Շատ է գրվել Կոստան Զարյան մարդու եւ իր գրականության մասին: Եղել են գրականագետներ, որոնք տարիների նվիրյալ ուսումնասիրություններից հետո ըմբռնել են հեղինակի խորունկ համամարդկային իմացականությունը` նրա գրականության եզակի արժեքը: Եղել են եւ կան նաեւ մտավորական տարբեր հայացքներով բանիմացներ, որոնք հետամուտ են միայն քանդելու այն, ինչ որ անվանում են «Զարյանական ամեհի բերդը»:
Այսօր անկախ Հայաստանում կան անձեր, հատկապես երեց սերունդից, որոնց կարծիքով` «Կոստան Զարյանը չմերվեց խորհրդային գրականության եւ խորհրդային գրողների գավառացի միջավայրում»: Այսպես էր մտածում գրող Պերճ Զեյթունցյանը Կոստան Զարյանի մասին: Հարկ եմ համարում պատասխանել հորս` Արմեն Զարյանի խոսքերով, մեջբերում անելով իր օրագրից. «Վաթսունական թվականներին (ճիշտ տարին չեմ հիշում) տեղի ունեցավ Հայաստանի Գրողների համագումար: Գրողները եւ մտավորականությունը հավաքված են Սպենդարյանի անվան թատրոնում, դահլիճը լի է բազմությամբ, բեմի վրա տեղ են գրավել գրողներ, բարձր պաշտոնյաներ, նախագահում է ընկ. Թոփչյանը` Գրողների Միության նախագահը: Հայրս, ես էլ կողքին նստած ենք դահլիճի 8-9-րդ շարքում, ավելի առաջ` քանդակագործ Քոչարը:
Ելույթներ, ելույթներ, վերջանում է նիստի առաջին հանդիսավոր մասը: Հայրս ոտքի է ելնում քիչ ետ գնում ճեմելու: Իրեն են մոտենում մի քանի երիտասարդ գրողներ եւ` «ընկ. Կոստան Զարյան, ինչո՞ւ ձեզ չեն հրավիրել բեմ ղեկավարության կազմի եւ մյուս գրողների հետ միասին նստելու», Կ. Զարյանը պատասխանում է. «Կարեւորը մենք չենք, այլ` ժողովուրդը, որին բոլորս էլ ծառայում ենք»: Քաղաքակիրթ բոլոր հասարակությունները արհեստագետների կողքին ունեն գրաքննադատներ, որոնք իրենց վերլուծումներով նպաստում են տվյալ հասարակության մշակույթի ընկալմանը, մտահորիզոնին, ճաշակին, մակարդակին: Ուստի այսօր, XXI դարում «Նավը լեռան վրա»-ի առաջին հրատարակությունից 74 տարի հետո, 10 անգամ վերահրատարակված ու իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, էստոներեն թարգմանվելուց հետո դեմ ենք գտնվում Պ. Զեյթունցյանի հետեւյալ կարծիքին, թե` «Նավը լեռան վրա»-ն աբսուրդ վեպ է իր մտահղացմամբ կամ «Նավը ի՞նչ գործ ունի լեռան վրա, արդեն աբսուրդ է, ի՞նչ իմաստ ուներ»: Ակամա գտնվում ենք «աբսուրդ» մի հայտարարության առջեւ, որ վկայում է, որ հարգելի գրագետը չի կարդացել վեպը եւ եթե նույնիսկ կարդացել է, անկարող է, ամուլ է թափանցելու ա՛յս նշանակալից վեպի խորիմաստ խորհուրդը: «Նավը լեռան վրա» վեպը, գրում է եզակի գրագետ Ալբերտ Կոստանյանը, արձակ գրականության ողջ տարերքի մի ընդարձակ մասն է միայն ու որպես այդպիսին նա անանջատելի շարունակությունը` թե՛ իր նյութով, թե՛ ոճով ու գրելակերպով: Բացառապես վիպականը, որ, այնուամենայնիվ, զգալի է, մի խումբ խորհրդանշանների բազմիմաստությունն է, որ ներկայացվում է շատ որոշակի կառույցի սահմաններում:
Վերնագիրը հուշում է` նավի ու լեռան սիմվոլիկան մարդկության չափ հին է եւ հատկապես մեր աշխարհի հետ է առնչվում եւ ուղեկցել է մարդկային ստեղծագործ երեւակայությունը դարաշրջանից դարաշրջան»:
Հռոմում, քառասունական թվականներին, Վիա Սիստինա-ում գրում է Արմեն Զարյանը. «Հայրս խոսում էր Իբսենի «Peer Gynt»-ի մասին եւ ակնարկելով նոր լույս տեսած «Նավը լեռան վրա» (1943) վեպին, ասաց. «Ես սկսեցի այն տեղից, որտեղ Իբսենը վերջակետ դրեց»: Մասն առաջին, … հեռավոր ճամբորդությունների նավապետ Արա Հէրեանը…»: Գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը նշում է այս դրվագը եւ շարունակում է. «Արա Հերյանը վեպում իր կյանքը սկսում է ծովերն ու հեռավոր ճամփորդությունները թողնելուց հետո: «Լեռների ազատ եւ խենթ ոգի» Պեր Գյունտը ապրել է իր ամբողջ կյանքը եւ հիմա, արդեն ծերունի դարձած, վերադարձել է Նորվեգիա, բայց այդպես էլ չի գտել իր կյանքի իմաստը, ժամանակին չի կարողացել հասկանալ եւ գնահատել Սոլվայգի սերը, իր հետագա կյանքը չի ունեցել ներքին նպատակ ու բովանդակություն: Երիտասարդ Արա Հերյանը, կռահել է,- ներքնատեսորե՞ն, թե՞ տրամաբանորեն,- թե ինչի է կոչված ինքը, ինչը պետք է կազմի իր կյանքի հիմնական իմաստն ու բովանդակությունը: Նա կոչված է իրագործելու անկարելին` նավը բարձրացնելու լեռը:
Կոստան Զարյանն իր գրականության հիմնական հերոսին` նույն Անցորդին եւ նույն Վահան Իբերյանին, երրորդ անգամ բերում է Հայաստան: Արա Հերյանը, ի վերջո, այդ հերոսին նոր կերպափոխությունն է»:
Կոստան Զարյանին հարցնում են` «Ինչո՞ւ չեք գրում ձեր կյանքի հիշողությունները», նա պատասխանում է. «Իմ կենսագրությունը իմ գործերում է», եւ ավելացնում. «Բանաստեղծի կյանքից արժանի է, որ պահպանվեն այն ամենը, ինչ դառնում է բանաստեղծություն», եւ հիշեց «Հոմերոսին»:
«Նավ»-ը իր ոդիսականը սկսեց Բոստոնից 1943-ին շնորհանդեսի իր ճամբորդությունը կատարելով դեպի Իտալիա: Այստեղ էր իրեն սպասում ազնվական ու նվիրյալ Թագուհի Շահնազարը` հեղինակի առաջին կինը, որն իր ամբողջ կյանքի ընթացքում մնաց իր խորհրդատուն եւ ոգեշնչողը: Արմեն Զարյանը նշում է` «Այս վեպը մայրս թարգմանել է իտալերեն, թարգմանությունը խմբագրել է իտալացի գրող, իսկ հայրս եւ ես, Գիրենցեյում, դեմ դիմաց նստած, վերանայել ենք իտալերեն թարգմանութունը»: Ասեմ նաեւ` թարգմանությանը օգնել է Թագուհու քրոջ աղջիկը` Կլարա Քարլինի, լեզվաբան եւ իտալերենով գրած տպավորիչ պատմվածքների գրքի հեղինակ: 1963-ին Խորհրդային Հայաստանում գաղափարական ահաբեկչության շրջանում «Նավը լեռան վրա» վեպը ենթարկվում է ահավոր այլակերպման: «Ես,- ասում է հայրս,- իմ գրիչը չեմ տրամադրի ոչ մի պետության եւ ոչ մի կուսակցության: Ահա չորս տարի է, որ դիմում եմ տվել Հայաստանի Գրողների միության անդամ դառնալու նպատակով, բայց դեռ սպասում եմ, որ ինձ ընդունեն: Այո՛, պայմաններից մեկը այն է, որ լույս տեսնի «նոր խմբագրությամբ» «Նավը լեռան վրա» երեւանյան հրատարակությունը: Դա պայման էր, որպեսզի ընդունվի Գրողների միություն, որպեսզի կարողանա մնալ Հայաստանում ստանալով 130 ռուբլի ամսավճար` թոշակի ձեւով: Հիշում եմ նաեւ, որ հորս մոտ էին եկել մի քանի գրող, ուզում էին համոզել, որ «վերանայի» իր «Անցորդը» եւ «Ճամբան», հայրս զայրացած` «Դուք ստալինիստներ եք» ասելով նրանց դուրս հանեց տնից: «Արմեն, ուզում եմ թողնել այս երկիրը, գնալ արտասահման եւ «Անցորդի» ոգով գրել մի ուրիշ գիրք»:
«Կ. Զարյանը մահացել էր: Մի օր փողոցում, Կոնսերվատորիայի առաջ հանդիպեցի «Նավը լեռան վրա» երեւանյան հրատարակչության գլխավոր խմբագիր Հր. Գրիգորյանին, նա կանգ առավ, սեղմեց ձեռքս եւ ասաց` «Ես սխալվեցի ձեր հոր վրա ճնշում բանեցնելով, որպեսզի նա վերանայե, ամբողջացնե իր վեպը, սխալվեցի. խնդրում եմ հավատաք»: Լռեց, լուրջ նայեց դեմքիս եւ «… բժիշկը ասաց, որ ես դեռ վեց ամիս կյանք ունեմ, արյունա….»: Մտահոգ նայեց ինձ, բարեւեց ու հեռացավ: Սերեբրյակովն ասել էր. «Ձեր հայրը միամիտ մարդ էր», նա որոշ իմաստով ճշմարտացի էր:
«Նավը լեռան վրա» վեպի երեւանյան փոփոխված հրատարակությունը ունեցավ իր մարդկային զոհերը, առաջինը եղավ հեղինակը, նրան թունավորեցին, իսկ երկրորդը՝ խմբագիրը` Հր. Գրիգորյանը, լեուցեմիան սպանեց նրան: Մյուսը, որ խմբագրել էր «Նավ»ի հայերենը` Թոփուզյանը, Վեհափառի մոտ աշխատող, ապրում է հանգիստ ու պարտականությունը կատարած մարդու նման անկարեկից է»:
1969-ին նույն կուսակցական վերադաս մարմինը, որը ղեկավարում էր «Հայաստան» հրատարակչությունը, առանձին պետություն կազմած լիակատար վստահությամբ այս անգամ հանձին նախագահ Խ. Բարսեղյանի` դատաքննության է ենթարկում Պ. Սեւակի «Եղիցի լույս»-ը: Հայ ժողովրդին ուղղված ազատության ու իր ազգային ճակատագրին տեր կանգնելու Պ. Սեւակի այս կոչը (մեջբերում` Վ. Մկրտչյանի. Ո՞վ «կանգնեցրեց» «Եղիցի լույսը», «Հայաստանի Հանրապետություն», 21.09.93 հոդվածից), «Խ. Բարսեղյանը ինքնավստահ ցինիկությամբ խոստովանում է, թե շուրջ երկու տարվա ընթացքում ինչպես է բզկտվել «Եղիցի լույս»ը, ինչ ավերածություններ են կատարվել գրքում իբրեւ այն «անխոցելի» դարձնելու բարի ցանկությամբ: «Հանվել են առանձին բանաստեղծություններ,- գրում է Խ. Բարսեղյանը,- կրճատվել են շատ տողեր, կատարվել օգտակար շտկումներ»…:
Նույն թվականին, Կ. Զարյանի թաղումից երկու օր առաջ, Ա. Զարյանը գնում է Գրողների միություն ու նախագահի սենյակը մտնելով` «Թոփչյանը ոտքի կանգնեց, ցավակցության խոսք ասեց, նստեց եւ շտապեց ասելու, որ Կոստան Զարյանի ստեղծագործությունների հինգ հատորանին չի հրատարակվելու, որովհետեւ հանվել է ցուցակից: Թղթի պակաս կա,- ասաց նախագահը,- պետք է խնայել, այդ պատճառով հարկ եղավ հրատարակվելիք գրքերի ցուցակը կրճատել, հանվեցին նաեւ ձեր հոր գործերի` հինգ հատորները»: 1970-ին, այս անգամ Պետհրատի շենքում, այս անգամ Ստեփան Ալաջաջյանի մոտ նա տալիս է հետեւյալ խորհուրդը Արմեն Զարյանին` «Արմեն, գոնե առայժմ ձեր հոր գործերը չեն հրատարակվելու, ուղարկեցեք արտասահման, այնտեղ կտպեն»: Հետո դարակից հանեց երկու մեքենագիր հատոր, դանդաղ թերթեց «Սպանիան», էջեր, էջեր` վրան գրված՝ հանել, ապա սրբագրություններ, ջնջված պարբերություններ: Նայեց ինձ, այո` պատասխանեցի, չեմ թողնի, որ այս գրքերը ունենան «Նավը լեռան վրա» վեպի ճակատագիրը»:
Անցնում է տասնհինգ տարի, 1985-ին, այս անգամ «Սովետական Արվեստի» գլխավոր խմբագիրը` Ս. Բայանդուրը, ցանկություն է հայտնում հրատարակել Կ. Զարյանի անտիպ էջերից: Արմեն Զարյանը նրան հանձնում է Արվեստի պատմությունից «Գոթական Արվեստը» եւ «Ջիոտտո» գլուխները: Մեջբերեմ խմբագրի պատասխանը հորս. «Խմբագիրը այսօր ինձ կանչեց, հետ տվեց մեքենագիր էջերը, ասելով` «եթե տպեինք, պետք է շատ խմբագրեինք, իսկ դուք, ես գիտեմ, որ դեմ եք, որ ձեր հոր գործերը խմբագրվեն», եւ ավելացրեց` «Քաշած նեղության համար՝ եկեք ամսվա վերջը եւ կստանաք մի փոքր հոնորար»:
«Ընդհանրապես մեր ժողովրդի ժամանակակից ողբերգություններից ամենամեծն այն է,- գրում է Վարուժան Վարդանյանը իր «Մինասի վերադարձը» գրքում,- որ գրեթե ոչ մի մտավորական չի կարողացել խուսափել` անկաշկանդ եւ հանգիստ դրսեւորելու իր կարողությունները: Թերեւս այդ պատճառով էլ մտածողությունը չի կարողանում շարունակաբար զարգանալ, այսինքն` չկա սերունդների բնական եւ կատարյալ շարունակություն»: Այս ճշմարտությունը ընդունելով հանդերձ, Լեւոն Անանյանը, որ 25 տարի եղավ «Գարուն» ամսագրի խմբագիր եւ հետագայում Հայաստանի Գրողների միության նախագահ, Արմեն Զարյանին հետեւյալ առաջարկն է անում` հոդված գրել հետեւյալ նյութի շուրջ` «Կոստան Զարյանը իր հայրենիքում տեղ չունի»: Վերնագիրը ճիշտ է,- ասում է Արմեն Զարյանը,- բայց նա որպես որդի մերժում է` ասպարեզը թողնելով գրողներին, ընթերցողներին: Ուստի տեղին է նաեւ այս մեջբերումը Արմեն Զարյանի օրագրից:
«Սովետական կոչված Հայաստանը մի երկիր է, ուր սպանել են բանաստեղծներին` Եղիշե Չարենց, Պարույր Սեւակ, գրողներին` Բակունց, Թոթովենց, նկարիչ Մինաս Ավետիսյանին, 1969 թ. նոյեմբերին` Կոստան Զարյանին: Ո՞վ է գրելու սպանված բանաստեղծի ողբերգությունը, ո՞վ պիտի շարունակի Պոլ Վերլենի «Անիծյալ բանաստեղծներ» (1884) պոեմը, որոնց շարքում են Ռեմբո, Մալարմե, Կորբիեր, Վիլիե դը-Լիլ-Ադամ. նույն ինքն` Վերլենը, եւ ամբողջացնել շարքը` ավելացնելով հայ բանսատեղծների, արձակագիրների եւ նկարիչների անունները: Տիեզերական ընդարձակությամբ մտահղացված ողբերգական պոեմ. ասելու համար ցավը այն մարդկանց, որոնց ստեղծած երգը, ֆրանսերեն եւ հայերեն, կազմում է այդ երկրների մարդկանց ոգեկան գոյացության ներէությունը, քանի դեռ միտքը, երգը լինելիություն է նախեւառաջ: Երգը հավերժության լուսավոր ճանապարհ է»:
Դեկտեմբեր 11, 1969 թ.: «Տանում են հորս դագաղը, մենք ընտանիքով հետեւից ենք գալիս, քիչ հեռու Էմինը, դագաղը տանում են երիտասարդները, նրանց գլխավորում է Լեւոն Ներսեսյանը: Դագաղը պահում են բարձր` ձեռքերի վրա: Էմին` «հերիք է ձեռքերի վրա պահեք, կհոգնեք, նորմալ պահեցեք», Լեւոնը` «եթե այսպես մարդուն մեր ձեռքերի վրա բարձր չպահենք, էլ ո՞ւմ պահենք», սա եղավ ազնիվ մարդու` Լեւոնի պատասխանը, եւ երիտասարդները այդպես ձեռքերի վրա բարձր պահած` տարան դագաղը մինչեւ գերեզման: Մի օր Կ. Զարյանի գերեզմանաքարը մաքրած ժամանակ Արմեն Զարյանին մոտեցավ նկարիչ Մինասը` «ինչ լավ է,- ասաց,- որ հորդ գերեզմանաքարի վրա քանդակել ես տվել խաչը»:
Ուզում եմ վերջացնել Լեւոն Հախվերդյանի հետեւյալ մտքով. «Որքան էլ ազգակից` իմաստով շատ են տարբեր երկյուղածություն ու երկյուղ բառերը: Երբ զրույցի ես նստում Կոստան Զարյանի հետ` դրանք իմաստով էլ մոտենում են, գրեթե նույնանում, որովհետեւ եթե արտիստական այդ շքեղ կերպարանքը, այդ վեհատեսիլ ծերունազարդ մարդն իր ամբարած իմացությամբ ու մտքի անկախ թռիչքով հարուցում է պատկառանք ու երկյուղածություն, ապա մեզ համար սրբություն ու հեռավոր առասպել դարձած մեծերի հետ ունեցած շփումների անճիգ մտաբերումներն այնքան շատ են ու ազդու, որ հարուցում են մի զգացում, որ հեռու չէ երկյուղից»:
ՍԻՐՎԱՐԴ ԶԱՐՅԱՆ
1.05.17 թ.