Ինչո՞ւ ՀՀ ԱԳՆ-ն հարկ չի համարում պատասխանել «Ազգ»ի հարցերին
Հոկտեմբերի 11-ին ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքը Գերմանիայի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում(ՄԻԽ) վերընտրվելու առիթով հետեւյալն էր ընդգծել՝ «այն կատարյալ հաստատություն չէ, բայց կարեւոր գործիքներից է, որ մեզ՝ միջազգային հանրության ներկայացուցիչներիս հնարավորություն է տալիս պայքարել մարդու իրավունքների հրատապ խախտումների դեմ։ Այն հնարավորություն է տալիս մեզ եւ մեր գործընկերներին ձայն բարձրացնել նրանց համար, որ այդ սեղանի շուրջ նստած չեն։ Օրինակ՝ այն համարձակ կանանց ու աղջիկների, որ Իրանում կյանքի գնով պայքարում են իրենց ազատությունների եւ իրավունքների համար։ Ժնեւում կարող են ապավինել Գերմանիայի ձայնին։ Այն, որ 167 երկիր 3 տարով մեզ վերընտրել է, վստահության ապացույց է, հուսախաբ չենք անի »։
Հայաստանի, Արցախի ժողովրդի, այնտեղ ապրող տղամարդկանց, երեխաների, ծերերի, կանանց կյանքի իրավունքի եւ սպանդի ենթարկվելուց հետո արժանապատիվ հողին հանձնելու իրավունքի մասին որեւէ հիշատակում չարեց Գերմանիայի արտգործնախարարը, այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու գործողության տեսանյութը եզակի չմնաց, իսկ հայ զինվոր կանանց դիակների մասնատումները, խոշտանգումները տարածվեցին սոցցանցերի գերմանագիր տիրույթներում։ Եւ ոչ միայն։ Գերմանահայկական իրավաբանների միությունը բոլոր դեպքերը ներկայացրել է հանրային հարթակում, մասնագիտական գնահատական կցել, եւ դժվար է լուռ մնալ, եթե բարոյականության շապիկը դեռ չի քայքայվել՝ մտավորի եւ հոգեւորի պահապան թաղանթ որպես։
Բերբոքի տեքստի ուշադիր ընթերցողը կարող է հակադարձել՝ ինչո՞ւ ենք նրանից պահանջում, երբ Ժնեւում երկու տարի է, ինչ նույն սեղանի շուրջ նստելու արտոնությունն ունենք (ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում 2019-ի հոկտեմբերի 17-ին կայացած ընտրությամբ ՀՀ ընտրվեց Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամ 2020-2022 թթ. ժամանակահատվածի համար- Ան. Հ.)։
Միգուցե այս անգամ չանդրադառնայի ԳԴՀ արտգործնախարարի ճառին եւ դրանում արտահայտածի երկակի ստանդարտներին, եթե մեկ օր առաջ նախորդած չլիներ նրա խոսնակի՝ խայտառակ, ամոթալի, երկյուղած վարքը, որ ստույգ ներկայացնում եմ ստորեւ։
Հոկտեմբերի 10-ին ԳԴՀ կառավարության մամլո ասուլիսի ժամանակ արտգործնախարարության խոսնակ Վագներին գերմանացի լրագրողը հարց ուղղեց՝ «Ադրբեջան-Հայաստան հակամարտությանը կամ պատերազմին է վերաբերում հարցս. ԵՄ-ն առաքելություն է ուղարկելու սահման։ Գերմանիան մասնակցելո՞ւ է այդ առաքելությանը։ Եթե՝ այո, ի՞նչ ձեւով»։
Խոսնակը նախ փորձեց վերաբերմունք արտահայտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայացած հանդիպման առիթով՝ «Մենք այսպես ասած ողջունում ենք այն։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առաքելություն տեղակայելու սկզբունքային համաձայնությունը փոքր առաջընթաց է եւ հաջողություն ԵՄ դիվանագիտության համար։ Հիմա, իհարկե, նախ պետք է մանրամասները ճշտվեն ԵՄ-ի շրջանակներում։ Մեր տեսանկյունից, սակայն, կարեւոր է, որ այդ առաքելությունն այնուհետեւ արագ գործի»։
Լրացուցիչ հարց տրվեց՝ «առաքելությունն ակներեւաբար պիտի տեղակայվի միայն Հայյաստանի սահմանին։ Ինչո՞ւ Ադրբեջանում էլ չի տեղակայվելու։ Արդյոք ԱԳՆ կասկածո՞ւմ է, որ այս դեպքում ադրբեջանական զորքերը մտել են հայկական տարածք, այն է՝ ներկա հակամարտության, պատերազմի նախաձեռնողն են»։
ԳԴՀ ԱԳՆ խոսնակը շեղվեց հարցի ուղիղ պատասխանից, հիշեցրեց, թե առաքելության մանրամասները դեռ պիտի հստակեցվեն, եւ դրանք հստակ լինելու պարագայում կանդրադառնան։
Հաջորդ հարցը, որ տեխնիկական խնդիրների պատճառով խոսնակին տրվեց երկրորդ անգամ, այսինքն՝ սրահի պատերն արդեն որերո՛րդ անգամ «անգիր արեցին», հետեւյալն էր՝ «ԱԳՆ կասկածնե՞ր ունի, որ այս անգամ հակամարտությունը սրվել է ադրբեջանական զորքի Հայաստան ներխուժմամբ։ Կասկածո՞ւմ եք, թե՞ դա ձեր այս պահի իմացությունն է»։
Պատասխանն այս անգամ էլ խուսանավելու ոչ հաջող օրինակ էր՝ «Հրադադարին նախորդած հակամարտության, մարտական գործողությունների վերաբերյալ վաղուց արտահայտվել ենք, ավելացնելու որեւէ բան չունենք»։
Լրագրությունը համառություն է սիրում, հստակ պատասխան ակնկալում, իսկ գերմաներեն լեզուն այդ ճշգրտումը միշտ առաջնային պահանջ է դարձնում, ուստի՝ հետեւեց լրագրողի հստակ հարցը՝ «Առայժմ չգիտեիք, թե Հայաստանը որ երկրից է հարձակման ենթարկվել։ Միանշանակ՝ Ադրբեջանն է ներխուժել Հայաստանի տարածք։ Հիմա սա ընդունու՞մ եք, թե՞ դեռեւս ձեւացնում, որ երկու կողմի միջեւ փոխհրաձգություն է եղել»։
ԱԳՆ խոսնակ Վագները փորձեց փարատել՝ «Այնքան էլ ճիշտ չէ։ Մենք հակամարտությանն անդրադարձել ենք, չեմ կարող հստակ հիշել՝ երբ էր դա, բայց անցյալ շաբաթ էր»։ Վագները հիշատակեց, որ անտարբեր չեն մնացել, արձագանքել են «սոցիալական ցանցերում առկա ադրբեջանցի զինվորների՝ հայ զինվորների վրա հարձակմանը եւ դատապարտել այն», եւ համաձայն չէ լրագրողի այն դիտարկմանը, թե վերաբերմունք, գնահատական չեն արտահայտել։ Հիշեցնենք, որ «Ազգ»ի նախորդ համարում ծանուցել ենք, թե ԳԴՀ ԱԳՆ պատասխանելով Haypress-ի հարցմանը, դատապարտել էր ադրբեջանցի զինվորների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու տեսանյութում առկա բռնությունը, բայց ԱԳՆ կայքէջում չի հրապարակում նույն պատասխանը, ինչը շարունակում է ցայսօր, իսկ Վագները վերոբերյալ բանավոր պատասխանի մեջ մի նուրբ դրվագ անտեսում է՝ նրա «ադրբեջանցի զինվորների հայ զինվորների վրա հարձակումը» ձեւակերպումը ճիշտ է իհարկե, բայց ո՞ւմ է խնայում, երբ մոռանում է «հայ ռազմագերիների մահապատիժ» բառակապակցությունը։
Ուշադրություն, նորից գերմանացի լրագրողը լրացուցիչ հարց տվեց՝ «Խիստ քննադատվում է ձեր այն գնահատականը, որ չեք ընդունում, թե ագրեսորն Ադրբեջանն է։ Դուք շարունակում եք դա չընդունել։ Ճի՞շտ է»։
Վագներն այսպես պատասխանեց՝ «Դուք քննադատում եք իմ գնահատականները։ Բայց ես հակամարտության մասին այլեւս ասելիք չունեմ։ Համենայնդեպս անդրադառնում եմ նրան, ինչ արդեն ասել ենք»։
Ի՞նչ պահանջենք այսպիսի խոսնակից, որին հրամայված է կա՛մ՝ հրահանգված, կա՛մ՝ պատվիրված, որ Ադրբեջանին ագրեսոր ճանաչելու, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձեւակերպում հանկարծ չանի։
Այս հաստատությունից մեր գրավոր հարցերի պատասխանը չստացանք։ Թեպետ այդ լռությանն առաջին անգամ էինք հանդիպում, այդուհանդերձ շատ չվիրավորվեցինք, քանզի արդեն տեսանելի է, թե ինչո՛ւ դրանք պատասխան չգտան։ Մեզ չզարմացրեց, բայց հիասթափվելու նոր առիթ դարձավ այն հանգամանքը, որ ՀՀ արտգործնախարարությունն էլ, ենթադրաբար, խոչընդոտեց, որ Բեռլինում ՀՀ դեսպանը գրավոր պատասխանի մեր մի քանի հարցի։ Ուրախ ենք, որ Բեռլինում Հայաստանի դեսպանը սեպտեմբեր-հոկտեմբերին երկու հարցազրույց է տվել գերմանացի մեր գործընկերներին, բայց նրանց զրույցի թեման, մեղմ ասած, չի սպառում մեր հարցերի շրջանակը։ Հոկտեմբերի 6-ին դեսպան Վիկտոր Ենգիբարյանին հղել էինք հետեւյալ հարցերը։
-Պարոն Ենգիբարյան, գերմանացիների ՝ինձ ուղղված հարցին չեմ կարողանում պատասխան գտնել։ Դուք մեզ լուսավորեք։ Ի՞նչ է ուզում Հայաստանն արտաքին աշխարհից։
-Սեպտեմբերի 16-ին RND-ին տված հարցազրույցում դուք ահազանգել էիք, թե Հայաստանին սպառնում է Ադրբեջանի նոր ագրեսիան։ Նշել էիք, որ մեր երկիրը նաեւ Գերմանիայի դիվանագիտական սատարման կարիքն ունի, ակնարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին։ Սակայն Գերմանիայի ԱԳՆ իր երդվյալ լռությունը խախտեց միայն հոկտեմբերի 4-ի երեկոյան՝ դատապարտելով ադրբեջանցի զինծառայողների՝ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելու փաստը՝ շեշտելով, որ այն ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքը։ Բայց դեռեւս որեւէ գնահատական չի հնչել, թե ո՛վ է ագրեսորը, թե Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Փոխարենը առավոտից գիշեր դատապարտում է Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի հանդեպ։ Հարցազրույցում առկա ձեր մտահոգությունների հրապարակային պատասխանը չենք տեսնում, գերմանացի պաշտոնատարները բանավոր ի՞նչ բացատրություն են տալիս։
-Գերմանիայի ԱԳՆ խոսնակի այն պատճառաբանությանը, թե իրենք հստակ գնահատական չեն կարող հնչեցնել, թե ագրեսորն ով է, քանի որ անկախ դիտորդներ չկան, փորձեց «օգնել» Ադրբեջանը։ Բեռլինում իր դեսպանության պարիսպներից ի շարս տարբեր ատելավառ գրությունների ցուցադրեց, թե «Հայաստանը ահաբեկչական պետություն է»։ Այդու փաստեց, որ իր ագրեսիան Հայաստանի սահմաններից դուրս էլ կարող է իրականացնել։ ԱԳՆ խոսնակի, գերմանացի որեւէ պաշտոնյայի գնահատական չլսեցինք։ Բայց զարմանալի է, որ ՀՀ իշխանավորի, պետության ներկայացուցչի պատասխանն էլ մեզ հասու չդարձավ։ Պիտի լռե՞նք։
-Պարոն դեսպան, միգուցե դաժան է հնչում, բայց այն տպավորությունն է ստեղծվում, որ ժողովրդավար Հայաստանն այլեւս չի խոսում Արցախի ինքնորշման մասին, այնինչ գերմանական մեդիան անընդհատ շրջանառում է ԼՂ-ի խնդիրը, նույնիսկ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման առիթ դա դիտարկում։ Վերոհիշյալ հարցազրույցում դուք չէիք անդրադարձել Արցախի հարցին։ Գերմանացի լրագրողը ձեզ հետ զրույցում հարց չէ՞ր տվել, թե՞ Հայաստանն այլեւս չի արձագանքում, երբ Ադրբեջանի դեսպանությունը պաստառին գրում է «Ղարաբաղն Ադրբեջան է»։
Պրահա մեկնելու նախօրեին Հայաստանի վարչապետը գոհունակություն հայտնեց միջազգային արձագանքի վերաբերյալ, նույնը կրկնեցին եւ կրկնում են նրա բարձրաստիճան պաշտոնյաները, իսկ ՀՀ ԱԳՆ-ից չհնչեց որեւէ հրապարակային քննադատություն, երբ Ադրբեջանը պաշտոնական Բեռլինում իր սադրանքը, Հայաստանի եւ Արցախի հանդեպ իր ատելությունը ցուցադրեց, երբ Հուբերտուսալե 43 հասցեում գտնվող իր դեսպանության պարիսպներից կախ տվեց՝ «Հայաստանը ահաբեկչական պետություն է», «Ղարաբաղն Ադրբեջան է», «Դադարեցրե՛ք Հայաստանի հարձակումը Ադրբեջանի վրա» եւ այլ պաստառներ։ Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունն առաջին անգամ չէ, որ իր տարածքը թունավորում է ատելությամբ, բայց առաջին անգամ էր, որ Հայաստանի, հայության հանդեպ իր ագրեսիան, իր ոճրագործության շարունակականությունը մատուցում էր պարիսպների արտաքին մակերեսին ցուցադրելով, այդու չթաքցնելով, որ անպատիժ կարող է գործել ամենուր։ Եթե Հայաստանը լուռ է կամ՝ առավել հստակ՝ հրապարակավ չի դատապարտում Բեռլինի լռությունը, բավարար համարելով այն հանգամանքը, որ ցուցապաստառներն այնուամենայնիվ հեռացվել են պարիսպներից, գերմանացիներին բնավ չի ազատում բարոյական պարտքից։ Մի օր ահաբեկիչ այդ երկրի՝ Ադրբեջանի եւ նրա եղբայր կամ հայր Թուրքիայի ախորժակը կբացվի, եւ թուրքական գետոներով բազմացող տարբեր քաղաքների՝ Քյոլնի, Բեռլինի ընդարձակ թաղամասերը «անկախանալու» հայտ կներկայացնեն՝ զանց առնելով Գերմանիայի սահմանադրությունը…քմծիծաղի առիթ չկա՝ նրանց քանակական եւ ագրեսիայի աճը տխուր վիճակագրություն է։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ Բեռլինում Ադրբեջանի դեսպանությունը այս նկարն է նախընտրել ցուցադրել
Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից