Ո՞նց են fan-երը ուղիղ եթերում տիեզերքից փոխել ԱՄՆ դեսպանուհու խոսքը
Անչափահաս մեկ երեխայի հաշվով կտրամադրվի 0,5 կիլոգրամ շաքարավազ, 0,5 լիտր ձեթ:
Այս բովանդակությամբ լուրեր են գալիս արդեն 25 օր ամբողջապես բոլոր տեսակի մատակարարումներից զրկված, շրջափակված Արցախից. 21-րդ դար՝ 2023 թվական, հուլիս 6, թքեմ երեսիդ, քաղաքակիրթ աշխարհ, ժողովրդավարությունից բարբաջող մեծ պետություններ, սա ձեր նկարագիրն ու բնորոշումն է, ձեր պատկերը, ձեր ամենակուլ շահերի արտացոլքը: Ու այդ երկրների գեղեցիկ հագնված տիկնայք ու պարոնայք տարբեր միջազգային հարթակներում երեւալով՝ ո՛չ ամաչում են, ո՛չ գետինը մտնում, այլ շարունակում են ստանդարտ ու կեղծ նախադասություններ արտամղել Արցախի անվտանգության միջազգային մեխանիզմների մասին:
Վաշինգտոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններում շոշափելի առաջնթաց չկա, խաղաղության պայմանագիրն էլ դեռ ստորագրման պատրաստ չէ, ըստ վերջին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարության: Բայց դե գիտեք՝ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չավելացներ, որ, միեւնույն է, խաղաղությունն այլընտրանք չունի, առաջիկայում Բրյուսելում հանդիպում կա, միգուցե այնտեղ Վաշինգտոնում արձանագրված փոքրիկ դրականն առարկայացվի, չնայած նրան, որ Ալիեւն էլի Զանգեզուրի միջանցք է ուզում, էլի խոսում է Արցախի զինաթափման անհրաժեշտությունից, սպառնում հատուկ գործողությամբ Արցախում:
Փաշինյանն էլ ասում է՝ հայկական կողմը միջանցքային տրամաբանությամբ ոչ գրավոր, ոչ բանավոր պարտավորություն չի ստորագրել, Արցախում էլ Հայաստանի բանակ չկա, իսկ Արցախի ինքնապաշտպանության բանակն այսօրվա իրողությունների համատեքստում է, քանի որ Ալիեւն ուզում է Արցախում էթնիկ զտում եւ ցեղասպանություն իրականացնել, եւ այլն:
Արցախի նախագահն էլ, ոչ ավել, ոչ պակաս ՝ նամակ է գրել ռուսաց թագավորին, թե այսպես ու այնպես, ինչու մեզ տիրություն չես անում, թագավորն ապրած կենա, բա ասում էիր՝ մենք քոնն ենք: ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ մի այլ առթիվ Արայիկ Հարությունյանի արտահայտած տեսակետի առիթով հնչեցրած պատասխանը սպանիչ է եւ ենթադրում է Արցախի նախագահի նամակին եւս նման վերաբերմունք: Զախարովան ասել է, թե նման պաշտոնյաների չի ճանաչում եւ այդ պատճառով չի մեկնաբանի Հարությունյանի ասածը: Նվաստացուցիչ է, խոստովանեք, թե՞ միայն Հայաստանի վարչապետ Փաշինյանի ասածներն է Զախարովան ականջին օղ անում, ինչպես որ մի անգամ Հայաստանի վարչապետը նրան ապսպրեց:
Այդ բոլորով հանդերձ՝ յոթ երգ նույն բովանդակությամբ, ինչ-որ վիրտուալ խաղաղության մասին, Փաշինյանի կատարմամբ անվերջ հնչում է.
«Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումն այլընտրանք չունի: ԼՂ-ի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի»:
Բայց թե ո՞նց կարող են երկխոսել պատանդառուն եւ պատանդը, սա ոչ մի միջազգային չի կարող ասել, ուր մնաց՝ երաշխավորի: Եւ ուրեմն՝ նախ պատանդին պետք է ազատել պատանդառուից, եւ հետո արդեն մեջտեղ բերել պատմաիրավական արգումենտները: Մինչդեռ մեր խորհրդաարանականները ԵԱՀԿ ԽՎ-ներում ոչ պատանդի ազատումից են խոսում, ոչ Լաչինի միջանցքի ապաշրջափակումից, դեռ մի հատ էլ գլուխ են գովում, թե հայկական կողմի բոլոր առաջարկներն ընդունվեցին: Ինչ առաջարկ, երբ ասել եք, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Ղարաբաղը ներառյալ: Ո՞վ է Հայաստանը: Ես, որպես ՀՀ քաղաքացի, նման բան ոչ մեկին չեմ լիազորել, ու ինձ նման շատ-շատերը: Հայաստանն էլ մի անձ չէ, անգամ եթե այդ անձը վարչապետն է, Հայաստանը ճանաչած կլիներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե այդպիսի փաստաթուղթ կամ նախագիծ անցած լիներ Սահմանադրական դատարանով, հաստատվեր Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ: Այնպես որ՝ նման հակաօրինական հայտարարությունները Հայաստանի օգտին չեն:
Առհասարակ՝ Հայաստանում շատ շերտեր սկսել են չհասկանալ ո՛չ գործընթացների տրամաբանությունը, ո՛չ էլ հայտարարությունների իրավական հիմքը: Օդում հայտարարություն ամեն ոք կարող է անել, բայց որեւէ հայտարարություն հիմք դառնալու համար պետք է օրենսդրական եւ իրավական հիմնավորումներ ունենա: Լեզուն ոսկոր չունի՝ անձերն ինչ ասես կարող են հայտարարել:
Միջին վիճակագրական հայն ընդհանրապես մոլորված է: Վերջին մի քանի տարին Արցախի շուրջ հակասական իրարանցումը նրան թույլ չի տալիս սեփական ամենառեալ եզրահանգումներն անել՝ անելիքն իմանալու համար: Նա դարձել է բոլորի գերին՝ այսուայն քաղաքական խմբերի քարոզչության, տարածաշրջանում ու մասնավորապես հայկական տարածքում բոլոր մեծ խաղացողների պահվածքի, նրանց բազմաշերտ խաղերի, հայրենի իշխանության եւ ընդդիմության հաճախ անհասկանալի կեցվածքի:
Միջին վիճակագրական հայը մեծ հաշվով սկսել է չհասկանալ նրբությունները՝ ի՞նչ է կատարվում եւ այդ իսկ պատճառով անգամ սկսել է չկարդալ քաղաքական խմբերի ու անհատների ծավալուն հայտարարությունները, որոնց հեղինակները համարում են, որ այդ հայտարարություններն անելով՝ քաղաքականությամբ են զբաղվում: Չի կարդում ու հեռանում-հեռանում է նրանցից, մեծ հաշվով՝ նաեւ քաղաքականությունից ու Արցախի հարցի վերաբերյալ ողջ հռետորաբանությունից, որը շատ վտանգավոր է Հայաստանի եւ Արցախի շուրջ ներկա իրողության պարագայում: Սրան, այո, մեր քաղդասը հասավ՝ զանազան ծիծաղելի նախաձեռնություններով, ժամանակ սպանող տարբեր միջոցառումներով լայն հանրությանն անհայտ պատվիրատուների պատվերները կատարելով եւ հանրությանը մոլորեցնելով:
Հասարակ հային ասում էին՝ պատերազմում ռուսների թողտվությամբ պարտվեցինք, ռուսներն են օգնում ադրբեջանցիներին՝ Լաչինի միջանցքը փակ-արցախցուն պատանդ պահել, դեպի Արեւմուտք նայել էին քարզոզում, թե՝ այնտեղից է մեր փրկությունը: Ու, հո՛պ, գալիս է ԱՄՆ դեսպանուհին ու Հանրայինի եթերում հայտարարում է, թե ինքը (իր պետությունն այսինքն) հավատում է, որ արցախցին կարող է հանգիստ ապրել Ադրբեջանում, դա է ճիշտ լուծումը: Ու նրան չեն հակադարձում, թե Ադրբեջանի կազմում Խորհրդային միության ժամանակ Արցախն ինքնավար միավոր է եղել ախր, պետական կառույցներ ունեցել, դրանից առաջ՝ Հայաստանի կազմում է եղել, իսկ հիմա դուք նրան ուղիղ ոչնչացման եք ուղարկում՝ առանց որեւէ կարգավիճակի: Այսինքն, ի՞նչ է ստացվում, դեսպանուհին ու իր երկիրը պաշտպանում են ագրեսորին ու նրա ագրեսիայի արդյունքում առաջացած վիճակը պարտադրում. էլ ի՞նչ արդարություն կա այստեղ, ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ ֆլան-ֆստան… ասեք՝ ձեր երկրի շահը պահանջում է պաշտպանել ագրեսորին ու ագրեսիան, վերջ, ուրիշ անուն ունի՞ 44-օրյա պատերազմը: Այդ է մտմտում միջին վիճակագրական հայը, եթե լսել է դեսպանուհուն:
Խճճված ու շփոթված՝ տիկին դեսպանի անկեղծացումներից, նա՝ միջին վիճակագրական հայը, հաջորդ առավոտյան փնտրում է Արեւմուտքի քաղաքականության կողմնակից հայ քաղդասի ներկայացուցիչների արձագանքները տիկնոջ ասածին, մենք էլ՝ նրա հետ. չկա ու չկա, մի երկու ընդդիմադիր-ռուսամետ իրենց կարգավիճակից ելած բնորոշումներով են ծիկրակում կայքերից:
Ի՞նչ եղար, Լեւոն Շիրինյան՝ բան չկա նրա էջում, Արամ Զավենի Սարգսյան՝ նրա էջում էլ բան չկա ու չկա: Տիգրան Խզ… վայ, սպասեք, կարծես իր էջը չի, այլ իր ֆան-ակումբի, ու՝ բացահայտում. բա չե՞ք ասի, ըստ այդ էջի՝Կրելմի ստրուկները կրկին նենգ քայլի են դիմել: ԱՄՆ դեսպան տիկին Քվինը նման բան չի ասել, հեռարձակումը ուղիղ եթերում հընթացս գրավվել է «ԽՏրՎՏր-2569» արբանյակի միջոցով, եւ տեղում փոխվել է տեքստի թարգմանությունը: Եթե ուշադրություն դարձնեք ետնաբեմում լսվող անգլերեն բնօրինակին, որտեղից մեջբերում է անում այդ ֆան-էջը, տիկին դեսպանը ասել է բառացի հետեւյալը.
«Նման բան ԱՄՆ չի կարող թույլ տալ, քանի որ հայկական ժողովրդավարությունը պաշտպանելը մեզ համար գերնպատակ է: Ես կարող եմ հավաստիացնել, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու ցանկացած փորձին հաջորդելու է ԱՄՆ ծովային հետեւակի 5-րդ գնդի դեսանտային գրոհը ադրբեջանական ուժային կենտրոնների ուղղությամբ՝ Արցախահայերի կենսական իրավունքները պաշտպանելու նպատակով»:
Վա՛հ: Ինչ է ստացվում, ըստ Խզմալյանի ֆան ակումբ էջի՝ տիկնոջը վերագրվում է բոլորովին էլ իր մանդատին ոչ համապատասխան ասելիք: Սա, իրոք դիվանագետի՞, թե ամերիկյան Պրիգոժինի ասած կլինի՞: Եւ բացի այդ՝ ֆան էջ է, թե իրական ձեր էջը, հիմա, պրն. Խզմալյան, դուք եւ ձեր ֆաները քաղաքական ուժ ե՞ք, թե ԱՄՆ դեսպանի փաստաբան, եւ մեջբերվածը Հանրայինին ուղղված մեղադրա՞նք է, թե՞ Հայաստանի վրա արբանյակային գրոհի վկայություն:
Կատակը՝ կատակ, բայց ինձ իրոք անհանգստացնում է այն լռությունը, որ հաջորդել է դեսպան Քվինի տեսակետների արտաբերմանը: Այս երկիրը լիքը նախկին նախագահ ու արտգործնախարար է ունեցել, միթե նրանք բոլորն այն աստիճանի են սնվել դեսպանի երկրի արքունական օթյակներից, որ լռում են տիկնոջ դարակազմիկ մտքերից հետո, ասես հենց ինքն է ու իր երկիրն են Հայաստանի ղեկավար եղել կամ՝ են, իսկ նրա ենթակաները, այսինքն՝ դուք, լռում եք: Այդպես որ շարունակվի՝ նրանք էլի պաշտոնափոխություններ կանեն, ինչպես որ արել են մինչեւ հիմա, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումները ամերիկյան ուղեղային կենտրոնների հետ՝ վկա:
Սպասում ենք:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հ.Գ.- Հա, ի դեպ, երեկ դեսպան Քվինը, միգուցե հասկանալով, որ մանդատից մի փոքր դուրս է եկել, չգիտենք, «Արմենպրեսի» միջոցով ինքն իրեն ուղղեց, թե՝ մենք Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցության արդյունքը չենք կանխորոշում, այլ նպաստում ենք երկխոսությանը: