Փետրվարի 14-16-ին Մյունխենում գումարվելու է անվտանգության 61-րդ համաժողովը՝ բանավեճի բացառիկ մի հարթակ՝ արտաքին եւ անվտանգության քաղաքականության, արդի մարտահրավերների վերաբերյալ: Այս տարի ժամանակն էլ հետաքրքրական է՝ սպասում են ԱՄՆ նորանշանակ փոխնախագահ Վենսի եւ պետքարտուղար Ռուբիոյի հետ հանդիպմանը: Բրյուսելում նոր է սկսվել օրենսդրական շրջանը, իսկ համաժողովի ավարտից մեկ շաբաթ անց ԳԴՀ-ում Բունդեսթագի ընտրություններ են: 60 պետության ղեկավար եւ վարչապետ, 150 նախարար, նրանց թվում Չինաստանի գլխավոր դիվանագետը, Զելենսկին եւ ուրիշներ Մյունխեն կժամանեն: ՌԴ-ին հրավեր չի ուղարկվել, դրանից զրկվել են նաեւ ԳԴՀ-ում «Այլընտրանք Գերմանիայի համար»(AfD), «Զառա Վագենքնեհթ դաշինք» (BSW) կուսակցությունները, քանի որ 2024-ին լքել են Բունդեսթագի նիստերի դահլիճը՝ Զելենսկու ելույթի ժամանակ: Համաժողովի ավարտին Հոյսգենը հրաժեշտ կտա, նախագահի պաշտոնը կստանձնի Յենս Սթոլթենբերգը: Դեռ հայտնի չէ համաժողովի ծրագիրը, սակայն Իսրայելի օրինակը (տե՛ս «Ազգի» 2024-ի փետրվարի 22-ի մեր հրապարակումը) հուշում է, որ Բաքվի բանտում հայ ռազմագերիների լուսանկարները, Ադրբեջանի դպրոցի մի դասագիրք պիտի ցույց տալ համաժողովում, որ պարզ դառնա, թե ֆաշիստ Ալիեւին հարթակ տրամադրելը ինքնավարկաբեկում է:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ Մյունխենի 2024-ի համաժողովին Իսրայելի նախագահ Հերցոգի ելույթի պահին դահլիճի վերնահարկում լուռ կանգնած են «Համասի»՝ պատանդառածների ընտանիքի անդամները՝ հրեա պատանդների լուսանկարներով, նրանց անուն, ազգանուններով, «տուն վերադարձրեք» գրությամբ: