Անհիշելի ժամանակներից մեզանում մի տխուր ավանդույթ է ձեւավորվել: Արտաշեսյաններից հետո պատմության դժվարին կեռմաններում հայ հասարակությունը տարափեղկվել է եւ փրկության հույսը կապել այս կամ այն հզոր տերության հետ: Հայացքը հառել է կա՛մ արեւելք, կա՛մ արեւմուտք եւ բաժանվել արեւմտամետների ու արեւելամետների: Այսօր էլ, ցավոք, շատ բան չի փոխվել: Իհարկե, այդ ընթացքում հնչել են նաեւ հայամետ լինելու կոչեր, ինչպիսին արձանագրված էր օրինակ հայ կադետների կողմից 1917 թ. ապրիլի 11-ին, Թիֆլիսում հիմնադրված Հայ ժողովրդական կուսակցության ծրագրում (կենտրոնական պաշտոնաթերթերն էին՝ Թիֆլիսի «Ժողովրդի ձայնը» եւ Երեւանի «Ժողովուրդը»: 1921 թ. ՀԺԿ ղեկավարները հեռացան Հայաստանից եւ մաս կազմեցին 1921 թ. հոկտեմբերի 1-ին ստեղծված Ռամկավար Ազատական կուսակցությանը), սակայն համընդհանուր աղմուկի մեջ դրանք անլսելի ու անարձագանք են մնացել: Այսօր էլ նույն իրավիճակն է:
Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական ալեբախումների մեր օրերում տրված է նաեւ համազգային պայքարի նոր փուլի մեկնարկը եւ անչափ կարեւոր են դառնում մեր որդեգրած ռազմավարական ուղղությունն ու հօգուտ դրա մեր քայլերը: Իսկ ինչ ունենք եւ ինչ ենք անում այդ ուղղությամբ: Նախ, չունենք ազգային գաղափարախոսություն եւ համազգային հիմնանպատակ, որի շուրջ հնարավոր կլինի հաբախմբվել եւ առաջնորդվել: Տարբեր արեւմտյան արժեքների ազդեցությունից խաթարվել ու աղճատվել են մեր աշխարհընկալումներն ու հայեցի հոգեկերտվածքը, կորցրել ենք մեր միակամությունը: Ունենք վարչակարգ, որի քայլերը երբեմն ուղղակի անբացատրելի ու անընկալելի են հասարակության մեծ մասի համար, քանի որ հաճախ դրանցում տրամաբանությունն ուղղակի բացակայում է: Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հարկատուներիս հաշվին պարբերաբար շրջում են տարբեր մայրաքաղաքներում, հանդիպումներ ունենում, իսկ արդյունքում որեւէ դրական տեղաշարժ չի նկատվում: Նախարարի մակարդակով հայտարարում են տնտեսական երկնիշ թվային աճի եւ միեւնույն ժամանակ նույքան էլ աղքատության ավելացման մասին…
Մեր ազգային հզորության մյուս գրավական Սփյուռքը հիասթափված է եւ գրեթե օտարացած: Սկսել է ճաքեր տալ տասնամյակներ շարունակ ստեղծված մեր սփյուռքի հզոր ռեսուրս լինելու առասպելը: Այո, սփյուռքահայերը մտահոգված են այս տխուր կացության համար, փորձում են ինչ-որ կերպ օգնել: Բայց ավելի օգտակար կլիներ եւ միգուցե հիմա ժամանակն է, որ նրանք համախմբվեն ու փակեն աշխարհի ազդեցիկ լրատվամիջոցների մուտքերն ու ելքերը եւ ստիպեն, որ նրանք ամեն օր խոսեն ագրեսիայի զոհ դարձած Հայաստանի եւ ցեղասպանության տարրեր պարունակող Արցախում ծավալվող հումանիտար աղետի մասին:
Իսկ մեր մյուս համազգային կառույց եկեղեցի՞ն: Անդրադառնալով արդյոք առկա՞ է եկեղեցի-իշխանություն համագործակցություն հարցին՝ վերջերս Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշեց, որ իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի, մասնակի պատահական հանդիպումներ են լինում, ինչը համագործակցություն անվանել հնարավոր չէ: Ավելին, մեզանում երբեմն էլ հայրենիք սիրելը դրսեւորվում է հայրենիքը լքելու ձեւով: Իսկ հայրենասիրությունն էլ հաճախ դրսեւորվում է հայրենիքում մնացած, իրենց մարմնով հայրենիքը ջերմացնող, ամենօրյա քրտնաջան աշխատանքով այդ հայրենիքը պահող մարդկանց «դաս տալով»:
Ինչ վերաբերում է մեր անվտանգության հիմնական երաշխավոր բանակին, ապա այստեղ էլ պատկերն ավելի քան տխուր է: Մայր ժողովրդի հարազատ զավակն էլ է մի տեսակ կտրվել-օտարացել: Հասել ենք այնտեղ, որ Եռաբլուր սրբության սրբոցն էլ է դարձել քաշքշուկի ու իրար չհասկանալու հանգրվան: Տխուր է, շատ տխուր…
Հայտնի ճշմարտություն է, որ բոլոր բռնապետություններն էլ հիմնվում են իրենց ժողովուրդների անգրագիտության վրա, եւ որքան երկար է տեւում ժողովրդի տգիտությունը, այնքան երկարում է բռնապետությունը: Իսկ ժողովրդին անգրագիտությունից դուրս բերողները մտավորականներ են: Սակայն ցավն այն է, որ մենք միշտ ունեցել եւ ունենք մեծ թվով տգետ եւ, որ ամենաողբալին է՝ պալատական մտավորականություն: Իսկ հասարակության անգիրագիտությունն ի վիճակի են շտկել միայն տաղանդավոր եւ հայրենիքին անմնացորդ նվիրված անհատները, որոնք մեր հասարակությունում քիչ են, այնքան քիչ, որ հասարակության վրա անհրաժեշտ ազդեցություն չեն կարողանում ունենալ: Հետո էլ բռնապետությունն իր քարոզչական մամլիչով հարթեցնում է հասարակության ընկալունակությունը, այնպես որ մեկ շաբլոն ախմախությունը պատճենվում է մարդկանց ուղեղներում եւ մեխանիկորեն կրկնվում շատերի մոտ՝ ակադեմիկոսից սկսած մինչեւ աղբահավաք:
Գուցե կտրուկ եմ ասում, սակայն վստահ եմ. երբ հայ ժողովուրդը վերջապես հասկանա, որ հրեա-անգլոսաքսերի հավաքական արեւմուտքը չի ուզում, որ աշխարհի երեսին Հայ ազգ լինի՝ հայկական ազգային պետություն իր ազգային իշխանությունով, այդ ժամանակ մենք կհամախմբվենք, եւ «ես»-ը կդառնա ազգային «ՄԵՆՔ»: Իսկ մենք ունեինք Ազգային պետություն դառնալու այդ հնարավորությունը՝ ազգային հենքի վրա հիմնված պետականություն, բայց ցավալիորեն «ես»-ը դա չգնահատեց եւ «մենք» չդարձավ: Դրանից օգտվեցին այն տարրերը, որոնք կարմիր գծեր չունեն եւ հատում են անհատելին՝ կործանելով պետությունն ու անկախությունը:
Իզուր չէ, որ ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի իշխանություններին արեւմուտքի կողմից առաջարկվել է գործարք՝ Հայոց ցեղասպանութունը, Արցախը, հայի գենը, լեզուն, մշակույթը եւ ազգայինը դնել մի կողմ, դրա դիմաց ստանալով խոշոր դրամային ու տնտեսական օգնություն: Ազգային ուժերի կողմից գործարքը բազմիցս մերժվել է… մինչեւ «փրկչի» հայտնվելը: Հետեւաբար հասունացել է ժամանակը հասկանալու, որ Ազգային պետությունն այլընտրանք չունի եւ հարկավոր ամեն գնով պահպանել այն: Գաղտիք չի նաեւ, որ այդ Ազգային անկախ պետությունն ունենալու մեկնակետը տրվեց 1988-ին՝ Արցախյան պայքարի ժամանակ եւ վերջին 30 տարում, 1991թ.-ից սկսած, մեր հայրենիքի կարեւորագույն հատվածը` Արցախն ապահովել է Հայաստանի Հանրապետության գոյության, նրա անվտանգության եւ հայ ժողովրդի միջազգային հեղինակության հիմքերը: Պատահական չէր եւ բացարձակ ճշմարտություն է Լեոնիդ Ազգալդյանի այն թեզը, որ ով կորցնի Արցախը` կկործանվի: Ազերիներն էլ շատ լավ հասկանում են, որ եթե օկուպացնեն Արցախը, ապա Հայաստանն արանքից հանելն ու որպես պետություն վերացնելը շատ կարճ ժամանակի հարց կլինի: Իսկ եթե ազերիները կորցնեն Արցախը, ապա Ադրբեջանի արհեստական պետությունը, նավթի ավարտից հետո, որեւէ արժեք չի ունենա եւ նույնպես կկործանվի: Այնպես որ գիտակցում ենք, թե՞ ոչ` Արցախն այսօրվա իր գոյությամբ (նաեւ շրջափակման մեջ) կամա թե ակամա, ապրում եւ պայքարում է նախ եւ առաջ հանուն Հայաստանի եւ հայ ժողովրդի:
Հասկանանք ու աշխարհին էլ համոզենք, որ Արցախը հայ ժողովրդի բնօրանն է, որտեղ ստեղծվել է հայ գրերով առաջին դպրոցը, Մեսրոպ Մաշտոցի կողմից: Որ Արցախն անկախացել է ԽՍՀՄիությունից այն ժամանակ գործող օրենքներով եւ արդեն 35 տարի ապրում է ինքնուրույն: Որ Արցախը չի կարող լինել մի երկրի կազմում, որի նախագահը ու փոխնախագահը ամուսիններ են, որի երկրում ոչ մի էկոլոգիական ցույց չի եղել երբեք, ու հիմա եկել այստեղ պետականորեն կազմակերպված բեմականացում են ցուցադրում: Որ Արցախում գտնվող ռուսական զինուժը քիչ է եւ պետք է ընդլայնվի, ստանա ՄԱԿ-ի հովանավորչությունը: Որ Ալիեւ էֆենդու ախորժակը վտանգավոր ծավալներ է ընդունում, այն աստիճան՝ որ օրեր առաջ հայտարարեց Ադրբեջանի կադաստրային իրավունքի մասին Հայաստանի տարածքի հանդեպ՝ անվանելով այն «Արեւմտյան Ադրբեջան», որ գիտությունների ակադեմիայում երեք բաժին է հիմնել, որոնք պետք է զբաղվեն Արեւմտյան Ադրբեջանի հարցերով (պատմամշակութային եւ այլն): Բայց ամենակարեւրը՝ Ալիեւն ասում է, որ ադրբեջանցիք պիտի վերադառնան իրենց «պատմական հայրենիք», այսինքն՝ Սյունիք: Եվ ոչ միայն Սյունիք: Իսկ Նոր Հայաստանի իշխանությունները սարսափում են խոսել արցախցիների Շուշի եւ Հադրութ վերադարձի մասին: Ավելին, Արցախը Ադրբեջանի մաս չլինելու մասին ծպտուն չեն հանում, իսկ Ալիեւն անթաքույց հայտարարում է Հայաստանի «չգոյության» մասին: Տեսնես ինչո՞ւ: Այս առումով կարծում եմ զսպող եւ ճիշտ քայլ կլինի մշտապես շեշտել Ալիեւի բռնապետ, ատելության խոսք տարածող, ցեղասպանության նախաձեռնող, կորուպցիոներ կերպարը եւ պնդել նրա դեմ պատժամիջոցների վրա: Անձնական պատասխանատվությունը միակ գործիքն է Իլհամի դեմ: Հաստատ նրան իր գողացած միլիարդները ամենաշատն են հետաքրքրում: Դրա համար հաճախ է պետք նրա վստահելի գործընկերին վկայակոչել Պանամայի թերթերը եւ դրանց մասին հիշեցնել բոլոր հարթակներից:
Ավելացնեմ, որ սթափվելու եւ միակամվելու ժամանակն է: Որ իսկապես արյունը ջուր չի դառնում: Գուցե Երեւանի սրտում կամ իսպանական ծովեզերքին շքեղ առանձնատուն, հյուրանոց Վառնայում ու Փարիզում, հաշվեհամար՝ Ցյուրիխում ու սեքս-տուր Մալդիվներում դառնում է: Բայց ջուր չի դառնում: Գոնե ներկա պահին բետոնե խրամուղի դառնար, նոր զենք ու հրասայլ, սաղավարտ կամ զրահաբաճկոն, բայց չէ, արդեն իսկ նշմարվում է, որ նախընտրական ծրագիր, պաթետիկ բաժակաճառ ու լացակումած մահախոսական է դառնում: Այսինքն՝ փաստորեն արյունը ջուր է դառնում: Մեծ ցավով նշեմ, որ 130 տարի առաջ հայ գրող Ղազարոս Աղայանի հետեւյալ խոսքերն այսօր էլ արդիական են. «Մեր ժողովրդի գլուխը որ հաստ է, իրան իրավունքն ու պարտականությունը չի ճանաչում, լավն ու վատը չի հասկանում, սուտը ճշմարտի տեղ է ընդունում, ճշմարիտը՝ սուտի տեղ, էլ ի՞նչ ասես, էլ ո՞ւմ խոսք հասկացնես… Գլուխ գովալով ապրում են ներքուստ վախկոտ ու ստրուկ խղճուկ հոգիները, անցնում մութ ճամփեն՝ հասկացողին արհամարհելով ու ոտնատակ տալով, անհասկացողին՝ քծնելով, գովաբանելով, շվաքի առաջը խոնարհվելով ու նրանից փրկություն աղերսելով»: Գրեթե համոզված եմ, որ մեծն Կոմիտասի հոգեշեղման պատճառն էլ Ցեղասպանությանը ականատես լինելը չէր, այլ այն, որ Ադանայի հայերին մորթազերծ էին անում, բայց Պոլսի հայերը դեռ շարունակում էին սրճարաններում վայելել իրենց թեյը, կարծելով, թե իրենց ոչինչ չի սպասվում: Պատմությունն կրկնվում է ոնց որ՝ կենտրոնականհրապարակում տոնածառ, Եվրոտեսիլ ու նման բաներ…
Իսկապես վիճակը ցավալի է, բայց նաեւ համոզված եմ՝ ոչ անհուսալի:
Արցախյան 44-օրյա պատերազմը անգլո-ռուսական ավելի ընդգրկուն հակամարտության դրսեւորումներից մեկն էր: Սա չի նշանակում, որ Ադրբեջանը, Թուրքիան ու Իսրայելը սեփական շահեր չէին հետապնդում պատերազմում: Սա նշանակում է, որ այդ շահերը ներդաշնակ եւ համահունչ էին բրիտանական ձգտումներին՝ վերաձեւելու տարածաշրջանի քաղաքական ազդեցության նկարագիրը:
Ռազմավարական մտածողությունը նախեւառաջ պատճառահետեւանքային կառուցվածքի ամբողջական գիտակցումն է՝ անկախ այն բանից, թե պատճառից գոյացող հնարավոր հետեւանքները քեզ դո՞ւր են գաիս, թե՞ ոչ: Ու հենց այդ ռազմավարական խորաթափանցությունն է, որ չկա ու չկա մեզ մոտ: Ռազմավարական խորաթափանցությունը կանխատեսելիություն է: Պարզ բան. երբ Արցախը Հայաստանին միացնող կապուղիներից հրաժարվում ես, հնարավոր ի՞նչ հետեւանքներ ես ակնկալում, որ թշնամին այդ ճանապարհները կբարեկարգի, որպեսզի կապը Հայաստանի ու Արցախի միջեւ ավելի անկաշկանդ եւ անվտանգ իրականացվի՞, թե՞ այն կօգտագործի որպես ճնշման հերթական գործիքակազմ, ընդ որում թե՛ առանց միջազգային մանդատ խաղաղպահ առաքելություն իրականացնող պետությաան, թե՛ Հայաստանի նկատմամբ: Պարզ չէ՞, որ երկրորդը, շատ էլ ոմանք Հայաստանում իրենց այնքան են խաբել թշնամանքի էջը փակված լինելու հարցում, որ սկսել են նույնիսկ հավատալ այդ հիմարությանը:
Այսօր էլ Արցախի խնդրում չկա որոշակի ռազմավարություն: Չասեք՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, ասեք՝ ինչ կարգավիճակ է ունենալու, եթե կազմում, ապա այդ դեպքում ո՛ւմ կազմում է լինելու: Ընդ որում՝ ոչ թե ցանկալիի եւ անցանկալիի, այլ՝ հնարավորի եւ անհնարի միջակայքում:
Ռոբերտ Քոչարյանը երկիրը ղեկավարել է՝ անկասկած սխալներով ու թերություններով հանդերձ, ինչպես աշխարհի բոլոր ղեկավարները:
Այդ սխալներն ու թերությունները չեն նսեմացրել մեր ազգային արժանապատվությունը եւ չեն խարխլել պետականության հիմքերը: Իսկ արած գործը հայ ժողովրդին բերել է այնպիսի հանգիստ ու խաղաղ տարիներ, ինչպես Բրեժնեւի կառավարման տարիներն էին ԽՍՀՄ ժողովրդի համար:
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պգդ, պրոֆեսոր