Իշխող քաղաքական թիմի՝ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները սրտնեղած են. իրենց պատկերով նկարները կամ պաստառները ընդդիմադիրներն այրել են Ֆրանսիայի հրապարակում: Որեւէ մեկի լուսանկարն այրելը, իհարկե, դրվատելի արարք չէ: Այն ինչ-որ առումով կամ որոշակիորեն կարող է անգամ բռնության տարրեր պարունակել: Զավեշտալին այն է, որ լուսանկարները հրապարակավ այրելուց խոսում են մարդիկ, որոնց անմիջական թողտվությամբ 2018 թ. քաղաքական վերադասավորումների օրերին ՀՀԿ-ական պատգամավորների անուններով սեւ ժապավեններ էին կախում այն բակերում կամ փողոցներում, որտեղ բնակվում էին պատգամավորները: «Հեղափոխության» փառքից կուրացած ու մարդու հիմնարար իրավունքների արժեքների ոտնահարումը մոռացած ներկա իշխանավորները, ըստ երեւույթին, ո՛չ լսել, ո՛չ էլ գիտեն բումերանգի օրենքի մասին: Խանդավառ երիտասարդները, որ արդեն քիմքին մոտ զգացել էին օդում սավառնող մանդատի կամ պաշտոնի համը, գուցե չէին հասկանում, որ ատելության այդ ալիքը որոշ ժամանակ հենց իրենց է հեղձելու:
Որեւէ մեկի անունով սեւ ժապաեն փակցնելը, շքամուտքի դիմաց դագաղ կամ սգո ծաղկեպսակ դնելը, նկարը այրելը կամ այն կենդանիների վրա փակցելը, իհարկե, ողջունելի արարքներ չեն: Առավել քան դատապարտելի է, երբ ծաղրում են մարդու մարմնի ֆիզիկական կառուցվածքը՝ մեծ քիթը, գիրությունը, թլվատախոսությունը եւ այլն: Նույն 2018 թ. համընդհանուր խանդավառության օրերին մերօրյա երիտասարդ պատգամավորներն ու նրանց սատելիտները ծաղրում էին ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանին, օրինակ, մեջտեղ բերելով նրա գիրությունը: Այժմ, փաստորեն, ծաղրանքի բումերանգը արդեն օրվա պատգամավորների դուռն է եկել ու տեղատարափ անձրեւի պես թափվում է նրանց գլխին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ