Հին մայաները կանխագուշակել էին աշխարհի վերջը 2012 թվականին: Իրենց ներհատուկ գուշակությունների հունարով առանձնանում էին նաեւ Նոստրադամուսը, Վանգան, Սուրբ Մատրոնան: Բայց նշված առեղծվածային դեմքերն անգամ չէին կարող իրենց կենդանության օրոք երազել, որ կարող են համեմատվել կամ ապրել այնպիսի գերմեծության շրջանում, որը օրվա, ժամի եւ րոպեի ճշգրտությամբ կարողանում է գուշակել անկախության կորուստը, արեգակի խավարումն ու աշխարհի կործանումը: Այո, խոսքը մեր ժամանակների աստղագուշակության (ներառյալ՝ օկուլտիզմի, էզոթերիզմի, կիրոմանտիայի, միդիումության) գիտակ, համատեղությամբ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն է: Գերբնական անձ, որը կանխագուշակել էր ՀՀԿ-ի ջախջախումը, իր ակնթարթային փախուստը, Թավիշների ծնունդը, Արցախի հանձնումը, պետական պարտքի աճը, հայկական արբանյակի՝Հայասաթ-1-ի թռիչքը: Մայաների հին գուշակություններում պահպանվել են տեղեկություններ, ամենատեսի եւ 2-րդ փրկչի գալստյան մասին, եւ այնտեղ հիշատակվում է ոմն Պապո Ուկիկիի մասին: ԱՄՆ-ը փոխնախագահ Վենսի այցի իրական նպատակը «TRIPP»-ը չէր, այլ խորախորհուրդ Պապոյանի հետ հանդիպումը, որպեսզի պարզի, թե ո՞վ է լինելու ԱՄՆ-ի հաջորդ նախագահը Թրամփից հետո: Բայց Ջ. Վենսը ձեռնունայն գնաց Բաքու, որովհետեւ Պապոյանը աուդենցիայի չարժանացրեց նրան:
Իհարկե, Պապոյանը իր մոգական հատկությունները իրապես բացահայտել է վերջերս, երբ ՔՊ-ական ներկուսակցական ընտրությունների ժամանակ նա ստացավ վստահության 707 քվե եւ հռչակվեց «փոխկոնսուլ», «կեսարի մերձավոր» եւ «գորշ կարդինալ»: ՔՊ-ական խունտայի մնացած պալատականներն ու վունդերկինդները՝ օրենսդիր Ալենը, հարյուրապետ Սուրենը, սենեկապետ Կոնջորյանը, սուրհանդակ Վահագնը, Էլեկտրիկ Ռոմուլոսը, պետքարտուղար Միրզոյանը ներքին դժկամությամբ եւ նախանձով էին հետեւում թե ինչպես կարողացավ Պապոյանը սպրդել եւ հռչակվել ապագա Չորրորդ Հայաստանի հայր մարդպետ: Դավադրապաշտական միֆերի եւ աստղագիտական բարդ ալգորիթմների խառնաշփոթը մշուշապատել էր ՔՊ-ականների պարզ եւ սաղմանային ուղեղները: Անվրդով էր միայն թավիշների կնքահայրը, որը քթի տակ մռթմռթում էր. «դեմոկրատիա թե՞ տիռանիա, լիբերալիզմ թե՞ տոտալիտարիզմ, ճիշտը՝ կրոնապետությունն է, «մաքրամաքուր քրիստոնեության» եւ «իսլամական ֆունդամենտալիզմի» միահյուսմամբ, վիվա Նիկոլիզմ, կորչի ինքնությունն ու Մասիս սարը, կեցցե Արագածը եւ մեր ասֆալտը: Բայց պալատականները նրա նկատմամբ անտարբեր էին եւ շուրջպար էին բռնել նոր ֆավորիտի՝ գերաշնորհ Պապոյանի շուրջը, եւ նրան էին մեկնում իրենց ձեռքերը, որպեսզի նա գուշակի, թե ո՞վ է լինելու գալիք ԱԺ-ում:
Հաջորդ օրը նախարար Պապոյանի աշխատասենյակի դռան մոտ անշլագ էր: Քարտուղարուհին ոստիկանների հետ միասին չէր կարողանում կառավարել չինովնիկական եւ քաղաքացիական հոսքը: Բոլորը եկել էին իրենց ապագայի հետեւից եւ միաբերան ու ներդաշնակ բարբաջում էին «ապգա կա, կա ապգա, կվա, կվա, կվա»: Խառնամբոխի մեջից ցցվել էր Հովիկ Աղազարի կարմրածուփ եւ քրտնած գլուխը, որն իր ներթափանցման շնորհքով առաջինը հայտնվեց Պապոյանի աշխատասեղանի առջեւ ու նայում էր առաստաղին: Ապա հավաքելով ինքն իրեն՝ ափը մեկնեց նախարարին եւ աղերսեց գուշակել: Վերջինս խորաթափանց նայելով ափի գծերին ու ծալքերին, շշնջաց, որ բացի խոշոր եղջերավոր անասունների կճղակների հետքերից եւ անկանոն գծերից ոչինչ չի տեսնում: Քարտուղարուհին բղավեց՝ «հաջորդը»: Մյուս այցելուն քաղաքական դավանափոխության մագիստրոս, պատգամախոս Գեղամ Նազարյանն էր: Պապոյանը մի ակնթարթում հայացքով սրախողխող արեց Գեղամին եւ ասաց, որ այստեղ ավելի բարդ տեխնիկա է պետք եւ պահարանից դուրս բերեց Դոն Պիպոյից առգրավված մեկ մետրանոց մոմը եւ գրպանից հանելով Ջեյմս Բոնդի հրահանը հիշեցնող ինչ-որ բան՝ վառեց: Մոմը հալում էր, թափվում էր, բայց Պապոյանը ոչինչ չէր տեսնում, շատ մշուշոտ եւ անընկալելի հոգի ուներ պացիենտ Նազարյանը: Ապա Գեղամին դիմելով Պապոյանն ասաց, – Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, բայց ես առաջին անգամ իմ պրակտիկայում ոչինչ չեմ տեսնում: Առհասարակ ոչինչ,- վրա բերեց այցելուն: Կատարելապես ոչինչ: Լսվեց քարտուղարուհու սուր ձայնը՝ «հաջորդը»:
ԱՐԵԳ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ





