ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտաշխատողները պարզել են, որ հակակարկտային ակուստիկ «հրանոթների» արձակած հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում ուղեկցվում է 1 կՀց հաճախությամբ ակուստիկ եւ 5 կՀց հաճախությամբ էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ, եւ որ դրանց մակածման պատճառը հարվածող ալիքին ուղեկցող մրրկային հոսքերի առաջացումն է:
Ուղղորդված եւ ուժեղ հարվածող ալիքի տարածումը մթնոլորտում կարող է ուղեկցվել ոչ միայն չափազանց ցածր, այլ նաեւ մի քանի ՄՀց հաճախություններով էլեկտրամագնիսական ալիքների առաքմամբ: ՄՀց-ային ճառագայթումը պայմանավորված է ուղղորդված հարվածող ալիքի ազդեցությամբ առաջացած պլազմայի էլեկտրոնների վրա Երկրի մագնիսական դաշտի ազդեցությամբ: Գիտնականների կարծիքով, կատարված հետազոտությունների ընթացքում ստացված արդյունքները կարող են օգտագործվել մթնոլորտում հարվածող ալիքներ մակածող օբյեկտների՝ գերձայնային արագությամբ շարժվող մարմինների հայտնաբերման եւ տեղորոշման համար:
Հետազոտություններն իրականացվել են բազային ֆինանսավորմամբ եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորված «Գերձայնային, պտուտակավոր թռչող օբյեկտներից եւ հզոր հարվածող ալիքներից առաջացող գերցածր հաճախային էլեկտրամագնիսական եւ ակուստիկ ալիքների բազմասարք՝ ընդունիչ-ուժեղացուցիչ անալիզատոր, գրանցման համակարգեր» թեմայի շրջանակներում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ