Ծննդյան 70-ամյակին
Կորցնելով պատմական հայրենիքը եւ միայն ընտանիքն ունենալով իբրեւ պետություն՝ մեր ժողովուրդը կարողացավ ապրել, մաքառել իր զորավոր ընտանիքներով եւ աշխարհին զարմացնել վեր հառնելու իր առեղծվածով:
Այսպիսի մի ընտանիքի հանդիպեց Լիտվայի ժողովրդական բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը, երբ 1979 թվականին, այցելելով էջմիածին, հյուրընկալվեց Շարբաթյանների տանը: Իսկ հրաժեշտ տալիս նա ասաց. «Հիրավի, երջանիկ է հայ ժողովուրդը, որ ունի այսպիսի ընտանիք»:
Այո, իրավացի էր մեծ լիտվացին: Շարբաթյանների ընտանիքը հայ ժողովրդի պատմության, հայ մարդու ճակատագրի տարեգրության փոքրիկ, բայց շատ խոսուն ու բազմախորհուրդ մի պատառիկ է:
Շարբաթյանների հայրը՝ Մովսեսը, իր ժողովրդի ծանր ճակատագիրն ուսերին առած մի իմաստուն այր էր, այս բազմաչարչար ու բազմադժվար աշխարհում մարդու գերագույն կոչումն ըմբռնած հայ: Նրա կյանքը եւ գործունեությունը հարազատ ժողովրդին հոգեւոր ծառայության վառ օրինակ է:
Շուրջ չորս տասնամյակ տաղանդավոր հոր՝ Մովսես Շարբաթյանի գործը շարունակում էր որդին՝ ճանաչված խմբավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ռուբեն Շարբաթյանը: Ավարտելով էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցը եւ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը, Ռ. Շարբաթյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիայում ուսանել է Հովհաննես Չեքիջյանի դասարանում, նույն թվականից երգել Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում:
Երգչախմբային այս հզոր դպրոցն անցած արվեստագետը կայացրեց իր կյանքի ամենակարեւոր որոշումներից մեկը. 1974 թվականին հիմնեց «Նավասարդ» երիտասարդական երգչախումբը: Դա նման էր հարազատ զավակի ծննդի, որի հաջողությունների բերկրանքը երբեք չէր նվազում տարիների հետ, այլ՝ ճիշտ հակառակը:
Եվ արդեն չորս տասնամյակ էջմիածնի մշակութային կյանքում իր ուրույն տեղն ունի Ռուբեն Շարբաթյանի ղեկավարած «Նավասարդ» երգչախումբը, որը համերգներով հանդես է եկել հանրապետությունում եւ արտասահմանում, մասնակցել բազմաթիվ մրցույթների ու փառատոների: Ռուսաստանում, Լիտվայում, Գերմանիայում, Կանադայում կայացած համերգները երգչախմբի տարեգրության հիշարժան էջերից են: Իսկ 1990 թվականին Սեծ Բրիտանիայի Քլիվլենդյան միջազգային փառատոնում երգչախումբն արժանացել է դափնեկրի կոչման:
1979 թվականի ապրիլին էդուարդաս Սեժելայտիսը էջմիածնում ունկնդրեց Ռուբեն Շարբաթյանի երիտասարդական երգչախմբի ելույթը: Վերջում, հիացած երգչախմբով՝ նա գրեց. «Խոնարհվում եմ հայ ժողովրդի հանճարի առջեւ:
…Շնորհակալություն երիտասարդ կոլեկտիվին եւ նրա երիտասարդ խմբավարին»:
Հարցազրույցներից մեկում՝ «Որտեղի՞ց է գալիս երաժշտության նկատմամբ պաշտամունքի հասնող ձեր սերը» հարցին մաեստրոն պատասխանել է. «Իմ ընտանիքից: Հայրս հիմնադրել եւ երկար տարիներ ղեկավարել է էջմիածին քաղաքի ուսուցչական քառաձայն երգչախումբը: Նա հրաշալի երգում եւ նվագում էր: Երբ ես փոքր էի, եւ ողջ էր մուսալեռցի պապս, մեր տանը հաճախ հավաքվում էին մուսալեռցիներ: Նրանք սիրում էին երգել իրենց երկրի երգերը: Մեկը լռում էր, շարունակում էր մյուսը, մեկի կատակ-երգին պատասխանում էր երկրորդը, կրկներգին միանում էին բոլորը: Խրոխտ էին այդ երգերը, դրանցից ուժ էր հորդում:
Մայրս ալաշկերտցի գաղթական ընտանիքի դուստր էր, դարձյալ երգի մեծ սիրահար: Ալաշկերտը, Մուշը, Վանը հայտնի են իրենց անկրկնելի ժողովրդական երգերով, որոնք երգում էր մորական պապս: Մայրս նույնպես երկար տարիներ երգել է ուսուցչական երգչախմբում: Այդուամենայնիվ, երաժշտության հանդեպ ժառանգաբար անցած սերն այդպես էլ անպտուղ կմնար, եթե չունենայի Հովհաննես Չեքիջյանի նման ուսուցիչ»:
Տաղանդավոր, զգայուն եւ հայրենասեր երիտասարդի վրա խոր ազդեցություն են թողել ոչ միայն ծնողներն ու ուսուցիչները, այլեւ հոգեւոր քաղաքի միջավայրը: Ռուբեն Շարբաթյանը 1990 թվականից դասախոսում էր Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 1995-ից Մայր տաճարի երգչախմբի գլխավոր դիրիժորն էր: 2002 թվականից նաեւ Էջմիածնի քաղաքապետարանի «Մշակույթ» միացյալ տնօրենության տնօրենն էր: Այս ամենը պահանջում էին ժամանակի, նյարդերի գերլարում, մեծ պատասխանատվություն:
Հայրենասիրության մասին չէր սիրում ոչ ճառեր ասել եւ ոչ էլ լսել: Իր կոչմանը հավատարիմ եւ անմնացորդ նվիրվելն ամենապերճախոս հայրենասիրությունն էր:
2007-ի հուլիսի 22-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սրբատառ Կոնդակով, Ռ. Շարբաթյանն արժանացել է «Օրհնության գրի», իսկ մեկ տարի անց, ՀՀ նախագահի հրամանագրով, նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Հարազատ քաղաքի մասին այսպես էր խորհում մաեստրոն.
«Էջմիածինը հավատի եւ մշակույթի կենտրոն է՝ ամենալայն եւ ամենախոր իմաստով: Այստեղ գալիս են հայ լինելը եւ հայ լինելու հպարտությունն զգալու ուխտով: Եվ կատարվում է այդ ուխտը: Ի վերուստ այս քաղաքին շնորհված հոգեւոր հզոր էներգիան այն դարձրեց իջման վայր, հոգեւոր կենտրոն, որտեղից աշխարհով մեկ սփռվում է հայկական մշակույթի համամարդկային, տիեզերական, մշտահաստատ զորությունն ու ուժը: Քրիստոնեությունը միայն կրոն եւ հավատ չէ, քրիստոնեությունն ապրելակերպ է, որի հենքը բարությունն ու սերն է: Միածնաէջ այս քաղաքը հոգեւոր մայրաքաղաք է, մեր հաղթանակների, մեր դեպի հավերժություն գնացող անվերջանալի երթի սրբազան ուխտատեղին: Գուցե սովորական էջմիածնեցին դա չի զգում, գուցե այդպես էլ պիտի լինի, սակայն էջմիածնում ծնված, մեծացած արվեստագետի համար հայրենիքի հավերժության գիտակցությունն այն մայր զարկերակն է, որով սնվում են նրա ուղեղի եւ սրտի բջիջները: Որտե՞ղ ես ապրում եւ ի՞նչ ես կրում քո մեջ ազգի մշակութային ժառանգականության փոխանցման օրենքով, այս հարցերը հանգիստ չեն տալիս հոգեւոր մայրաքաղաքում ապրող արվեստագետին: Մայր տաճարին մոտ լինելը ե՛ւ ապահովություն է, ե՛ւ հպարտություն, ե՛ւ երկյուղ, ե՛ւ պատասխանատվություն: Եվ մի օր դու անպայման տալիս ես քեզ այն հարցը, որը փոքրիկ գլուխգործոց է՝ պարարտ ու բեղուն մայր հողի պես՝ իսկ ի՞նչ եմ պարտավոր անել ես»:
Այդ հարցը Ռուբեն Շարբաթյանն իրեն տվեց 22 տարեկան հասակում, եւ իր ապրած կյանքն այդ հարցի պատասխանն էր: Անհանգիստ մարդ, որ աշխարհ էր եկել անվերջ պրպտելու, աշխատելու համար: Նրա մարդկային խառնվածքի ամբողջ լայնությունն ու խորությունը, հմայքն ու գունագեղությունը կարելի էր տեղավորել երկու բառի մեջ՝ ԲԱՐԻ ՈՒԺԵՂԸ: Նա օժտված էր զարմանալի տեսընկալմամբ, կարողանում էր լինել ե՛ւ խստապահանջ, ե՛ւ խորաթափանց, ե՛ւ զգայուն, ե՛ւ զայրացկոտ, ե՛ւ կատակող, ե՛ւ լրջմիտ: Նրա խառնվածքի մեջ այնքան ներդաշնակ ու համերաշխ էին հոգեւորն ու աշխարհիկը, այնպես էին լրացնում մեկը մյուսին, որ զարմանում ես այն անիմաստ ու խիստ սահմանազատման համար, որ երբեմն շատերը դնում են աշխարհիկի եւ հոգեւորի միջեւ: Եթե երկուսն էլ կարող են լինել մի մարդու մեջ եւ չխանգարել միմյանց, ինչո՞ւ իրարից օտարացնել այդ երկու աշխարհները: Դա իսկական հայ մտավորականի ամենանվիրական ու ազնիվ տեսակն էր՝ կենսահաստատ ու ժամանակակից՝ բոլոր ժամանակներում:
Մաեստրո Հովհաննես Չեքիջյանն այսպես է բնութագրել իր ուսանողին. «Ռուբեն Շարբաթյանը Կոմիտասի անվան կոնսերվատորիան ավարտել է գերազանցության դիպլոմով, եղել է իմ դասարանի ամենափայլուն ուսանողը: Ես շատ բարձր եմ գնահատում նրա տաղանդը, աշխատասիրությունը եւ կազմակերպչական արժանիքները»:
Արեւմտահայի տառապանքով ապրած, Մայր հայրենիքում ապաստան գտած, օջախ հիմնած, հարազատ ժողովրդի պատմությանը եւ ավանդույթներին քաջատեղյակ ծնողների եւ ուսուցիչների հետ շփվելով եւ սովորելով նրանցից՝ Ռուբեն Շարբաթյանը կարողացավ ասել իր սեփական խոսքը՝ երաժշտության անմահ ու հավերժական գլուխգործոցներին իր մատների նուրբ հպումով հաղորդելով անհատական ներըմբռնումի, իր զգայուն հոգու ու իմաստուն մտքի մշտավառ կանթեղի լույսն ու ջերմությունը: Ինչ աշխատանք էլ կատարել է Ռ. Շարբաթյանը, միեւնույն է, նրա կյանքի գլխավոր գործը երաժշտությունն է եղել, որովհետեւ նա լավ գիտեր, որ այդտեղ կատարելության հասնելու ճանապարհն անվերջանալի էր, նվաճած յուրաքանչյուր բարձրություն ընդամենը սկիզբ էր նոր վերելքի: Եվ այդ ինքնամոռաց խիզախությունը, այդ տառապանքը սքանչելի, վեհ ու առինքնող զգացում էր, դա անանձնական երջանկություն էր, գոյության ամենաբնական վիճակն արվեստագետի համար:
Ազգային երաժշտության ակունքների մեջ ներթափանցելու, ազգայինն ու հոգեւորն այդպես անսխալ զգալու ունակություն ու շնորհ քչերին է տրված: Այդ քչերից մեկն էլ Ռուբեն Շարբաթյանն էր, էջմիածին քաղաքի մշակութային կյանքի ամենավառ անհատականությունը:
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ