Ես բավականին լավ գիտեմ արդի հայ գրականությունը թե՛ իբրեւ ընթերցող եւ թե՛ որպես գրական կյանքի երկարամյա մասնակից: Շատ բան եմ ապրել ու վերապրել: Շատ բաներ ինձ տխրություն են պատճառել: Եղել են նաեւ ուրախության պահեր, երբ ձեռքս է անցել որեւէ լավ ստեղծագործություն, մանավանդ այնպիսին, որ կցանկանայի ինքս գրած լինել, եթե ոչ ամբողջովին, ապա նրա գոնե մեկ-երկու պարբերությունը, ընտիր ու ճշմարիտ բառերի պատկերային փունջ: Զարմանալի չէ, բնական է, որ «բազում են կոչեցեալք եւ սակավ ընտրեալք»: Տես Հայաստանի գրողների միության անդամների տեղեկատուն, եւ ոչ միայն այս մեծաթիվ ցանկը, այլեւ՝ ցանկը արտագրական այն գրամոլների, որոնք քուն-արթուն երազում են գրողների միության անդամատոմս ունենալ, շարք մտնել, վայրկյան անգամ չգիտակցելով, որ գրողը տոմսով չի, հոգեկերտվածքով են գրող կամ նկարիչ դառնում: Այլ ճանապարհ չի եղել, չկա ու չի լինելու, թեկուզ հազար ու մի անդամատոմսով շքանշանի նման «քնքուշ» կուրծքդ զարդարես:
Անցած տարեվերջին ծանոթացա Դավիթ Սամվելյանին՝ նրա «4-րդ փողոց» գրքի միջնորդությամբ («Էդիթ Պրինտ» հրատարակչություն, 2022 թ.): Այստեղ առկա են հեղինակի 14 պատմվածքները եւ 4 էսսե: Անկեղծորեն խոսեմ, այլ կերպ չեմ կարող, շատ զգույշ կարդացի եւ դարձյալ անցա գրքի 288 էջերով: Անգամ կասկածում էի՝ հո մի հերթական հավաքածու չէ՞ մեր ժամանակակից, ավելի ստույգ՝ ժամանակին կից ու կցված գազոնային արձակագրության տիրույթում, որտեղ շատերը իրար նման են, միայն քչերն ունեն որոշ գրողական տարբերանշաններ: Ի վերջո հասկացա՝ այս դեպքում անտեղի եղավ զգուշությունս ու մանավանդ կասկածանքս, պարզապես տուրք եմ տվել մի ճշմարտության, որը ոչ միշտ է ճշմարիտ:
Գիրքը բնաբանի պես մի տող ունի՝ «Երբեմն կիսատ պատմություններն են ամբողջական լինում, քանի որ նրանց մեջ ամփոփվում է մի ողջ աշխարհ սեր»: Սա բանալի չէ՞ ըմբռնելու Դավիթ Սամվելյան հեղինակի բնույթն ու հայացքի ուղղությունը: Խնդրում եմ համաձայնեք ինձ հետ, եթե նույնիսկ սխալվում եմ, դուռ բացող բանալի է, դռան ետում՝ օտար հարազատ մի կյանք:
Գիտե՞ք, այնքան էլ դժվար չէ որոշել գրո՞ղ է գրվածքի հեղինակը, թե՞ մեկ ուրիշ բան, բավական է ուշադիր, ներթափանցումով կարդալ նրա մեկ-երկու տողն ու տողատակը եւ տեսնել՝ գրող չի կամ գրող է: Ահավասիկ. «Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը», մեծ գրողի մի տող: «Քարի մոտ է բսնում ալպիական մանուշակը… Արեւից քարերը տաքանում են, եւ երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին: Ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք է թվում, աշխարհը ծիրանագույն բուրաստան», դարձյալ մեծ գրողի ստեղծած պատկեր, մնում է մի լավ նկարիչ գա ու նկարի, կոմպոզիտորը սրա շուրջը նոտագրի մի հոգեզմայլ մեղեդի: Այո, կատարյալ զգեստի կոճակը եւս բնորոշում է ամբողջ զգեստը: Բնության մեջ էլ է այսպես: Թռչունից պոկված փետուրը թռչունն է: Գրական տեքստը պետք է թռչի իր շատ հատվածներում: Դա ի վիճակի է անելու միայն բառերի կախարդական գորգով թռչող գրողը, ոչ իրականության առջեւ սողացող որեւէ մարդ: Եթե տեքստը թռչում է, ուրեմն դու զրուցում ես գրողի հետ:
Նկատեցի՞ք, ես վերցրի շատ բարձր, դասական նշաձող, որ կարող են մասամբ հաղթահարել շատերից քչերը: Իմ նպատակը չէ այդ չափն ու կշիռը մի որոշակի հայտարարի բերել, այլ իմանալ հեղինակի հարաբերության աստիճանը նրան, կա՞ նրանց միջեւ փոխըմբռնում, տեսնել թռչող գրողին: «Կարո՞ղ ես այնպես շնչել գարունը, որ թոքերդ սիրուց վառվեն, աչքերդ գույներից կուրանան: Քիչ խոսիր ինքդ քո մասին, պարզապես լռիր: Լսիր հորդ անձրեւի շառաչն ու հասկացիր, թե որքան փոքր է վիշտդ երկնքի լացի համեմատ»: Եվս մեկ օրինակ Դավիթ Սամվելյանից. «Քեզ տրորում եմ դեմքիս, պարանոցիս, ուսերիս: Թոքերս հեւոցով ոռնում են անունդ, բերանս փակում եմ, որ չարտաշնչվես ու չլքես ինձ»:
«4-րդ փողոց» գրքում այսպիսիք քիչ չեն, գուցե ոչ ամենատիպականը հիշեցի, բայց սրանք էլ վկայում են, որ առջեւս երիտասարդ, բայց արդեն հասուն, ինքնատիպ հայացք ու մտածողություն ունեցող գրողի ներկայությունն է մեր այս մեծավ մասամբ նմանօրինակ հագուստ-կապուստով, նույն եւ նույն սանրվածքով ու շպարանքով, նիստ ու կացով գրական դաշտում, եւ ոչ միայն գրական, այլեւ համայն մշակութային, որ ամեն օր ու ժամ տեսնում ենք հատկապես հեռուստատեսությամբ, հատկապես խուլ երգիչների ու խեղկատակ դերասացների օրինակով: Հետեւաբար «պետք է օգնել տաղանդավորներին, քանզի անտաղանդներն իրենք են հաջողությամբ հարթում իրենց ճանապարհը» – ռուս բանաստեղծի կարծիքը կրկնել է Պարույր Սեւակը:
Ես չգիտեմ՝ Դավիթ Սամվելյանը ծննդաբանությամբ գյուղացի՞ է, թե՞ քաղաքացի: Գուցե՝ գյուղացի, բայց քաղաքագրություն է անում, ինչպես մեր շատ ընտիր գրողներ: Ինչ ուզում եք ասեք, գյուղագրությունը մակերես է, քաղաքագրությունը՝ մակարդակ: Կարելի է գյուղում ծնվել եւ այդտեղ ապրել, գյուղ նկարագրել, գյուղացուն ու նրա կյանքը, բայց լինել ու մնալ գեղարվեստական գրականության տեսանկյունից շատ ավելի բարձր՝ քաղաքագրության մակարդակի վրա: Հանճարեղ Հովհաննես Թումանյանը, որի ստեղծագործության ֆաբուլաները բացարձակապես գյուղաշխարհից են, բավական չէ՞, որ իմ այս կարծիքը հալած յուղի տեղ ընդունեք: Նրա դպրոցի սաները քիչ չեն: Քանի դեռ գյուղը մնում է հայ ժողովրդի գոյության քարտեզում մի գլխավոր տարածաշրջան, եղել են, կան եւ հավանաբար մշտապես գոյություն կունենան գրողներ, որոնք կարոտով ու հոգեպես նրան կապված կլինեն: Գրականագիտությունը դիպուկ ու ճշգրիտ անուն է տվել այդպիսիներին՝ «գյուղագիրներ», եւ նկատի ունենալով նրանց խոսքի մակերեսայնությունը, նրանց արդարացիորեն տեղավորել է գրականության պատմության հաճախ մութ լուսանցքներում: Դավիթ Սամվելյանը զտարյուն քաղաքագիր է, ոչ մի շեղում իր այդ սկզբունքից, որ նրա պատմվածքների առավելություններից է անշուշտ:
Այս՝ քաղաքագրության առումով խիստ տիպական մի օրինակ է «Շքամուտք» պատմվածքը: Սամվելյանը ի նկատի չունի աբստրահված քաղաքի պատկեր, այլ հենց Երեւանն ու նրա բնակիչներին, մեզ եւ իրեն, պարզ մարդկանց հոգեբանությունը, կենցաղն ու մտածումները, տխրություն, աշխատանք, ուրախություն եւ այլն: Կարճ ասեմ՝ փոքր մարդկանց մեծ աշխարհ, փողոցներից ու շենքերից գուցե ավելի նրանք են քաղաք երեւույթը: Եվ սա ճշմարիտ է: Այդուամենայնիվ գրողը փորձում է ընդհանրացում անել. Երեւանը հազարավոր քաղաքներից մեկն է Երկիր մոլորակի վրա, շատերին նման եւ իր յուրահատկություններով նրանցից տարբեր: Կարծում եմ՝ նմանություն-տարբերության մեջ է նաեւ քաղաքի բովանդակությունը: Ընդարձակ պատմվածքում «Երեւան» բառը հիշատակվում է երկու-երեք անգամ, «քաղաք»-ը՝ բազմիցս, որով ամբողջ տեքստը դառնում է ավելի քաղաքային ու քաղաքաշունչ: Սա գիտակցաբա՞ր է արված, թե՞ ենթագիտակցորեն: Կարեւոր չէ: Բավական է ասել, որ հեղինակը մտել է քաղաքի դժվար բացվող դարպասներից ներս:
Այս դիտարկումների ծիրում «Շքամուտք»-ն ամենաարտահայտիչն է ու ամբողջականը, սակայն մյուս պատմվածքները եւս քաղաքագրությունից դուրս չեն, այլ, շատ հատկանիշներով, նման:
Քաղաքագրությունը հայ գրականության մեջ երկար ճանապարհ է անցել, այժմ էլ բավականին հիմնավորապես գոյություն ունի, ասես մրցում է գյուղագրության հետ: «Երեւանը» եւս նոր թեմա չէ, գրվել են բազմաթիվ ակնարկներ, պատմվածքներ, անգամ ծավալուն երկեր, օրինակ Մկրտիչ Արմենի «Երեւան» վեպը: Սամվելյանի պատմվածքը չի խեղճանում այս հարուստ գրական հունձքի առջեւ, չի էլ հոխորտում նրա դեմ, այլ լռելյայն լրացնում է նրա բազմակերպությունը նոր գունագծերով:
Դավիթ Սամվելյանը թեեւ 4-րդ փողոցից է, բայց ոմանց նման փողոցային լեզվով գրականություն չի անում, այլ՝ միջինից զգալիորեն բարձր գրական, իր լեզվապատկերներն էլ ունեն գեղարվեստական «հագուստ»: Գիտենք, արձակ գրականությունը, ինչպես նաեւ էպիկական պոեզիան, պետք է նաեւ պատմողական լինի: Դու ինձ պիտի պատմես քո նյութի մասին, ցույց տաս, բառերով նկարես այն, ես պետք է տեսնեմ նրա դուրսն ու ներսը, եթե ոչ բոլոր, ապա մի քանի էական հատկանիշերով: Պարտադի՞ր է: Կարծում եմ՝ այո: Բայց այնպիսի մի պարտադրանք, որից կարելի է եւ շեղվել, եթե հեղինակն ինձ ու ձեզ ապացուցի, որ դա պայմանավորված է իր ստեղծագործական հայեցությամբ: Սամվելյանը կարծես ապացուցում է: Նա քիչ է պատմում եւ շատ է դիմում մտազննումների, որոնք երբեմն դառնում են խոհագրական բանաձեւումներ: («Դու մեղավոր չես, որ ծնողներդ ժամանակին՝ քո ծնվելուց առաջ, ինչ-որ բան այնպես չեն արել, ինչպես կուզեիր»: «Ամենագեղեցիկ հանդիպումները դեռեւս չկայացած հանդիպումներն են»): Գրքի շատ պատմվածքներում ֆաբուլան՝ պատումի օղակները ստվերում են, երկրորդ պլանում, կան ու չկան, բայց այս գրվածքը չի քայքայում գործի ամբողջականությունը՝ թանձր մտազննումների հավաքվածության շնորհիվ: Իհարկե, գրականությունը պարտավոր է ընթերցողին նաեւ առարկայական տեղեկություններ տալ կյանքի մասին, բայց սա մեխանիկական շարժում չէ, ինչպես փոստատարի դեպքում, այլ՝ հոգեմտավոր: Վայ այն գրողին, որն ընդամենը մի փոստատար է: Ես դատավոր չեմ, որ ասեմ՝ սա ճիշտ ճանապարհ է, իսկ սա՝ սխալ: Սակայն ինձ ավելի հարազատ է հոգեմտավորությունը, եթե անգամ սխալ լինի: Սամվելյանի պատմվածքներում կենդանի իրականության գետն է հոսում՝ այնտեղ խեղդվող ու հաջողությամբ լողացող մարդկանցով: Ի վերջո, այդ պատմվածքները նաեւ պատմությունների պատումներ են՝ շնորհալի գրողի մտածումների շրջանակում:
Գամ «4-րդ փողոցի» էսսեներին:
Էսսեն հոդվածի տեսակ է, բայց ոչ թե շատ ու շատ գրական ու պատմագիտական հոդվածներից ցածր, այլ բարձր, հնագույն մի ժանր նաեւ հայոց գրականության մեջ: Խորենացու «Ողբը» մի հռչակավոր էսսե է նրա «Պատմության» տիրույթում: Վերածննդի մեծ մարդ Միշել Մոնտենը իր «Փորձերում» էսսեն հասցրեց իշխանական գրականության աստիճանին: (Հայ ժամանակակից որեւէ հումանիտար պրոֆեսորի կամ ակադեմիականի մտքով կանցնի՞ իր հոդվածը փորձ համարել (չէ, ինչ փորձ, բալա, կասի, իմը հիմնարար- հիմնասյուն գիտություն է…): Եկեք ազգովին ու սրտանց ծիծաղենք այս փորձանքի վրա:
Էսսեն մտածողություն է, որ երբեմն հասնում է փիլիսոփայության աստիճանին: Մտքի հոսք եւ զգացմունքներ: Կիրառում է նաեւ պատկերավորման բավականին հարուստ «գործիքակազմ», բայց չի դառնում զտարյուն գեղարվեստական գրականություն, ցանկանալով այստեղ լինել ու մնալ իր նման:
Գրականությունն ու այլ արվեստները ձգտում են մի գերագույն նպատակի՝ արտահայտել ֆիզիկական եւ հոգեւոր աշխարհի, մարմնի ու հոգու ճշմարտությունը: Սա նաեւ էսսեի թիրախն է, այսքանով այն գտնվում է լիարժեք գրականության ծիրում, ոչ պակաս կարեւոր, քան մյուս ժանրերը, չասեմ՝ ավելի կամ ինչ-որ չափով պակաս: Մեզանում մի թյուր մտայնություն կա, ըստ որի էսսեն իր զգացմունքայնության պատճառով գիտություն չէ եւ հեռու է բացարձակ ճշմարտությունից: Տաղանդավոր լեզվաբան-փիլիսոփա Էդմոն Ավետյանը, որին ցավոք սրտի մոռացության ենք մատնել, ինչպես շատ արժանավորների, ժամանակին «Գարուն» ամսագրում կարծիք հայտնեց, թե Հեգելը կատարյալ գիտնական չէ, քանզի զգացմունքային է, ուրիշ է Կանտը: Չանտեսենք մեծ փիլիսոփայի վերաբերյալ այս խոսքը, Ավետյանին ներելի է, չեմ կարող համաձայնել բազմաթիվ այն ակադեմիստ հոդվածագիրներին, որոնք իրենց ավելի ճշմարտագետ են համարում: Նրանց ու ընթերցողիս մի սխալ բան ասեմ. երբեմն, գուցե հաճախակի, զգացմունքայնությունը՝ սիրտ երեւույթը, որը մինչ ի մահ տրոփում է աշխարհի բանը, սեր է երգում, ավելի մոտ է ճշմարտությանը, քան միտք ասվածը, որը միայն հաշվել ու հաշվել գիտի: Ոչ, չեմ անտեսում մտքի բարձր դերն ու նշանակությունը ստեղծագործ աշխատանքում, սակայն այստեղ, ներեցեք, ավելի սիրում եմ զգացմունքը: Ստենդալը զգացմունքներին առավելություն էր տալիս մտքի համեմատությամբ ոչ միայն գեղարվեստական գրականության դաշտում, այլեւ հումանիտար գիտությունների: Էսսեն առավել գայթակղիչ է ու հոգեհարազատ հարուստ ներաշխարհով ընթերցողին իր ազատ, զգացմունքային ու ազատամիտ լեզվի եւ խոսքի շնորհիվ:
Ասված է՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր»: Շրջափոխեմ. թույլի մոտ միշտ էլ ուժեղն է մեղավորը: Եվ սա պակաս ճշմարիտ չէ:
Վերջին հարյուրամյակի հայ գրական միտքն զգալիորեն հեռացավ էսսեական հայեցակարգից՝ մեկ ու միակ ճշմարտություն հորջորջվող, կարծում եմ արդեն եթե ոչ մեռած, ապա հոգի տվող սոցռեալիզմի եւ կուսակցական գաղափարախոսության ճնշմամբ: Ոմանք, այդուամենայնիվ, մի որոշակի չափով հավատարիմ մնացին նրան, որովհետեւ էսսեն ոչ միայն ձեւական նայվածք է, այլեւ, ըստ էության, բովանդակային հավատամք: Նախ եւ առաջ՝ Կոստան Զարյանը, որ իր մեջ թանձնորեն կրում էր Արեւմուտքի մշակութային կուլտուրան: Բուն եւ բնիկ մի քանի հայաստանցիներ եւս իրենց որոշ գործերում էսսեիզմին չթշնամացան: Հիշում եմ Ալբերտ Կոստանյանի մանրակերտ հրապարակումները «Գրական թերթում», Լեւոն Ներսիսյանի բանավոր գրականագիտությունը պետական համալսարանում, «Նկարիչ» սրճարանում եւ իր անշուք, օղի բուրող տանը: Պարույր Սեւակի չափազանց ճշմարիտ որոշ հոդվածներ էսսե են՝ «Տերյանը պահանջում է», «Անսպասելի բան, որ սպասելի էր», «Պահպանենք ու հարստացնենք մայրենին», «Այո, մաքրություն ամենից առաջ», «Հանուն եւ ընդդեմ «ռեալիզմի նախահիմքեր»-ի», «Ազգային սնապարծություն եւ ազգային արժանապատվություն»: Ահա եւ Կարպիս Սուրենյանն իր «Արեւորդիներով» եւ մյուս գրքերով եւ Երվանդ Տեր-Խաչատրյանի «Ազատ էջեր» եւ Պարզ խոսքեր» հատորները: ՍՍ-ի մասին նրա «Ստորապատում» քննադատիչ գիրքը փայլուն էսսե է ժամանակակից հայ գրականության մեջ:
Համառոտ հոդվածում ես, թերեւս, այսքան երկար չպիտի ներկայացնեի էսսե երեւույթը, նրա մասին մեզանում թյուր կարծիքներն ինձ ստիպեցին դա անել: Դավիթ Սամվելյանի էսսեներն ու պատմվածքները իրար հոգեհարազատ են, երկու տարբեր ժանրերով մեկ միասնական գրականություն: «… Այնպես է ստացվել, որ հանդիպելիս մարդիկ միմյանց առջեւ ավելի շուտ մերկացնում են իրենց մարմինները, քան հոգին»: «Որքան կրճատում եմ անունդ, այնքան մեծանում է ազդեցությանդ ուժը սրտիս վրա»:
Այսպես տեսա եւ ճանաչեցի Դավիթ Սամվելյանին: Հիմա քայլ անելու հերթը քոնն է, հարգելի ընթերցող:
ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ