Եթե ինչ-որ առումով արանքում արտահայտությունը ոմանց կարծիքով տեղին ու այն չէ, թող հիշեն երկու քարի արանքում ասացվածքը, որը լավագույնս է բնորոշվում հայերիս եւ առավելապես հայաստանաբնակներիս առօրյան: Պարզից էլ պարզ է, որ խոսքն առաջին հերթին մեր կողմնորոշման մասին է, արեւելք թե՞ արեւմուտք ընտրության, հնարավորի ու անհնարինի սահմանման: Թե՛ լուծումներն են բարդ, թե՛ խնդիրներն անորոշ: Եվ հարցը` ինչո՞ւ ենք հայտնվել այս վիճակում, հնչում է յուրաքանչյուրի ու բոլորի կողմից, իշխանականի եւ ընդդիմադիր համարվողի շուրթերից, ջահելի ու ահելի խոսույթից, օտարալեզու հայի բերանից, այլոց էլ` սրտից:
Քաղաքականություն կոչվող երեւույթը մասնագիտություն ընտրած այրերի մոտեցումներով հանգուցալուծումը կբերի խաղաղություն կոչվող պայմանագիրը, որի նախորդը թե հաջորդը զանգեզուրյան միջանցք անվանվողն է, թեեւ մեր անբարյացակամ երկրի առաջնորդն ի լուր ամենքի հայտարարեց, որ այն պարզապես իր մտահաղացումն է, զուրկ որեւէ իսկ հիմնավորումից:
Ակամա հիշեցի տարիներ առաջ արածս ֆեյսբուքյան կոչվող եզակի մի գրառումս, որը ներկայացնում եմ ստորեւ. 15 մայիսի 2021թ: «Եթե անգամ զանգեզուրյան միջանցք հորջորջվողի դիմաց թուրքերը Մասիսն ու Սիսն առաջարկեն, հայերիս պատասխանը միանշանակ պետք է մերժում ենք-ը լինի…»: Բայց չէ՞ որ խոսքը մեր սրբությունների սրբոցներից մեկի մասին է, որի անունը հնչեցնելիս մեր երակների արյունը եռում է, տեսողությունն ու լսողությունն ակտիվանում, շնչառությունը նորովի բացվում, մկանները լարվում, կարճ ասած` մեր մարմինը յուրօրինակ արթնացում է ապրում ու զգաստանում: Իր գեղատեսիլությամբ, դժվարամատույց բարձրությամբ, բնական ներգործումներով Արարատը հնում խորհրդավոր ազդեցություն է ունեցել հայերի վրա, արժանեցել պաշտանմունքի ու առասպելաբանության: Դարեր շարունակ մեր նախնիները լեռան վրա չեն բարձրացել ոչ այնքան դժվարամատչելիության, որքան նրա սրբազանությունը չպղծելու պատճառով:
Եվ հանկարծ մերօրյա հայը հրաժարվում է Արարատից ինչ-որ միջանցքի դիմաց: Որ գրառումս համակիրներ ունեցավ, վկայում է, որ մեր հայրենակիցները զգում են խնդրի էությունը, զգում են հետեւանքները, դրանց ազդեցությունը մեր ապագայի վրա: Այնպես որ այնքան էլ պարզամիտ ու միամիտ չենք, ինչպես մեզ պատկերացում են մեր լավը չուզողները: Փոխանակման առումով հետաքրքրական է 1932-ին Իրանի շահ Ռեզայի ու Թուրքիայի նախագահ Աթաթուրքի միջեւ կնքված պայմանագիրը` հողեր փոխանակելու շուրջ: Այդ մասին դեպքից դեպք խոսվում է: ՀՀ արեւելագիտության ինստիտուտի մասնագետները նշեցին, որ թեեւ իրանական դիվանագիտությունը դեմ է եղել հողերի փոխանակությանը, այսուհանդերձ շահի անձնական համակրանքը Աթաթուրքի հանդեպ որոշիչ է եղել: Հայերիս համար այն հետաքրքրական է այնքանով, որ առնչվում է Թուրքիա-Նախիջեւան ցանաքային սահմանային կապի ստեղծման հետ: Այն առաջանում է Իրանի կողմից 12 կիլոմետր միջանցք դեպի Նախիջեւան զիջելու արդյունքում, որի դիմաց Իրանը ստանում է եռակի մեծ տարածք դաշտավայրային Թուրքիայից: Այնպես որ մասնագետների խնդիրն է պարզաբանել հնարավորի ու անհնարինի միջեւ կապն ու սահմանը, սխալվել թույլ չտալու հանգամանքը… ի՛նչ գնով էլ այն լինի:
Այլապես մեզ հակադարձ առաջարկով կգայթակղեին, ասենք, դուք մեզ զանգեզուրյան միջանցք, մենք ձեզ` միջանցք դեպի Արարատ լեռ, երկուսն էլ մոտ 40-ական կիլոմետր: Անհատներով ու խմբերով գալիս եք չէ՞ դեպի Արարատ, Հայաստանից Վրաստան եք անցնում, այդտեղից Թուրքիա, մի քանի հարյուր կիլոմետր կտրում անցնում, նոր Արարատի լանջերին հասնում: Իսկ ահա ՀՀ սահմանից մինչ լեռը հազիվ 40 կմ է, կարող եք ե՛ւ քայլելով գալ, ե՛ւ հեծանիվով ու այլ միջոցներով: Սակայն չեն առաջարկի, բանակցության թեմա չեն դարձնի, քանզի իրենք էլ են զգում դրա հետեւանքները, որը մեր պարագայում խորհուրդ են տալիս պարզապես անտեսել: Այ մեզ ու ձեզ հարեւանություն, հաշտ ապրելու ակնարկներ, անվտանգության հարցում էլ` «խորհուրդներ»… Եվ այս ամենը` հաստատուն աջակիցներ ու դաշնակից բարեկամներ չունենալու պայմաններում, երբ Երկիր մոլորակի չորս կողմերում բոլորն են փորձում ու ձգտում հուսալի միջավայրի, կայուն երաշխիքների, բարյացակամ հարաբերվելու:
Ավա՜ղ, ինչ-որ նստվածք կա այս ամենում, որն առաջին հայացքից պարզ թվացող մտահոգությունները ծանր բեռի է վերածում, այն կրելու եւ ազատվելու խնդիրների գորդյան հանգույց է նմանակվում: Այստեղ է, որ այն վայրկյան առաջ քանդելու, իրենց անունով կոչելու պահանջ է ծագում, աշխատանք հանդիսացողի ըմբռնում, որը մեզանում փոխարինվում է յուրօրինակ խոստումնառատությամբ, որի դրսեւորումներին հայաստանաբնակներն առնչվում են սկսած համատիրությունից մինչեւ նախարարություններ ու ամեն ինչից գոհ ՀՀ կառավարություն, որի անմիջական իրավասությունը գործադիր լինելն է, գործի դնելը:
Ասենք. հայաստանյան հանրության բոլոր շերտերին է մտահոգում, թե ինչու հողա-ջրա-ջերմային ու մարդկային բավարար առկայությունների պայմաններում ՀՀ-ում չի արտադրվում երեք մլն բնակչությանն առաջնահերթ 600-700 հազար տոննա ցորենը, երբ 2000-ականների սկզբին ունեինք 430 հազար տոննա ցուցանիշ, 2023-ին` հազիվ 100 հազար տոննա: Վիճակի բարելավման խոստումներով ՀՀ կառավարությունն իր համեստ բյուջեից զգալի հատկացումներ է իրականացնում, ծրագրեր է ֆինանսավորում, սուբսիդավորման համակարգ կիրառում, արտերկրներից վարկեր վերցնում, իսկ արդյունքը` հիմնականում արդարացումներ հողերի մասնատվածության շուրջ: Որերորդ տարին է բերվում է իրոք սակավահող Ճապոնիայի օրինակը, ուր մեկ բնակչի հաշվով վարելահողը 340 քմ է, ՀՀ-ում 1500 քմ: Ճապոնիայի 2 մլն-ից ավելի գյուղացիական տնտեսությունների մոտ 75 տոկոսն ուներ մինչեւ 1.5 հեկտար հողակտոր, որը պատճառ չի եղել երկրի բնակչությանն անհրաժեշտ տարեկան 10-12 մլն տոննա բրնձի արտադրության չիրականացման: Ինչպե՞ս. հարցրեք ագրարային անվանվող ակադեմիայի դոկտոր-պրոֆեսորներին, մեզ օգնություն տրամադրող միջազգային մասնագիտական կառույցներին, Ճապոնիայում ՀՀ դեսպանատան տնտեսական հարցերով պաշտոնյաներին, Երեւանի տնտեսագիտական համալսարանի ռեկտորատին, ի վերջո` պարենային անվտանգության հիմնական ու գլխավոր պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարության անձնակազմին, ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության լուծարումից հետո վստահվել է ՀՀ գյուղոլորտի կառավարումը: Այս ցանկն էլի կարելի է շարունակել, որը չենք անում ընթերցողին չզայրացնելու պատճառով: Կառույցներն ու դրանց փաստաբան պաշտոնյա տնտեսագետները խոսում են 1-1.5 տոկոս գնաճից, երբ ընկերությունն իր կիսաֆաբրիկատ արտադրանքը 2000 դրամից բարձրացնում է 2300 դրամի: Խոսքը փաթեթավորված 400 գրամ արտադրանքի մասին է: Ընդունված կարգով 1 կգ հաշվարկի պարագայում գնաճը կազմում է 750 դրամ, իսկ պանրային մթերք անվանվող արտադրանքն առաջարկում է այնպիսի գնով, որը տարակուսանք է առաջացնում: Էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ մեզանում ամուսնությունների նվազում է արձանագրվում, ամուսնալուծությունների էլ աճ, 1000 բնակչի հաշվով ծնուդներն ավելի պակաս են քան եվրոպական շատ երկրներում…
Աստված իմ. ՀՀ-ն պարզ ու հասարակ առաջնահերթությունների վայրկյան առաջ լուծման խնդիր ունի, իսկ բարձրագույն ղեկավարությունը խոսում է աշխարհին նորարարական արտադրանքով ներկայանալուց: Արդյո՞ք նկատի ունեն նոր որակի, ասենք` հեծանիվը, որի մանկականն անգամ ներմուծում ենք: Թե՞ աղբ համարվող հումքն ենք տեսակավորելու ու դրանից ավտոմոբիլ ենք արտադրելու, վառելիքն էլ օդից ենք սինթեզելու: Միայն հարց է, թե պակասող օդն ինչով ենք լրացնելու: Չենք լրացնելու, այլ այդ միջավայրում ենք ապրելու: Մեր շրջապատում արդեն կան չէ՞ անձինք, որոնք ապրում են օդը չի հերիքում ասելով:
Շարքային մահկանացուներս ումի՞ց ենք պակաս…
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
17.09.2024թ.