Կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքի նախագծին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել։
Սեպտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այդ փաստաթղթի իրականացումը երաշխավորելու է Հայաստանի ապագան։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով փաստաթուղը ձախողվելու է, որովհետեւ այն վերջում մնալու է կառավարության վրա։ Ուսուցիչները, ոլորտի մասնագետները, հասարակական սեկտորը չեն աջակցելու դրա իրագործմանը։ Պատճառն այն է, որ մինչ փաստաթղթի պատրաստ լինելը, պետությունը պետք է հիմնական թեզերի շուրջ տարբեր խմբերի՝ հկ-ների, միջազգային կառույցների, ուսուցիչների, ծնողների, ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկումներ կազմակերպեր, ինչը չի արել։
«Փաստաթղթում ներկայացված է հետեւանքը, իսկ թե ինչպես, ինչ պատճառներով ենք մենք հասել այդ հետեւանքին, գնահատական չի տրվել։ Հիմա առաջարկվում է գործողությունների ծրագիր, որը կհանգեցնի արմատական փոփոխությունների, բայց հարց է առաջանում՝ արդյո՞ք դա է լուծումը։ Սա կմնա որպես մի փաստաթուղթ, որտեղ մարդիկ խոստովանեցին եղած խնդիրները, բայց լուծման ելքեր չկարողացան գտնել»,- կրթական պետական ռազմավարական ծրագիրը գնահատում է «Բաց հասարակաւոթյան հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը։
Գաղտնիք չէ, որ մենք բոլոր ոլորտներում ունենք մարդկային ռեսուրսի խնդիր, այդ թվում՝ կրթության ոլորտում, ու հենց կրթության ոլորտի զգալի բացթողումներն են պատճառը, որ այսօր մարդկային ռեսուրսի խնդիր ունենք։
Ոլորտի մասնագետների կարծիքով պետական փաստաթուղթը հռչակագրի բնույթ է կրում, ունե՞նք ուսուցիչներ կամ դասախոսներ, որոնք կրթության զարգացման պետական ծրագիրը մոտ ժամանակներում կարող են իրականացնել։ Ո՞ւմ վրա է հույսը դրել կառավարությունը, եթե եղած ռեսուրսները բավարար չեն կրթական բարեփոխումներ իրականացնելու համար։ Ու դեռ հարց է՝ այն, ինչ գրված է թղթին, իրականում բարեփոխո՞ւմ է, թե հերթական ձախողման նախապատրասատական փուլը։
«Մենք արձանագրել ենք, որ ունենք ոչ նպատակային, անարդյունավետ կրթական գործող համակարգ։ Ինչքան ուզում ես ֆինանսական միջոցներն ավելացրու, դու ավելացնում ես անարդյունավետ գործող համակարգի ֆինանսավորումը։ Արձանագրված է՝ 10 տարեկան երեխաների 35 տոկոսը կարդալու եւ իր կարդացածը հասկանալու խնդիր ունի։ Ինչո՞ւ է այդպես։ Մինչեւ այդ «ինչու»-ի պատասխանը չունենանք, չկարողանանք սահմանել ոլորտի առաջնարհերթությունները եւ չսկսենք ֆինանսավորել այդ առաջնահերթությունների լուծման համար, արդյունքի չենք հասնի։ Այդ առաջնահերթություններն այս փաստաթղթում չկան։ Դրանք թողած՝ այլ ուղղությունների ուշադրություն դարձնելը կհանգեցնի ֆինանսական միջոցներ վատնելուն»,-նկատում է պետական ֆինանսավորման, կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։
Բուհերում այս տարի 60 տոկոս թափուր տեղեր մնացին։ Փաշինյանը հայտարարեց, որ բուհերի խոշորացման ծրագիր ունեն։ Արդյունքում ունենալու ենք 8 պետական բուհ։
Բուհերն Արագածոտնի մարզ՝ Աշտարակ տեղափոխելու հայտարարությունն էլ առանձին ցնցում առաջացրեց։ Փաշինյանի խոսքից պարզ դարձավ, որ սա որոշված է արդեն, եթե դիմադրություն լինի, ապա այդ դիմադրությունը պետք է հաղթահարվի, այսինքն՝ ճնշվի։
Կառավարության 2021-26 թթ ծրագրում, որն ԱԺ-ը հաստատել է, ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը կար։ Նախկինում չգիտեինք, որ ակադեմիական քաղաքն Աշտարակն է, հիմա իմացանք։
Երեւանում բուհերը, այսպես թե այնպես, ցաքուցրիվ չեն, այլ տեղակայված են կենտրոնում՝ Երիտասարդական մետրոյի հարակից տարածքում։ Այսինքն՝ դեռ խորհրդային տարիներին են Հայաստանի իշխանությունները կրթության ռազամավարական ծրագրում բուհական ավան կամ ակադեմիական քաղաք ստեղծելու նպատակ ունեցել եւ այն իրականացրել հաջողությամբ։ Տասնամյակներ շարունակ մայրաքաղաքի այդ հատվածն ընկալվել է որպես ուսանողական տարածք, որտեղ ուսումնական ամբողջ տարվա ընթացքում ակտիվ եռուզեռ կա։
Խորհրդային իշխանությունները միտումնավոր են բուհերը տեղակայել Երեւանի կենտրոնում՝ մետրոյի կայարաններն իրար կապող բանուկ հատվածում՝ այդպիսով ապահովելով ուսանողների ու դասախոսների արագ ու առանց խոչընդոտի տեղաշարժը։ Հայտնի է, որ Երեւանի տարբեր հատվածներից, նաեւ մոտակա մարզերից եկող տրանսպորտային միջոցների մեծ մասը քաղաքի կենտրոնով է անցնում։ Եվ դա էլ մտածված է արվել՝ քաղաքային կրթական միջավայր ստեղծելու եւ այն երիտասարդ ուժերով մշտապես զարգացնելու համար։
Մի պահ պատկերացնենք, որ բուհերը Երեւանի կենտրոնում չէին, այլ Նորքի 9-րդ զանգվածում, Նորք-Մարաշում կամ Մասիս քաղաքում։ Ուսանողներն ու դասախոսներն ինչպե՞ս էին հասնելու նշված վայրեր։ Այդ դեպքում ծայրամասը կդառնար քաղաքի կենտրոն, որովհետեւ բուհը ենթադրում է ակտիվ շարժ, սերնդափոխություն, մշտական զարգացում, ժողովրդագրական աճ, հանրության երիտասարդացում։
Ժողովուրդների կյանքում նաեւ խիստ ծանր ժամանակներ են լինում, օրինակ՝ մեզ համար 1990-ականները։ Եթե բուհերը այդ տարիներին չլինեին Երեւանի կենտրոնում, պետությունը ստիպված կլիներ դրանք փակել կամ ուսումնական հաստատությունները կգործեին մասամբ, որովհետեւ թեկուզ միայն տեղաշարժվելու խնդիրն այդ տարիներին անլուծելի էր։ Երեւանի տարբեր հատվածներից կենտրոն հասնելն ավելի հեշտ է, քան Երեւանի տարբեր հատվածներից հասնել ծայրամասային մեկ կետի։ Այսինքն՝ պետական որեւէ ռազմավարություն մշակելիս հարկ է ունենալ պետական մտածողություն, բոլոր ռիսկերը հաշվի առնել ու խնդիրները դիտարկել ոչ միայն այսօրվա, այլեւ ապագայի դիտանկյունից, հեռահար նպատակադրումներով։
«Բուհերն Աշտարակ տեղափոխելով՝ ստեղծվելու են բազմաթիվ անհարմարություններ, լրացուցիչ ծախսերի կարիք է լինելու, պետք է ստեղծել հանրակացարանային մեծ ֆոնդ, գուցե պետք լինի դասախոսներին ապահովել բնակարաններով։
Եթե ապացուց լիներ, որ բուհերը Երեւանի կենտրոնից մարզ տանելը դրական է ազդում կրթության որակի վրա, ես մեծ սիրով կհամաձայնեի։ Բայց այդպիսի ապացույց չկա։ Ի՞նչ տարբերություն, դասախոսը քաղաքի կենտրոնո՞ւմ է դասավանդում, թե մարզում, նույն մասնագետն է՝ նույն գիտելիքներով։
Բուհերը Աշտարակ տեղափոխելուց ավելի կարեւոր է բարձրացնել կրթության, դասավանդող մասնագետների որակը, կրթական համակարգի կառավարման, բուհական կառավարիչների մակարդակը։ Ես ինքս դասախոս եմ, ու չեմ կարծում, որ եթե ինձ Երեւանից տանեն Աշտարակ, ավելի լավ կաշխատեմ։ Հակառակը՝ գուցե վատ աշխատեմ, որովհետեւ ամեն օր պետք է բավականին ժամանակ ծախսեմ Աշտարակ հասնելու համար»,-բուհերը Երեւանից Աշտարակ տեղափոխելու՝ Կառավարության ծրագրի վերաբերյալ ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։
Բուհերում դիմորդների թիվը 60 տոկոսով կրճատվել է։ Պատճառն անորակ կրթությունն է, կրթության սխալ, անհեռանկարային կազմակերպումը, ու սա անհերքելի փաստ է։ Եթե բուհերը տեղափոխվեն Աշտարակ, արձանագրված 60 տոկոսը կհասնի 70-80-ի, որովհետեւ եղած խնդիրներին կավելանան նաեւ աշխարհագրական, տեղաշարժման դժվարությունները։ Ի վերջո, պարզ է, որ, օրինակ՝ Իջեւանի, Գավառի համալսարաններ դիմում են մեծ մասամբ տեղաբնակները՝ իրենց բնակավայրին մոտ լինելու համար։ Ոչ ոք Երեւանից, Արմավիրից կամ Վայոց ձորից չի գնում Իջեւան կամ Գավառ՝ այնտեղ սովորելու։
Բուհերում դասախոսական կազմի ծերացում է արձանագրվել, որը կրթական ռազմավարական պետական ծրագրում եւս նշված է։ Կրթական ծրագրերում հետազոտական եւ կրթական բաղադրիչները համահունչ չեն, ասպիրատների տպագիր աշխատանքերը միջազգային վարկանիշային պարբերականներում ցածր տոկոս են կազմում, գիտական կոչումները վերանայման կարիք ունեն. այս խնդիրները եւս արձանագրված են ռազմավարական ծրագրում։
«Հարց է առաջանում՝ եթե ծախսենք 1 միլիարդ դոլար եւ Աշտարակում կառուցենք աշխարհի ամենալավ ակադեմիական քաղաքը, այս խնդիրները լուծվելո՞ւ են։ Չեն լուծվելու։ Նոր շենքը չի կարող ապահովել բարձրագույն կրթության բարեփոխումներ։ Բարեխիղճ դասախոսները կշարունակեն աշխատել բարեխղճորեն, անբարեխիղճները՝ անբարեխղճորեն՝ Երեւանում լինեն, թե Աշտարակում։
Բարձրագուն կրթության մասին օրենքը 3-4 տարի է, չենք կարողանում ընդունել, որով ենթադրվում էր, որ պետք է ազատականացվի համակարգը։ Եթե մարդու գիտական աշխատանքը հարցականի տակ է դրվում, եթե հանրայնորեն քննարկվում է նրա գրագող լինելու հարցը, ու այդ նույն մարդը, ի վերջո, պաշտոնի է նշանակվում, այս խնդիրները լուծելու հետ բուհական նոր քաղաքի կառուցումն ի՞նչ կապ ունի»,- ոչ հռետորական հարց է ուղղում Դավիթ Ամիրյանը։
Ինչո՞ւ նախկինում բուհերում չկային 60 տոկոս թափուր տեղեր, որովհետեւ դպրոցի գնահատականներով դիմորդն ընդունվում էր բուհ, դառնում ուսանող ու վճար տալիս։ Նրան վճարի համար էին ընդունում բուհ, իսկ հիմա առնվազն երկու քննություն է պահանջվում բուհ ընդունվելու համար։ Իսկ քննության համար հարկավոր է կրկնուսույցների մոտ պարապել։ Երկու առարկայի տարեկան գումարն անցնում է մեկ միլիոն դրամը։ Շատ ծնողներ ի վիճակի չեն կրկնուսույցներին վճարել մեկ միլիոն, հետո՝ բուհին՝ մի քանի միլիոն ուսման վճար։ Արդյունքում՝ 60 տոկոս թափուր տեղ, դպրոցներում՝ ուսուցիչների պակաս։ Եվ չմոռանանք, որ Հայաստանի ղեկավարն անձամբ է մեծ ուրախությամբ հայտնել, որ ուսուցիչները դպրոցը թողնում են ու նախընտրում պարեկ դառնալ։ Դե որովհետեւ պարեկ լինելու համար, ինչպես հայտարարել է Հայաստանի ղեկավարը, կրթություն պետք չէ, իսկ պարեկի աշխատավարձը 4-5 անգամ գերազանցում է ուսուցչի աշխատավարձին։ Ու իշխանությունների՝ կրթության նկատմամբ այսպիսի հոգեբանությամբ ու մտածողությամբ սեղանին է դրվել կրթության՝ մինչեւ 2030 թվականի պետական ռազմավարական ծրագիրը։
Բուհերն Աշտարակ տեղափոխելու փոխարեն Երեւանում եղած բուհական շենքերին է պետք ուշադրություն դարձնել։ Դրանք պատմամշակութային արժեք ներկայացնող շինություններ են։ Թե՞ դրանք արդեն աչքադրվել են։
Բուհերի շենքերը կան, դրանք ուղղակի պետք է համապատասխանեցնել ժամանակակից կրթական չափանիշներին, բարձրացնել դասախոսների, ուսուցիչների աշխատավարձերը, բուհում սովորելը հեռանկարային, գրավիչ դարձնել, մանկավարժական կրթությունը խրախուսել։ Կանե՞ն այսպիսի բարեփոխումներ Հայաստանի իշխանությունները։ Երազաքներ են՝ ֆանտազիայի շարքից։
Խորքային խնդիրներն ու դրանց առաջացման պատճառները քննարկելու, հասկանալու փոխարեն խնդիրների պատճառներն այլ տեղ ենք փնտրում։
Նախկին իշխանությունները կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մեջ գոնե նշել էին, որ գրագողությունը Հայաստանում համակարգային բնույթ է կրում։ Գրագողության մասին այսօրվա կրթական փաստաթղթում ոչ մի բառ չկա։
Նշվում է, որ բուհերի կառավարման խորհուրդներն ուղղորդված են աշխատում։ Բայց ո՞վ է ուղղորդում։ Այսօր Հայաստանում բացի իշխանություններից, ուրիշ որեւէ մեկը բուհերի կառավարման խորհուրդներ մուտք գործելու եւ դրանք ուղղորդելու նվազագույն շանս անգամ ունի՞։ Իրենք ուղղորդում են, իրենք իրենցից դժգոհում, թե արդար ու ազնիվ չէ. բուհերի կառավարման խորհուրդներն ուղղորդված են աշխատում։
Հարգելի իշխանավորներ, միգուցե փաստաթղթում առանձին կետով բողոքեք, որ ընդդիմադիր հայացքներով դասախոսներին էլ ստիպում են հեռանալ բուհից կամ լռել, այլեւս չքննադատել իշխանություններին։
ՆԱԻՐ ՅԱՆ