Աշխարհի բոլոր հատուկ ծառայությունների շարքում ամենախարդավանքներով լի հետախուզությունը իսրայելական «Մոսսադն» է: «Մոսսադը» համարվում է հատուկ ծառայությունների ինստիտուտ: Այդ ինստիտուտում տարածված կարգախոսներից մեկը հետեւյալն է՝ «Խելացի եւ կոշտ մարդը լավագույնս է հարմարեցված խաղալու համար»:
ԱՄՆ-ի հետախույզները իրենց գործակալությունը՝ «ԿՀՎ»-ն անվանում են «Կոմպանիա»:
Նախորդ երկու հոդվածներումս («ԱԶԳ» N 009-13-19 մարտ 2026թ. եւ «ԱԶԳ» N 013-10-16 ապրիլ 2026թ.) գրել էի, թե ինչպես սկսվեց պատերազմը Իրանի դեմ 2026թ փետրվարի 28-ին, կիբեռպատերազմի ի՞նչ միջոցներ օգտագործվեցին, ովքե՞ր զոհվեցին պատերազմի հենց առաջին ժամերին, ի՞նչպես հայտնաբերվեցին պետության ռազմաքաղաքական ղեկավարների գտնվելու վայրերը եւ այլն: Այժմ հրադադար է, կարծես թե, բայց դեռ պատերազմի վերջը չէ:
2026թ Իրանի դեմ սկսված պատերազմը մեկ անգամ եւս ցուցադրեց, թե ժամանակակից ռազմական կոնֆլիկտները ինչպես են ղեկավարվում հեռախուզական տվյալների հիման վրա: Ինչպես հոդվածներում նշել եմ, հետախուզական տվյալների մեջ ընդգրկվում են գործակալական ցանցից եւ տեխնիկական հսկողությունից ստացված տեղեկատվությունները: Իհարկե, հարկ է նշել, որ այժմ ակտիվ հետախուզական գործառույթներին ավելացել է նաեւ արհեստական բանականությունը: Հիմա ժամանակակից տեխնոլոգիաներով զինված հետախուզությունը հեշտությամբ հայտնաբերում է հակառակորդի խոցելիությունը, վերահսկում եւ արագացնում է որոշումների կայացումը, ռազմական գործողությունների ընթացքը:
Հետախուզության ակտիվ գործառույթների դեմ հիմնական պայքարող ուժը տվյալ պետության, հատուկ ծառայության հակահետախուզական ստորաբաժանումներն են:
Վերադառնանք հետախուզության կարգավիճակին:
Այսօրվա դարաշրջանում գործակալական ցանցի եւ տեխնիկական հետախուզության աշխատանքները համակարգվում են «Մոսսադում», «ԿՀՎ»-ում (Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետախուզությունները), ինչպես նաեւ արեւմտյան մյուս հատուկ ծառայություններում: Ավելի պարզ լեզվով՝ տեղի է ունենում հետեւյալը. այն տեղեկատվությունը, որ ստացվում է տեխնիկական հետախուզության միջոցով, օրինակ՝ այաթոլլայի տեղաշարժերը, աշխատանքային գրաֆիկը, զեկուցողների ընդունելության ժամերը եւ այլն, փոխկապակցվում է գործակալական ցանցի միջոցով ստացված ինֆորմացիայի հետ: Եվ ճիշտ հակառակը: Միեւնույն ժամանակ բաց աղբյուրներից, ենթադրենք, ստացվում է տեղեկատվություն, թե պետք է տեղի ունենա հանդիպում հոգեւոր առաջնորդի ու իսլամական հեղափոխության հրամանատարի միջեւ, անմիջապես, մյուս երկու ցանցերի միջոցով սկսվում է որոնողական աշխատանքը եւ հայտնաբերվում է հանդիպման վայրը, ամսաթիվն ու ժամը: Ահա եւ հետախուզական աշխատանքը ամբողջ լանդշաֆտում: Այս պարագայում հաճախ օգտագործվում է նաեւ «արհեստական բանականությունը», սակայն չպետք է մոռանալ, որ «ԱԲ»-ից չափից դուրս կախվածությունը առանց համապատասխան մարդկային հսկողության, կարող է հանգեցնել վնասների ռազմական հարթակներում (военные платформы) եւ մարդկային մեծաքանակ զոհերի:
Ուզում եմ նշել նաեւ, որ «Anthropic» ընկերության («Արհեստական բանականություն» մշակող ընկերություն) եւ «Պենտագոնի» միջեւ շատ վիճելի հարցեր կան, մանավանդ մոդելները շահագործելու ոլորտում, բայց այնուամենայնիվ «Claude of Anthropic» կոդը իրանական պատերազմում օգտագործվել է ԱՄՆ ռազմա-օդային ուժերի կողմից, ինչպես հետախուզական տվյալների սինթեզի (համադրման) նպատակով, թիրախների նույնականացման համար, այնպես էլ իրական ժամանակահատվածում: Այս գործընթացը օգնել է ամերիկյան եւ Իսրայելական զորքերին ավելի արագ թիրախավորել օբյեկտները:
Սակայն կա նաեւ հետեւյալ պրոբլեմը: «Արհեստական բանականությունից» չափից դուրս կախվածությունը ինչպես նշել եմ վերեւում, կարող է խոցելիություն առաջ բերել: Ինչպես ասում են՝ առաջացնել «պատերազմի մառախուղ» (fog of war – Туман войны ): ԱՄՆ-ի զինված ուժերի չափից դուրս կախվածությունը «ԱԲ» – «Claude» մոդելից Իրանին հնարավորություն տվեց հրթիռային հարվածներ հասցնել «Amazon Web Services» (AWS) Քուվեյթի տվյալների մշակման կենտրոնին «կուրացնելով» ամերիկյան որոշ ուժերին տեղաբաշխված այնտեղ:
Միեւնույն ժամանակ, ԿՀԿ (ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը) ակտիվորեն հրապարակում է հրահանգներ ֆարսի լեզվով սոցիալական ցանցերում կոչ անելով քաղաքացիական հասարակությանը դիմադրել իշխանություններին եւ փոխել քաղաքական ռեժիմը: Ի պատասխան, իշխանությունները Իրանում փակել են համացանցը: Միեւնույն ժամանակ ԿՀՎ-ն մշակում է նախագծեր, ըստ որոնց Իրանում զինվում են քրդական ուժերը: Նրանց խնդիրն է ներգրավել Իսլամական հեղափոխության պահապանների ուժերին քրդերի հետ ռազմական կոնֆլիկտում:
Ինչ խոսք, ԱՄՆ եւ Իսրայելի համատեղ հարձակումը ահռելի վնասներ հասցրեց Իրանի տնտեսությանը, պաշտպանական համակարգին, ոչնչացվեցին ռազմավարական օբյեկտներ ամբողջ երկրում: Սպանվեցին մի խումբ կրոնական եւ ռազմա-քաղաքական բարձրաստիճան ղեկավարներ: Հարց է առաջանում, որքա՞ն դեռ կարող է Իրանը պահել իր կոշտ ռեժիմը, պահանջել բանակցություններ, ամեն տեսակ սահմանափակող տնտեսական սանկցիաների վերացում, Հորմուզի նեղուցում օտարերկրյա նավթատար տանկերների նավարկության արգելում, պատերազմական վնասի փոխհատուցում, սառեցված ակտիվների ապաշրջափակում եւ այլն:
Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ Իրանում եւ ռազմական պոտենցիալի մեծ մասի պահպանումը մտահոգությունների մեծ աճ է ապահովել ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների մոտ:
Չէ՞ որ ԱՄՆ-ի ռազմա-քաղաքական ղեկավարությունը պետք է մտածի նաեւ իր ռազմամթերքի որոշակի քանակի պահպանության մասին:
Ռազմամթերքի որոշակի քանակ է անհրաժեշտ ԱՄՆ-ին, եթե հանկարծ հավանական ռազմական կոնֆլիկտներ սկսեն Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ: Նշվում է, որ ԱՄՆ-ի Զինված ուժերը այս պատերազմի ընթացքում օգտագործել են 1100 «Սթելս» թեւավոր հրթիռներ, 1000 «Տոմահավք» հրթիռներ, 1300 «Patriot» ՀՕՊ համակարգի հրթիռներ եւ այլն: Այս պահուստները լրացնելու համար բավականին ժամանակ եւ միջոցներ կպահանջվի: Ահա եւ պատճառներից մեկը, թե ինչու նախագահ Թրամփը հապճեպ մեկնեց Պեկին, նախագահ Սի Ձին Պինի հետ բանակցություններ վարելու:
Եվ այսպես՝ բանակցությունների ընթացքում, որոնք վարվում են Պակիստանի միջնորդությամբ, ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ կան առանցքային երկու անհամաձայնություններ
1 Հակադիր դիրքորոշումներ ուրանի պաշարների վերաբերյալ:
Նախագահ Թրամփը պահանջում է հանձնել հարստացված ուրանի պաշարները, խոստանալով վերադարձնել դրանք որոշ ժամանակ հետո:
Իրանի նոր հոգեւոր ղեկավարը որոշում է կայացրել, որ ուրանի պաշարները չպետք է դուրս տարվեն երկրից:
2 ԱՄՆ-ը դեմ է ծովային նոր հարկերին Հորմուզի նեղուցում, որտեղով մինչ պատերազմը անցնում էր աշխարհի նավթի եւ գազի պաշարների մեկ հինգերորդ մասը:
Իրանը հայտարարել է, որ կբացի նեղուցի նավարկությունը բարեկամ երկրների համար, որոնք չեն խախտի իր պայմանները, ներառյալ՝ հարկային վճարումները:
Այս ռազմական կոնֆլիկտի կամ ավելի ճիշտ պատերազմի ընթացքում Իրանի հետախուզական ողջ ապարատը՝ հետախուզության եւ անվտանգության նախարարությունն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզությունը (ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետախուզական ապարատների կողմից տրամադրվող տեղեկատվությունները) ակտիվացրել են իրենց գաղտնի գործառույթները՝ սատարելով «Դիմադրության առանցքներին»:
Դրանք իրենց կողմից լիազորված տարածաշրջանային ուժերն են ( прокси силы региона) «Հեզբոլլահը» Լիբանանում, եւ տարբեր աշխարհազորայիններ Իրաքում ու Եմենում:
Պետք է նշել, որ Իրանի կառավարությունը բավականին բարդ թիրախ է: Իսլամական պետությունը հեշտությամբ չի փլուզվի: Գուցե ոմանց թվա, որ Խամենիի ֆիզիկական լիկվիդացիան դա ռազմա-քաղաքական ծրագրերի իրականացում է, այսինքն՝ հաղթանակ է: Ո՛չ:
Պարզապես կարող է առաջանալ իշխանության վակուում, որը կփորձեն յուրացնել տարբեր ուժեր, այդ թվում եւ զինված խմբավորումներ: Ըստ երեւույթին, հավանական է, որ իշխանությունը գրավի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի ռազմական ղեկավարությունը եւ իհարկե դրանով չի լուծվի Թրամփի ադմինիստրացիայի պրոբլեմները Իրանի հետ, հակառակը՝ երեւի խորանան…
***
Իրանում հատուկ ծառայությունները բավականին բարդ եւ փոխկապակցված ցանց են կազմում պետական ինստիտուտների կազմում: Հիմնականում 2 դոմինանտ ուժեր են գործում պետության ներսում՝ Հետախուզության եւ անվտանգության նախարարությունը (Misitry of Intelligence and security) եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետախուզությունը:
Հարկ է նշել, որ այս պատերազմը Իրանի ուժային կառույցներում եւ հատուկ ծառայություններում կհանգեցնի ակտիվ, անհրաժեշտ եւ անհապաղ, կառուցվածքային, հրամանատարական եւ վերահսկողական փոփոխությունների:
Այս պահին ԻՀՊԿ նոր հրամանատար՝ գեներալ-մայոր Ահմեդ Վահիդին է փաստորեն թելադրում պետական ռազմավարությունը եւ ամբողջ հետախուզական համաստեղության գործառույթները:
Այս ժամանակահատվածում, անկախ կորուստների թվից, ըստ որոշ իրանական աղբյուրների ԻՀՊԿ-անի մոտավորապես 190000 գործող բանակ (որը չի մտնում Զինված ուժերի թվաքանակի մեջ) եւ մոտավորապես 1 մլն «Բասսիջ» կամավորական բանակի զինվորականներ: Այս թվերը խոսում են այն մասին, որ ցամաքային գործառույթները անցկացնել Իրանի դեմ անհնար է:
Ընդգծենք նաեւ, որ Իրանի պառլամենտը լիովին սատարում է ԻՀՊԿ-ին եւ նրա որոշումները:
Այս պատերազմի վերջանալը եւ խաղաղությունը շատ անհրաժեշտ է մեր տարածաշրջանին:
***
Վերջաբանում եւս մի տեղեկատվություն, որը առաջին հաայցքից գուցե ընթերցողիս թվա, թե կապ չունի շարադրված թեմայի հետ: Բայց իրականում ունի, եւ խորքային:
Շվեդիայի կառավարությունը որոշում է ընդունել (2025թ. հունիսին) հիմնել քաղաքացիական Արտաքին Հետախուզության ծառայություն, գտնելով, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում միայն ռազմական հետախուզություն պահելը պետության համար բավարար չէ: Այդ հետախուզությունը (կրճատ UND) կհամագործակցի ռազմական հետախուզության, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության (FRA) գերատեսչության հետ: Այս կազմակերպության հիմնադրումը պետության բյուջեից կստանա 2,8 միլիարդ շվեդական, կրոն կամ 302 մլն դոլար: Ինչպես հայտնի է Շվեդիան եւ Ֆինլանդիան ընդգրկվեցին ՆԱՏՕ-ի կազմում 2024թ. մարտին:
Շվեդիան հայտարարեց, որ գլխավոր ռազմական սպառնալիքը իրենց եւ ՆԱՏՕ-ի բլոկի համար հանդիսանում է Ռուսաստանը:
Նոր կազմակերպությունը կսկսի գործել 2027թ. հունվարի 1-ից:
ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ
Անվտանգության հարցերով փորձագետ









