Հարգելի բարեկամներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու Հայաստանի Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանակիր, «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակակիր, խմբագիր, մատենագետ, հրատարակիչ, հանգուցյալ Ժիրայր Դանիելյանին նվիրված՝ «Անկրկնելի Ժիրայր Դանիէլեանը» գրքի շնորհանդեսին, որը տեղի կունենա հուլիսի 26-ին, չորեքշաբթի օրը, ժամը 17:00-ին, «Թեքեյան» կենտրոնում (հասցեն՝ Երեւան, Խանջյան 50):
Խմբագիր, մատենագետ, հրատարակիչ Ժիրայր Դանիելյանը ծնվել է 1941 թվականին, Լիբանանում: Սովորել է Բեյրութի Հովակիմյան-Մանուկյան վարժարանում, ապա Հայկազյան քոլեջում (այժմ՝ համալսարան): Շուրջ 23 տարի պաշտոնավարել է նույն տեղում՝ որպես հայագիտական գրադարանի վարիչ, ապա՝ ընդհանուր գրադարանապետ: Եղել է Հովակիմյան-Մանուկյան, Դարուհի Հակոբյան երկրորդական վարժարանների տնօրեն:
Դասավանդել է Հայկազյան համալսարանում եւ ՀԲԸՄ Երվանդ Հյուսիսյան հայագիտական հաստատությունում: Աշխատել է «Հայկազեան հայագիտական հանդէս», «Հիւսիսեան հայագիտական տարեգիրք», «Հասկ հայագիտական տարեգիրք», «Երիտասարդ հայ», ՀԲԸՄ-ի «Խօսնակ», «Շիրակ» (1990-1997 թվականներին՝ պատասխանատու խմբագիր) եւ այլ պարբերականների խմբագրություններում: 2005 թվականից «Կամար» գրական պարբերականի հիմնադիր-խմբագիրն էր:
Լույս են տեսել Ժիրայր Դանիելյանի «Ակնարկ լիբանանահայ մամուլի պատմութեան» (1973), «Հայ մամուլի հաւաքածոյ» (1974), «Սփիւռքահայ նոր պարբերական մամուլը 1967-1980 թուականներուն» (1981), «Հայ նոր պարբերական մամուլը. 1967-1981» (1984), «Լիբանանահայ տպագրութիւնը պատերազմի տարիներուն. 1975-1984» (1986), «Բանասիրական որոնումներ» (1996), «Գրական որոնումներ» (2007), «Բանասիրութեան բաւիղներուն մէջ» (2011) մատենագիտական եւ բանասիրական աշխատությունները: