Հայաստանի հանրապետությունում տեւական ժամանակ է, ինչ կյանքը չի գոհացնում մարդկանց, ավելին՝ հիասթափեցնում է: Դրա խոսուն վկայություններից է մեծ տեմպերով աճող արտագաղթը եւ օրեցօր ահագնացող հանրային դժգոհությունը: 2018 թվականի իշխանափոխությունը ոչ միայն չարդարացրեց իրեն, այլեւ ամբողջովին հակադրեց իր սկզբնական գաղափարին եւ երբեմնի սկզբունքներին: Հեղափոխություն կոչվածից անցել է գրեթէ 4 տարի,սակայն այդ տարիների ընթացքում հասարակությունը, բացառությամբ իշխանամետ զանգվածի, որն ունի իր անձնական շահերը եւ հետաքրքրությունները, տառապանքից եւ առօրյա դժվարություններից զատ այլ բան չի տեսել: Ողնաշարը կոտրված պետություն, անորոշություններ, կեղծ ժողովրդավարություն եւ դրա անվան տակ ծիլ տվող բռնապետություն: Սա՛ է այն, մեղմ ասած, չհուսադրող պատկերը, որն ունենք այսօր:
Քաղաքական թոհուբոհի, իշխանություն-ընդդիմութուն անվերջանալի թվացող թշնամանքի ֆոնին շատ կարեւոր է նկատել այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են ՀՀ քաղաքացիները ամենօրյա ռեժիմով: Այդ գլխավոր խնդիրներից մեկը ապրուստի թանկացումն է: Թավշյա հեղափոխության,որն այնուհետեւ վերածվեց պողպատյայի, առաջնորդ Նիկոլ Փաշինյանը,մինչ իշխանության գալը մշտապես քննադատում էր անհարկի թանկացումները՝ կոմունալ վճարումներից մինչեւ պարենային ապրանքների ոլորտ: Հենց այդ քննադատությունը հանդիսացավ հեղափոխություն կոչվածի գլխավոր մեխը կամ գրավականը: Սակայն ի՞նչ է կատարվում այսօր: Օր-օրի թանկացան ե՛ւ գազը, ե՛ւ էլեկտրոէնէրգիան, անգամ ջուրը: Մյուս կողմից էլ չնայած տնտեսությունում մենաշնորհների վերացման եւ ազատ մրցակցային շուկայի բարգավաճմանը,ինչն իշխանությունները վերագրում են իրենց կատարած աշխատանքին, համատարած գնաճ է արձանագրվում սննդի եւ ապրուստի համար առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում:
Ահա սրանք են այն առաջնային կարեւորագույն խնդիրները ,որոնք մտածմունքների եւ դժգոհությունների տեղիք են տալիս շարքային քաղաքացիների շրջանում: Միգուցե այդ քաղաքացիներից շատերին չանհանգստացնի թույլ սպառազինված բանակ ունենալը կամ դիվանագիտական սխալ հարաբերություններ վարելը այս կամ այն երկրի հետ,սակայն վերոնշյալ խնդիրենրից խուսափելն անհնար է:
Ֆինանսական դժվարություններն իրենց,անվտանգության թուլացումն էլ՝ իր հերթին: Սա մի այլ թեմա է ,որը կարող է լուրջ աղետների առաջ կանգնեցնել պետությանը:
Մարդիկ ցանկանում են լքել երկիրը ոչ միայն ֆինանսական խնդիրներից կամ աղքատությունից ելնելով, այլեւ պաշտպանված չլինելու պատճառով: Տարիներ առաջ ՀՀ շարքային քաղաքացին միգուցե չպատկերացներ, որ սեփական երկրում հնարավոր է վտանգ զգա արտաքին թշնամու ներխուժումներից: Հայաստանը 30 տարի շարունակ լարված հարաբերություն է ունեցել թշնամի Ադրբեջանի հետ, պատերազմը մշտապես անխուսափելի է եղել, սակայն հայ ազգաբնակչության մեջ անպաշտպան լինելու մտահոգություն երբեւիցե չի առաջացել: Այսօր էլ մենք ունենք քաջարի մարտիկներից կազմված զինված ուժեր,բայց այդուհանդերձ ռազմաքաղաքական առաջնային որոշումներ կայացնելու գործը դրված է իշանության ուսերին: Ի՞նչ կարող են անել զինված ուժերը,եթե իշխանությունները որոշեն ուժ չկիրառել երկրի ինքնիշխան տարածքը հատած թշնամու նկատմամբ եւ ընտրեն բանակցությունների ուղին, փորձելով 3-րդ երկրի օգնությամբ ոչ հարատեւ ժամանակով չեզոքացնել հակառակորդի առաջխաղացումը: Երբ երկրի հասարակ քաղաքացին տեսնում է, որ թշնամի պետության ղեկավարության հակահայ լկտի պրոպագանդան եւ հոխորտանքները պետական մակարդակով սթափեցնող կամ հակազդող պատասխան չեն ստանում, նրան մնում է միայն ենթադրել, որ թշնամին պատասխան չի ստանա նաեւ ռազմի դաշտում: Այս ամենը ոչ միայն անվտանգային ,այլեւ հոգեբանական խնդիրներ է առաջացնում հասարակության մեջ:
Հենց այս անվտանգային եւ ֆինանսական խնդիրները, միավորվելով մի շարք այլ մարտահրավերների հետ, առաջացնում են հասարակության մոտ տիրող գլխավոր զգացողությանը՝ անվստահություն սեփական իշխանությունների նկատմամբ:
Երբ հասարակ քաղաքացին սկսում է չվստահել իր կառավարությանը, վերջինիս խոսքին ու գործին,երբ գերակայում է անվստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ, երբ նույն քաղաքացին հեշտությամբ անարգում է իր պետական գործիչներին, ապա դա մատնանշում է, որ երկրում չկա հաստատված կայուն պետական համակարգ, որը անգամ խնդիրենրի ու համատարած դժգոհությունների առկայության ֆոնին կարող էր իրավիճակի վերահսկողությունը պահել իր ձեռքում: Սա վկայակոչում է, որ ղեկավարությունը ոչ միայն չի տիրապետում երկրում տիրող իրավիճակին, այլեւ չի կարողանում կառավարել սեփական հանրությանը, գոնե այն հատվածին, որի քվեն ստացել է: Եթե անգամ այսօր իշխանությունները որեւէ լավ քայլի նախաձեռնող են հանդիսանում, նույնիսկ այդ ժամանակ ժողովուրդը անվստահորեն է վերաբերվում դրան,փորձելով վատ ենթատեքստ գտնել ամեն ինչում:
Այս բոլոր խնդիրներին միգուցե նաեւ նպաստում է այն հանգամանքը,որ ընդդիմադիր որոշ ուժեր ոչ թե փորձում են առողջ երկխոսություն վարել իշխանությունների հետ, այլ առաջնորդվում են կոնկրետ շահեր պաշտպանելով: Սրանից էլ բխում է ժողովրդի անվստահությունը նաեւ ընդդիմությա՛ն նկատմամբ:
Կարճ ասած՝ պատկերը Հայաստանում ՀՀ շարքային քաղաքացիների աչքերով այդքան էլ հուսադրող չէ, չնայած պնդումներին, որ կա ապագա:
Քանի դեռ այդ ապագան հիմնված է լինելու պոպուլիզմով ժողովրդավարություն խաղալու վրա, այդքան ժամանակ այդ ապագան մշուշոտ ու անորոշ է լինելու:
ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ
ՀՊՄՀ լրագրության 4-րդ կուրս