Թեեւ Թեհրանն Արցախի շնչուղին փակելու հակամարդկային արարքի մասին կարող էր ավելի վաղ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, սակայն գերադասեց դրան անդրադառնալ Արցախի բլոկադայի 9-րդ օրը՝ ՀՀ դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկումից ժամեր առաջ: Պաշտոնական Թեհրանը, Ադրբեջանին ուղղված սուր քննադատությունների փոխարեն բավարարվեց անհասցե ձեւակերպումով՝ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանիի շուրթերով, հույս հայտնել, որ Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցը կլուծվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկխոսության եւ խաղաղ ճանապարհով, մատնանշելով, որ Իրանը մշտապես շեշտը դրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության դրույթների ամբողջական կատարման անհրաժեշտության վրա:
Մինչ պաշտոնական հայտարարության շրջանառումը, Իրանը նպատակահարմար էր համարում իր տեսակետներն ու մտահոգություններն արտահայտել այլ խողովակներով՝ Իրանի ազգային շահերի նկատմամբ զգայուն վերաբերմունք ունեցող իրանցի վերլուծաբանների միջոցով, որոնք այս օրերին հաճախ են անդրադառնում Լաչինի թեմային ու դրա հումանիտար հետեւանքներին:
Այս առիթով ուշագրավ հոդված է հրապարակել Արցախն Իրանի տարածքային ամբողջականության տեսակետից «կարմիր գիծ» համարող իրանցի երիտասարդ վերլուծաբան Մոհամմադ Հոսեին Մասումզադեն: Ըստ հեղինակի, ժամանակին Թեհրանը Արցախի հարցում մեծ ներդրումներ է կատարել եւ, ինչպես վերլուծաբանն է արձանագրում, որոշակի դեր խաղացել Հայաստանի արտաքին քաղաքականության «ղարաբաղիզացման» հարցում: Մասումզադեն, որն իր նյութի հրապարակման համար ընտրել է «IRANIAN DIPLOMACY» էլեկտրոնային կայքի հարթակը, ղարաբաղյան «կարմիր գծերը» չխախտելու միակ ելքը տեսնում է տարածաշրջանային հարցերում Իրանի որդեգրած պաշտպանական կեցվածքից հարձակողական գործելաոճին անցնելու մեջ:
Կովկասյան անցուդարձերին ուշի-ուշով հետեւող իրանցի հայտնի վերլուծաբան Բեհեշթիփուրը, որի հայացքները հաճախ համընկնում են Իրանի պաշտոնական տեսակետներին, «khabaronline» էլեկտրոնային կայքին տված հարցազրույցում, Լաչինի միջանցքը փակելու Ադրբեջանի որոշումը համարել է ի վնաս Բաքվի, որն ավելի է խորացնելու Ադրբեջանի միջազգային մեկուսացումը: Վերլուծաբանը մոլորություն է համարում Ալիեւի այն հաշվարկը, թե Լաչինը փակելով կարող է ստիպել Հայաստանին՝ իր տարածքում միջանցք տրամադրել Ադրբեջանին:
Հայտնի են նաեւ Լաչինի միջանցքը փակելու առիթով այլ վերլուծաբանների, այդ թվում՝ Էհսան Մովահեդիանի արտահայտած տեսակետն առ այն, որ ներկա իրավիճակից ելնելով, Թեհրանը պետք է դիտարկի դիվանագիտական ու ռազմական քայլեր ձեռնարկելու հնարավորությունները:
Էհսան Մովահեդիանը «IRANIAN DIPLOMACY» կայքի հարթակից անդրադարձել է «բնապահպանների» կեղծ քողածածկույթով հանդես եկող Ադրբեջանի անվտանգության ծառայության ներկայացուցիչների կողմից Արցախի բլոկադային, ու զուգահեռներ անցկացրել այդ հակամարդկային ակցիայի, ու բլոկադայի օրերին Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի Երեւան այցելության միջեւ: Վերլուծելով Արցախի ու Հայաստանի շուրջ ընթացող իրադարձությունները, Մովահեդիանը հանգել է որոշ եզրակացությունների: Մասնավորապես, հեղինակի կողմից տեսակետ է ներկայացվում, որ արցախյան ճգնաժամի երկարաձգման հետեւանքով, ինչը անհնարին է դարձրել լիարժեքորեն իրագործել ավելի քան 60 մլրդ. դոլար արժողությամբ ոսկու, պղնձի եւ մոլիբդենի հանքերով հարուստ տարածքներ ներթափանցելու Ադրբեջանի, Թուրքիայի ու Իսրայելի համատեղ ծրագրերը, որոշում է կայացվել այս անգամ խաղալ բաց խաղաքարտերով, եւ Երեւան գործուղել Մեծ Բրիտանյայի ներկայացուցչին:
Պաշտոնական Թեհրանը Լաչինի միջանցքը փակելու Բաքվի անհեթեթ որոշման մասին անշուշտ ավելի վճռական ու սուր ասելիքներ էլ կունենար, սակայն ներկա պահին դրանց բարձրաձայնումը օգտակար չի համարում առանց այդ էլ Իրան-Ադրբեջան լարված հարաբերությունների պայմաններում:
Տվյալ ժամանակահատվածում Իրանը գերադասում է Լաչինի շրջափակման վերաբերյալ սեփական մտահոգությունները բարձրաձայնելու նպատակով երկրի առավելապես պաշտոնական տեսակետներն արտահայտող մամուլի էջերում հարթակ տրամադրել նաեւ օտարազգի վերլուծաբաններին:
Այսպիսով, Լաչինի միջանցքը փակելու դրդապատճառների մասին Ադրբեջանի նախագահի ընտանիքին վերագրվող վարկածի շրջանառման դերակատարությունը վերապահվել է Թեհրանի Ալլամե Թաբաթաբայի համալսարանի «ԱԹՆԱ» վերլուծական կենտրոնին (atna.atu.ac.ir), որը հրապարակել է ադրբեջանցի քաղաքագետ Օրխան Մամեդովի հոդվածը, որը, անդրադառնալով «բնապահպանական» կեղծ շարժման անվան տակ Ադրբեջանի Հանրապետության կլանային իշխանության կողմից Լաչինի շուրջ ընթացող իրադարձություններին՝ նշում է, որ տվյալ ակցիան “AzerGold” ընկերությանը պատկանող կամակատարների միջոցառումն է՝ «Կըզըլ բուլախ» կոչվող ոսկու հանքավայրի օգտին իրականացվող քարոզչական ակցիան: Սակայն, Օրխանի համոզմամբ, այդ ակցիայի հիմնական ուղղվածությունն ու նպատակը “AzerGold” ընկերության կամակատարներին տարածաշրջան բերելու միջոցով Արցախում ռուսական ուժերին արեւմտյան ուժերով ու ՆԱՏՕ-ով փոխարինելուն ուղղված աշխարհաքաղաքական խաղերի մի դրվագն է:
Օրխան Մամեդովի բնորոշմամբ, թե՛ Բաքվի կլանային իշխանության ղեկավար Իլհամ Ալիեւը, եւ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղղորդվում են միեւնույն կենտրոնից, եւ արտաքուստ հանդես գալով հակամարտ դիրքերից՝ երկուսն էլ գործում են ի նպաստ Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի ծրագրերի, եւ երկուսն էլ իրենց թվացյալ մրցակցությամբ ու թշնամանքով ծառայում են Արեւմուտքի ու ՆԱՏՕ-ի շահերին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ