Թոմաս Վենցլովայի ծննդյան 85-ամյակին
Թոմաս Վենցլովան երբեմն դիտարկվում է որպես լիտվական մշակույթի ներկայումս ապրող ամենանշանավոր ներկայացուցիչն աշխարհում: Լինելով Նոբելյան մրցանակակիրներ Իոսիֆ Բրոդսկու ու Չեսլավ Միլոշի ընկերը՝ նա չվայելեց նույնպիսի համաշխարհային հռչակ. լիտվական գրականությունը հայկականի պես դժվարահասանելի եւ գրեթե անծանոթ է համաշխարհային գրական եւ թարգմանչական շրջանակներին:
Վենցլովան ծնվել է 1937 թ. սեպտեմբերի 11-ին, ծովահայաց Կլայպեդայում: Պատերազմի ժամանակ նրա մայրը՝ Էլիզան, հայտնվում է բանտում, իսկ հայրը՝ բանաստեղծ եւ արձակագիր Անտանաս Վենցլովան, Մոսկվայում էր: Այսպես, չորս տարեկան Թոմասը մնում է առանց ծնողների. շրջապատի մարդիկ նրան «պրոֆեսոր» էին կոչում, քանի որ արդեն գիտեր կարդալ ու ամեն ինչով հետաքրքրվում էր:
Պատերազմի ավարտից հետո վերամիավորված ընտանիքի հետ տեղափոխվել է Վիլնյուս: Պահպանվել են 1955 թ. Ավետիք Իսահակյանի տանը արված լուսանկարներ, որոնցում Անտանաս Վենցլովան պատկերված է Վարպետի (նրանք դեռ Մոսկվայից էին ծանոթ), ինչպես նաեւ բանաստեղծներ Աշոտ Գրաշու եւ Վացիս Ռեյմերիսի կողքին: Մեզ ուղղված մի նամակում Վենցլովա-որդին պատմում է.. «Իմ հանգուցյալ հայրն այցելել է Երեւան (կարծեմ նույնիսկ՝ ոչ մեկ անգամ) եւ ծանոթ է եղել Ավետիք Իսահակյանի հետ: Այդ մասին տպագրել է հուշագրական ակնարկ… Բացի դա, նա թարգմանել է Իսահակյանի «Հավերժական սերը» ոչ մեծ պոեմը, որը ժամանակին Լիտվայում հաջողություն է ունեցել: Ինչ վերաբերում է Աշոտ Գրաշուն, ես էլ եմ նրան որոշ չափով հիշում. նա եղել է Վիլնյուսի մեր տանը: Հայրս նրա գործերն էլ է թարգմանել»:
Թոմաս Վենցլովան սովորել է իր փառավոր պատմությամբ, հնագույն գրադարանով ու գողտրիկ ներքին բակերով հայտնի Վիլնյուսի համալսարանում: Հենց այդտեղ է գրել «1956 թվականի բանաստեղծություններ» շարքը, որում արտացոլվել էին հունգարական հեղափոխության իրադարձությունները:
Պատանի հասակում Մանդելշտամ կարդալը Վենցլովան իր կյանքի ամենացնցող իրադարձություններից է համարում, նրա հետքերով էլ առաջին անգամ հայտնվել է Հայաստանում: Իր իսկ խոսքերով՝ անտիկ աշխարհի հետ նրա առաջին հանդիպումը կայացել է Գառնիում: Նամակներից մեկում բանաստեղծը նշում է, որ պահպանվել եւ հրատարակվել է հայկական թեմայով նրա մեկ բանաստեղծությունը՝ 1958 թ. գրված «Արարատյան դաշտը»: Ի դեպ, Վենցլովան եւս երկու անգամ եղել է Հայաստանում՝ 1959 թ. եւ մեծ ընդմիջումից հետո՝ 2017 թ.:
1960-ականներին լիտվացի բանաստեղծ-գրականագետը լրջորեն հետաքրքրվում է նշանագիտությամբ (սեմիոտիկա), իր հոդվածներում կիրառում կառուցվածքային վերլուծության սկզբունքերը: Յուրի Լոտմանի խնդրանքով նա Տարտուի համալսարանում վարում է լիտվական գրականության դասընթաց:
Նույն տարիներին էլ սկիզբ է առնում Բրոդսկու հետ նրա մտերմությունը: Այն գիտակցությունը, որ գոյություն ունի Բրոդսկի, հաճախ Վենցլովային հասցրել է «ներքին անդամալուծության»: Խոստովանում է, որ Բրոդսկու բանաստեղծություններն ուղղորդել են նրա վարքը ու փոխել իր ներքին տարածքը: Իր հերթին՝ Վենցլովային նվիրված «Լիտվական նոկտյուրնում» Բրոդսկին նրան անվանում է իր երկվորյակը: Բրոդսկու խոսքերով՝ «Թոմաս Վենցլովայի ինտոնացիան ապշեցնում է իր գիտակցական, դիտավոր միապաղաղությամբ, որն ասես ձգտում է քողարկել նրա գոյության չափազանց ակնհայտ դրաման»: Վենցլովայի բանաստեղծությունները խորապես հուզել են նաեւ Միլոշին, որպես «ի հեճուկս անհուսության՝ մոլեգին հավատի ակնհայտ ծածկագիր»:
Ինքնահրատը չհաշված՝ ԽՍՀՄ-ում տպագրվել է Վենցլովայի միայն մեկ բանաստեղծական ժողովածուն՝ «Խոսքի նշանը» (1972 թ.): Գրաքննության տարիներին նա, ինչպես եւ Բրոդսկին, ապրուստի համար վաստակում էր հիմնականում թարգմանություններով: 1975 թ. դիմեց Լիտվայի կոմկուսի Կենտկոմին, որպեսզի իրեն թույլ տրվի մեկնել արտերկիր՝ մշտական բնակության: Ըստ Վենցլովայի՝ հայրենիքից հեռանալը եւ ցանկության դեպքում այնտեղ վերադառնալը մարդու բնական իրավունքն է, եւ այն հայրենիքը, որ «չի կարող երաշխավորել այդ իրավունքը իր յուրաքանչյուր քաղաքացուն, նման է ոչ թե հայրենիքի, այլ բանտի».
Նրանք ժամանակը, ձայնը, ժեստը մերժեցին,
Խուսափեցին ժառանգությունից անկոչ,
Շեմերի տակ անազատությունը պահեցին,
Վերջին գործողությունն անտեսեցին,
Ու Դանիա չկա էլ աշխարհում: («Ասե՛ք Ֆորտինբրասին»)
Երբ Վենցլովան դարձավ Լիտվայի Հելսինկյան խմբի հիմնադիր-անդամ, արգելվեց նույնիսկ նրա թարգմանությունների տպագրությունը: Բրոդսկու, Միլոշի, Արթուր Միլերի եւ ուրիշ անվանի մարդկանց շնորհիվ նրան ի վերջո թույլատրեցին առանց ընտանիքի լքել ԽՍՀՄ-ը եւ զրկեցին խորհրդային քաղաքացիությունից: Վենցլովան քաղաքական ապաստան խնդրեց ԱՄՆ-ում ու անցավ դասախոսական աշխատանքի: Իր հարցազրույցներից մեկում նա պատմում էր, որ իր ապագա ռուսագետ ուսանողների հետ նույնիսկ խմել է, որպեսզի նրանք ավելի լավ հասկանան Ռուսաստանը՝ մինչեւ այնտեղ լինելը: Լիտվացի հայրենասեր Վենցլովան իրեն աշխարհի քաղաքացի է անվանում: Նա բանաստեղծի համար օգտակար է համարում տարբեր լեզուների սահմանագծին լինելը, ինչպես եւ տարագրությունը. «ես ընդհանրապես չեմ հավատում, որ տարագրության մեջ բանաստեղծները մեռնում են»: Գտնում է, որ այլ մշակույթների նկատմամբ բաց լինելը չի խաթարում, ջնջում լիտվական ինքնությունը, ընդհակառակը, այն բացահայտվում է այլ ավանդությունների հետ բախվելիս: Իրեն պատմական լավատես է անվանում. «ամեն ինչ լավ կլինի, բայց ես դա չեմ հասցնի տեսնել»: Մի քանի հարյուր բանաստեղծությունների հեղինակ է, իր խոսքերով՝ ամբողջ կյանքում մի գիրք է գրում՝ «Զրույց ձմռանը».
Մտի՛ր բնապատկեր, որտեղ դեռ մութ է:
Բլուրներից անդին դատարկ ճամփան է:
Ծովերի հետ կռվում է մայրցամաքը՝
Անտես, բայց բյուր ձայներ արտաբերող:
Ձյան մեջ անցորդը եւ կամ հրեշտակը
Թողել են ոտնահետք թեթեւ, փափուկ:
Արտացոլանքն ափի՝ պատուհանում
Դատարկ Անտարկտիդան է հիշեցնում:
2014 թ. Մյունխենում նրան շնորհվեց Պետրարկայի բանաստեղծական մրցանակը: 2018 թվականից բնակվում է Վիլնյուսում, որի պատվավոր քաղաքացին է: Նրա «Վիլնյուս. քաղաք Եվրոպայում» գրքում Լիտվայի մայրաքաղաքը հառնում է որպես տարբեր ժամանակաշրջանների, պատմական դեպքերի ու անձերի խտացում, որոնք չեն անհետացել, այլ այսօր էլ Վիլնյուսի կենդանի մասն են, նրա՝ հակասություններից կազմված ամբողջականությունը:
Վենցլովայի գրելաոճը աղերսներ ունի անտիկ պոեզիայի հետ, նրան հոգեհարազատ է հին հունական եւ հռոմեական գրականության թեմատիկան՝ ծով եւ կղզի, քաղաք, արտաքսում, խոհականություն… Լիտվերենն ինքնին՝ ի համեմատություն հնդեվրոպական մյուս լեզուների, պահպանողական է քերականության եւ հնչյունաբանության տեսանկյուններից եւ ունի հին լեզուներին (մասնավորապես՝ հին հունարենին եւ լատիներենին) հատուկ արխայիկ առանձնահատկություններ:
Ալգիրդաս Լանդսբերգիսը գրել է. «Նա մտքի պոետ է, բայց դա չի խոսում նրա չորության մասին. նա միտքը զգում է բոլոր հինգ զգայարաններով եւ վերածում այն բառային երաժշտության, որը դժվար է չլսել»:
Վենցլովայի բանաստեղծությունները լի են բազմատեսակ պատմամշակութային հղումներով, փոխաբերություններով, հանելուկներով եւ այլաբանություններով, դրանցում կիրառվում են տաղաչափական բարդ ձեւեր: Նրա պոեզիայի հիմքում այն լուսավոր համոզմունքն է, որ ազատությունն ու մշակույթն անհնար է ոչնչացնել:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ