Ինչպես տեղեկացնում է https://www.getsurrey.co.uk կայքէջը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը բացելու է Քրոյդոնի (հարավային Լոնդոն) Ֆեյրֆիլդ Հոլզ համերգասրահի միջազգային նվագախմբային գարնանային համերգաշրջանը: Ըստ կայքէջի՝ այս համերգը միջազգային քննադատների կողմից բարձր գնահատված նվագախմբի համաշխարհային շրջագայության սկիզբն է: Նվագախումբն իրավամբ մեծ պահանջարկ ունի աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում՝ շնորհիվ հնչման հստակ որակի եւ կատարման մտերմիկ ու զգացմունքային ոճի: Ֆեյրֆիլդ Հոլզն իր ծրագիրն սկսել է Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երաժշտությամբ, որի Ադաջոն հայտնի է Մեծ Բրիտանիայում՝ օգտագործված լինելով Բի Բի Սի-ի «Օնեդինի գիծը» հեռուստատեսային դրամայում որպես նախանվագ եւ Տինտո Բրասի «Կալիգուլա» շարժապատկերում: Որպես համերգաշրջանի առաջին մենակատար՝ հրավիրվել է ջութակահարուհի Քլոե Հանսլիփը, որը 12 տարեկանից պարբերաբար ելույթներ է ունենում Ֆեյրֆիլդ Հոլզում: Համերգի երկրորդ բաժնում նվագախումբը Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է Չայկովսկու չորրորդ սիմֆոնիան, որը, ինչպես հայտնի է, ռուս մեծ երաժշտաստեղծը գրել էր իր կարճատեւ աղետալի ամուսնությունից անմիջապես հետո: Ինչպես տեսնում ենք, Արեւմուտքում ռուս կոմպոզիտորների գործերը բոյկոտ հայտարարելու վերաբերյալ առաջացրած աղմուկը չափազանցված է…
ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ