Երեւան-Կոստանդնուպոլիս չվերթի առաջին ուղեւորներին թուրքերը ծաղիկներով ու կոնֆետներով են դիմավորել: Արեւելյան հյուրասիրության ու շոյիչ այս ժեստին հայերս տարբեր գնահատականներ ենք տալիս: Ընդդիմադիր քաղաքական գործիչների համոզմամբ՝ եղելությունը վկայումն է այն բանի, որ իշխանությունը հանցավոր համաձայնության է եկել Թուրքիայի ղեկավարության հետ ու պատրաստվում է բարեկամանալ մեկ դար առաջ Ցեղասպանություն իրականացրած թշնամու հետ: Մյուս կողմից՝ իշխանության արբանյակները, ստանձնելով քաղավիացիայի հարցերով զբաղվող մասնագետների դերը, պնդում են, թե Հայաստանը նմանը չունեցող թռիչքներ է իրականացնում, ինչը շուտով տնտեսական բում է բերելու մեր երկրին: «Ազատ սահմաններ, էժան ապրանքներ, երջանիկ հասարակություն». դեպի Կոստանդնուպոլիս վերաբացված խիստ սովորական թռիքը մոտավորապես այսպես են բանաձեւում: Իրականում Հայաստան-Թուրքիա օդային հաղորդակցությունը շատ ավելի հին՝ մոտ երեսուն տարվա պատմություն ունի: Հայաստանի երրորդ հանրապետության անկախացումից հետո Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային՝ ավիահաղորդակցություն սկսել Հայաստանի հետ:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը հիշում է՝ պաշտոնը ստանձնելուն պես առաջին բանը, որ արեց, պարզելն էր, թե ինչու է փակ Թուրքիայի հետ օդային սահմանը: Ինչ է պարզվել՝ Խորհրդային Միության կազմից դուրս գալուց ու անկախացումից հետո Հայաստանն անձամբ պետք է ճշգրտեր իր օդային սահմանները, ինչի մասին մասնագետները ժամանակին չեն իմացել, հետեւաբար՝ չեն դիմել Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսին:
Հենց այդ ժամանակ էլ քաղավիացիայի գլխավոր վարչությունը՝ ի դեմս Պետրոսյանի , դիմում է այն ժամանակվա իշխանություններին, նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որ հարցն անհապաղ լուծում է պահանջում: «Ազգ»ի հետ զրույցում Պետրոսյանը հիշեց՝ բացի ցամաքային շրջափակումից, նաեւ օդային շրջափակման մեջ էր Հայաստանը: «Իսկ Թուրքիան «օդը փակելու» իրավունքը չուներ: Պաշտոնական Անկարան արդարանում էր՝ հղում անելով ԽՍՀՄ սահմաններին, որոնք արդեն գոյություն չունեին: Ավելի քան մեկ տարի պայքարում էինք, եւ քանի որ դիվանագիտական հարաբերություններ չունեինք, բարդ էր այդ ամբողջ գործընթացը: Բայց հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ու ասաց, թե «էֆենդի՛ Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերն արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»,-պատմում է մեր զրուցակիցը:
Հեռախոսազանգից կարճ ժամանակ անց Երեւանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը, ու հենց այդ տարվանից սկսած՝ «Հայկական ավիաուղիները» սկսեցին «Երեւան-Ստամբուլ» կանոնավոր չվերթը:
Այդ ժամանակ Հայաստանը Թուրքիայի հետ ոչ թե մեկ, այլ երկու օդային միջանցք ուներ՝ «H 50»-ն ու «H 51»-ը, որոնցից ոչ միայն Հայաստանն ու Թուրքիան, այլ նաեւ այլ երկրներ էին օգտվում ու տարանցիկ թռիչքներ իրականացնում Եվրոպայից դեպի Հեռավոր Արեւելք:
Շահեն Պետրոսյանի հաղորդմամբ՝ ծրագրեր են եղել նաեւ Գյումրի-Կարս ավիաթռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն կյանքի չեն կոչվել: Ի դեպ, դեպի Հայաստանի մարզեր ու Հայաստանից դեպի թուրքական տարբեր նահանգներ թռիչքներ իրականացնելու նպատակների մասին պաշտոնական Անկարան նույնպես օրերս հայտարարությամբ է հանդես եկել:
Պետրոսյանն ուշադրություն է հրավիրում նաեւ հանգամանքին, որ 2000-ականներից մինչեւ 2016-ը նաեւ հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլ-Երեւան ավիաթռիչքներ են իրականացվել, բայց 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո դրանք դադարեցվել են: