Օրերս լույս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի «Գահիրէի ՀԲԸՄի «Տեղեկատու» եռամսեայ պարբերականը» (Գահիրէ, 2022, 122 էջ) գրքույկը: Մանրամասն վերլուծելով «Տեղեկատուի» հոդվածները՝ հեղինակը ներկայացրել է պարբերականի պատմությունը, որի 100-րդ հոբելյանական համարի հրատարակմանն է նվիրված սույն աշխատությունը:
Եգիպտահայ համայնքի մամուլի պատմության ասպարեզում իր ուրույն տեղն ունի ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի հասարակական, գրական, մշակութային «Տեղեկատու» պարբերականը: Ի դեպ, «Տեղեկատուի» առաջին արտոնատերն էր տաղանդաշատ արվեստագետ, երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանը, ապա՝ Հակոբ Համբիկյանը:
Պարբերականն ընդհատումներով ունեցել է հրատարակության երկու շրջան՝ Հին (1956-1981 թթ.) եւ Նոր (1996 թ.-ից ցայսօր) (էջ 7):
Հարկ է նշել, որ առաջին շրջանում «Տեղեկատուն» լույս է տեսել անկայուն պարբերականությամբ՝ երկու, երեք, վեց ամիսը, ինչպես նաեւ՝ տարին մեկ անգամ, տարբեր՝ 12-48 էջաքանակով, մինչդեռ երկրորդ շրջանում՝ եռամսյա կանոնավոր պարբերականությամբ եւ կայուն 36 էջ ծավալով (էջ 7, 8):
Պարբերականն ունեցել է նվիրված ու ժրաջան խմբագիրներ, որոնց ավանդները հարստացվելով՝ շարունակվում են մինչեւ օրս: Առաջին շրջանի (1956-1981 թթ.) խմբագիրներն էին՝ Սիսակ Շալճյանը, Հայկ Ժամկոչյանը, Գրիգոր Պասմաճյանը, Տիգրան Գեւորգյանը, իսկ երկրորդ շրջանինը (1996 թ.-ից ցայսօր)՝ Պերճ Թերզյանը, Հարի Չեչճենյանը, Տիգրան Գեւորգյանը, Արաքսի Տեովլեթյանը, Շաքե Մարգարյանը:
Ներկայումս՝ սկսած 2016 թվականի կեսերից, թերթը խմբագրում է Կահիրեի ՀԲԸՄ Երվանդ Աղաթոն գրադարանի գրադարանավար եւ արխիվի պատասխանատու Մարուշ Երամյանը (էջ 7, 15): Ինչպես նշել է գրքույկի հեղինակ Ս. Սարգսյանը, «Նոր շրջանում խմբագիրները թէեւ փոխուել են, սակայն նրանք իրենց կողքին ունեցել են խմբագրական խորհրդատու Պերճ Թէրզեանը, որը եղել է նաեւ այս շրջանի առաջին պատասխանատու խմբագիրը» (էջ 15): Քսան տարվա եռանդուն գործունեությունից հետո, այդ պաշտոնում նրան փոխարինել է ՀԲԸՄ Կահիրեի վարչության ատենապետ Վիգեն Ճիզմեճյանը:
Հարկ է գնահատանքով նշել, որ բանիմաց ու իր գործին նվիրված մտավորական Պերճ Թերզյանը, 1964 թ.-ից անդամակցելով ՀԲԸՄ-ին եւ վարելով բազմաթիվ պատասխանատու պաշտոններ, նաեւ Եգիպտոսի Շրջանային հանձնաժողովի եւ Կահիրեի ՀԲԸՄ վարչության պատվո ատենապետն է:
ՀԲԸՄ Կահիրեի «Տեղեկատուն» տպագրվել է տարբեր տպարաններում, այդ թվում՝ Պ. Թերզյանի «Աֆրիքըն փրես» տպարանում, իսկ 1996 թ.-ից լույս է տեսնում «Նուպար» տպարանում եւ տարածվում է անվճար: Շուտով սկսել է գունավոր տպագրվել պարբերականի սեւ-ճերմակ շապիկը, իսկ 2006 թ. ապրիլից՝ նաեւ ամբողջ թերթը (էջ 8):
Սկզբնական շրջանում թերթը դիմագրաված դժվարությունների պատճառով լույս է տեսել անկանոն, ինչի պատճառով եգիպտական կառավարությունը դա դիտարկել է որպես մամուլի օրենքի խախտում եւ արգելել հրատարակումը: 1996 թ. սույն օրենքի փոփոխությունից հետո «Տեղեկատուի» հրատարակության պատասխանատուն ՀԲԸՄ վարչությունն է, իսկ պարբերականը դարձել է ՀԲԸՄ Կահիրեի եւ ընդհանրապես՝ Եգիպտոսի խոսափողը (էջ 8, 15): Այդ մասին Ս. Սարգսյանը գրել է. «Տասնհինգ տարուայ անգործութիւնից յետոյ վերահրատարակուող «Տեղեկատու»ն եւս հարկաւոր էր նորոգել ու գործարկել այնպես, որ ընթերցողները «ճանաչէին ու կրկին սիրէին» իրենց մտքերի թարգմանիչին» (էջ 8-9): Ահա այդ ժամանակ է, որ եգիպտահայ հայտնի մտավորական Պերճ Թերզյանը համարձակորեն ստանձնել է թերթի պատասխանատու խմբագրի, իսկ Հարի Չեչճենյանը խմբագրի պաշտոնները՝ իրենց շուրջը համախմբելով համայնքի կարող ու շնորհալի ուժերին եւ ապահովելով պարբերականի կանոնավոր լույսընծայումը: «…Խիստ նպաստաւոր պայման եղաւ նաեւ Գահիրէի ՀԲԸՄի Սաթենիկ Ճանիկ Չագըր նուիրատուութեան ընձեռած նիւթական լայն կարելիութիւնները, որոնք վստահաբար ընդարձակեցին այդ Միության Եգիպտոսի գործունէութեան ծիրը, հնարաւորութիւն տուեցին իրականացնելու ցարդ անկարելի թուացող շատ ծրագրեր», նշել է Ս. Սարգսյանը (էջ 9):
«Տեղեկատուն», լինելով ՀԲԸՄ Կահիրեի պաշտոնական պարբերականը, նաեւ մանրամասն հաշվետվությունն է ներկայացնում բարեգործական միության տեղական մասնաճյուղի տարբեր ասպարեզներում ունեցած գործունեության մասին, որի հիմնական բաժինը Սաթենիկ Չաքըր ֆոնդինն է (էջ 10):
Ավանդույթի համաձայն, յուրաքանչյուր տարվա շեմին պարբերականը տպագրում է հակիրճ վերլուծություն անցնող տարվա ընթացքում ձեռք բերված հաջողություների վերաբերյալ եւ նախանշում հետագա անելիքները (էջ 12):
Իսկ արդեն 2016 թվականից թերթի խմբագիր Մարուշ Երամյանը պարբերաբար հանդես է գալիս «Խմբագրական մտորումներ» շարքով՝ ընթերցողին ներկայացնելով օտարության մեջ գոյատեւող հայի ազգային ինքնության պահպանման եւ համայնքին հուզող հրատապ այլ հարցերի վերաբերյալ իր դիտարկումները: Դրանք ներառում են հետեւյալ թեմաները՝ «Նոր ժամանակները եւ մենք», «Լեզուի դերը մեր կեանքին մէջ», «Դպրոցը», «Գրքերը եւ մենք» եւ այլն:
ՀԲԸՄ Կահիրեի «Տեղեկատու» պարբերականի հոբելյանի առիթով լույս տեսած սույն սեղմ աշխատության մեջ Ս. Սարգսյանը տվել է ավանդույթներով հարուստ ՀԲԸՄ-ի եւ նրա Եգիպտոսի մասնաճյուղի գործունեության համառոտ ուրվագիծը՝ սկզբից մինչեւ մեր օրերը: Հանգամանալից ներկայացված են նաեւ «Տեղեկատուի» էջերում լուսաբանված թեմաները, որոնք ներառում են՝ ՀԲԸՄ-ի հիմնադիրների, նախագահների, մասնաճյուղերի, պարբերական հրատարակությունների, բարեսիրական, կրթական, սպորտային, մանկական ծրագրերի, Մայր Հայրենիքի հետ կապի, հայ-եգիպտական հարաբերությունների, եգիպտահայ համայնքի, սփյուռքի խնդիրների, օտարության մեջ հայ ինքնության պահպանման, միջազգային եւ հարակից այլ նյութեր:
Սույն գրքույկի խմբագիրն է Մարուշ Երամյանը, իսկ դասական ուղղագրության փոխադրումն իրականացրել է պատմական գիտությունների թեկնածու Անի Ֆիշենկճյանը:
Աշխատությունը, որը հասցեագրված է մամուլի պատմությունը հետազոտողներին եւ ընթերցող լայն հասարակությանը, պատմագիտական կարեւոր եւ օգտակար ուսումնասիրություն է: Այն ներկայացնում է ՀԲԸՄ Կահիրեի «Տեղեկատու» եռամսյա պարբերականի նշված տարիների ամբողջական պատմությունը, պարունակում է մասնագիտական փաստառատ տեղեկություններ, ամփոփ եզրակացություններ եւ նշանակալի ներդրում է սփյուռքահայ մամուլի պատմության ուսումնասիրության գործում:
ՔՆԱՐԻԿ ԱՎԱԳՅԱՆ
Պատմական գիտությունների թեկնածու
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող