Ակներեւ է, որ այսօր հանրակրթության ծրագրային բաղադրիչում նվազագույնի է հասցված աշակերտների գեղագիտական դաստիարակությունը:Մեր հանրակրթության ոլորտում շատ քիչ են այն դպրոցները, որոնք ունեն արվեստի արտադասարանական խմբակներ՝ գեղանկարչություն, թատրոն, հագուստի մոդելավորում եւ այլն:Ինքնին հասկանալի է, որ այս ամենի համար հարկավոր են հավելյալ նյութատեխնիկական ներդրումներ, ինչն այսօր դպրոցը չունի:Արվեստ բաղադրիչի պակասի մասին շատ կարելի է խոսել…այդ պակասը մեր երեխաների հոգիներում է, որոնք, չսնուցվելով գեղեցիկով, օտարանում են հեքիաթից, իսկ հոգիները՝ կոպտանում:
Ասվածի համատեքստում օրերս Երեւանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 դպրոցում հիմք դրվեց դպրոց-բուհ գեղագիտական մի օգտակար համագործակցության: Դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Երզինկյանի միջեւ ստորագրվեց հուշագիր: Նպատակը մեկն էր. դպրոցում ստեղծել գեղարվեստական լուսանկարչության հիմունքներն ուսումնասիրող արտադասարանական խմբակներ, պարբերաբար կազմակերպել արվեստի այս ճյուղով հետաքրքրված աշակերտների այցելություններ ֆակուլտետի լուսանկարչական արվեստանոցներ, խրախուսել այս մասնագիտության մեջ նախանձախնդիր աշակերտներին:
Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկեց Գեղարվեստական լուսանկարչության բաժնի ուսանողների եւ շրջանավարտների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը (համակարգող՝ վերոնշյալ ամբիոնի դասախոս Արմեն Խաչատրյան): Բացման խոսքով հանդես եկավ անվանի հեռուստալրագրող, բ.գ.դ., պրոֆեսոր Սերգո Երիցյանը՝ կարեւորելով նման ձեռնարկի ոչ միայն գեղագիտական արժեքը, այլեւ ապագա ֆոտոլրագրողների մասնագիտական կողմնորոշման արդիականությունը, մասնագիտություն, որը մեծ պահանջարկ ունի այսօր մեդիադաշտում: Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ականավոր կինոօպերատոր, Կուլտուրայի ֆակուլտետի վաստակաշատ մանկավարժ Ալբերտ Յավուրյանի դուստրը՝ Շուշան Յավուրյանը, իսկ մայրաքաղաքում բարի համբավ ունեցող «Ֆենիքս» գրախանութի մենեջեր Քրիստինե Նազարյանը հանդիսության մասնակիցներին հանձնեց հուշանվերներ: Ցուցահանդեսին հրավիրված էին նաեւ Կոտայքի մարզի Արամուս գյուղի՝ Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի բարձրդասարանցիները՝ ուսուցչուհի Վարդուհի Վարդանյանի առաջնորդությամբ: Ցուցահանդեսի համակարգող Արմեն Խաչատրյանը աշակերտներին հանգամանորեն մեկնաբանություններ էր տալիս լուսանկարների գեղարվեստական ասելիքի մասին՝ համբերատար կերպով պատասխանելով նրանց հարցերին:Որպես կանոն, ցուցահանդեսներն ընթանում են «լուռ», սակայն այս անգամ այն ասես վերածվել էր հարցուպատասխանի մի ուսանելի բաց դասի:
Դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանը շնորհակալագրեր հանձնեց ցուցահանդեսի մասնակիցներ Արամ Խաչատրյանին, Մանուել Ստեփանյանին, Անահիտ Աբրահամյանին, Էռնա Պարոնյանին, Հրանուշ Վարդանյանին, Յուրի Կարապետյանին, Տիգրան Իսկանդարյանին, Նինա Դեղոյանին, Ակսել Թահմասյանին, Միքայել Առաքելյանին՝ լուսանկարչական աշխատանքներով ցուցահանդեսին ներկայանալու համար: Կուլտուրայի ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Գեւորգ Թադեւոսյանի կողմից շնորհակալագիր հանձնվեց նաեւ դպրոցի տնօրեն Գարեգին Ներսիսյանին՝ նման գեղեցիկ համագործակցության առաջարկին գործուն արձագանքելու եւ փոխըմբռնման համար:
Մնում է հուսալ, որ այս գեղեցիկ նախաձեռնությունը կտա իր պտուղները՝ մեր մատաղ սերնդին արվեստի այս ուրույն ճյուղին հաղորդակից դարձնելու իր վեհ առաքելությամբ… որ հետո չտրտնջանք, թե այս ի՛նչ իներտ ու դաժան սերունդ է մեծանում:
14.02.2022 թ.
ԱՐՏԱՇԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-իԿուլտուրայի ֆակուլտետի փոխդեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ