Ճիշտ է, տարին արդեն կիսվել է եւ թեւակոխել ենք օրացուցային տարվա երկրորդ կիսամյակ, այնուհանդերձ շատ-շատերս շարունակում ենք աշխատել, գործել մեր գրասեղանների մոտ փակցված օրացույցների ներքո: Բարեբախտաբար տարեսկզբին ձեռք բերեցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատի օրացույցը, որի յուրաքանչյուր էջը շրջելիս քեզ համար հայտաբերում ես Մայրավանքի կառույցներից մեկն ու մեկը. շատ կառույցների առաջին անգամ ենք ծանոթանում, իսկ մեզ արդեն ծանոթներն էլ պատկերված են նորովի: Դա ինձ մղեց փնտրել-գտնելու այդ գծանկարների՝ օրացույց 2022-ի նկարազարդումների հեղինակին, որ «Ազգ»-ի նախկին աշխատակից եւ մշակութային բաժնի պատասխանատու, արվեստաբան-գեղագետ Լեւոն Լաճիկյանն է:
Նրան, անշուշտ, գիտեի որպես 100-ավոր հոդվածների եւ 10-յակ գրքերի հեղինակի, բայց ուրախությամբ տեղեկացա, որ վերջին տարիներին նշանակալի հաջողություններ է գրանցում նաեւ գծանկարչության ասպարեզում:
Հեղինակից իմացա, որ նմանօրինակ օրացույցներ նա նկարազարդել է արտերկրում եւ գտել ճանաչում: Հատկապես առանձնացնելի է Բեյրութում անցած տարի տպագրված «Ընտանեկան օրացույց»-ը: Գալով մեր խնդրո առարկա օրացույցին՝ ասենք, որ այնտեղ տեսնում ենք 12 մեծադիր նկարներ՝ արված խառը տեխնիկայով՝ չինական թանաք, ջրաներկ, գուաշ: Օրացույցը բացվում է նոր վեհարանի (1910 թ.) վեհասքանչ պատկերով, որին հաջորդում են հին վեհարանի (1741 թ.), դիվանատան (2008 թ.), Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (1871 թ.), տպարանի (1888 թ.), «Երեմյան խցեր»-ի (1893 թ.), «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատան (1982 թ.), «Գարեգին Ա» կրթական կենտրոնի (2015 թ.), «Գեւորգ Զ Չորեքչյան» էկումենիկ կենտրոնի (1897թ.), «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի (2012 թ.), հին մատենադարանի (1911 թ.) եւ «Էռնեկյան» հանրակրթական դպրոցի (2016 թ.) պատկերները. ներկայացված են ինչպես հնակառույց, այնպես էլ նորակառույց շենքեր. հին վեհարանի կողքին կարելի է տեսնել նաեւ դիվանատան նոր մասնաշենքը: Լեւոն Լաճիկյանին հաջողվել է նուրբ գծերի կիրառմամբ եւ լույսի ու ստվերի վարպետ անցումների միջոցով ստեղծել գրավիչ ու տպավորիչ միջավայր:
Կարելի է նաեւ խորանալ մատուցված նկարների կոմպոզիցիոն գաղտնիքների մեջ, որոնցով էլ պայմանավորվել է ներկայացվող օրացույցի հաջողությունը: Ընդամենը մեկ նկարի անդրադառնանք, որում պատկերված է Էռնեկյան հանրակրթական դպրոցը: Ուսումնական այս հաստատությունն ունի փռված տեղաբաշխում եւ նկարելու համար ամենահարմարը չէ, բայց նկարը դարձել է շատ դիտարժան՝ շնորհիվ մեծ Արարատի ու նրա ֆոնին ներդաշնակվող Սուրբ Գայանե վանքի:
Նշված նկարները այս գծանկարչական մոտեցմամբ առաջին անգամ են ներկայացվում: Նկարիչը օրացույցում ներառված նկարները ստեղծել է երկար ամիսների ընթացքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից առաջարկը ստանալուց անմիջապես հետո:
Բացի գեղարվեստական նշանակությունից՝ հիշյալ օրացույցը հավասարապես, եթե ոչ ավելի շատ, ունի ճանաչողական նշանակություն. նաեւ այսպես ենք մոտիկից ծանոթանում Սուրբ Էջմիածնի ճարտարապետական գանձերին:
Այս օրացույցը տպագրվել է Էջմիածնի Վաչե եւ Թամար Մանուկյան մատենադարանի 10-ամյակի առթիվ, որը լրանում է առաջիկա հոկտեմբերին: Օրացույցը կազմողը սույն մատենադարանի տնօրեն եւ Մայր Աթոռի հրատարակչական բաժնի ղեկավար Տեր Արարատ քահանա Պողոսյանն է, որն օրացույցը հարստացրել է տոնական օրերի ցանկերով:
Ելնելով վերոշարադրյալից եւ օրացույցի օգտակարությունից՝ կամենում ենք ասել, որ ցանկալի է՝ օրացույցը շարունակություն ունենա եւ որ հաջորդ տարիների օրացույցները ներառեն նաեւ Մայրավանքի մյուս կառույցները:
Ուրախալի է, որ գծանկարիչը հիշյալ կառույցների նկարները պարբերաբար տեղադրում է Դիմատետրի իր էջում՝ դրանք ուղեկցելով հակիրճ բացատրություններով՝ վերցված Տեր Արարատ քահանա Պողոսյանի «Սուրբ Էջմիածին. թանգարան բաց երկնքի տակ» ուղեցույցից:
Ինչ վերաբերում է Լեւոն Լաճիկյանի գործունեության նոր, հետագա զարգացումներին՝ ապա հեղինակը մտադիր է ստեղծել արդեն սեղանի օրացույց, որում կլինեն նրա ծննդավայր Գյումրիի քաղաքային տեսարանները: Ըստ նրա՝ արժե զարկ տալ օրացուցային մշակույթի զարգացմանը նաեւ մեզանում, քանի որ այն շատ շռայլ դրսեւորումներ ունի ողջ աշխարհում:
Այսօր նյութական հսկայական միջոցներ են ծախսվում տեղի-անտեղի, ինչպես նաեւ սպառողական արժեքներ գովազդող օրացույցների համար: Մեր անդրադարձը պայմանավորված է նրանով, որ այս օրացույցը սահմանում է օրացուցային մշակույթի լուրջ մակարդակ, որի շարունակությունը ոչ միայն ենթադրելի, ցանկալի, այլեւ, ես կասեի, անհրաժեշտ է, այն նաեւ աչք է շոյում ու ճաշակ ձեւավորում, նաեւ վերաբերմունք ձեւավորում հայ եկեղեցու հանդեպ՝ նյութի առջեւ խոնարհված այսօրվա աշխարհում:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)
Բան. գիտ. թեկնածու