Ներկայում մեծ ծավալի գիտական ուսումնասիրություններ են կատարում Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները: Նրանք ուսումնասիրել են 180 բաբախիչների եւ մոտ 2000 արտագալակտիկ ռադիոաղբյուրների ֆարադեյի պտույտի տվյալները: Պարզվել է, որ Գալակտիկայի հյուսիսային կիսագնդի մագնիսական դաշտն ուղղված է դեպի Արեգակը, իսկ հարավային կիսագնդինը՝ հակառակը: Ենթադրվում է, որ Աղեղնավորի թեւը հիմնականում գտնվում է Գալակտիկայի հարթությունից վերեւ, իսկ այդ հարթությունից ներքեւ ընկած տիրույթի մագնիսական դաշտը հարավային կիսագնդի Հալոյի դաշտն է:
Մենք առաջարկել ենք «Մեր Գալակտիկայի մագնիսական դաշտի երկբաղադրիչ մոդելը», համաձայն որի՝ Գալակտիկայի պարուրաձեւ թեւերի մագնիսական դաշտի հարթ բաղադրիչն ընդգրկված է Հալոյի մեծամասշտաբ մագնիսական դաշտի ներսում: Ընդ որում, պարուրաձեւ թեւերի մագնիսական դաշտերը տարածվում են թեւերի ուղղությամբ, իսկ Հալոյի մագնիսական դաշտը տարածվում է Գալակտիկայի հարթությունից մի քանի կիլոպարսեկ վերեւ ու ներքեւ եւ ունի Գալակտիկայի դիֆերենցիալ պտույտի շնորհիվ դեֆորմացված դիպոլային կառուցվածք»,- նշեց գիտական խմբի ղեկավար Ռ. Անդրեասյանը:
Աշխատանքն ունի հիմնարար նշանակություն Գալակտիկայի մագնիսական դաշտի կառուցվածքի, նրա առաջացման եւ զարգացման պրոցեսների հասկացման տեսանկյունից: Ստացված արդյունքները ներկայացվել են Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում եւ Չինաստանում անցկացված միջազգային գիտաժողովներում: Արդյունքներն ընդունվել են գիտական հանրության կողմից:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ