Անցած ամիս Ճապոնիայում լոյս է տեսել աստուածաբան Կարեն Համադայի «Մէկ Քրիստոս, մէկ եկեղեցի. Հայ եկեղեցու աստուածաբանութիւնը բիւզանդացիների եւ խաչակիրների միջեւ» գիրքը, որ մեծ մասամբ վերաբերում է հայ եկեղեցական գործիչ, աստուածաբան, բանաստեղծ, երաժշտագէտ, երգահան, պատմիչ, Ամենայն Հայոց Կաթողիկոս, հայ եկեղեցու սուրբ Ներսէս Շնորհալուն (Ներսէս Դ Կլայեցի, 1102–1173): Այն առաջին գիրքն է Հայաստանեայց առաքելական եկեղեցու մասին, որ ասպարէզ է իջել ճապոնախօս աշխարհում: Գրքի առաջին մասը նուիրուած է Ներսէս Շնորհալու կեանքին եւ ստեղծագործութեանը, տրուած է պատմական համաբնագիրը, հեղինակն անդրադարձել է Շնորհալու հոգեւոր գործունէութեանը, վերլուծել նրա «Ողբ Եդեսիոյ», «Հաւատով խոստովանիմ», «Յիսուս Որդի» եւ միւս ստեղծագործութիւնները։ Աշխատութեան երկրորդ մասը վերաբերում է հայ-յունական աստուածաբանական հակասութիւններին, քաղկեդոնական եւ ոչ քաղկեդոնական աստուածաբանութեանը, Ներսէս Շնորհարու աստուածաբանական հայեացքներին, վերջինիս քաղաքական դիրքորոշման ազդեցութեանը նրա քրիստոսաբանութեան վրայ։
Ճապոնացի երիտասարդ աստուածաբանուհի Կարեն Համադան հայերէն է ուսանել Տոկիոյում, 2012-ին մասնակցել է Վենետիկի «Պո-Արաքս» ընկերակցութեան հայոց լեզուի եւ մշակոյթի խտացեալ դասընթացին։ Երկու անգամ այցելել է Հայաստան։ 2013-ին ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտութիւնների» հանդէսում լոյս է տեսել նրա «Ներսէս Շնորհալին 19-րդ դարի ռուսական աստուածաբանութեան մէջ» անգլերէն յօդուածը։
Ա. Բ.