2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հարազատներն ու ազգականները լիահույս էին, թե գործը վերջապես կբացահայտվի, իրական մեղավորները երեւան կգան ու կկրեն արժանի պատիժը: Ողբերգությանը զոհ գնացածների հազարտներին ոգեւորել ու անթաքույց հիացմունքի առիթ էր տվել այն հանգամանքը, որ մոտ երեք տարի առաջ՝ 2019-ի դեկտեմբերին, ՀՀ գլխավոր դատախազությունը բավարարել էր ոճրագործության զոհերից ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի փաստաբանների բողոքը, այն է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործից անջատված եւ կարճված մասը նոր քննություն առնել: Գործի այդ մասը, հիշեցնենք, 2000-ին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյոք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն 4 տարի անց Գլխավոր դատախազությունը կարճել էր այն՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Կարճված գործի վերաբացումից մոտ երեք տարի անց սակայն, դրա վերաբերյալ հրապարակային նոր մանրամասներ, բացահայտումներ հայտնի չեն: Միակ նորությունը թերեւս այն էր, որ կարճված մասը քննության ուղարկելուց օրեր անց Հայաստանը լքել էր «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավոր Սամվել Ուզունյանը:
Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին Նիկոլ Փաշինյանը միշտ է խոսել, թե՛ միչեւ իշխանության գալը, թե՛ դրանից հետո ու այժմ: Ավելին, որպես «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր՝ գործի շրջանակներում 1999-ին հարցաքննվել էր: Եվ եթե ընդդիմադիր գործունեության ժամանակ քարը քարին չթողնելով՝ նախկին իշխանություններին քաղաքական կամք չդրսեւորելու ու գործը մինչեւ վերջ չբացահայտելու մեջ էր մեղադրում, ապա իշխանության գալուց հետո նույնպիսի ջանասիրությամբ պարբերաբար հայտարարում է, թե «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու է: Նմանատիպ վերջին հայտարարությունը նախորդ տարի՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ է արել ու ընտրողներից քվե խնդրել նաեւ «Հոկտեմբերի 27»-ը բացահայտելու համար: Ու թեեւ հետպատերազմական իրավիճակում անգամ ՀՀ քաղաքացիներն այդ մանդատը տվել են նրան, ոճրագործությունից 23 տարի անց Հոկտեմբերի 27-ը շարունակում է ՀՀ պատմության ամենամութ գործերից մեկը մնալ:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ