Այդ տարի ոչ ոք Նոր տարի չարեց. ամաչում էին:
Մարդիկ ամաչում էին անգամ մի բուռ կոնֆետ, մի կիլոգրամ մանդարին առնել իրենց երեխաների համար, տոնածառ զարդարելու մասին խոսք անգամ չկար: Դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից 23 օր հետո ի՞նչ Նոր տարի, ի՞նչ ամանորյա սեղան ու լույսեր:
Հայաստանը սգում էր:
Ում բազուկներում ուժ կար, տակին՝ ավտոմեքենա, Սպիտակում, Գյումրիում, Նալբանդ գյուղում ու Վանաձորում էր: Փլատակներից վիրավոր ու մահացած մարմիններ էին դուրս բերում, իսկ եթե սիրտը բարակ էր, տպավորվող, գոնե հումանիտար օգնություն էր հասցնում աղետից փրկվածներին:
1988-ին հայերը փլատակներից մարմիններ էին դուրս հանում, 2022-ին հայերը անթաղ մարմինները սեպտեմբերի 15-ից թողել են Սյունիքի, Վարդենիսի սարուձորերում ու 2 միլիոն դոլարանոց զանգուլակների, պես-պես լույսերի, հրավառության, Հրապարակի լուսապայծառ տոնածառի տակ սելֆիներ են անում:
Կառավության շենքից ուղեղների լվացման հերթական բանաձեւ-հրահանգն է իջեցվել. «Երեխաներն ի՞նչ մեղք ունեն, երեխաները պիտի անհոգ մանկություն տեսնեն, զվարճանան, Նոր տարի անեն»:
Քանի որ Կառավարության շենքը մայրաքաղաք Երեւանում է գտնվում, ու Երեւանով է չափվում ամբողջ Հայաստանը, ուրեմն Շուռնուխից, Նորաբակից, Նռնաձորից, Չինարիից, Ներքին հանդից, Շիկահողից, Ճակատենից թող երեխաներն ինչպես ուզում են, գան-հասնեն Երեւան, որ իմանան՝ երջանիկ, անհոգ մանկությությունն ինչ բան է:
«Թշնամին 100 մետրի վրա է, իսկ մեր երեխաները ահուդողով դպրոց են գնում, թշնամու ավտոմատի փողը մեր պատշգամբ է մտնում, անասուններին չենք կարողանում հանդ տանել, այգի ու բանջարանոց չենք կարողանում մշակել, ադրբեջանցիները չեն թողնում, սեպտեմբերի 13-ին զոհված 18-20 տարեկան երեխեքի մարմինները դեռ բաց երկնքի տակ են, ծնողներն էլ իրենց զավակների նման մեռած են-թաղած չեն» դառն իրականության պատկերները ջնջելու, հանրության լայն զանգվածների ուշադրությունն այդ պատկերներից շեղելու համար 2 միլիոն դոլարանոց ամանորյա զանգուլակ-լույսերով ողողված Կառավարության շենքում ջանք ու եռանդ չեն խնայում:
Թշնամին 120 քկմ մտել է Հայաստանի ինքնիշխան տարածք, Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարում է, թե՝ Շուշին պատերազմով ենք վերցրել, իսկ Երեւանը խաղաղությամբ կվերցնենք, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարինտակ խաչմերուկն ադրբեջանցիները փակում են, ռուս խաղաղապահները կենդանի պատ են կազմում, որպեսզի իբր իր հայրենիք՝ Ստեփանակերտ գնացող ադրբեջանցի սադրիչ լրագրողի ճամփան փակեն, իսկ Երեւանում վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքում տեղադրում է եվրատեսիլյան գունագեղ շոուիի լուսանկարը, վրան էլ գրում՝ ո՞նց էր:
Ո՞նց պիտի լինի, պարոն գլխավոր խորհրդական. իհարկե, սուպեր է:
Գրում է՝ «Ո՞նց էր», որպեսզի հանրության տրամադրությունները շոշափի, պարզի:
Եվ 3000-ից ավելի մարդ «բութ մատ» ու «սրտիկ» է դնում ինքնագոհ, հրճվալից «Ո՞նց էր»-ի տակ: Կարծես վարչապետի գլխավոր խորհրդականը Շուշին կամ Քարվաճառն է հետ բերել, ադրբեջանցիներին քշել է Սյունիքից ու Ջերմուկից, հայ ռազմագերին Բաքվից Երեւան է բերել, զինվորների դիրքերը կահավորել-ամրացրել է, զինվորների սպիտակ վրանները հանել, տեղը զորմաս ու բլինդաժ է կառուցել, բանակի համար զենք է առել, Հայաստանի օդն է փակել, Բերձորից, Աղավնոյից տեղահանվածներին բնակարանով ու աշխատանքով է ապահովել:
Արածներդ լույսուզանգուլակ կախելը չի՞, այն էլ՝ թամանյանական շենքերը վանդալիզմի ենթարկելով, 10 հազար տեղից ծակելով ու բզկտելով:
2 միլիոն դոլարանոց եվրատեսիլյան ու ամանորյա պաճուճանք, երբ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխիք Հայոց բանակը ծվեն-ծվեն եք արել, անզեն-թափառական այսուայնկողմ շպրտել, երբ հազարավոր արցախցիների տնազուրկ, հայրենազուրկ եք արել ու շրջմոլիկ դարձրել: Քթներիդ տակ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են, որի աշխարհագրությունն ընդգրկում է մի ամբողջ Հայաստանի չափ տարածք: Աշխարհն ապշահար սարկազմով հայտարարում է՝ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, իսկ Երեւանում տոնածառ են զարդարում, հավանաբար… վերջին անգամ:
Ինչե՜ր կարելի էր անել այդ 2 միլիոն դոլարով:
4 տարի առաջ էր, որ Փաշինյանը կոկորդ էր պատռում՝ սիրելի հայրենակիցներ, իմացեք, որ ձեր վճարած հարկերի ամեն լուման պաշտպանության տակ է ու ծախսվելու է նպատակային:
Տեխնոլոգիաների հմուտ վարպետներ եք, ի՞նչ խոսք: Վարչապետի գլխավոր խորհրդականը գրել է՝ մեր երեխաների տոնական մեկ ամիսը մեկնարկեց:
Ո՞ր երեխաների… տնանկ արցախցիների՞, բերձորցիների՞, թե՞ Սյունիքի ու Վարդենիսի սարուձորում անթաղ ընկած երեխաների, իսկ միգուցե Շուռնուխում ու Շիկահողում գոյություն քարշ տվող երեխաների՞: Նրանք էլ են երեխա, թեեւ Կառավարության լուսապայծառ շենքում ամեն ինչ անում են, որ նրանց գոյությունը մոռանանք:
Լույսեր, երաժշտանման աղմուկ, ձայն, շոու, եւ կարեկցանքի, ապրումակցումի, բողոքի, ընդվզման, պարզ ինքնապաշտպանության, ազգային ու մարդկային ինքնագիտակցումի զգայարանները բթացվում են, հիշողությունը՝ մթագնում:
Նրա կյանքը քո կյանքը չէ, նրա հետ պատահածը քեզ չպիտի հուզի, նրա վիշտն ու կորուստը քոնը չեն, նրա ողբը՝ իրեն, քո ուրախությունը՝ քեզ, Շուռնուխը քո տունը չէ, քո տունը Երեւանն է, Նորաբակը քո անձնական տարածքը չէ, քո անձնական տարածքը Աբովյան փողոցն ու Հանրապետության հրապարակն է, Կասկադն է, Օպերան է: Պարուրիր քեզ 2 կմ շառավղով զանգուլակ-լույսերով ողողված տարածքով ու երջանկությունից թմրիր, բթացիր, անասնացիր, հեռացրու քեզնից մարդեղենության վնասակար բնազդներն ու զգացումները եւ կրկնիր՝ ես երջանիկ եմ, Արցախն իմ հայրենիքը չէ, Սյունիքն իմ հայրենիքը չէ, ես, առհասարակ, չունեմ հայրենիք ու հայրենիք կոչվածն ինձ պետք էլ չէ: Ինձ պետք է կուշտ ստամոքս, անձնական նեղ կոմֆորտ, փայլփլուն, գունագեղ պատկերներ ու մեկը…. որ երկիր, հայրենիք, բանակ, ամեն ինչ կործանի, բայց անընդհատ ինձ խաբի. «Նախկիններն են մեղավոր, իսկ ես ամեն ինչ անում եմ, որ դու անգամ թշնամու առաջ անզեն կանգնած եղբորդ մասին չմտածես, որ գերեզման չունեցող ընկերոջդ մասին մոռանաս, որ երբ զինված թուրքին ու ադրբեջանցուն տեսնես քո սիրելի Հանրապետության հրապարակում, երջանիկ ժպիտով նրան խնդրես՝ եվրատեսիլյան շոուի կամ պսպղուն տոնածառի ֆոնին կարելի՞ է ձեզ հետ սելֆի անել»:
ՆԱԻՐ ՅԱՆ