Այսօր «Դոյչե վելլեն» «խմբագրեց» շաբաթներ հաստատուն պահած իր թեմատիկ վերնագիրը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ը դարձրեց «Լեռնային Ղարաբաղ»: Վերաձեւակերպեց նաեւ առաջին տողը՝ «Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո հանրապետություն է՝ հիմնականում հայերով բնակեցված: Միջազգային իրավունքի համաձայն՝ տարածքն ադրբեջանապատկան է։ Վերջերս Լեռնային Ղարաբաղը հայտարարեց իր ինքնալուծարման մասին»։
«Դոյչե վելլեն» դեռ պահպանել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» խորագիրը
Թեեւ դրա դե ֆակտո գոյության մասին գրել է նաեւ երեկ( մինչ հոդվածը տպարան ուղարկելն այդպես էր- Ան. Հ.), ինչպես նաեւ թարմացվող լրահոսում մատուցել Արցախի նախագահի երեկվա բոթը, թե 2024-ի հունվարի 1-ից իր հրամանով լուծարվում են պետական կառավարման մարմինները, սակայն մեր (կամ 1988-ին Ազատության հրապարակում ինձ նմանների) ոգին 32-ամյա հաղթանակը զմռսել է այնքան, որ նույնիսկ այս՝ ցեղասպանության աղետի ականատեսը լինելով, մի պահ դժվար եմ հավատում, թե «մշուշի միջից տեսիլ դյութական է դառնում», ավելի հստակ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական «հիմերն անդունդն են ընկնում», խարիսխն ենք կորցնում այն պահին, երբ հայերս պետություն ունենք… Իսկ «Դոյչե վելլեն» եթե դրա երաշխավորն է ուզում լինել, էլ ինչո՞ւ է հապաղում, կարգավիճակի պանիրը Գրանադայի թակարդո՞ւմ է պահում…
Ինձ ծանոթ, ինձ անծանոթ հերոսները ԼՂԻՄ-ը միացրին Հայաստանին, ճանապարհն ուղիղ տանում էր Արցախ: Իմ պետության ղեկավարները դա թուղթ չդարձրին, գերմանացի բոլոր պաշտոնյաները, որոնց հետ խոսել եմ մեր թերթի էջերում զրույցը պահ տալով՝ նույն հարցն են տվել՝ իսկ դուք ինչո՞ւ ԼՂ անկախությունը չեք ճանաչում: Ես չունեմ այդ, նաեւ այն հարցի պատասխանը, թե Արցախի նորընտիր նախագահն ինչո՞ւ է այն լուծարում հիմա… ո՞ւմ թելադրանքով է այդ՝ ոչ կամավոր էֆթանազիան:
EXODUS-ը «Ելիցը» թեեւ էպիկական է, բայց ոճիրը ճշգրիտ բնորոշում ունի՝ ցեղասպանությունից մազապուրծների բռնագաղթ
Դեռ ժամանակ կլինի փաստերով արձանագրելու, թե աշխարհը, բայց առաջին հերթին՝ Գերմանիան, որքան սառնասիրտ է, երբ խոսքը մի ողջ ժողովրդի, պիտի շեշտենք՝ արցախահայության, հայ ժողովրդի ցեղասպանության՝ Աղետի նոր փուլի ականատեսը լինելով, որքան գթասիրտ է, երբ տարերային աղետից տուժածների խնդրով է զբաղվում: Ուկրաինական պատերազմի ժամանակ էլ նրա գերձայնային արձագանքը՝ ի սեր չէ, այլ՝ ի դեմ է՝ Ռուսաստանի: Արցախի պարագայում, Հայաստանի անվտանգության պարագայում չի ելնում նույնիսկ իր պատմությունից ստանձնած պարտավորությունից, որ արձանագրել է Բունդեսթագի 2016-ի հունիսի 2-ի բանաձեւում: Այնտեղ Ռուսաստան չկա, կա Թուրքիա, որին հորդորում է առերեսվել սեփական պատմությանը, իսկ իր համապատասխանատվությունն է կանխել հայ ժողովրդի անվտանգությանը սպառնացող վտանգը: Բայց հիմա էլ նույն մեղսավորն է, ԳԴՀ արտգործնախարար Բերբոքի վարքին հետեւելով՝ լուռ դիտորդից դարձել է լեզվանի…
«Էթնիկ մաքրազտում», «տարհանվող հայ բնակիչներ», «հարկադիր ելք», «կոտորածի երկյուղ», «Հայոց ցեղասպանության տրավմատիկ հիշողություն» արտահայտությունները երեւացին գերմանական մամուլում, սակայն տիրապետողը եղավ Արցախի բռնագաղթը Ելք (Exodus) տպավորիչ, իմ կարծիքով էպիկական որակմամբ նկարագրելն այն պարագայում, երբ միջազգային մասնագետը՝ Մորենո Օքամփոն արդեն ձեւակերպել էր՝ ցեղասպանություն: Exodus-ը ըստ Մովսեսի գրքի, Հին կտակարանի հրեաների ելքն է Եգիպտոսից, երկրորդ իմաստով՝ որեւէ բնակավայրից զանգվածային գաղթը ( գերմանացիները գործածում են սա, երբ օրինակ նկարագրում են Դանցիգից (լեհական Գդանսկից- Ան.Հ.) իրենց գաղթը: Որքանո՞վ է սա համադրելի, թողնենք պատմաբաններին, սակայն երեք ցեղասպանության մեջ մեղսավոր Գերմանիան դեռեւս անպատիժ՝ ոճրագործ Ադրբեջանի դահիճ Ալիեւի վարքն ինչո՞ւ չի ձեւակերպում իր բառարանում առկա իրավական եզրերով:
Գերմանական WDR-ի թղթակից Մարկուս Ռայխերթը (Marius Reichert) անցյալ շաբաթաթավերջին Կոռնիձորից, այնուհետ Գորիսից, երրորդ օրը Երեւանի Հանրապետության հրապարակից էր ռեպորտաժ հաղորդումը Արցախում տիրող իրավիճակի մասին: Նրա հակիրճ փոխանցածը ավելի սեղմ հետեւյալն էր՝ Արցախում կատարվածից հետո Երեւանում զանգվածային բողոք կա կառավարությունից, որ անհրաժեշտ առավելագույնը չի արել, անգործություն է դրսեւորել: Նա կրկնեց «միջազգային իրավունքի տեսակետից Արցախը պատկանում է Ադրբեջանին» սխալ ձեւակերպումը, որ նշանակում է արդարացնել Բաքվի գործողությունները: Միջազգային իրավունքը նման «արտոնություն» ե՞րբ է տվել: Քաղաքական որոշման հետեւանքն է, որ սահմանումը վերաձեւակերպվեց, իսկ մեր դիվանագետները ներողամիտ գտնվեցին, ահա՛ արդյունքը: Շվեյցարական «Նոյե ցյուրխեր ցայթունգը» սեպտեմբերի 27-ին հստակ վերնագրել է՝ «Պատերազմն ու «էթնիկ զտումը» Nagorni Ղարաբաղում: Միջազգային իրավունքն այսպես դառնում է միջազգային անիրավություն»:
WDR-ի թղթակիցը հաղորդեց, որ Արցախ մեկնելն անհնար է, Ադրբեջանը չի արտոնել, իսկ Կոռնիձորում եւ Գորիսում անթաքույց ազդված էր արցախահայերի բռնագաղթի սահմռկեցնող պատկերները տեսնելով, սակայն նրանց հետ զրույց չներկայացրեց, իսկ գերմանական հեռուստատեսության հետագա ռեպորտաժներում ներկայացված տեսանյութերի զգալի մասը թե՛ Գորիսից, թե՛ Արցախից, սեփական արտադրանք չէին: Արցախի հիվանդանոցներում պայթյունից տուժածներին վերաբերող տեսանյութերի վրա դրոշմված էր ՌԴ ՊՆ լոգոն: Սակայն կարեւորն այն է, որ Աղետն նվազ չափով, բայց արձանագրվում է, գերմանական հեռուստաեթերից պատմում են իրենց պապենական շեն տնից հարկադրաբար դուրս եկած մարդիկ, որ Ադրբեջանին չեն վստահում, նրանց հետ ինտեգրվել չեն կամենում, քանի որ գիտեն ցեղասպան վարքը, ատելավառ բանավոր խոսքն էլ դառնում է սպանդի հրաման: Գորիս հասած արցախցիներն իրենց տառապանքից են պատմում արտասվալից աչքերով, արժանապատիվ կեցվածքով, նկատելի հանդարտ ձայնով…91-ից ի վեր հայրենի հողի համար պայքարող մարդու, որդեկորույս մոր, հայր չտեսած մարդու, այժմ՝ դրանից անդին՝ հայրենազուրկ դառնալու, որդիների աճյունը հողին հապճեպ հանձնած, գաղթի ճանապարհը մորմոք սրտով անցած մոր տառապանքի մեծագույն վիհը ստիպում է ցածր խոսել:
Առցանց «Շպիգելը» սեպտեմբերի 22-ին ներկայացրեց, որ ըստ լուրերի, թեեւ հրադադար է հաստատված Ստեփանակերտում, սակայն մոտիկից կրակոցների ձայն է լսվում: Շատերը շոկի մեջ են: «Շպիգելը» փաստագրել էր արցախահայերից մի քանիսի վկայությունը: Նադեժդա Այվազյանը պատմում է. «Երբ ականը գյուղի մեջ ընկավ, գյուղապետն ասաց՝ «դուրս եկեք»: Նա մեզ ավտո նստեցրեց, այստեղ բերեց: Մեր տները լքեցինք, ամեն ինչ լքեցինք…ժամանակ էլ չունեինք ուտելու բան վերցնել: Նրանք կրակում էին մեզ վրա, ասես կարկուտ էր տեղում»: Սվետլանա Ալավերդյանը Առաջաձորի բնակչուհի է: «Աջ էին կրակում, ձախ էին կրակում, մեկս մյուսի հետեւից դուրս էինք գալիս՝ առանց շոր հագնելու, գնացինք դեպի օդանավակայան: Բայց նրանք մեզ հետ ուղարկեցին, չգիտեինք՝ ուր գնալ, ում մոտ, մութ էր արդեն»:
«Շպիգելը» նշում է, որ դեռեւս հնարավոր չի եղել անկախ աղբյուրների միջոցով ստուգել փաստերը, տեղում իրավիճակի ճշգրիտ պատկերը հստակ չէ: Եւ շարունակում է. «այս տանկը, որ անկախության հուշարձան է, ադրբեջանական զորքը ապամոնտաժել է (տեղեկություն տարածվեց, որ այն ցուցադրվելու է Բաքվում՝ Ալիեւի ավարի պուրակում): Ուժի ցուցադրականություն է, գրում է «Շպիգելը» եւ շարունակում՝ հայերը ԼՂ-ում հիմա միայն «էթնիկ մաքրազտումից» են երկյուղում:
Սահմանին, ուր ռուսական զորքն է, Կարմիր խաչը օգնություն է հասցնում, Արցախից դուրս եկածները սպասում են իրենց հարազատներին, ազգակիցներին: Գրիգոր Զախարյանն ասում է՝« Ոչ ոք չգիտի՝ ով ուր է. Անտառու՞մ, թե՞ լեռներում: Միգուցե ողջ էլ չեն, եւ էլ չենք տեսնի նրանց: Շատ դժվար է: Կներեք, էլ չեմ կարող խոսել»…
Երանի մենք էլ՝ համակարգչի էկրանից Աղետին հետեւողներս մեղավորության, ամոթի զգացում ունենայինք… տառապանքից պապանձվեինք:
Սոցցանցն արձակել է հայ օգտատերերի, ոչ միայն գավառամիտ հայի, այլեւ՝ կիսագրագետի կամ գրագետի մատների եւ լեզվի սանձը, իսկ ուղեղը… հավանական է դեմոկրատիա դեղահաբի «կողմնակի» ազդեցության տակ է, որ լուծել է «ազգային անվտանգություն, ինքնություն» պաշտպանական թաղանթները, իսկ հոգեբանական խարխուլ վիճակը վարպետորեն եւ անտես կառավարում է թուրքադրբեջանական զանգվածային հրահանգը՝ սա՛ տարածեք, նա՛ տարածեք…բոլորը գրում են, բոլորն աղմկում… կուռ եւ զգոն գրի կարիքը մեծանում է, իսկ ավելի անկեղծ՝ սոցցանցը երեւի փակել է պետք, որ «կյանքս արի հրապարակ»ը վերջանա,ժանտախտը չտարածվի, ատելությունը չբազմապատկվի, վնասատու միջատները, մոլախոտերը ծառերը չգետնեն…
Թեեւ «Երեւանը մինչեւ հիմա մերժել է միջանցքը», սակայն կա թուրք-հայկական մերձեցման հեռանկար
Հետեւենք Թուրքիայում աշխատող գերմանացի թղթակիցների հոդվածներին: «Թագեսշպիգելի» ՝այդ երկրում 1998-ից թղթակից Սյուզաննե Գյուսթենը սեպտեմբերի 25-ին «ԼՂ հակամարտություն. Թուրքիան գործընկեր է որոնում» հոդվածում նկատել է տալիս, որ «Էրդողանը պաշտպանում է վարչապետ Փաշինյանին, երբ վերջինիս քննադատում են ԼՂ-ի հարցում: Ադրբեջանի՝ ԼՂ-ի վրա վերջին հարձակման առիթով Թուրքիայի նախագահը, ըստ «Անադոլու» գործակալության, ասել է, թե Փաշինյանը մեղավոր չէ, սադրանքի հետ ինքն էլ, Հայաստանն էլ կապ չունեն, ավելի մեղավոր են Ղարաբաղում նախագահ ընտրած «պրոլետարները»: Էրդողանն ասել է, թե Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո կամենում է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ հավատում է, որ Փաշինյանն է այդ գործընկերը»: Թղթակիցը նշում է, որ մինչ վերջին զարգացումներն էլ, Էրդողանը Փաշինյանին բարձր էր գնահատում, հատկապես երրորդ պաշտոնամուտի առիթով հունիսին Անկարա գնալը, այն պարագայում, երբ արեւմտյան մի շարք հայտնի քաղաքական գործիչներ ներկա չեղան: Էրդողանը, որ արտաքին քաղաքականության մեջ գնահատում է միջազգային քաղաքական այրերի հետ անձնական կապերը, սա չի մոռանա: Այցը «կարեւոր քայլ» եղավ, գրում է «Թագեսշպիգելի» մեկնաբանը: Առաջին անգամ Էրդողանը Փաշինյանին հանդիպել է անցյալ հոկտեմբերին (Պրահայում) եւ հայտնել, որ հավատում է, թե Հայաստանի հետ հարաբերությունները կարող են ամբողջովին նորմալանալ»: Մինչեւ հիմա դա արգելակվել է երկու պատճառով՝ Ղարաբաղյան հակամարտության, որի ժամանակ Թուրքիան Ադրբեջանի դաշնակիցն է, եւ առաջին համաշխարհայինի ժամանակ ցեղասպանության վերաբերյալ վեճի, գրում է «Թագեսշպիգելի» Թուրքիայի թղթակիցը: «30 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունները խզվել են: Այժմ Կովկասում կարճատեւ պատերազմից հետո կարող են հարաբերությունները կարգավորվել, թեեւ Անկարան Ադրբեջանի երկարամյա դաշնակիցն է: Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նախորդ 2 տարիներին փոքր բարելավումներ են նկատվել, կառավարություններն առավել շատ են հարաբերվել: Մեծ առաջընթացն արգելակել է Ղարաբաղյան հակամարտությունը»: Թերթը գրում է Էրդողանի Նախիջեւան այցի, Հայաստանին ուղղված միջանցք բացելու հորդորի մասին, որը «Երեւանը մինչեւ հիմա մերժել է»:
«Թագեսշպիգելի» հոդվածը եզրափակվում է հետեւյալ պարբերությամբ: «Կա թուրք-հայկական նորմալացման հեռանկար: Մարտական գործողությունների ավարտից հետո որոշ ժամանակ կպահանջվի, մինչև մերձեցումը նոր թափ ստանա, հետո կարագանա, կարծիք է հայտնում Անկարայի համալսարանի Կովկասի հարցերով փորձագետ Օրհան Գաֆարլին»:
Գերմանական taz-ի սեպտեմբերի 25-ի համարում Թուրքիայի թղթակից Յուրգեն Գոթշլիհը Ստամբուլից գրում է, որ Էրդողանը 14 տարի անց Նախիջեւանում է, եւ սա խորհրդանշական է: Այնտեղ հանդիպել է Ալիեւին՝ Զանգեզուրի միջանցքի մասին խոսելու նպատակով: «Այն ժամանակ, երբ Ղարաբաղի հայ բնակչությունը փախչում էր, երկու հաղթողները քննարկում էին հաջորդ քայլը՝ միջանցք Հայաստանի հարավով, որ Նախիջեւանը Ադրբեջանին միացնելով շարունակական կապ կապահովի Թուրքիայից Բաքու: Քանի միջանցքը դեռ չկա, նախատեսվում է խողովակաշար կառուցել դեպի Նախիջեւան՝ այն ադրբեջանական գազով ապահովելու համար: Բացի այդ, Թուրքիան ցանկանում է այնտեղ ռազմաբազա ունենալ»: Թերթի թղթակցի հաղորդմամբ, Էրդողանը կուլիսներում առաջ է քաշել իր եւ Պուտինի, Ալիեւի, Փաշինյանի հետ գագաթնաժողով գումարել՝տեւական խաղաղության հասնելու թեմայով: Սակայն մինչ այդ Իսպանիայում պիտի կայանա Փաշինյան-Միշել-Ալիեւ-Մակրոն-Շոլց հանդիպումը, որ «Ղարաբաղի հայերի համար կարող է ուշ լինել»:
Սեպտեմբերի 23-ին taz ը հրապարակեց նույն հեղինակի «Երկու կողմն էլ՝ առավելագույն պահանջներով» վերնագրված հոդվածը: Հեղինակը նկատի ունի թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: «Այն, ինչ այժմ կատարվում է ԼՂ-ում, պատմական չափերի ողբերգություն է: Դարեր ի վեր հայաբնակ, հաճախ որպես հայ ժողովրդի առասպելական հայրենիք փառաբանված ԼՂ-ը կարող է ընդամենը մի քանի ամսում «մաքրվել» հայ բնակչությունից: 1915-ի ցեղասպանությունից հետո, որին զոհ գնաց Օսմանյան կայսրության հայերի մեծ մասը, սա էլ մեծ աղետ է: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանի տարբեր կառավարությունների ավելի խելացի քաղաքականության միջոցով հնարավոր կլիներ կանխել ներկայիս ողբերգությունը: Սակայն թե՛ ադրբեջանցիները, թե՛ հայերը առավելագույն պահանջների քաղաքականություն են վարում՝ հարևանը մահացու թշնամի է, և նրա հետ փոխզիջումներն անհնարին են», գրում է Գոթշլիհը:
Շատ խիտ է Գոթշլիհի հոդվածը, նա հիշատակում է Ստալինի դերակատարման մասին, գովում է Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը, ասում է, որ սփյուռքի հայերը ոգեւորվել էին Արցախի անկախության հռչակմամբ, դրամ էին ուղարկում, կռվում այդ հողը պաշտպանելու համար, վարդագույն էին տեսնում նրա ապագան: Այս հոդվածն ընթերցելիս սկսեցի վերանայել կարծիքս հեղինակի մասին: Հիշում եմ նրա հետ «Ազգ»ի մեր հարցազրույցը: 2015-16-ին շատ ակտիվ աջակցում էր, որ Բունդեսթագը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, գիրք գրեց Գերմանիայի պատասխանատվության մասին՝ վերնագրելով այն «Սատարում ցեղասպանությանը»: Որքան էլ նրա քննադատությունը Հայաստանի կառավարությունների հասցեին անաչառ լինի, որոշ իմաստով՝ միգուցե ուսանելի, սակայն բարոյակա՞ն է արդյոք, երբ դրա մասին գրում է գերմանացի հեղինակը, որի աշխատանքային կեցավայր Թուրքիայում մեր հանդեպ ցեղասպանությունը շարունակում են ամենօրյա ուրացմամբ, իսկ Ադրբեջանում հայերիս հանդեպ վերբալ նվաստացմանը զուգահեռ հենց այսօր եղեռն են իրականացնում: Ուրեմն քանի դեռ հավասարության նշան են դնում իր բնօրրանը զենքով պաշտպանող մարդու եւ նրան լլկող ու սպանող, նրա հարստությանը տիրացող ոճրագործի միջեւ, ընթացող ցեղասպանությունը չեն տեսնում, հավատ չեն ներշնչում ո՛չ իրենց գրքերը, ո՛չ էլ՝ մղումները: Գոթշլիհը ցեղասպանություն եզրն այստեղ չի գործածում, իր կառավարության ղեկավարի, ազգակիցների եւ «հարց լուծողների»՝ Շոլցի, Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Աննալենա Բերբոքի հասցեին մեղադրանք չի հնչեցնում, թե նրանք թեւ են տալիս ոճրագործին:
Երկու կողմին՝ զոհին եւ ոճրագործին հավասարեցնելու բարոյազուրկ չափումը մեզ հուշում է լուռ չմնալ, ձայնել նաեւ նրանց փոխարեն, որ ոճրին զոհ գնացին, միգուցե հայոց Նյուրնբերգը կանխի Արցախի պետականության ինքնալուծարման հայտարարության իրականացումը:
Բոլոր հայերը կողմ չեն էֆթանազիային:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա