Աշխարհի պոեզիայի գանձարանում բանաստեղծություններ կան, որոնք գայթակղության քար են տարբեր ազգերի ու ժողովուրդների բանաստեղծների եւ նույնիսկ մեծ բանաստեղծների համար։ Դրանք այնքան կատարյալ են, որ այլալեզու ամեն մի բանաստեղծ, եւ նույնիսկ առանձնապես տաղանդավոր, մղվում է դրանք թարգմանելու, առաջին հայացքից՝ իր ժողովրդին համաշխարհային պոեզիայի գանձերին ծանոթացնելու նպատակով։ Այո, բայց դրա հետ միասին իրականում թարգմանող բանաստեղծը ձգտում է մասնակից լինելու այդ բանաստեղծությունների փառքին, ստեղծումի մոգությանը, դառնալ հեղինակակից, դառնալ համահեղինակ թարգմանելու ճանապարհով։ Այդպիսի բանաստեղծություններից է, օրինակ, Էդգար Պոյի «Ագռավը»՝ համաշխարհային «քնարերգության վիթխարի սեւ գոհարը» (Վիտեզսլավ Նեզվալ)։ Ռուսները երկու տասնյակից ավելի թարգմանություններ ունեն, եւ ի՜նչ բանաստեղծներ են թարգմանել՝ Կոնստանտին Բալմոնտ, Վալերի Բրյուսով, Դմիտրի Մերեժկովսկի եւ ուրիշներ։ Այդպիսի բանաստեղծություններից մեկն էլ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի (Goethe, 1749-1832) «Թափառականի գիշերային երգը» («Wandrers Nachtlied», 1780) փոքրիկ, ութտողանի բանաստեղծությունն է։ Ռուսները այս բանաստեղծության տասնյակից ավելի թարգմանություն ունեն։ Թարգմանել են Միխայիլ Լերմոնտովը, Ինոկենտի Աննենսկին, Վալերի Բրյուսովը, Բորիս Պաստեռնակը եւ ուրիշներ։
Մենք՝ հայերս այդ բանաստեղծության երեք թարգմանություն ունենք՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի եւ Եղիշե Չարենցի։ Ռուսներին հիշեցի, որովհետեւ Հովհաննես Թումանյանը եւ Ղազարոս Աղայանը թարգմանել են ռուսերենից, Չարենցը թարգմանությունը արել է, անշուշտ, ռուսերենը նկատի առնելով (Չարենցը գերմաներեն չի իմացել)։
Ահա Գյոթեի «Թափառականի գիշերային երգը» բանաստեղծության տողացի թարգմանությունը.
Բոլոր գագաթներին
Հանգստություն (անդորր, լռություն) է,
Բոլոր կատարներին (ծառերի)
Դու չես զգում
Գրեթե ոչ մի շունչ (քամու փչոց).
Թռչնակները լուռ են անտառում,
Սպասիր միայն, շուտով
Նաեւ դու կհանգստանաս (հանգիստ կառնես)։
(Թարգմ. Հրաչ Ստեփանյան)
Միխայիլ Լերմոնտովը Գյոթեի բանաստեղծությունը թարգմանել է 1840 թվականին։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Լերմոնտովը ոչ թե թարգմանել, այլ փոխադրել է բանաստեղծությունը։ Նա փաստորեն նույն թեմայով գրել է նոր բանաստեղծություն։ Ռուսները Լերմոնտովի փոխադրությունը տպագրում են Լերմոնտովի բանաստեղծությունների շարքում «Գյոթեից» խորագրով։ Ահա Լերմոնտովի փոխադրությունը.
ИЗ ГЕТЕ
Горные вершины
Спят во тьме ночной;
Тихие долины
Полны свежей мглой;
Не пылит дорога,
Не дрожат листы…
Подожди немного,
Отдохнешь и ты.
Թումանյանը թարգմանել է Լերմոնտովի փոխադրությունը եւ թարգմանել է կատարյալ արվեստով՝ պահպանելով ռուսերենի կշռույթը, խաղացկուն տողը, ներքին երաժշտականությունը, նուրբ քնարականությունը։ Թումանյանի թարգմանությունը անխորագիր է.
Լերանց շարքերը
Նիրհում են մըթնում,
Խաղաղ մարգերը
Մըշուշ է պատում,
Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է՝ դու էլ
Կըքընես հիմի։
Ղազարոս Աղայանը նույնպես թարգմանել է ռուսերենից։ Ղազարոս Աղայանի ժամանակ միայն երկու թարգմանություն կար՝ Լերմոնտովի եւ Ինոկենտի Աննենսկու։ Աննենսկին փայլուն տիրապետել է օտար լեզուների։ Նրա թարգմանությունը թեեւ կատարելապես չի կրկնում բնագիրը, համենայն դեպս շատ մոտ է բնագրին։ Ակնհայտ է, որ Ղազարոս Աղայանը նույնպես թարգմանել է Լերմոնտովի փոխադրությունից։ Աղայանի թարգմանությունը կատարված է 1910 թվականին եւ տպագրվել է «Գյոթեից» խորագրով.
ԳՅՈԹԵԻՑ
(Ռուսերենից)
Սարերի գլխները
Նիրհում են մուշ-մուշ,
Խաղաղ հովիտները
Լցվել է մըշուշ։
Ճանապարհն անփոշի,
Ծառերն անշըշունջ,
Դու էլ՝ քիչ ըսպասի՝
Կը հանգչես լուռ, մունջ…
Երրորդ թարգմանությունը Չարենցի թարգմանությունն է։ Ինձ առանձնապես հուզողը եւ հետաքրքրողը այս թարգմանությունն է։ Այն տպագրվել է Չարենցի «Գիրք ճանապարհի» ճակատագրական գրքում 1933 թվականին։
«Գիրք ճանապարհի»-ն պոեմների եւ բանաստեղծությունների պարզ ժողովածու չէ։ Դա մի հոյակապ կոթող է, Հռիփսիմեի տաճարի նման անթերի ու կատարյալ մի կառույց, որի որեւէ բառը, որեւէ քարը կամ աղյուսը անհնարին է տեղաշարժել, առանց խաթարելու կառույցի կատարելությունը։ Այդ գրքի ամեն մի բառը, ամեն մի տողը կապված է ամբողջ գրքին մի հզոր կամքով, մի վերին թելադրանքով եւ իմաստավորումով։ «Գիրք ճանապարհի»-ն նոր ժամանակներում հայոց լեզվի մեծագույն խոսքն է, անկախ գրքում առկա մարքս-լենինյան գաղափարների, գռեհիկ սոցիոլոգիզմի, պլակատայնության դրսեւորումների, բոլշեւիկյան կուսակցության մոլի ջատագովության։ Այն ամփոփում է մեր ժողովրդի անցած ուղին, մեր ժողովրդի ստեղծագործական հանճարը, ապրելու կամքն ու անկոր ոգին, բայց նաեւ բանաստեղծի ու իր ժամանակի ողբերգությունը։ «Գիրք ճանապարհի»-ի ամեն մի բնութագրումը միշտ լինելու է թերի ու պակասավոր, որովհետեւ այն բարձր է լինելու ամեն ժամանակից եւ մշտապես ուղեկցելու է մեր ժողովրդին։ Այն մեր ժողովրդի ապագայի գրքերից մեկն է։
«Գիրք ճանապարհի»-ն հրատարակչական առումով նույնպես բացառիկ երեւույթ է։ Դա գրահրատարակչական արվեստի գլուխգործոց է։ Գիրքը ձեւավորել եւ նկարազարդել է Հակոբ Կոջոյանը։ Այդ գրքի ամեն մի տառն ու թիվը, ամեն էջը, գրքի ամեն մի բաղկացուցիչ մասը, առանձին շարքերի շմուցտիտուլները, առանձին պոեմների ձեւավորումները, տիտղոսաթերթը, ֆրոնտիսպիսը, ֆորզացը, կազմը եւ շարագույրը (սուպերշապիկը) առանձնահատուկ մանրամասնությամբ գեղարվեստորեն եւ գեղագիտորեն, եթե կարելի է այդպես ասել, մշակված ու հղկված են։ Եվ, շատերի վկայությամբ Չարենցը եղել է ստեղծագործական այդ տքնաջան աշխատանքի անմիջական մասնակիցը։ Ավելին, «Գիրք ճանապարհի»-ի տպագրության ամեն մի պահը բանաստեղծը վերահսկել է։ Եվ, վերջապես, «Գիրք ճանապարհի»-ն տպագրվել է ֆիննական վերժե շատ թանկ, ջրանիշերով թղթի վրա։ «Գիրք ճանապարհի»-ն գրքի բովանդակության եւ գրքի ձեւավորման ու նկարազարդման, բանաստեղծի ու նկարչի ստեղծագործական ուժի, մտածողության եւ բարձր ճաշակի միասնության եւ ներդաշնակության կատարյալ օրինակ է։
Եվ ահա օրինական եւ արդար հարց է առաջանում՝ ինչո՞ւ Չարենցը, որ 1930-33 թվականներին ուներ անտիպ տասնյակ գործեր, գերադասել է «Գիրք ճանապարհի»-ում տեղ տալ Գյոթեի մի փոքրիկ բանաստեղծության երեք տարբերակին։
Բավական է թերթել Անահիտ Չարենցի կազմած «Անտիպ եւ չհավաքված երկեր» խորագրով ստվարածավալ ժողովածուի (Երեւան, 1983) ժողովածուի 11-ից 58-րդ էջերը վերը ասվածի մեջ համոզվելու համար։ Բանաստեղծները նախանձախնդիր են լինում իրենց ստեղծագործությունների հանդեպ, նրանք գերադասում են լինել հեղինակ եւ ոչ թե թարգմանիչ։ Բայց Չարենցը նախապատվությունը տվել է իր թարգմանություններին։ Եվ մանավանդ մի փոքրիկ բանաստեղծության երեք տարբերակին, որոնք, մանավանդ, միմյանցից տարբերվում են ընդամենը երկու-երեք բառով։ Ինչո՞ւ։ Այս երեք տարբերակի տպագրությունը առանձին էջերում մեծ շռայլություն էր, եւ դա չէր կարող ինքնանպատակ լինել։ Չարենցը վստահաբար մի որոշակի նպատակով է արել դա։
1933 թվականի մայիսի 17-ից 28-ը, չորս օրում, Չարենցը թարգմանել է Գյոթեի յոթ բանաստեղծությունը, որոնց թվում՝ նաեւ «Թափառականի գիշերային երգը»։ 1932 թվականին Գեղարվեստական գրականության պետական հրատարակչությունը (Մոսկվա-Լենինգրադ) սկսում է հրատարակել Գյոթեի երկերի ժողովածուն տասնհինգ հատորով։ Առաջին հատորը Գյոթեի բանաստեղծությունների ստվար հատորն է, որ լույս է տեսնում նույն՝ 1932 թվականին «Քնարերգություն» խորագրով։ Չարենցի թարգմանությունները ցույց են տալիս, որ նա լավ ծանոթ է եղել այս հատորին։
Այդ հատորում տպագրվել է նաեւ «Թափառականի գիշերային երգը» Վալերի Բրյուսովի թարգմանությամբ։ Ահա այդ թարգմանությունը.
НОЧНАЯ ПЕСНЬ СТРАННИКА
На всех вершинах –
Покой;
В листве, в долинах
Ни одной
Не дрогнет черты;
Птицы спят в молчании бора.
Подожди только£ скоро
Уснешь и ты.
Բրյուսովը գերազանց տիրապետել է գերմաներենին, եւ առաջին հայացքից պարզ երեւում է, որ նրա թարգմանությունը շատ հարազատ է բնագրին։
Ահա եւ Չարենցի թարգմանությունը երեք տարբերակով։ Երեք տարբերակի համար էլ,- բանաստեղծը գրել է «վարիանտ»,- Չարենցը պահպանել է գերմաներեն եւ հայերեն նույն խորագիրը՝
WANDRERS NACHTLIEND
ԹԱՓԱՌԱԿԱՆԻ ԳԻՇԵՐԱՅԻՆ ԵՐԳԸ
(Գյոթեից)
Առաջին վարիանտ
Գագաթները ննջում են
Անդորր։
Լռություն է քո շուրջը
Խոր։
Թռչունները անտառում, հանդում
Քնել են՝ պարուրված մութով.
Սպասի՚ր մի փոքր՝ շուտով
Կքնես եւ դու։
Հաջորդում են երկրորդ եւ երրորդ տարբերակները.
Երկրորդ վարիանտ
Գագաթներին իջել է
Անդորր։
Կատարների միջեւ այն
Չե՚ս զգում դու
Անգամ թեթեւ մի շունչ։
Անտառում թռչունները լռել են.
Կա՚ց միայն՝ դու ե՛ւս
Կքնես անշուշտ։
Երրորդ վարիանտ
Գագաթներին իջել է
Անդորր։
Կատարների միջեւ այն
Չես զգում դու
Անգամ թեթեւ մի շունչ։
Թռչունները քնել են մութով.
Կա՚ց միայն՝ շուտով
Կքնես դու ե՛ւս։
1933.V.17-20
Ուղիղն ասած՝ Չարենցի՝ Գյոթեից կատարած (եւ ոչ միայն Գյոթեից) բոլոր թարգմանություններն են հայցում «ինչո՞ւ» հարցը։ Ինչո՞ւ է Չարենցը Գյոթեի ավելի քան 3000 բանաստեղծությունից ընտրել հատկապես դրանք։ Կամ թե՝ ինչո՞ւ, օրինակ, Չարենցը Գյոթեի «Էպիգրամներ» (1790) շարքի անվերնագիր, թվերով համարակալված 122 բանաստեղծությունից թարգմանել «Ես պառկեցի գոնդոլում» սկսվածքով համար 5 բանաստեղծությունը։ Գյոթեի «Արեւմտյան-արեւելյան դիվան» («Wast-Osticher Divan», 1819, 1827) ժողովածուն բաղկացած է տասներկու գրքից – տասներկու շարքից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորագիրը։ Առաջին գիրքը կոչվում է «Մողանի-նամե (Գիրք երգչի)», իններորդ գիրքը՝ «Սաղի-նամե (Գիրք մատռվակի)»։ Չարենցը «Մողանի-նամե»-ից թարգմանել է երկու բանաստեղծություն՝ «Երգ եւ քանդակ» («Lied und Gebilde») եւ «Պինդ եւ ամուր» («Derb und Tuchtig»), «Սաղի-նամե»-ից՝ գրքի «Մատռվակ» խորագրով երկու բանաստեղծությունից երկրորդը։ Ինչո՞ւ է Չարենցը թարգմանել հատկապես այդ բանաստեղծությունները։ Եվ ինչո՞ւ է Չարենցը իր գրքում խախտել Գյոթեի բանաստեղծությունների կարգը՝ գրքում դրել է նախ «Մատըռվակը» եւ ապա մյուս երկուսը։ Չարենցի գրքում ամեն բան խորապես մտածված է։ Եվ ինչո՞ւ են «Գիրք ճանապարհի»-ում, որը բացառիկ, ամեն մի մանրամասնով ամբողջացած կառույց է, հայտնվել Գյոթեի վերը հիշված եւ մյուս բանաստեղծությունների, ինչպես նաեւ Նեկրասովի «Երկաթուղին» եւ Պուշկինի մի քանի բանաստեղծության թարգմանությունները, Չարենցի գրքում ոչ մի բառ, ոչ մի տող պատահական չէ։ Ինձ թվում է, որ ես գիտեմ այդ հարցերի պատասխանները, բայց ես հիմա խոսելու եմ միայն «Թափառականի գիշերային երգը» բանաստեղծության մասին։
Հարցը, որ կրկնելու եմ, շատ կարեւոր եմ համարում՝ ինչո՞ւ է Չարենցը նման շռայլություն թույլ տվել եւ «Գիրք ճանապարհի»-ում երեք առանձին էջ է հատկացրել այս փոքրիկ բանաստեղծության երեք տարբերակին, որոնք միմյանցից տարբերվում են երկու-երեք բառով։ Սա անպայման ինչ-որ բան նշանակում է, Չարենցը մեզ ինչ-որ բան է ասում եւ շատ կարեւոր բան է ասում։ Փորձենք հասկանալ բանաստեղծին։
Դանտե Ալիգիերին իր բարեկամ, Վերոնա եւ Վիչենցա քաղաքների զորավար եւ տեր, ազնվականական հայտնի շառավիղ եւ զավակ Կանգրանդե դելլա Սկալային (Cangrande della Scala, 1291-1329) գրած հայտնի նամակում խոսում է իր ստեղծագործությունների բազմիմաստության եւ համենայն դեպս՝ առնվազն չորս իմաստի մասին։ Բայց բազմիմաստ են գրականության եւ արվեստի մեծարժեք գործերն առհասարակ։ Փորձենք նայել եւ թափանցել Չարենցի տողերի խորքը։
Առաջին հայացքով, առաջին ընկալումով «Թափառականի գիշերային երգը» պարզ հայեցողական, քնարական բանաստեղծություն է՝ բնության մի պահի՝ գիշերվա նուրբ պատկերումով։ Ինչպես ասում են` պատկերված է պոետական կատարյալ հոգեվիճակ. քնած են լեռները, թռչունները, ճանապարհը, անտառը… Եվ հոգնած ճանապարհորդը մտածում է մահճի հասնելու եւ հանգստանալու մասին։ Եվ ինքն իրեն համոզում է՝
Սպասիր մի փոքր՝ շուտով
Կքնես եւ դու։
(Առաջին տարբերակ)
Բանաստեղծությունն ունի եւ երկրորդ իմաստ, որ հասկանալի է դառնում Յոհան Գյոթեի հուշումով։
Մահից մեկ տարի առաջ, 1831 թվականի օգոստոսի 27-ին իր բարեկամ, երկրաբան Յոհան Քրիստիան Մահրի (Mahr, 1787-1867) հետ Գյոթեն նորից է այցելում Իլմենաու քաղաքի մերձակայքում գտնվող Կիիկելհան լեռան վրա գտնվող անտառապահի տնակը, որի պատին 1780 թվականին մատիտով գրել էր այդ բանաստեղծությունը։ Իր «Օրագիր»-ի մեջ (1831.VIII.27) Գյոթեն գրում է այդ այցելության մասին։ Յոհան Մահրը թողել է այդ այցելության հուզիչ նկարագրությունը.
«Մտնելով վերին սենյակը, նա (Գյոթեն – Ե.Տ.-Խ.) ասաց. «Հին ժամանակներում ես իմ ծառայի հետ ութ օր ապրել եմ այս սենյակում եւ այդ ժամանակ էլ այստեղ պատին գրել եմ մի փոքրիկ բանաստեղծություն։ Կուզեի մի անգամ էլ տեսնել այդ բանաստեղծությունը եւ ամսաթիվը այն օրվա, եթե այն պահպանվել է, երբ դա եղավ… <…> Գյոթեն կարդաց բանաստեղծությունը, եւ արցունքները հոսեցին իր այտերով։ Շատ դանդաղորեն նա իր մուգ շագանակագույն սյուրթուկի գրպանից հանեց ձյունաճերմակ թաշկինակը, մաքրեց արցունքները եւ մեղմ, թախծալի տոնով ասաց. «Այո, սպասիր մի քիչ, կքնես եւ դու», լռեց մի կես րոպե, նորից նայեց պատուհանից մթին անտառին եւ դիմեց ինձ հետեւյալ խոսքերով՝ «Դե, հիմա գնանք»։
Գյոթեն հիմա արդեն խոսում է հավերժական քնի մասին, մահվան մասին։ Ինչպես տեսնում ենք, պարզ հայեցողական բանաստեղծությունը ձեռք է բերում նոր խորք եւ իմաստ, այն դառնում է խոհա-փիլիսոփայական բանաստեղծություն։
Բանաստեղծությունը այսօր ունի մի երրորդ իմաստ եւս։ Գրականության եւ արվեստի բարձրարժեք գործերը մի կարեւոր յուրահատկություն ունեն։ Իրենց ստեղծումից հետո դրանք այլեւս ապրում են հեղինակից անկախ, ինքնուրույն կյանքով, նրանք շարժվում են ժամանակի եւ տարածության մեջ՝ ապրում են տասնյակ սերունդների հետ եւ տարբեր երկրների ժողովուրդների գրականության մեջ։ Որպեսզի մոտենանք բանաստեղծության երրորդ իմաստին, պետք է սկսենք այլ տեղից։
…1917 թվականին քրեական եւ քաղաքական հանցագործների մի խումբ, «ռըսացած մի մոնղոլի» (Չարենց) գլխավորությամբ, գերմանական մեծ փողերով եւ լատիշական վարձկան զինջոկատների աջակցությամբ Ռուսաստանում տապալում է օրինական կառավարությունը եւ բռնազավթում է իշխանությունը։ Նոր իշխանությունները երկրից արտաքսում են ազնվականության մի մասին, մյուս մասին պարզապես ոչնչացնում են։ Արտաքսում եւ ոչնչացնում են նաեւ մտավորականությանը։ Նրանք տեղական իշխանությունները հանձնում են հանրության տգետ, բռի, անկիրթ զանգվածին եւ մոլագար սեւամաղձ ամբոխին տրամադրում-ուղղորդում են գիտության, կրթության, մշակույթի եւ մանավանդ մտավորականության դեմ։ 1920-ական թվականներից երկրում մոլեգնում է ժողովրդի դեմ ուղղված մեծ ահաբեկչությունը՝ «կարմիր տեռորը», նախ «զտում»-ի անվան տակ, հետո երկրի ներքին թշնամիների դեմ պայքարի տեսքով։ Տարիների հետ «կարմիր տեռորը» գնալով ահռելի չափերի է հասնում։ Եվ շատ շուտով երկիրը վերածվում է համակենտրոնացման սարսափելի ու մղձավանջային ճամբարի եւ մութ ու մռայլ բանտի։ Երկրում կար 10000-ից ավելի համակենտրոնացման ճամբար։ Միլիոնավոր անմեղ մարդիկ քշվում են աքսորավայրերն ու տաժանավայրերը կամ պարզապես գնդակահարվում են։ 1956 թվականին նրանք բոլորը արդարացվում են «հանցակազմի բացակայության պատճառով», այսինքն՝ նրանք բոլորը եղել են արդար եւ ազնիվ մարդիկ։
1930-ական թվականներին մղձավանջային բռնադատումներն ու հալածանքները դառնում են համատարած։ Առանձնապես հետապնդվում են գիտության, գրականության եւ արվեստի ասպարեզների մարդիկ։ Շեքսպիրը իր «Հուլիոս Կեսար»-ում Կեսարի բերանով հրաշալի է ձեւակերպել սեփական ժողովրդի հանդեպ բռնապետերի եւ բռնապետությունների բռնած դիրքի ներքին տրամաբանությունը.
Ես կուզենայի ինձ շըրջապատել գեր, ճաղատ, անհոգ
Եվ գիշերները խաղաղ անցկացնող մարդկանցով միայն.
Մինչդեռ Կասսիոսը չափազանց նիհար, հյուծված տեսք ունի.
Շատ է մըտածում. այդպիսի մարդիկ վըտանգավոր են։
(Թարգմ.` Խաչիկ Դաշտենց)
Մտածող մարդը միշտ ամենաազատ մարդն է, հետեւաբար՝ ամենավտանգավորը։ Ուրեմն, մտածող մարդկանց պետք է վերացնել։ Մահվան եւ կործանումի այս անխուսափելի սպառնալիքը կախվում է Ռուսաստանի գերիշխանության տակ գտնվող բոլոր ժողովուրդների եւ, իհարկե, առաջին հերթին հինավուրց մշակույթ եւ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդների վրա։ Չարենցը հստակ տեսնում է սպառնալից դարձող վտանգը, այն դաժան ու չարագուշակ մթնոլորտը, որի մեջ ապրում է ժողովուրդը, այն ահն ու սարսափը, որ սողոսկել են մարդկանց սրտերն ու կյանքի ամեն մի անկյունը։ Երկրի ու ժողովրդի վրա իջնում է մի մռայլ, մթին, զարհուրելի, մահաբեր գիշեր։ Ահա՛։ Բառը արտասանեցի՝ գիշեր։ Չարենցը Գյոթեի բանաստեղծության միջոցով խոսում է երկրի վրա իջած այդ ճակատագրական, խավար ու անլույս գիշերվա մասին։
Չարենցը ուղղակիորեն չէր կարող խոսել մռայլ ու դաժան իրականության մասին եւ դիմում է Գյոթեի օգնությանը։ Թարգմանությունը անմեղ արարք է, թարգմանության համար դժվար է մեղադրանք ներկայացնել։ Բանաստեղծությունը միշտ այլասացություն է։ «Թափառականի գիշերային երգը» բանաստեղծության մեջ հիմա արդեն կարեւոր է դառնում գիշերվա պատկերը, որ կապվում է անխուսափելի կործանումի գաղափարին։ Երբ Չարենցն ասում է «Կա՚ց միայն՝ շուտով / Կքնես եւ դու», այդ «դու»-ն վերաբերում է ոչ միայն ինքն իր հետ խոսող հեղինակին, ոչ միայն քնարական հերոսին, այլեւ իրեն, այս դեպքում՝ թարգմանիչ բանաստեղծին, այլեւ ընթերցողին, այլեւ ամեն մի մարդու, որը կկարդա այդ բանաստեղծությունը։ Եվ այդ քունը կլինի բոլշեւիկյան իշխանության բերած բռնի մահը, ուղղակի սպանությունը։
Եվ երբ Չարենցը իր «Գիրք ճանապարհի»-ում երեք անգամ կրկնում է այս բանաստեղծությունը, ուրեմն շատ կարեւոր ասելիք, շատ կարեւոր նպատակ ունի եւ կրկնելով ընդգծում է իր ասելիքը։ Նա մատնացույց է անում ժողովրդին՝ միլիոնավոր մադրկանց սպասող ու սպառնացող գիշերը։ Երկրի վրա իջնում, թանձրանում է սեւ գիշերը։ Չարենցը խոսում է այդ գիշերվա մասին։ Ինչպես տեսնում ենք, բանաստեղծությունը անսպասելիորեն ձեռք է բերում նոր իմաստ՝ քաղաքական սուր բանաստեղծության իմաստ։ Ի դեպ, «wandrerer» բառը գերմաներենում նշանակում է «զբոսաշրջիկ», «ճանապարհորդ», «ճամփորդ», «անցորդ»։ Չարենցը նախընտրել է «թափառական» բառը, որը բանաստեղծությանը տալիս է դրամատիկ, ավելի ողբերգական երանգ։
Որ սիմվոլիստների նախասիրած ու նախընտրելի օրվա ժամանակը՝ գիշերը, Վահան Տերյանի «նրբակերտ մթնշաղը», «նուրբ իրիկնաժամը», «թովիչ կիսամութը», Միսաք Մեծարենցի «անույշ» եւ «հեշտագին» գիշերը վերածվում է մառ ու մթին, մռայլ ու մահահոտ ճակատագրի պատկերի, վկայում են Չարենցի վերջին երեք-չորս տարվա բոլոր գործերը։ Կարդացեք եւ տեսեք, թե ի՜նչ մռայլորեն են թանձրանում գույները, ի՜նչ չարագուշակ են դառնում մակդիրները… Եվ, վերջապես, Չարենցը գրում է մի քանի տրիոլետ մայրամուտի պատկերով, որոնց մեջ բոլոր բառերը սկսում են «մեն» տառով՝ ավելի ընդգծելով մայրամուտի մառ ու մթին, մռայլ խորհուրդն ու իմաստտը։ Ահա երկու տրիոլետ.
ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
* * *
Մառ մորմոքում է մայրամուտը,
Մահվան մոխիր է մովից մաղում, –
Մեռնում է մութը մթնշաղում, –
Մառ մորմոքում է մայրամուտը։ –
Մտորումներս մահ են, մութ են,
Մարխե մտքեր են միայն մխում, –
Եվ մորմոքում է մայրամուտը,
Մահվան մրուր է մովից մաղում…
26-28.V.1937
* * *
Մառ՝ մորմոքում է Մայրամուտը –
Ու մգլահոտ է մովից մաղում։
Մարում է մուժը մթնշաղում, –
Մառ մորմոքում է Մայրամուտը…
Մխում է մարխը։ Մարդը։ Մութը։ –
Մգլել է միրգը մեր մաղախում…
Մառ մորմոքում է Մայրամուտը,
Մուգ մգլահոտ է մովից մաղում…
1937
Ահա, ուրեմն, Գյոթեի գեղեցիկ մադրիգալային քնարական բանաստեղծությունն ունի առնվազն երեք իմաստ՝ պարզ հայեցողական, խոհական-փիլիսոփայական եւ քաղաքական։
Բայց այդ բանաստեղծությունը ունի ե՛ւս մեկ իմաստ՝ անագոգիկ, բայց ինձ վերապահված թերթային տարածությունը իր սահմանին հասավ, ուստի այդ մասին մեկ ուրիշ անգամ…
Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ