Մեղվապահները հայտարարում են. այս տարի մեղր գրեթե չկա, ուստի եղածը ստիպված են թանկ գնով առաջարկել: Լրագրողական պարզ ցանկություն առաջացավ հանրայնացնել նման մոտեցումը, բացահայտել ոլորտի խնդիրները, փորձել լուծումներ գտնել թե՛ մեղվապահների, թե՛ նրանց արտադրանքից օգտվողների համար: Վստահության զգացում ունեի, որ շրջապատիս առնվազն մի քանի մեղվապահ ծանոթներիս օգնությամբ հնարավոր կլինի բացահայտումներ անել, մասնագիտական խորհուրդներ ստանալ, ինչ-որ օգտակարության վիճակի հասնել: Այս ամենի փոխարեն առաջացավ երկակիության մի զգացում, գրեթե խորհրդավորության հասնող մի գործընթաց: Զրուցակիցներս նշում էին մեղվապահության բարդությունները, աշխատանքի նրբությունները, մեղվափեթակների հետ վարվելու հոգսերը, շատ այլ խնդիրներ, փորձելով նրբորեն խուսափել աշխատանքի արդյունավետության հիմնահարցից, որը ոլորտով զբաղվելու հիմնական շարժառիթն է:
Պատճառը թերեւս մասամբ պարզվում էր: Անգամ նախորդ տարիներին մեղրի ոչ ակնկալելի բերքի պայմաններում, երբ փեթակից մինչեւ 10 կիլոգրամ բերք էր ստացվում, զրուցակիցներս չէին հիշատակում 20 եւ ավելի կիլոգրամ բերքի ստացման փաստերից, թեեւ մեղվապահությամբ զբաղվելու ցանկությունն առաջացել էր հենց այս շարժառիթով: Լսել ու վստահել էին, որ փեթակից մինչեւ 40 կգ մեղր է ստացվում, իրենցից յուրաքանչյուրն ի զորու է իր համառ ու նվիրված աշխատանքով հասնել նման ցուցանիշի, մնացյալն ինքնաբերաբար լուծվող է: Ավաղ, երբ չկա ավանդույթը, բացակայում է փորձը, հայտնի չէ սխալվելու աստիճանը, ի հայտ են գալիս իրավիճակներ, որոնք ընդունված է անհաղթահարելի որակել, իր անցանկալի հետեւանքներով: Տասնամյակներ շարունակ, թող որ պարզ զրուցակցի թե սիրողական մակարդակով հետաքրքրվելով մեղվապահության ոլորտով, մշտապես ունկնդրել եմ անբավարարվածության արտահայտություններ, որոնց հետեւանքով նաեւ 2000-ականներին կգ-ը 2-2,5 հազար դրամով վաճառվող մեղրի գինը կրկնապատկվել-եռապատկվել է: Այն բացատրությունը, թե արդար ու անարատ համարվող մեղրն իր գինն ունի, պարզապես համոզեցուցիչ չէ, քանզի, թող ներվի ասել, դժվար է հանդիպել մեղվապահի, ով կասկածի տակ չի առնի անգամ իր հարեւանի արտադրանքի որակը:
Այսպես շարունակվում է տարին-տարու, տասնամյակը-տասնամյակի վրա, որի ընթացքում ոլորտը տուժում է, մեղրի արտադրությունը էապես նվազում, կգ-ի էլ գինը հերթական անգամ բարձրանում: Շատ-շատերի համար այդպես էլ երազանք է մնում հայկական անզուգական մեղրը Եվրոպա արտահանելը, ուր թե՛ սեփական ու ներմուծված բազմաբնույթ տեսականի կա, թե՛ գներն են հասանելի: Փոխարենը մեզանում փաստ է, որ ինչպես տասնամյակներ առաջ, հիմա էլ հանրության զգալի հատվածներ ի զորու չեն 3 լիտր տարողության մեղրի դիմաց 20 հազար դրամ վճարել, լավագույն դեպքում այն գնում են կիլոգրամով, յուրօրինակ դեղամիջոց դիտարկելով:
Վստահ եմ՝ շատերն են համոզված, որ գին բարձրացնելով հարցեր չեն լուծվում, դրանք շղթայական պարզունակ գործընթացի են վերածվում: Արդյունքում ունենք վիճակ, երբ երկու տասնամյակ առաջ հայտարարվող շուրջ 450-500 հազար մեղվաընտանիքի դիմաց այժմ ունենք զգալիորեն նվազած թիվ: Թե ինչքան, կարող ենք հիշատակել ՀՀ վիճակագրության կոմիտեի պաշտոնական հրապարակումը` 2014-ին, ֆիզիկական անձանց մոտ 162 հազար, իրավաբանական անձանց մոտ 2100 մեղվաընտանիք: Թե ինչու է հիշատակվում ինը տարվա վաղեմության տվյալ, նշեմ հետեւյալը. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության համատարած հաշվառում (ԳՀՀ) առաջին անգամ անց է կացվել 2014 թվականին եւ համաձայն օրենքի այն պետք է իրականացվի տասը տարին մեկ անգամ: Նշեմ, որ մինչ այդ տարեթիվը, ըստ որոշ վերլուծությունների, մեղվաընտանիքների թիվ էր նշվում նաեւ 200 հազարը: Այսօրինակ անորոշությամբ էլ վիճակագրությունը հաստատում է իր մասին հանրային գնահատականը, որն անգամ մեղրի քաղցրության պարագայում նպաստավոր չի ստացվում: Թեեւ ասվում է, որ մեղվի խայթոցն ինչքան վտանգավոր, նույնքան էլ օգտակար է դասվում: Հիշելով իմ շրջապատի մեղվապահների վերջին մի քանի տարիների կորուստները, պարտադրված ենք անցանկալի եզրակացության հանգել: Այս պարագայում մեզանում հաճախ են հիշում համաշխարհային մեծություններից Ալբերտ Էյնշտեյնի այն արտահայտությունը, թե մեղուների վերանալու պարագայում երկիր մոլորակից կվերանա նաեւ մարդ-արարածը: Որ դժվար թե դժվարագույն կացության մեջ ենք, պարզից էլ պարզ է: Անշուշտ, դժվար է վիճակից լուծումներ փնտրելն ու գտնելը, որը թերեւս ի զորու է իրականացնել պետական պատասխանատու կառույց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իր գյուղատնտեսության համար պատասխանատու օղակների ու մասնագետների օգնույամբ: Նրանց թերեւս կարող են լավագույնս օգնել եւ օժանդակել հանրապետության խոշորագույն Ազգային ագրարային համալսարանի գիտա-մանկավարժական անձնակազմը: Ասենք հարց է, թե ինչքանով է նպատակահարմար Արարատյան դաշտավայրի երկու հիմնական մարզերում՝ Արմավիրում ու Արարատում 7000-ական մեղվաընտանիքների եւ Գեղարքունիքում 25000 մեղվաընտանիքների առկայությունը: Հանրահայտ է, չէ՞, որ մեղվի աշխատանքային միջավայրը ծաղիկն է, նրանում առկա նեկտարը, որն Արարատյան դաշտավայրում առավել շատ ու երկար է պահպանվում, քան համեմատաբար բարձր լեռնային գոտիներում: Սա` սիրողական մոտեցումով:
Երբ այսօրինակ մտորումներով կիսվում էի շրջապատիս հետ, ծանոթներիցս մեկը նկատեց, որ Ռուսաստանի Դաշնության Ալթայի երկրամասից ՀՀ մեղրի ներմուծում է իրականացվել, հարկա-մաքսային հարցերի լուծումից հետո այն վաճառքի կհանվի: Այսկերպ, շատ այլ առաջնահերթությունների պարագայում սեփական արտադրող դառնալու փոխարեն հայտնվում ենք ներմուծողների ցանկում, այդկերպ կայացնելով այլոց տնտեսություններն ու հարստացնելով բյուջեները: Պատասխանը միանշանակ է՝ մինչեւ ե՞րբ:
Դե, մենք սովոր ենք, կդիմանանք: Իսկ ի՞նչ անեն այն եվրոպացիները, որոնք հայկական մեղր գնելու նպատակով ցուցակներ են կազմել, սպասումի են տրվել: Դարձյալ վերարտահունում իրականացնենք, ստուգողն ո՞վ է որ: Սա, իհարկե, կեսկատակ, քանզի այլ բան անել չի մնում:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ