«Ազգ»ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը
– Օրերս հրապարակվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագաի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի ու ԲԴԽ նախագահի (լիազորությունները կասցված են) Ռուբեն Վարդազարյանի աղմկահարույց զրույցը: Իրավական համակարգի ներկայացուցիչները, քաղաքագետներն այժմ քննարկում են այդ զրույցը գաղտնի ձայնագրել-չձայնագրելու հարցը, դրա բարոյական կողմը, Ջհանգիրյանի հայհոյախառն բառապաշարը: Խնդիրը սակայն ավելի խորքային է, սկսած նրանից՝ թե ո՞վ, ի՞նչ հրահանգ պետք է տար: Կողմերը ընդունել են, որ ձայնագրությունն իրական է, հետեւաբար՝ դուք ի՞նչ եզրահանգումներ եք անում: Քաղաքական իշխանությունը, փաստորեն, քրեական գործերը պատրաստի մահակ է պահում իր համար անցանկալի մարդկանց գլխին:
– Հայտնի է, որ դատախազությունը քննություն է իրականացնում ձայնագրության վերաբերյալ, ուստի իրավական գնահատական չեմ շտապի տալ, հատկապես, որ գնահատականներ հնչեցնողների պակաս չունենք: Մի բան կարող եմ ասել, որ եթե Արթուր Վանեցյանի համանման ձայնագրությունների հրապարակումից հետո, որտեղ վերջինս որպես ԱԱԾ տնօրեն՝ բացահայտ ցուցումներ էր տալիս դատավորին, իրավական հետեւանք չեղավ, ապա այս դեպքում հետեւանք ակնկալելն առնվազն միամտություն կլինի:
– «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ դուք, «Դիմադրություն» շարժման, ըստ երեւույթին, գործունեության դադարից հետո քննադատում, ինչ-որ տեղ, անգամ հեգնում ենք ընդդիմության ներկայացուցիչներին: 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին ամենատարբեր բնորոշումներ ու գնահատականներ նաեւ ԼՀԿ-ականներդ եք տվել, հիմա ինչքանո՞վ է բարոյական սարկազմով խոսել շարժման անդամների մասին՝ ակամա ջուր լցնելով ՔՊ-ի ջրաղացին: Իհարկե, կարող եք ասել, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները քաղաքական դաշտի համար լակմուսի թուղթ էին, բայց չմոռանանք, որ ձեր քննադատություններն էլ ոչ պակաս սուր էին ու կոշտ:
– Այո, մեր գնահատականները սուր էին: Այո, մենք պահանջում էինք խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այո, այդ ընտրությունները եղան եւ իշխանությունները հաղթեցին, ընդդիմությունը՝ պարտվեց: Արդյո՞ք իշխանություններին մենք քննադատում էինք այն նպատակով, որ նախկին իշխանությունները վերադառնան, բնականաբար՝ ոչ: Արդյո՞ք նախկին իշխանություններն ավելի քիչ վնաս են հասցրել մեր պետությանը, քան ներկաները, բնականաբար՝ ոչ: Արդյո՞ք մենք երբեւէ դաշնակցել ենք նախկին իշխանությունների հետ, իհարկե՝ ոչ: Արդյո՞ք այսքանից հետո տեղին է հարցնել ընդդիմություն դարձած նախկին կոռուպցիոներներին քննադատելու բարոյական ասպեկտի մասին, կարծում եմ՝ ոչ:
– Գուցե պարզապես շարունակեիք 3-րդ ուժ լինելու մասին կարգախոսն ու բռնած գիծը, թե՞ հասկացաք, որ հասարակությունը 3-րդ ուժի չի ուզում, ու որոշեցիք մերձիշխանական մատույցներին մոտենալ:
– Գուցե…
– Կուսակցությունը վերջին շրջանում նիստեր չի անում (համենայն դեպս այդ մասին որեւէ հրապարակման չենք հանդիպում), մարզային իր ակտիվի հետ հանդիպումներ չի ունենում, նախորդ տարվա ընտրություններին էլ 15 հազարին մոտ քվե էր ստացել: Հոգնե՞լ եք կուսակցական գործունեությունից, հիասթափվե՞լ եք, թե կուսառաջնորդ Էդմոն Մարուքյանի ստացած պաշտոնն ԱԳՆ-ում «քնեցրել» է կուսակցականներիդ:
– Կուսակցական գործունեությունից չենք հոգնել՝ մեր եթերներն ու լուսաբանվող հանդիպումները վկա: Ակտիվի հետ աշխատանքները շարունակվում են բնականոն հունով: Չգիտեմ որտե՞ղ եք տեսել, որ առաջնորդի ստացած պաշտոնը «քնեցնի» թիմակիցներին, բայց այդ դիտարկմանն էլ պատասխանեմ՝ ոչ:
– Ընդդիմադիրներն ահազանգում են, որ մեկ ամսից, երկու ամսից, աշնանը, ձմռանը Հայաստանում ու Արցախում լուրջ գործընթացներ են տեղի ունենալու: Նրանց կանխատեսումները հիմնականում գուժող են: Դո՞ւք ինչ մեկնաբանություն ունեք:
– Որքան նրանց կողմից նախանշած գարնանային գործընթացներն էին լուրջ, նույնքան էլ աշնանայինը կլինեն:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ