Փետրվարի 28-ին Հռոմի Սուրբ Թովմաս Աքվինացու անվան պապական համալսարանում Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օրվա առթիվ նախատեսվում է էկումենիկ աղոթք եւ անցած տարեվերջին լույս տեսած Աբրահամ Տերյանի «Ի խորոց սրտի. Սուրբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ծանոթագրված թարգմանություն» անգլերեն գրքի շնորհանդեսը:
Աբրահամ Տերյանը (ծնված 1942-ին) հայ աստվածաբանության եւ հայրաբանության պատվավոր պրոֆեսոր է Արմոնքի (Նյու Յորք նահանգ) Սուրբ Ներսես հայկական ճեմարանում: Նա հելլենիստական, վաղ քրիստոնեական եւ միջնադարյան հայ գրականության միջազգայնորեն ճանաչված մասնագետ է, այդ թեմաներով լայնածավալ հրատարակությունների հեղինակ (անգլերեն, ֆրանսերեն եւ հայերեն), որոնց թվում՝ հրեա փիլիսոփա Փիլոն Ալեքսանդրիացուն նվիրված երեք աշխատություն, «Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնական երկերը» (2016) եւ այլն: 2018-2019 թթ. Աբրահամ Տերյանը եղել է Հյուսիսային Կարոլինայի Հումանիտար գիտությունների ազգային կենտրոնի դասական փիլիսոփայության գիտական խորհրդի անդամ:
Ա. Բ.