Քո հավատամքն ուժեղ էր թշնամուց, իմ քաջ եղբայր
…Պատմության էջերում դաշինքներ կան, որոնք կնքված չեն որեւէ փաստաթղթով: Դրանք կնքվել են պատմության ընթացքում, առաջնագծում: Հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրությունը դարերի պատմություն ունի. նրանք մշտապես եղան հայի անդավաճան զինակիցը նույն թշնամու դեմ պայքարում: Հիշենք Սարդարապատի ճակատամարտը, Ջահանգիր աղային եւ նրա 500 հոգանոց հեծելազորը, Ուսուբ բեկին… Հիշենք Արցախյան ազատամարտի ժամանակ հանուն Արցախի ու Հայաստանի իրենց կյանքը տված հերոսներին՝ Իսմայիլ Շարոյանին, Թեմուր Զեյդինյանին, Գագիկ Հաջոյանին… Նրանք մեր անմահների գնդի քաջ մարտիկներն են… Ապրիլյան պատերազմին եզդի մարտիկները կռվում էին Հայոց բանակի շարքերում՝ մարտի դաշտում կնքելով անմահության պսակը:
Ու երբ հայոց նորագույն պատմության էջերում ապագայի պատմաբանները գրեն հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրության էջերը, սերունդների սրտում գրվելու են Արցախյան երրորդ պատերազմում անմահացած հերոս՝ Հայաստանի եզդի զավակ Դավիթ Աիդոեւի խոսքերը, որ դեռ իր պատանի տարիքում դպրոցական միջոցառումներից մեկի ժամանակ ասել է.
Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում եւ վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին:
Դավիթ Աիդոեւի այս խոսքերը, ցավոք, դարձան մարգարեական…Թշնամին կրկին պատերազմ սանձազերծեց ընդդեմ Արցախի ու Հայաստանի, եւ հերոսն իր խոսքերը դարձրեց ուխտի ճանապարհ, ոչ մի վայրկյան չխուսափեց մարտի դաշտից եւ ընտրեց «Մահ իմացյալը»: Կռվեց քաջաբար: Հավերժության լուսամատյանում գրվեց նաեւ նրա անունը: Նա ապագա բժիշկ էր…
Աիդոեւ Դավիթ Գերակլին ծնվել է 2000թ.-ի օգոստոսի 10-ին՝ Սպիտակ քաղաքում, սակայն բնակվել է Երեւանում: Երեխա ժամանակից շատ տարբերվում էր թե իր բնավորությամբ եւ թե իր պարանոցի նշանով: Եղել է տան միակ երեխան: Մայրը՝ Լալի Աիդոեւը միայնակ է մեծացրել զավակին՝ առանց հայր: 2006թ.-ից սկսել է հաճախել Երեւանի Շիրվանզադեի անվան դպրոց, որն ավարտել է 2016 թ.-ին:
Դպրոցում սովորել է բարձր առաջադիմությամբ, եղել է թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների սիրելի Դավիթը: Նա մեծ սեր ուներ տարբեր մարզաձեւերի նկատմամբ. 2012թ.-ից հաճախել է «Սպարտակ» մարզադպրոց, որտեղ ունեցել է մեծ ձեռքբերումներ:Մասնակցել է բազմաթիվ մրցաշարերի, ոչ միայն Հայաստանում: Իր առջեւ նպատակ էր դրել, որ պետք է դառնա Եվրոպայի չեմպիոն: Հստակ որոշել էր՝ Հայոց բանակում ծառայությունն ավարտելուց եւ զինվորական պարտքը կատարելուց հետո անպայման պետք է շարունակի մարզական ուղին:
Բազմաշնորհ երիտասարդին նաեւ ապագա բժշկի ուղին էր սպասում. դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Երեւանի Հայ֊-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում : Ուսանողական ընկերները եւ դասախոսները եւս շատ սիրեցին Դավիթին՝ այդ պայծառ ու լուսավոր տղային, որ կարող էր իր սեփական դժվարությունների մասին ոչ մեկին չպատմել ոչինչ, բայց լինել ամենուր՝ ամենքի հետ, ամենքի կողքին, ովքեր ունեին իր կարիքը:
2019 թ-ին կիսատ թողնելով ուսումը՝ հունվարի 14-ին մեկնեց ծառայության: Ծառայել է Ջրականում: Օրինակելի զինվոր էր, բոլորի սիրելին: Մեծ հարգանք էր վայելում հրամանատարների շրջանում: Ծառայության ընթացքում հասցրեց ստանալ ավագ սերժանտի կոչում:
2020 թ-ին ՝ պատերազմի առաջին օրից նա կռվեց ամենաթեժ կետերում: Խիզախ զինվորը տիրապետում էր մի քանի զինատեսակների: Առաջին օրը զոհվեց իրենց հրամանատարը: Եվ հրամանատարությունը վստահվեց Դավիթին: Թշնամու հարձակումը հետ մղելիս զինվորներն գրավել էին մի բլուր, որը կոչվել է «ԱԻԴՈԵՎԻ ԲԼՈՒՐ»՝ ի պատիվ Դավիթի: Մարտերի ժամանակ արժանացել է «Մարտական խաչ» եւ «Արիություն» մեդալներին:
Հոկտեմբերի 4-֊ին ՝ ծանր մարտերից մեկի ժամանակ Դավիթ Աիդոեւը վիրավորվեց ոտքից, սակայն չլքեց մարտի դաշտը: Զանգել էր քեռուն ու ասել.
-Քե՛ռ, որ հետ չգամ, մորս լավ կնայես:
Հոկտեմբերի 5-ի լուսաբացին մարտերը թեժացել էին: Դավիթ Աիդոեւն իր 19 զինվորներին հետ նահանջ ուղարկեց , իսկ ինքն իր 3 ընկերների հետ մնաց ՝ պաշտպանելու ընկերների թիկունքը: Վերջում մենակ մնալով՝ երկար պայքարելուց հետո հերոսաբար ընկավ:
Դավիթին գտան երկար ու ծանր որոնումներից հետո՝ դեկտեմբերի 12-ին: Միայն հունվարի 25-ին հաստավեցին ԴՆԹ փորձաքննության արդյունքները: Եվ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը հայ հողն իր գիրկն առավ հերոս զավակին:
…Սադունցք գյուղում վերջին հրաժեշտը տվեցին մեր անմահացած հերոսին:
…Ինձ հաջողվել է զրուցել հերոսի մայրիկի՝ տիկին Լալիի հետ եւ հարց տալ. ո՞րն էր Դավիթի երազանքը: Ի՞նչ ասպարեզում էր ուզում իր խոսքն ասել կյանքում:
-Դավիթն ուներ բազում երազանքներ: Նա բժիշկ պետք է դառնար եւ իր խոսքը այդ կերպ լսելի դարձներ եւ այդ կերպ էլ հասներ իր երազանքներին՝ իր տունն ունենար, ինձ ապահովեր ամեն բանով: Ասում էր. «Մամ, դու էլ չես աշխատելու… Դու թագուհու նման պետք ա ապրես…»:
-Դավիթը գնաց հերոս Քյարամի ու մեր մյուս եզդի ազատամարտիկների ճանապարհով . երբեք չխուսափեց բանակ զորակոչվելուց, պատերազմի դաշտում էլ կռվեց թշնամու դեմ ու անմահացավ՝ կյանքը տալով Հայաստանին ու Արցախին, որոնք իր համար մեկ հայրենիք էին:
Որտեղի՞ց էր գալիս նրա այսչափ հայասիրությունը եւ նվիրվածությունը հայ հողին, տիկին Լալին պատասխանում է.
– Չգիտեմ՝ որտեղից էր այդքան հայրենասիրություն նրա մեջ սերմանվել, բայց միշտ ասում էր, որ Հայաստանից բացի ուրիշ երկրում չի կարող ապրել եւ ասում էր. «Եթե մենք գնանք, էնի գնա, էն մյուսը գնա, հետո՞… Հայաստանում քարերն ե՞ն մնալու»:
Դավիթն ընդմիշտ մնաց հայ հողում՝ դարձավ հերոս:
ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ