Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը թեեւ 2003-2005 թթ ծառայել է հայկական բանակում, բայց այժմ կրակելու դասընթացների է մասնակցում: Facebook-ի պաշտոնական էջում տեղադրված հրապարակումից ու կցված լուսանակարներից ենաթադրել կարելի է, որ ԱԺ փոխխոսնակը ծառայության ժամանակ կա՛մ կրակել չի սովորել ու այդ բացը հիմա է փորձում լրացնել, կա՛մ իսկապես ոգեւորվել է պաշտպանության նախարարության հայտարարած դասընթացից ու ամառային ակնոցն աչքերին հագած՝ որոշել է հետ չմնալ «թրենդից»:
«ԱԺ պատգամավորների եւ աշխատակիցների հետ մասնակցեցինք հրաձգության դասընթացին»,- Facebook-ի իր էջում գրել է Արշակյանն ու դրական արձագանքել օգտատերերից մեկի մեկնաբանություն-դիտարկմանը, թե պաշտոնյաներն ու պատգամավորները նույնպես պետք է մասնակցեն պահեստազորայինների պարբերական վարժանքներին:
«Կիսում եմ Ձեր կարծիքը եւ հանդես եմ եկել նման առաջարկով: Առաջիկայում առիթ կլինի քննարկել եւ համապատասխան իրավական լուծումներ գտնել»,- հավաստիացրել է Արշակյանը:
«Ազգ»-ը հետեւողականորեն կլինի, թե պարոն փոխխոսնակն ինչքանով է հետամուտ լինելու իր ասածին, ավելին՝ սիրով կլուսաբանենք պատգամավորների՝ վարժանքների մեկնելը: Մինչեւ այդ սակայն արձանագրենք, որ քանի դեռ հակառակորդը համալրում է իր զինանոցը, Հայաստանի սուվերեն տարածքներում սահմանի կահավորման աշխատանքներ է տանում ու առանց հեռահար զենքերի անգամ կարողանում է դիտարկել ու թիրախավորել ՀՀ ավտոճանապարհները, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը, նոր-նոր քնից արթնացածի նման, քաղաքացիներին կրակել է սովորեցնում:
Թե՛ Հակոբ Արշակյանին, թե՛ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին անմեղ ու անկեղծ հարց ենք ուղղում՝ կրակել իմացող ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացին «բայրաքթարների» ու ամենատարբեր ԱԹՍ-ների տարափի ներքո ինչպե՞ս է կիրառելու հրաձգային հմտությունները, կամ ինչպե՞ս են պատկերացնում անօդաչուների դեմ ինքնաձիգով դուրս գալը: Այս ամբողջ պատմության մեջ ամենաողբերգականն այն է, որ ոլորտի պատասխանատուներն իրենք էլ գիտեն, որ ԱԹՍ-ների դիմաց ինքնաձիգով դուրս գալը պարզապես անմտություն է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ