Շվեդական կենտրոնական «Դագենս նյուհեթեր» («Օրվա նորություններ») օրաթերթում Ֆրեդրիք Սահլինը «Սյուրռեալիզմը ծաղկում է ճշմարտություն որոնող Յոթեբորգի փառատոնում» հոդվածում անդրադարձել է նաեւ Շվեդիայի այդ հեղինակավոր կինոփառատոնում ներկայացված ամերիկաբնակ բեմադրիչ Հայկ Մաթեւոսյանի «Օրոր լեռների համար» կինոնկարին (Հայաստան-ԱՄՆ): Հատկանշական է, որ այս վավերագրության գործադիր արտադրիչն է վերջերս վախճանված հունգարացի մեծանուն կինոբեմադրիչ Բելա Տառը: Ֆիլմի առաջնախաղը տեղի է ունեցել անցած տարի, հունիսին, Անգլիայի Շեֆիլդ քաղաքում կայացած վավերագրական կինոյի միջազգային փառատոնում:
«Սյուրռեալիստական միտումն աճում ու ծաղկում է իմ ոլորապտույտ ճանապարհին՝ փառատոնի կինեմատոգրաֆիկ ջունգլիներում,- գրել է Ֆրեդրիք Սահլինը:- Ինչպես, օրինակ, հայկական «Օրոր լեռների համար» ֆիլմում այն խորհրդածում է կրոնի եւ բնության հետ մարդու հարաբերության մասին: Համենայն դեպս, ամեն ինչ սկսվում է այրվող թփից, եւ բոլոր նրանք, ովքեր թեկուզ մակերեսային կերպով ծանոթ են Հին կտակարանին, գիտեն, թե դա ինչ է նշանակում. Աստված խոսում է բոցավառվող թփի միջոցով (Աստվածաշնչի ամենախրթին փոխաբերություններից մեկը): Ֆիլմը կազմված է բանաստեղծական պատկերներից, որտեղ մի ծեր եկեղեցական քայլում է տափաստանում՝ ձիերի, քարե սալերի (նկատի ունի խաչքարերը – Ա. Բ.), գերեզմանների եւ վանքերի ավերակների միջով: Ոչ մի երկխոսություն, մշուշոտ պատկերներ եւ սրբազան հնչյունային շարք: Մեղմ ասած՝ առեղծվածային մի ստեղծագործություն»:
«Օրոր լեռների համար»-ը բեմադրիչի առաջին լիամետրաժ կինոֆիլմն է: Մինչ այդ Լոս Անջելեսեսում բնակվող Հայկ Մաթեւոսյանը նկարահանել էր «Խաղացողը» (2013) եւ «Անցորդը» (2017) խաղարկային կարճամետրաժ ֆիլմերը (երկուսն էլ՝ ամերիկյան արտադրության), իսկ 2019-ին եղել է տարբեր երկրների այն 15 բեմադրիչների մեջ, որոնք Բելա Տառի ղեկավարությամբ ստեղծել են առանձին կարճամետրաժ ֆիլմեր՝ խմբավորված «Աստծո ներքո. մաս 2» կինոնկարում:
Ա. Բ.





