Կարո Փայլանը Լաչինի առնչությամբ Չավուշօղլուին հասցեագրված հարցապնդում է ներկայացնում Մեջլիսում
Լաչինի միջանքը փակվեց դեկտեմբերի 12-ին: Հենց այդ օրը ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Իլհամ Ալիեւի հետ: Թե ի՞նչ էր խոսել նա հազար տարում հազիվ մարդասպան դարձած այդ հրոսակի հետ, չգիտենք: Պարզապես միջանցքի փակումից արդեն 36 օր անցել: Գիտենք նաեւ դրա բացման առնչությամբ Ռուսաստանի ղեկավարների գործադրած անձնուրաց ջանքերի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի շա՜տ հայանպաստ հայտարարությունների, առավել եւս դեկտեմբերի 16-ի Լավրով-Բայրամով հարցազրույցի ու ԵԱՀԿ հատուկ նիստին Ռուսաստանի ներկայացուցիչ Լուկաշեւիչի չարանենգ ելույթի մասին:
Հեռախոսազրույցի ընթացքում Լավրովը Բայրամովին հորդորում է բացել միջանցքը, չիմանալով իհարկե, որ դա կարող է փակել Ադրբեջանի նախագահը, այլ ոչ թե արտգործնախարարը, այն էլ Պուտինի կարգադրությամբ, իսկ Լուկաշեւիչը փակման համար մեղադրում է հայերին: Ըստ երեւույթին սրանք քնած են իշու ականջում կամ էլ մտավոր հաշմանդամի տեղ են դնում հայ ժողովրդին, մտածելով, որ գուցե հաջողվի վերստին խաբել մեզ, որովհետեւ տասնամյակներ շարունակ խաբել են: Բայց ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներներին: Թերեւս պատահական չէ, որ արձագանքելով փաստորեն դեկտեմբերի 17-ին Լավրովին եւ Լուկաշեւիչին ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում՝ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մայքլ Քարփենթերն Ադրբեջանին եւ Ռուսաստանին է կոչ արել «անհապաղ վերականգնել անխափան տարանցումը [Լաչինի միջանցքով]»։ Նրան այդ հարցում պաշտպանել է Ֆրանսիացի համանախագահը:
Հատկանշական է, որ դեկտեմբերի 16-ին, մինչ Լավրովը Լաչինի միջանցքի բացման առումով հորդորում էր Բայրամովին, մեր հայրենակից Կարո Փայլանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում արտգործնախարար Չավուշօղլուին հասցեագրված հարցապնդում է ներկայացնում, ճշտելու համար Լաչինում տիրող իրավիճակը: Այդ մասին հունվարի 16-ին կայքէջում տեղեկացրել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Ահա թե ինչ է գրել.
«Լաչինի միջանցքը, որ Ղարաբաղի հայերին Հայաստանի եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ օղակն է, դեկտեմբերի 12-ից ի վեր մի խումբ ադրբեջանցիների կողմից փակվել է: Թուրքիայի ազգային մեծ ժողովի՝ Մեջլիսի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը, արտգործնախարար Չավուշօղլուին հասցեագրված հարցապնդում է ներկայացրել Մեջլիսում, հարցնելով. «Ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով»:
Փայլանի ներկայացրած հարցապնդումն ունի հետեւյալ բովանդակությունը.
«Իրենց որպես «բնապահպան ակտիվիստներ» հորջորջող մի խումբ ադրբեջանցիներն ու ադրբեջանական անվտանգության ուժերը ավելի քան մեկ ամսից ի վեր փակ են պահում Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հաղորդակցության միակ ուղին հանդիսացող Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում օրեցօր սրվում է պարենի, դեղորայքի նման ապրուստի հիմնական միջոցների անհասանելիությունից բխող հումանիտար ճգնաժամը: Բնական գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումների խափանման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազարի հասնող հայ բնակչությունը ձմեռվա ցրտին խորը ճգնաժամ է ապրում:
Հետեւաբար.
1. Ի՞նչ եք անում հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ,
2. Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի բացման համար դիվանագիտական ինչպիսի՞ ձեռնարկումներ եք իրականացրել,
3. Չեք զգո՞ւմ, որ Լաչինի միջանցքի շրջափակումով ի չիք է դառնում նաեւ խաղաղության պատեհ առիթը,
4. Աշխարհում մարդասիրական տարբեր ճգնաժամերի հաղթահարմանը նպաստելու առնչությամբ հպարտացող Թուրքիան ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում շրջափակման ենթարկված 120 հազար հայերի համար մատը մատին չի խփում:
Կարո Փայլանը վերջում հիշեցրել է Մեջլիսին, որ Արցախի իշխանությունները դեկտեմբերին ժամանակավորապես կասեցրել են հանքերի շահագործումը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ