Հայոց ցեղասպանությունը վերապրածները սփռվեցին աշխարհով մեկ: Իսկ նրանց սերունդների առաքելությունը դարձավ Հիշողությունը աշխարհին փոխանցելը: Ֆրանսահայ նկարիչ Հովհաննես Սեմերջյանը՝ Ժանսեմը, ստեղծել է Հայոց ցեղասպանության մասին պատմող կտավների շարքը: Հետագայում նկարիչը այցելեց Հայաստան եւ «Եղեռն» շարքը՝ բաղկացած 34 կտավներից, նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Ցեղասպանության թանգարանում գործում է Ժանսեմի պատկերասրահը, որտեղ մշտական ցուցադրության է ներկայացված նրա «Ցեղասպանություն» շարքը:
Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտի «Ժանսեմ» ցուցասրահում բացվեց ֆրանսահայ գեղանկարիչ եւ փորագրող Ժան-Պիեռ Սեֆերյանի (Հարություն-Պետրոս) անհատական ցուցահանդեսը, որն ունի «ԱՆԱՊԱՏԸ. ՄԱՀՎԱՆ ՔԱՅԼԵՐԹ» խորագիրը: Սա եւս խորհրդանշական էր, որովհետեւ Հիշողությունը պետք է փոխանցվի սերնդեսերունդ, իսկ ամեն հայ արվեստագետ պայքարի ջահակիր է, որ աշխարհի հետ խոսելու է իր ինքնատիպ լեզվով: Ցուցահանդեսը եռալեզու է (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն):
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի աջակցությամբ: Ներկայացված է 27 աշխատանք՝ փորագրանկարներ եւ ածխանկարներ, որոնք լուսաբանում են Հայոց ցեղասպանության փուլերից մեկը՝ մահվան քայլերթը սիրիական անապատներով: Ստեղծագործություններում վեր է հառնում ազգի գենետիկ Հիշողությունը, որն անհնար է արմատախիլ անել, որքան էլ որ ցեղասպանությունն իրագործած օսմանցի թուրքերի սերունդները տասնամյակներ շարունակ ժխտեն պատմական իրողությունը: Հիշողություն, որի ստվերները մնացել են անապատի ավազների մեջ …
Դժվար է անդրադառնալ Հայոց ցեղասպանության՝ մեր ազգի համար այս սուրբ թեմային, սակայն Ժան-Պիեռ Սեֆերյանը Հայոց ցեղասպանության թեմային կարողացավ մոտենալ սրբազան երկյուղածությամբ: Եվ իր ստեղծագործություններով ոգեկոչեց Հայոց ցեղասպանության՝ այլեւս սրբադասված նահատակների հիշատակը: Ու այս մասին ինքը՝ արվեստագետն ասում է.
– Ցուցահանդեսը իմ հարգանքի տուրքն է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ նվիրված է նաեւ 1915-ի Հայոց ցեղասպանությունից փրկվածներին: Մեր պարտքն է հիշել մեր անցյալը, որը մեր հիշողության մեջ է դրոշմված… Ես համեստորեն, մատների ծայրով ուզեցի դիպչել այն տառապանքի վիճակին, որ կրել են մեր նախնիները:
Ժան-Պիեռ Սեֆերյանի ստեղծագործությունները ուղեկցվում են ականատես-վերապրողների վկայություններով… Եվ հառնում են պատմության կենդանի վավերագրերը:
Ահա նրանցից մեկի՝ Միհրան Աղազարյանի հուշը. «…Ինչ վերաբերում է նրանց, ովքեր քայլում էին կիրճ հասնելու համար, շատ տառապանքներ տեսան իրենց բեռների պատճառով, որոնք անձրեւից ավելի ու ավելի էին ծանրանում: Շատերը, հատկապես ծերերը, հազիվ էին կարողանում քայլել , հետո սահում էին ցած…»:
Հայոց ցեղասպանությանը ականատես դարձան եվրոպացի եւ ամերիկացի դեսպանները, միսիոներներն ու ճանապարհորդները: Նրանցից Էռնեստ Քրիստոֆելն է գրում. «…Մալաթիա հասնելուցս մի քանի շաբաթ անց հաղորդեցին, որ թուրք գեներալ, գլխավոր հրամանատարն իր շտաբով եկել է Մալաթիա. քաղաքի իշխանությունները ջոկատ ուղարկեցին ՝ճանապարհի վրայից ջնջելու հայերի մահվան հետքերը եւ թաղելու դիակները»:
«Անապատ. Մահվան քայլերթ» շարքի հզոր փորագրանկարներին նայելով՝ մեկդարյա հեռավորությունից վերապրում ենք մեր նախնիների կրած տառապանքները: Աքսորի ու մահվան քայլերթի ճանապարհին նրանք իրենց տառապանքների մասին երգեր էին հորինում թշնամու լեզվով՝ թուրքերեն: Հետագայում ականավոր ցեղասպանագետ, բանագետ, բանահավաք Վերժինե Սվազլյանը դրանք եւս գրի էր առնելու եւ ներկայացնելու էր «Հայոց ցեղասպանություն. ականատես-վերապրողների վկայություններ» ստվարածավալ աշխատության մեջ: Այդ պատմական երգ-վկայություններից մեկը թարգմանաբար հնչում է այսպես.
Դեր Զոր կոչվածը մի մեծ տեղավայր,
Մորթված հայերին էլ հաշիվ չկար,
Օսմանցի պետերը մսագործ դարձան,
Հայերն են մեռնում հավատքի համար…
Հիշողությունը ոչ միայն չի ջնջվելու, այլեւ սերունդները պայքարելու են Պատմական հայրենիք վերադառնալու իրավունքի համար: Ժան Պիեռ Սեֆերյանն իր փորագրանկարներում արտահայտել է նաեւ «վերադարձի» թեման:
Արվեստագետի հետ հանդիպում-զրույցից բացահայտում ենք, որ դեռ 2009 թվականից արվեստագետը սկսել է «Մահվան քայլերթի» թեմատիկայով փորագրական աշխատանքը մետաղի վրա, որը դառնալու էր «Անապատ» շարքի (2015) հիմքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նույն տարում նկարիչը ներկայացել է 8 անհատական եւ 7 կոլեկտիվ ցուցահանդեսներով Այնուհետեւ պատրաստել է մի շարք փորագրանկարների անհատական ցուցահանդես (Անապատ II)՝ ի հիշատակ «մահվան քայլերթը» վերապրողների:
Ժան-Պիեռ Սեֆերյանը դեպի անապատ հայերի տեղահանությունները ներկայացրել է մետաղի փորագրության տեխնիկայով, որը հնարավորություն է տվել փոխելու գծագրերի, մասնավորապես, տեղահանվածների քարավանների ուղղությունը. այն նախապես տպագրված է եղել թղթի վրա: Այս աշխատանքը երեք մասով (կոլեկտիվ անապատ, անհատական անապատ եւ անապատի հիշողություն) ամբողջացնում է տեղահանության գեղարվեստական մոտեցումը: Նկարչի աշխատանքներն ասես Պարույր Սեւակի «Եռաձայն պատարագ» պոեմի արձագանքն են գեղանկարչության մեջ՝ «Ողբամ մեռելոց», «Բեկանեմ շանթեր», «Կոչեմ ապրողաց» :
Հիշողությունը չի ջնջվում: Ժան Պիեռ Սեֆերյան-արվեստագետի հիշողությունն էլ մի «տապան» է՝ բնակեցված ազգի սրբություններով: Նրա արմատները Պատմական Հայաստանից են: Հայրը՝ ծագումով Սեբաստիայից, մայրը՝ Անկարայից, Ֆրանսիա են գաղթել 1925-ին: Հաստատվելով Փարիզի մոտակա Իսի լե Մուլինո արվարձանում՝ Ժան-Պիեռ Սեֆերյանը 18 տարեկանից որոշել է մասնագիտանալ գրաֆիկական արվեստի մեջ… Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ երկրներում ՝ Կորեա, Ճապոնիա, Չինաստան, ԱՄՆ, Հայաստան: Ժան-Պիեռ Սեֆերյանը շարունակում է արարել ու փնտրել ստեղծագործական նոր ուղիներ՝ աշխարհին պատմելու հայ ազգի նահատակության ու վերածննդի մասին : Այս ցուցահանդեսը պատմական արդարության համար պայքարի կոչ է «մահվան քայլերթը» վերապրածների սերունդներին: Արվեստագետի գաղափարների խտացումն է նրա աշխատանքներից մեկը՝ «Հիշողություն». աքվատինտա. Խաչքար. լուսափորագրություն հատիկանախշով: Իսկ ստեղծագործությանն ուշադիր նայելու դեպքում ուրվագծվում է «Հայոց» բառը…Եվ այս բառը չի ջնջվելու աշխարհի հիշողությունից, որովհետեւ ամեն սերունդ ազգի հարատեւման իր բանաձը պիտի փնտրի ու գտնի… Միանգամայն կարեւոր խորհուրդ ունեն անվանի ցեղասպանագետ Ռայմոնդ Հարություն Գեւորգյանի այս խոսքերը, որոնք ամբողջացնում են ցուցահանդեսի գաղափարը.
«Ժան-Պիեռ Սեֆերյանի փորագրանկարների շարքը լուսաբանում է Հայոց ցեղասպանության փուլերից մեկը՝ մահվան քայլերթը: Այն մեզ տանում է մի սարսափի աշխարհ, որի զոհերն են կանայք, երեխաներ, ծերեր, որ ճանապարհներին են հայտնվել իրենց բնաջնջելու ոճրային քաղաքականության պատճառով: Ստորեւ տրված տեղահանությունների քարտեզը ցույց է տալիս, թե ինչպես է երեք ամսում ավելի քան երկու միլիոն մարդ իր օջախից բռնությամբ տեղահանվել դեպի անհայտություն, դեպի անապատ: Այնտեղ ինչ-որ իմաստով վերջին քայլերն են, վերջին շարժումները՝ կործանման եզրին կանգնած մարդկանց: Տեղահանվածների մեծ մասը զոհվել է հենց ճամփեզրերին, քայլերթի ընթացքում… …Ժան-Պիեռ Սեֆերյանի գրաֆիկական աշխատանքը հարգանքի տուրք է անապատի քայլողներին, որոնցից քչերն են փրկվել: Այս պատկերասրահը, որը այցելուներին եզակի հնարավորություն է ընձեռում դիտել, ինչպես հայելու մեջ, երկու վարպետների բացառիկ աշխատանքները, որոնք մեզ հետ խոսում են իրենց հզոր եւ անսահման մարդկայնությամբ»:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ