Երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացավ արտադրւթյան հմուտ ու փորձառու կազմակերպիչ, պայծառ մի մարդ՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Արշակի Համբարձումյանը: Նա ծնվել է 1937 թվականին: 1959 թվականին ավարտելով Ադրբեջանի ինդուստրիալ ինստիտուտը, նշանակում է ստանում Սեւանում կառուցվող գործադիր մեխանիզմների գործարան: Ձեռնարկության գործարկումից հետո դառնում է գործարանի գլխավոր կոնստրուկտոր, ապա՝ գլխավոր ճարտարագետ, իսկ 1963 թվականին՝ տնօրեն: 1969 թվականին բանիմաց ճարտարագետին ու կազմակերպչին տեղափոխում են Երեւան՝ գլխավորելու «Էլեկտրաճշգրիտսարք» գործարանը: 5 տարի անց Կոնստանտին Համբարձումյանի աշխատանքային կենսագրությունը շարունակվում է Լուսակերտում կառուցվող գործիքաշինական գործարանի տնօրենի պաշտոնում:
Նրա ղեկավարած ձեռնարկությունները, մաս կազմելով Խորհրդային Հայաստանի ժողովրդատնտեսական համալիրի, հանրապետության արդյունաբերական ներուժի կարեւոր բաղադրիչներն էին, ապահովելով թե՜ տնտեսական զարգացում, թե՜ գիատեխնիկական ու ինժեներական մտքի վերելք, թե՜ բնակչության կայուն զբաղվածություն:
1974-78 թթ. աշխատել է Հայկական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարարության Գիաարտադրական միավորման գլխավոր տնօրեն:
Սկսած 1978 թվականից՝ 15 տարի անընդմեջ Կոնտանտին Համբարձումյանը վարել է մեր հանրապետության տեղական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: 1993թ. հիմնել եւ գլխավորել է «ԱՆԵՏ» ընկերությունը:
Կոնստանտին Համբարձումյանը նաեւ ծավալել է բեղմնավոր գիտական գործունեություն, մասնակցել խորհրդային տիեզերական ծրագրի ճարտարագիտական լուծումների մշակմանն ու իրագործմանը: Նա ընկերություն է արել խորհրդային տիեզերագնացներից շատերի հետ, բազմիցս հյուրընկալել նրանց Հայաստանում:
Կոնստանտին Համբարձումյանը հայտնի հավաքորդ՝ կոլեկցիոներ էր, հայկական դրամագիտության ճանաչված գիտակ ու փորձագետ:
Հայ մտավորականի, լուսավոր մարդու հիշատակն ընդմիշտ կմնա իրեն ճանչածների սրտերում: