Պատմական գերխիտ մեր ժամանակը ճակատագրական այնքան փաստ է փռում շաբաթվա լրահոսի այն պարանին, որ հայկական օրակարգ է կոչվում, որ չես հասցնում դրանք արդուկել: Ծալել հաջողվում է: Ուստի Գերմանիայի հեռուներից մինչեւ տեղ հասնեն, Հայաստանի, Արցախի բարկ արեւը դրանք չիր էլ կդարձնեն, բորբոս չի կպչի: Չորեքշաբթի՝ մայիսի 24-ի երեկոյան Քյոլնում քաղաքային իշխանության պատվերով նորից տեղահանվեց Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման «Այս ցավը բոլորինս է» գրությամբ Նուռ հուշարձանը: Այս անգամ առավել քան ամոթալի է թուրք ժխտողականության առջեւ այսպիսի նահանջը մի ատյանի, որն արհամարհում է 2023-ի մարտին իր պաշտոնյաների՝ թաղապետարանի մինչեւ 2024 թվականի ապրիլ տրված արտոնությունը, որի մասին ծանուցել ենք մեր նախորդ հոդվածներում: Նախաձեռնության հեղինակները, Քյոլնի հայ համայնքը պայքարը շարունակելու են:
«Ազգ»ում մայիսի 5-ին գրել էինք ընտրությունների նախաշեմին գերմանական իշխանության ներկայացուցիչների վրա թուրքական ճնշման մասին՝ ակնարկելով, թե խոսքը երեւի հուշարձանի մասին է: Սա հաստատում է Գերմանիայում ծանոթ հրեական կյանքը լուսաբանող առցանց haGalil-ը, որ հղում է անում մայիսի սկզբին թուրքական «Հուրիյեթ»-ում Քյոլնի հուշարձանի մասին հրապարակմանը: Ըստ դրա, նաեւ այլ աղբյուրների հայտնի է դառնում, որ Քյոլնում եւ մերձակայքում թուրքական 50 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պատմության ուրացմամբ հայտնի դեմքեր, պահանջել են հայկական հուշարձանի հեռացումը՝ վկայաբերելով, թե «այն խաթարում է հանրային կարգը, սոցիալական անդորրը, հարձակում է հասարակական կարգի եւ սոցիալական հաշտեցման մշակույթի վրա»:
Անշուշտ Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի ունկը կարոտ է նման ձեւակերպումների, նա միշտ տուրք է տվել, որ թուրք ժխտողների ձայնը երբեք չկտրվի, իսկ այժմ, երբ մայիսի սկզբին նրա հետ հանդիպում է ՀՀ սփյուռքի հանձնակատար Սինանյանը, որ այս առիթով որեւէ պահանջ, հիշեցում, նույնիսկ խնդրանք չի փոխանցում, թե Նուռը արդարություն որոնող հայ ժողովրդի նվազագույն պահանջն է, եւ Բունդեսթագի 2016-ի հունիսի 2-ի բանաձեւի ոգուց է բխում ուրացումը դատապարտելը, եւ լավագույն ձեւը Նուռն այլեւս չտեղաշարժելն է, Ռեքերը, երեւի, հայ համայնքի շահերը ստորադասելու իր ծրագրից այլեւս պատճառ չի տեսնում հրաժարվելու: Թուրքերի՝ «Հայաստանը սեպ է, որ պիտի հեռացնել» ձեւակերպումը որդեգրած Ադրբեջանը մեկ ուրիշ դաս էլ անգիր է արել: Ադրբեջանական պաշտոնական «Հայկական սփյուռքը քաղցկեղ է, որ տարածվում է եւ այն պիտի հեռացնել» բանաձեւն այժմ ավելի մեծ եռանդ է կուտակում, քանզի երկու պետությունների՝ հայկական ամեն ինչի հանդեպ ատելությունը կարծես գերարագ սլացքի մեջ է, մինչդեռ արգելակման զորեղ միջոցները՝ Ալցհայմերի հիվանդության գերին են… «այլեւս երբեքը»՝ այսինքն՝ հիշելն ու հիշեցնելը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի գոյության բանալին են: Մեր իմունային պատնեշը:
ԼՂ-ը հանձնու՞մ են, եւ Ադրբեջանի պաշտոնական հայելու մեջ արտացոլանք չկա՞
Առավել քան զարմանալի է, որ թվիթերյան իր գերակտիվությունը, պահը չկորցնելու մշտարթուն հատկանիշը Բեռլինում Ադրբեջանի դեսպան Նասիմի Աղաեւին չի ստիպել փաստագրել մայիսի 22-ին ՀՀ վարչապետի ասուլիսում հնչեցրած ձեւակերպումները: Նախկինում արագ տեղադրում էր: Դրանց հանդեպ նույնպիսի անտարբերություն նկատեցինք «Ազերթաջի» լրաշարում: Գայթակղությունն ո՞ւր մնաց, պաշտոնական, առերեւույթ լուռ մնալու այս կերպը ո՞ր մայրաքաղաքի թելադրանքով է… առայժմ ենթադրում ենք, բայց շաբաթն ուրբաթից շուտ է գալիս, համբերենք… «Հայաստանը կամենում է ԼՂ ճանաչել Ադրբեջանի մաս» (առցանց «Ցայթ»), «Հայաստանն ուզում է ԼՂ տալ Ադրբեջանին» («Շպիգել»), «Հայաստանը պատրաստ է հանձնել ԼՂ» (ZDF): Սա մի փոքր մասն է գերմանական տարատեսակ ԶԼՄ-ների վերնագրերի, որ լրահոսում հայտնվեցին մայիսի 22-ին, 23-ին, ՀՀ վարչապետի ասուլիսից հետո: Նույն բովանդակությունը մատուցելով, սակայն բայը փոփոխելով: Փաստորեն օտար մամուլն էլ դժվարանում է նկարագրել այն գործողությունը, որի բանավոր ձեւակերպումն արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ-ում հնչում է: ԶԼՄ-ների մի մասն ընդգծում է, որ «ՀՀ վարչապետը սակայն պահանջում է Ադրբեջանից անվտանգության երաշխիքների ապահովում ԼՂ հայ բնակչության համար»:
Սա, որքան երեւում է Ադրբեջանի համար գայթաքար է: Համենայնդեպս շվեյցարական հանրային հեռարձակողի SRF-ի մայիսի 24-ին հրապարակած հարցազրույցը դրա մասին է ակնարկում: Արեւելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Շտեֆան Մայսթերի հետ հարցազրույցի վերնագրում հենց դրա ընդգծումն է՝ «Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի՝ երաշխիքների վերաբերյալ պահանջը կատարել»: «Հայաստանը ռազմական, անվտանգային, քաղաքական առումով ճնշման տակ է, այլ տարբերակ չունի, քան շրջանի վերահսկողությունը հանձնելը», կարծիք է հայտնում Մայսթերը՝ պարզաբանելով, թե Փաշինյանը մեկ տարի հստակ բարձրաձայնել, այժմ պաշտոնական տեսք է տալիս՝ ճնշում բանեցնելու եւ ԼՂ հայերի համար ինչ-որ ձեւով միջազգային երաշխիք ստանալու համար: Իսկ Բաքուն պատրաստ չէ պահանջը կատարել, քանզի նրա համար ԼՂ Ադրբեջանի անբաժան մաս է: «Մեծ է վտանգը, որ ԼՂ հայերի հանդեպ վրեժի գործողություններ կիրականացվեն՝ բռնի կարտաքսվեն կամ՝ կսպանվեն», կարծիք է հայտնում Շտեֆան Մայսթերը, հիշեցնելով նախկինում եղած փաստերը, նաեւ փոխանցում այն թերահավատությունը, թե Երեւանի ու Բաքվի միջեւ առաջիկայում համաձայնություն կլինի: Բաքուն փոխզիջման պատրաստ չէ՝ անվտանգության երաշխիքներ ապահովող միջազգային դիտորդներ, խաղաղարար ուժեր ԼՂ-ում տեղակայելու:
Շվեյցարական «Թագես անցայգեր» թերթի հոդվածագիր Մարկուս Հեֆլիգերը Markus Häfliger մայիսի 17-ին ծավալուն հոդվածով անդրադառնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԵՄ միջնորդությամբ կնքվելիք խաղաղության համաձայնագրին: Հեֆլիգերի պատկերավոր շարադրանքը նկարագրում է հաղթանակած Բաքվի պաշտոնյաների չափազանց ինքնավստահ շարժուձեւը օտար երկրներում, որ մեր ընկալմամբ սանձարձակ բառով առավել ճշգրիտ կլինի բնութագրել: Բեռնում 2005-10թթ.-ին պաշտոնավարած դեսպան, այժմ Ալիեւի հատուկ բանագնաց Էլչին Ամիրբայովի Շվեյցարիայում առաքելության նպատակն է ուկրաինական պատերազմի ստվերում ցույց տալ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական նոր ազդեցությունները, այն է՝ հաղթանակել է Ադրբեջանը, պարտվել Հայաստանն ու 120 000 հայ Ղարաբաղում: Հետեւանքների մասին ծանուցելու նպատակով Ամիրբայովը Շվեյցարիա է եկել՝ կառավարությանը եւ ժողովրդին լուսավորելո՜ւ մղումով, եւ «Թագես անցայգերին» հենց այդ առիթով է դեսպանություն հրավիրել, գրում է Մարկուս Հեֆլիգերը՝ բացահայտելով դեսպանի Բեռն գալու իրական շարժառիթը՝ Շվեյցարիան ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում է, եւ լոբբիստ Ամիրբայովը պիտի ԼՂ հակամարտության մասին ադրբեջանական տեսակետը համոզիչ ներկայացնի արտգործնախարարությանը: «Չայը» կում-կում ըմպելով ադրբեջանցի բանագնացը ուղիղ չի ասում, թե իր երկիրը հաղթել, Հայաստանը պարտվել է, դրա փոխարեն խոսում է խաղաղությունից, որ երկու կողմին օգտակար կլինի:
Նույն օրը Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) Ցյուրիխում հրապարակում է իր հորդորը ԱԳ նախարար Իգնացիո Կասիսին, Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղի դեմ որակում որպես «էթնիկական եւ կրոնական զտումների գործընթաց»: («Ազգ»ի մայիսի 12-ի համարում անդրադարձել ենք այդ նամակին- Ան.Հ.) Դաշնային խորհրդին կոչ է անում ավելին անել Ղարաբաղի հայերի համար, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, գրում է Հեֆլիգերը: Թերթի հոդվածագիրը հիշեցնում է, որ երկու ղեկավարների տարածաշրջանում խաղաղություն կերտելու մասին մայիսի 14-ին ակնարկել է Շառլ Միշելը, որի միջնորդությամբ նույն օրը կայացել էր Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ բրյուսելյան հանդիպումը: Հիշատակելով, որ 2022-ի հոկտեմբերի 2-ին ժնեւում են անցկացվել 2 երկրների արտգործնախարարների՝ խաղաղության բանակցությունները, հոդվածագիրը նկատել է տալիս, որ այժմ միջնորդությունը ստանձնել է ԵՄ-ն: Շվեյցարիայի եւ Հայաստանի միջեւ ձեւավորված քրիստոնեական բազմամյա ավանդույթներին անդրադառնալով, հոդվածագիրը նշում է, թե 1896 թ-ին Օսմանյան կայսրության՝ հայերի հանդեպ իրականացրած կոտորածների ժամանակ Շվեյցարիայում համերաշխության անօրինակ մեծ ալիք է կուտակվել՝ 454 291 մարդ հանրագիր է ստորագրել, որով Դաշնային խորհրդին խնդրում էր դիվանագիտական միջամտություն կատարել: Իսկ 19-րդ դարում Շվեյցարիայում գտնվող հայերը իրենց պետությունը կերտելու պայքարի մեջ էին, Ժնեւում թերթ ու քաղաքական կուսակցություն էին հիմնում: Այժմ շվեյցարահայերի թիվը 7000 է: Ադրբեջանի հետ Շվեյցարիայի հարաբերությունները հին պատմություն չունեն, պայմանավորված են տնտեսական հետաքրքրություններով, «Սոքար» պետական նավթային ընկերությունը Շվեյցարիայում նստավայր ունի, 200 բենզալցակայան, միլիարդներ է շահում, գրում է թերթի հոդվածագիրը: Հեֆլիգերը նկարագրում է, թե ուկրաինական պատերազմի բռնկման հետ Հարավային Կովկասում ինչպես են աճում եվրոպական, ամերիկյան հետաքրքրությունները: «ԵՄ շեֆն ուղեւորվում է Բաքու՝ մուրացկանության», Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ ավտոկրատ Ալիեւի հետ 2022-ին կնքած ռազմավարական գործընկության մասին գրում է շվեյցարացի հեղինակը: Ադրբեջանի նշանակությունը Եվրոպայի համար դուրս է գալիս էներգետիկ սահմաններից: Էլչին Ամիրբայովը սեղանին քարտեզ է դնում, որի վրա նշված է Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ տրանսպորտային երեք միջանցք: «Հյուսիսային միջանցքն անցնում է Ռուսաստանով՝ ներկայում փակ է: Հարավային ծովային միջանցքը Սուեզի ջրանցքով՝ չափազանց երկար է: Միակ հարմար միջանցքը, բացատրում է Ամիրբայովը, Կասպից ծովով եւ Ադրբեջանով անցնողն է»: Ադրբեջանը Ուկրաինայի պատերազմի խոշոր շահառուներից է: Ամիրբայովը վստահ է, որ խաղաղության բանակցությունները կհանգեցնեն իրենց նպատակին. «Երկու կողմի քաղաքական մի փոքր կամք, եւ հնարավորություն ունենք հասնելու մի բանի, որը ոմանց կարծիքով, (նախկինում) աներեւակայելի էր»:
Չմոռանանք գնահատել Հեֆլիգերի ոճը՝ պատկերավոր եւ բազմաշերտ: Երբ Ամիրբայովն արդեն իր թեյը խմել էր, հասանք առանցքային հարցին՝ Ղարաբաղի համար խաղաղության պայմանագիրն ի՞նչ նշանակություն կունենա, գրում է «Թագես անցայգերի» մեկնաբանը: Ամիրբայովի համար պարզ է՝ Ղարաբաղը ապագայում Ադրբեջանի անբաժան մաս կլինի: Ինքնավարություն էլ այլեւս չի ունենա, ինչպես ԽՍՀՄ ժամանակ այդ «վայելքն» ունեցել էր: Ադրբեջանը հնարավորություն կընձեռի, որ տեղի բնակչությունը վերաինտեգրվի ադրբեջանական հասարակությանը՝ պահպանելով Ղարաբաղի հայերի իրավունքները, Ամիրբայովի հավաստիացման մասին է գրում Հեֆլիգերը՝ փոխանցելով, որ Ադրբեջանի դեսպանությունից դուրս գալուց հետո զանգահարել է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության համանախագահ Սարգիս Շահինյանին: «Եթե Ադրբեջանը հնարավորություն ունենա, էթնիկ զտում կանի Ղարաբաղում, ինչպես արել է բազմիցս այլ տարածքներում», ասում է Շահինյանը, որի ցանկությունն էլ խաղաղությունն է, սակայն «երկյուղում է, որ վարչապետ Փաշինյանը խաղաղության բանակցություններին կզոհաբերի Ղարաբաղի հայերին»: «Թագես անցայգերի» հեղինակը նոր իրականության պատկերն այսպես է գծում՝ Ադրբեջանին նոր ինքնավստահություն է տալիս Հայաստանի ռազմական տկարությունը: Իսկ Արեւմուտքն ուկրաինական պատերազմի բերումով ամեն գնով կայունություն է ուզում:
Գերմանական լրահոսի բազմաթիվ հոդվածներ մի հարցում միագիծ են՝ խաղաղության պայմանագիր, թուղթ դժվար թե կնքվի:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա