Մայիս 8-16-ին Իտալիայի Լիվոռնո նահանգի Պիոմբինո քաղաքում տեղի ունեցավ հայկական շաբաթ: Այն նախաձեռնել է «Արեա 57 Օնլուս» ընկերակցությունը՝ Պիոմբինոյի քաղաքապետարանի հովանավորությամբ՝ նպատակ ունենալով հանրությանը հայտնի դարձնել, թե ինչ է տեղի ունեցել հայ ժողովրդի հետ 1915 թվականից հետո: Մայիսի 8-ին բացվել է Անդրեա Ուլիվիի «Իմ անուշ Հայաստանի» խորագրով ցուցահանդեսը: Անդրեա Ուլիվին ֆլորենցիացի լուսանկարիչ եւ հրատարակիչ է, Անդրեյ Տարկովսկու անվան միջազգային ինստիտուտի համադրող: Մինչ այս նա Հայաստանին նվիրված երեք լուսանկարչական ցուցահանդես է ունեցել ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Հայաստանում (2009, 2015, 2018 թվականներին): Մայիսի 9-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայ ազգային բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակը» գիտաժողովը: Այն բացել է «Արեա 57 Օնլուս» ընկերակցության նախագահ Ռոզաննա Էսպոզիտոն եւ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը: Մայիսի 11-14-ին կայացել են հայկական թեմաներով զեկուցումներ, որոնք համադրել է Իտալիայում իր հայանպաստ գործունեությամբ հայտնի Լետիցիա Լեոնարդին, իսկ մայիսի 16-ին հանդիպում է եղել հայազգի գրող Արթուր Ալեքսանյանի հետ, որը խոսել է իր վերջին՝«Ջարդված բաժակը» վեպի մասին:
Ա. Բ.