույզն-ինչ ուսումնասիրել՝ դեսպաններից ով ինչով է զբաղված դրսում: Հիշեցնենք նաեւ, որ իրենց՝ ֆեյսբուքասեր իշխանությունը «ստատուսներ» գրելուց բնա՜վ չի կաշկանդվում, հետեւաբար՝ եթե գրելու կամ հրապարակելու թեկուզ աննշան բան ունենային, դա կանեին՝ մեծ ջանասիրությամբ եւ իրար հերթ չտալով:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ