2022թ. ապրիլի 16-ից ՀԱԷԿ-ում ընթանում էին պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքները: Ըստ սահմանված ցանցային գրաֆիկի՝ կատարվել են անվտանգության համակարգերի եւ հիմնական սարքավորումների հետ կապված բոլոր նախատեսված աշխատանքները:
Սահմանված ժամկետում իրականացվել է ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու վերաբեռնմամբ:
Ավարտվել են ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացման աշխատանքները: Բարձր ճնշման նախկին 6 պոմպերից 2-ը փոխարինվել են ցածր ճնշման պոմպերով: Արդյունքում, կմեծանա համակարգի՝ ակտիվ գոտին հովացնելու կարողությունը կոնտուրի ցածր ճնշման դեպքում:
Արդիականացվել են տուրբագեներատորի օժանդակ սարքավորումներն ու նրանց ղեկավարման վահանակները:Վերանորոգվել է տուրբինների կոնդենսատորների շրջանառու ջրամատակարարման համակարգը:
2022թ. հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետեւ ժամը 20:56-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին:
Ներկայում կայանն աշխատում է 380ՄՎտ հզորությամբ: Անվտանգության եւ հուսալիության նորմերը պահպանվում են:
Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր